ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՆԱՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 69517/11)
ՎՃԻՌ
Հոդված 2 (նյութաիրավական և դատավարական հայեցակետեր) ● Կյանքի իրավունքը ● Դրական պարտավորությունները ● Զորամասում ոտնձգությունների, գումարի հետ կապված վեճերի և վատ վարքագծի վերաբերյալ զեկուցելը չխրախուսելու պայմաններում ինքնասպանություն գործած զինծառայողի կյանքի պաշտպանությանն ուղղված միջոցներ չձեռնարկելը ● Ոչ արդյունավետ քննությունը |
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
5 ապրիլի 2022թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների
Նանա Մուրադյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Յոնկո Գրոզև [Yonko Grozev]՝ Նախագահ,
Թիմ Այքը [Tim Eicke],
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր [Gabriele Kucsko-Stadlmayer],
Պերե Պաստոր Վիլանովա [Pere Pastor Vilanova],
Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking],
Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,
և Իլզե Ֆրայվըրթ [Ilse Freiwirth]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի տկն Նանա Մուրադյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2012 թվականի հունվարի 23-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 69517/11),
գանգատի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
2021 թվականի մայիսի 27-ին և սեպտեմբերի 21-ին, ինչպես նաև 2022 թվականի մարտի 15-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նշված վերջին օրը.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Սույն գործը վերաբերում է դիմումատուի որդու՝ պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ենթադրյալ գործած ինքնասպանության հետևանքով մահվանը և Կոնվենցիայի 2-րդ և 13-րդ հոդվածների ներքո բարձրացված հարցերին։
ՓԱՍՏԵՐԸ
2. Դիմումատուն ծնվել է 1972 թվականին և ապրում է Արմավիրում։ Նրան Դատարանում ներկայացրել են Երևանում գործող իրավաբաններ պրն Մ. Շուշանյանը և պրն Ռ. Ռևազյանը:
3. Կառավարությունը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը։
4. Գործով փաստերը, ինչպես ներկայացրել են կողմերը, կարելի է ամփոփել հետևյալ կերպ.
I. Գործի նախապատմությունը
5. Դիմումատուն 18 տարեկան հասակում մահահացած Վ. Մուրադյանի մայրն է։
6. 2009 թվականի նոյեմբերին Վ. Մուրադյանը զորակոչվել է հայկական բանակ։ Նրա զինվորական ծառայության վայր է նշանակվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի թիվ 39318 զորամասը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) գտնվող զորամաս)։
7. 2010 թվականի մարտի 15-ին՝ մոտավորապես ժամը 00։35-ին, Վ. Մուրադյանի դին հայտնաբերվել է զորամասի նյութաապահովման վաշտի սպայական սենյակի հետնամասում երկաթե պտտաձողից կախված վիճակում։
II. ԴԻՄՈՒՄԱՏՈՒԻ ՈՐԴՈՒ ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Ա. Սկզբնական քննությունը
8. Վ. Մուրադյանի դին հայտնաբերելու օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայության առաջին կայազորային քննչական բաժնի (Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղ) քննիչ Ա.-ն որոշում է կայացրել Վ. Մուրադյանի մահվան փաստի առթիվ քրեական վարույթ հարուցել։ Քննիչի որոշման մեջ մասնավորապես նշված է եղել հետևյալը.
«... հաշվի առնելով շարքային [Վ. Մուրադյանի] ինքնասպանության մասին հաղորդումը՝ պարզել եմ, որ 2010 թվականի մարտի 15-ին՝ մոտավորապես ժամը 00։35-ին, ... շարքային [Վ. Մուրադյանի] դին հայտնաբերվել է [զորամասի] նյութաապահովման վաշտի սպայական սենյակի հետնամասում երկաթե պտտաձողից կախված վիճակում։
Այդ փաստը պարունակում է [Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի] 110-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանցագործության հատկանիշներ ...
