ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունիսի 2024 թվականի N 884-Լ
«ԱՄՊԱՅԻՆՆ ԱՌԱՋԻՆԸ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բաժնի 24.6 միջոցառումը, «Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման և ներդրման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ՝
1) պետական կառավարման համակարգի մարմիններն իրենց տնօրինության տակ գտնվող պետական գաղտնիք չհանդիսացող, գաղտնիության, ամբողջականության և հասանելիության չափորոշիչներով որպես «ցածր» ռիսկայնություն ունեցող, դասակարգված հանրային տեղեկությունները տեղադրում են ամպային տիրույթում.
2) պետական կառավարման համակարգի մարմիններն իրենց տնօրինության տակ գտնվող պետական տեղեկատվական համակարգերը, տվյալները և տեղեկատվությունն ամպային տիրույթում տեղադրելիս որոշակի ժամկետով պահպանում են գործող սերվերային համակարգերը որպես հիմնական տարբերակ՝ մինչ ամպային տիրույթ տեղափոխված տարբերակի հաջողված փորձարկումը.
3) պետական կառավարման համակարգի մարմիններն իրենց տնօրինության տակ գտնվող պետական տեղեկատվական համակարգերը, տվյալները և տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող ամպային տիրույթում տեղադրելիս Հայաստանի Հանրապետությունում պահպանում են դրանց պահուստային տարբերակը՝ նվազագույն անհրաժեշտ սերվերային ենթակառուցվածքների ներգրավմամբ.
4) պետական կառավարման համակարգի մարմինները ձեռնպահ են մնում պետական տեղեկատվական համակարգերի, տվյալների և տեղեկատվության պահպանման և շահագործման նպատակով սերվեր ձեռք բերելու գործընթացից.
5) պետական կառավարման համակարգի մարմիններն անհրաժեշտության պարագայում Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) քննարկմանն են ներկայացնում սերվեր ձեռք բերելու ողջամիտ հիմնավորում՝ նշելով կոնկրետ կարիքները և գործոնները.
6) պետական կառավարման համակարգի մարմինները նոր թվային ծառայություն գործարկելիս նախապատվությունը տալիս են պատրաստի լուծումներին (ծրագրային ապահովումը որպես ամպային ծառայություն).
7) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկություններն ամպային տիրույթում տեղադրելիս պետք է առնվազն ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1521-Ն որոշման հավելվածով սահմանված տեղեկատվության անվտանգության պահանջները, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
2. Առաջարկել ինքնավար մարմինների և անկախ պետական մարմինների ղեկավարներին առաջնորդվել սույն որոշմամբ:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ իննամսյա ժամկետում «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի հետ համատեղ իրականացնել վերլուծություն և ներկայացնել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետից բխող օրենսդրական նախաձեռնությունների կամ փոփոխությունների միասնական փաթեթ՝ համաձայնեցված խորհրդի հետ.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ տասներկուամսյա ժամկետում ներկայացնել «Ամպայինն առաջինը» քաղաքականության ներդրման համապարփակ ծրագիր և գործողությունների պլան-ժամանակացույց.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ մեկամսյա ժամկետում մշակել ամպային տիրույթում տեղակայվող կայքերի նկատմամբ անվտանգության նվազագույն պահանջներ՝ սույն որոշման մեջ լրացում կատարելու միջոցով.
4) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ տասներկուամսյա ժամկետում մշակել ամպային տիրույթում տեղակայվող տեղեկատվական համակարգերի նկատմամբ անվտանգության նվազագույն պահանջներ՝ սույն որոշման մեջ լրացում կատարելու միջոցով:
4. Առաջարկել «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրենին՝ ըստ անհրաժեշտության ապահովել խորհրդատվական ծառայությունների ներգրավում հիմնադրամի միջոցների հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետով՝ կայքերի դեպքում և 3-րդ կետի 4-րդ ենթակետով՝ տեղեկատվական համակարգերի դեպքում նախատեսված պահանջների սահմանումից հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.09.2024, N 1445-Լ | 13.09.2024, N 884-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|