Ընդունել եմ 110-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու,… այն վարույթ ընդունելու և գործով նախաքննություն իրականացնելու մասին որոշում...»:
9. Քննիչ Ա.-ն ժամը 01։30-ի և 02։50-ի սահմանններում կատարել է դեպքի վայրի զննություն։ Համաձայն այդ զննության արձանագրության՝ քննիչը զորամասի նյութաապահովման վաշտի սպայական սենյակի հարակից շինությունում գտնվող պայմանագրային զինծառայողների զորանոցի դռան մոտ հայտնաբերել է 118733 համարով զինվորական գոտի։ Գոտին առգրավվել է քննիչի կողմից։ Մի քանի մետր հեռավորության վրա քննիչը հայտնաբերել է զինվորական գլխարկ և գոտի՝ երկուսն էլ 00000276 համարով, և զինվորական վերարկու՝ 105388 համարով. նշված բոլոր իրերն առգրավվել են։ Արձանագրությունում այնուհետև նկարագրվել է Վ.Մուրադյանի դիակի դիրքը, որը, ըստ արձանագրության, կախված է եղել երկաթե պտտաձողից։ Նշվել է, inter alia (ի թիվս այլնի), որ Վ.Մուրադյանը եղել է զինվորական համազգեստով, և նրա ձախ կրունկից 5 սմ հեռավորության վրա հատակին աթոռ է ընկած եղել։ Վ. Մուրադյանի դին այդտեղից դուրս բերելուց և նյութաապահովման վաշտի սպայական սենյակ պատգարակով տեղափոխելուց հետո պարանի՝ երկաթե պտտաձողի վրա մնացած մասը նույնպես առգրավվել է:
10. Քննիչ Ա.-ն ժամը 02։55-ից մինչև 03։30 ընկած ժամանակահատվածում կատարել է Վ.Մուրադյանի դիակի զննություն։ Նրա հագուստը, այդ թվում՝ զինվորական վերարկուն նրա վրայից հանվել և առգրավվել են։
11. Նույն օրն առավոտյան ավելի ուշ քննիչ Ա.-ն կատարել է դեպքի վայրի լրացուցիչ զննություն։ Ինչպես պարզ է դառնում, հայտնաբերվել և առգրավվել է պատռված և դատարկ ստվարաթղթե տուփ, որի վրա գրված է եղել դիմումատուի որդու անունը: Նյութաապահովման վաշտի սպայական սենյակի և պայմանագրային զինծառայողների զորանոցի զննությամբ քննության համար նշանակություն ունեցող որևէ այլ իր չի հայտնաբերվել։
12. Նույն օրը քննիչ Ա.-ն նշանակել է Վ. Մուրադյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ որոշելու համար, inter alia, նրա մահվան, մարմնի վրա առկա վնասվածքների պատճառը, այն, թե արդյոք նրա մահը վրա է հասել կախվելու հետևանքով, թե հանգույցն անցկացվել է մահը վրա հասնելուց հետո, և արդյոք հնարավոր է, որ նրա մահը վրա հասած լինի այլ միջոցով շնչահեղձ լինելու հետևանքով, թե՝ ոչ։
13. Դեպքի առթիվ հարցաքննվել են վաշտի մի քանի զինծառայողներ, այդ թվում՝ շարքայիններ Ն.Գ.-ն, Հ.Հ.-ն, Ա.Խ.-ն և կրտսեր սերժանտ Կ.Ա.-ն։ Ըստ նրանց՝ Վ. Մուրադյանը 6 000 ՀՀ դրամ (մոտավորապես 11 եվրո) պարտք է եղել զինծառայող Ն.Գ.-ին, որն այդ գումարը նրան պարտքով է տվել՝ կրտսեր սերժանտ Մ.Բ.-ից գնված բջջային հեռախոսի դիմաց վճարելու նպատակով։ 2010 թվականի մարտի 14-ին զինծառայողներ Հ.Հ.-ն և Ա.Խ.-ն Ն.Գ.-ից պահանջել են 2000 ՀՀ դրամ (մոտավորապես 4 եվրո)։ Նշելով, որ ինքն այդքան գումար չունի, Ն.Գ.-ն նրանց ուղղորդել է Վ.Մուրադյանի մոտ, որը, ըստ Ն.Գ.-ի, համաձայնել էր իրեն տված սկզբնական պարտքից 2000 ՀՀ դրամ տալ։ Այդ օրվա հետագա խոսակցությունների արդյունքում Ա.Խ.-ն և Հ.Հ.-ն իմացել են, որ Վ. Մուրադյանն իրենց խաբել է, երբ ասել է, որ մեկ այլ զինծառայող՝ Թ.Հ.-ն, համաձայնել է իրեն պարտքով տալ պահանջվող գումարը։ Նույն օրը՝ ավելի ուշ, զինծառայողներ Ա.Խ.-ն և Հ.Հ.-ն հանդիպել են Ն.Գ.-ին՝ Վ.Մուրադյանի պարտքի հետ կապված հարցերը քննարկելու համար։ Կրտսեր սերժանտ Կ.Ա.-ն նույնպես միացել է զրույցին։ Ն.Գ.-ն առաջարկել է հանդիպել Վ.Մուրադյանին։ Մոտավորապես ժամը 21։00-ի սահմաններում նրանք գնացել են պայմանագրային զինծառայողների զորանոց, որտեղ այդ պահին ոչ ոք չի եղել։ Ա.Խ.-ն հրավիրել է նաև Վ. Մուրադյանին, որին խնդրել է բացատրել, թե ինչու է ստել՝ ասելով, թե Թ.Հ.-ն խոստացել է իրեն պարտքով գումար տալ։ Վ.Մուրադյանը գլուխը կախել է և ոչինչ չի պատասխանել։ Այնուհետև Վ. Մուրադյանը հայտնել է, որ շտապ պետք է գնա առաջին հրետանային դիվիզիա։ Դուրս գալու պահին Ա.Խ.-ն նրան ասել է, որ մինչև կեսգիշեր գտնի անհրաժեշտ գումարը։ Ն.Գ.-ի, Ա.Խ.-ի, Հ.Հ.-ի և Կ.Ա.-ի մասնակցությամբ զրույցը տևել է մոտավորապես տասը րոպե։
14. Իրենց ցուցմունքներում Ն.Գ.-ն, Կ.Ա.-ն, Հ.Հ.-ն և Ա.Խ.-ն հերքել են Վ. Մուրադյանի պարտքի հետ կապված խոսակցությունների ժամանակ նրա նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը։
15. Պարզվել է, որ 2010 թվականի մարտի 14-ին նյութաապահովման վաշտի հերթապահ է եղել դասակի հրամանատար Ա. Ար.-ը։ Մոտավորապես ժամը 22:30-ին՝ մինչև անվանականչ հայտարարելը, Ա. Ար.-ը գնացել է զենքի պահեստասենյակ, որտեղ տեսել է նյութաապահովման վաշտի բոլոր զինծառայողներին՝ բացի Վ. Մուրադյանից։ Ա. Ար.-ը հետաքրքրվել է, թե որտեղ է նա գտնվում, իսկ կրտսեր սերժանտ Կ.Ա.-ն ստելով պատասխանել է, որ Վ. Մուրադյանը գնացել է զուգարան։ Ա.Ար.-ն այնուհետև չի ճշտել, թե արդյոք Վ. Մուրադյանն իրականում գնացել է զուգարան, թե՝ ոչ, և գնացել է իր սենյակ՝ շարունակելու հեռուստացույց դիտելը, իսկ Կ. Ա.-ն Վ. Մուրադյանին երեկոյան անվանականչի մատյանում նշել է որպես ներկա։
16. Պարզվել է նաև, որ մոտավորապես կեսգիշերին շարքային Լ. Տ.-ն, տեսնելով, որ Վ. Մուրադյանի մահճակալը դատարկ է, այդ մասին տեղեկացրել է մյուս զինծառայողներին։ Որոշ ժամանակ Վ. Մուրադյանին փնտրելուց հետո զինծառայողները հայտնաբերել նրա դին՝ երկաթե պտտաձողից կախված վիճակում։
17. Նախաքննության ընթացքում դիմումատուն ճանաչվել է որպես վարույթի շրջանակներում Վ. Մուրադյանի իրավահաջորդ։ Հարցաքննության ժամանակ դիմումատուն մասնավորապես նշել է, որ դեպքից մի քանի օր առաջ որդու հետ ունեցած հեռախոսային խոսակցության ժամանակ որդին ասել է, որ զորամասում ականատես է եղել վառելիքի գողության։ Նա նաև նշել է, որ ինքը չի հավատում, որ իր որդին կարող էր ինքնասպանություն գործել, և որ նրան սպանել են զինծառայողները, որոնց իր որդին տեսել է վառելիք գողանալիս։
18. 2010 թվականի ապրիլի 19-ին դատաբժշկական փորձագետը տրամադրել է իր եզրակացությունը (տե՛ս վերևում 12-րդ պարբրությունը)։ Եզրակացության համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
«... պարանոցի վերին երրորդի մակերեսի վրա առկա է ճմլման մեկ փակ ակոս... Պարանոցի առջևի մակերեսի ձախակողմյան հատվածում առկա է 1,2-1,3 սմ լայնությամբ մուգ կարմիր օձանման կապտուկ, որը գտնվում է ճմլման ակոսի նկատմամբ հորիզոնական դիրքում...
[Վ. Մուրադյանի] մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետևանքով՝ պարանով պարանոցի օրգանները ճնշելու արդյունքում ...
[Վ. Մուրադյանի] դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են հետևյալ վնասվածքները՝ ձախ ձեռքի հատվածում կապտուկ, աջ դաստակի վրա քերծվածք..., որոնք հասցվել են դեռևս կենդանության ժամանակ՝ մահվանից մոտավորապես 2-ից 4 օր առաջ ... մահվան հետ որևէ առնչություն չունեն... Բացի տվյալ տեսակի մեխանիկական շնչահեղձությանը բնորոշ հատկանիշներից՝ [Վ. Մուրադյանի] դիակի դատաբժշկական փորձաքննությամբ այլ առանձնահատկություններ չեն բացահայտվել ...»:
19. 2010 թվականի մայիսի 31-ին քննիչ Ա.-ն նշանակել է Վ. Մուրադյանի հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննություն՝ մահվանից առաջ նրա վիճակը գնահատելու համար։ Փորձագետի 2010 թվականի հուլիսի 27-ի եզրակացության համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
«... Հարկ է նաև նշել, որ [Վ. Մուրադյանի] ծառայակիցներն ու սպաներն իրենց ցուցմունքներում ասել են ... , որ [Վ. Մուրադյանը] չի բողոքել զինվորական ծառայությունից և մահվանը նախորդող ժամանակահատվածում լավ տրամադրություն է ունեցել, ավելին, նա ուրախ էր. որևէ անհանգստություն կամ հուսահատություն չի նկատվել...
Հարկ է նշել, որ խնդրո առարկա իրավիճակի մասնակիցները նշել են ... , որ [Վ. Մուրադյանի] հետ վերջին խոսակցության ժամանակ նա շատ տխուր է եղել, բառ անգամ չի ասել կամ արձագանքել։ Անհրաժեշտ է նաև նշել, որ բացի նշված փաստերից, գործի նյութերի համաձայն՝ [Վ. Մուրադյանը] որևէ մեկի կողմից չի ենթարկվել որևէ բռնության, նրան տխուր կամ հուսահատված վիճակում չեն տեսել ...
... կարելի է եզրակացնել, որ կենդանության ժամանակ և ինքնասպանություն կատարելու պահին [Վ. Մուրադյանը] չի տառապել որևէ հոգեկան խանգարմամբ և ի վիճակի է եղել հաշիվ տալ իր գործողությունների համար և ղեկավարել դրանք։
... [Վ. Մուրադյանը] հայտնվել է խնդրահարույց իրավիճակում՝ փորձելով գումար գտնել, որպեսզի վճարի Մ.Բ.-ից գնված բջջային հեռախոսի դիմաց։
... համաձայն գործի նյութերի՝ [Վ. Մուրադյանը] ... ապագայի հետ կապված ծրագրեր է ունեցել, նախկինում կատարված ինքնասպանության փորձի կամ [այդպիսի] մտքերի վերաբերյալ տեղեկություններ չկան, ծառայակիցների հետ գտնվել է նորմալ հարաբերությունների մեջ...
... կարելի է եզրակացնել, որ [Վ. Մուրադյանը] մահվանից անմիջապես առաջ գտնվել է խիստ ընկճված հոգեբանական վիճակում։ Պետք է նաև նշել, որ համաձայն գործի նյութերի՝ մահվանից առաջ [Վ. Մուրադյանի] մոտ հոգեբանական վիճակն առաջացել է ... գումարի վերադարձման հետ կապված քննարկումների պատճառով, որին իրենց գործողություններով նպաստել են [Ն.Գ.]-ն, [Ա.Խ.]-ն և [Հ.Հ.]-ն։
... կարելի է եզրակացնել, որ [Ն.Գ.]-ի, [Ա.Խ.]-ի և [Հ.Հ.]-ի գործողությունների և [Վ. Մուրադյանի] հոգեբանական վիճակի միջև առկա է պատճառահետևանքային կապ, սակայն այդ գործողությունները պետք է ենթարկվեն իրավական գնահատման»։
20. Դժգոհ լինելով նախաքննության արդյունքներից՝ դիմումատուն տարբեր բողոքներ է ուղարկել իավասու պետական մարմիններին՝ պնդելով, որ նախաքննությամբ չեն պարզվել իր որդու մահվան իրական հանգամանքները:
21. 2010 թվականի օգոստոսի 3-ին Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնի (Երևան, Հայաստան) քննիչ Ա.Թ.-ն գործն ընդունել է վարույթ։
22. 2010 թվականի սեպտեմբերի 6-ին Ա.Թ.-ն նշանակել է Վ.Մուրադյանի հագուստի, այդ թվում՝ զինվորական գլխարկի, գոտու, տաբատի և վերարկուի, որոնց բոլորի վրա եղել է 00000276 համարը, և դեպքի վայրում հայտնաբերված այլ իրերի, այդ թվում՝ 118733 համարով զինվորական գոտու և 105388 համարով զինվորական վերարկուի դատակենսաբանական փորձաքննություն։
23. 2010 թվականի սեպտեմբերի 16-ին փորձագետը տրամադրել է իր եզրակացությունը, որտեղ նշվում է, որ Վ. Մուրադյանի տաբատը եղել է կեղտոտված, սպիտակավուն հետքերով, վերնաշապիկը նույնպես եղել է կեղտոտված, իսկ թևքերը ծածկված են եղել սպիտակ բորբոսի հետքերով։ Զննության ենթարկված հագուստի վրա արյան, մաշկի կամ մազի մասնիկներ չեն հայտնաբերվել։
24. Նույն օրը Ա.Թ.-ն նշանակել է դատահետքաբանական փորձաքննություն՝ որոշելու մասնավորապես, թե արդյոք դեպքի վայրից առգրավված հագուստը պարունակում է բռնության կամ կռվի որևէ ապացույց, թե՝ ոչ։ 2010 թվականի հոկտեմբերի 12-ին տրամադրված եզրակացությամբ փորձագետը նշել է, որ զննության ենթարկված հագուստի վրա չեն հայտնաբերվել մեխանիկական վնասվածքներ կամ հատուկ հետքերի այլ ապացույցներ:
25. 2010 թվականի հոկտեմբերի 4-ին Ա.Թ.-ն նշանակել է դատակենսաբանական փորձաքննություն՝ որոշելու, թե արդյոք պարանի վրա առկա են արյան, մազի, մաշկի կամ այլ տեսակի հյուսվածքներ, թե՝ ոչ։ Համաձայն փորձագետի 2010 թվականի հոկտեմբերի 15-ի եզրակացության՝ հանգույցից վերցված 12-13 սմ նմուշի վրա հայտնաբերել է քիչ քանակությամբ արյուն։ Սակայն արյան խումբը չի որոշվել, հավանաբար, նմուշում սպիտակուցների սակավության պատճառով, ինչի արդյունքում էլ փորձագետը արյան խումբը չի որոշել։
26. Նախաքննության ժամանակ հաստատվել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է Ն.Գ.-ին պատկանող 118733 համարով զինվորական գոտի։
27. Ա.Թ.-ի 2011 թվականի հունվարի 15-ի որոշմամբ Վ.Մուրադյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշում է կայացրել։ Այդ որոշման համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
«...Համաձայն գործի նյութերի՝ 2010 թվականի մարտի 14-ին՝ մոտավորապես ժամը 21։00-ին տեղի ունեցած խոսակցությունից առաջ, դրա ժամանակ կամ դրանից հետո ... զինծառայողներ Ն.Գ.-ն, Ա. Խ.-ն. Հ.Հ.-ն և Կ. Ա.-ն Վ. Մուրադյանի նկատմամբ բռնություն չեն գործադրել, նրան չեն սպառնացել, ստորացրել կամ նվաստացրել...
Հաստատվել է նաև այն փաստը, որ միջադեպին նախորդող օրերին Վ. Մուրադյանը նյութաապահովման վաշտում մասնակցել է ավտոմեքենայի վերանորոգման աշխատանքներին, և հնարավոր է, որ ձախ ձեռքի հատվածում կապտուկը և աջ դաստակի վրայի քերծվածքն ստացել է այդ ժամանակ։
...
Կ.Ա.-ն և Ա.Ար.-ն պատշաճ կերպով չեն կատարել իրենց պարտականությունները, սակայն նրանց գործողություններով էական վնաս չի պատճառվել, և նրանց գործողությունների կամ անգործության և [Վ. Մուրադյանի] ինքնասպանության միջև առկա չէ պատճառահետևանքային կապ։ Կ.Ա.-ն և Ա.Ար.-ն չէին կարող կանխատեսել, որ երեկոյան անվանականչից բացակայելով՝ [Վ. Մուրադյանը] կարող էր ինքնասպանություն կատարած լինել ...
[Վ. Մուրադյանի] ինքնասպանության գործով կատարված ծառայողական քննության արդյունքում ... զինծառայողների կարգապահական կանոնագրքային կանոնները խախտած, մեղավոր ճանաչված սպաները, այդ թվում՝ Ա. Ար.-ն, ստացել են նկատողություն։
...
Ստեփանակերտի ռազմական ոստիկանությանը և զորամասի հրամանատարությանը հանձնարարվել է քննել զորամասում վառելիքի պակասորդի դեպքը, սակայն վառելիքի պակասորդի դեպքեր ... չեն հայտնաբերվել։
... համաձայն գործով հավաքագրված ապացույցների՝ [Ն.Գ.]-ն իր գոտին թողել է [Վ. Մուրադյանի դիակի հայտնաբերման վայրում], քանի որ մոռացել էր այն վերցնել, և գործով այլ տեղեկություն չի ստացվել՝ բացատրելու [Ն.Գ.-ի] զինվորական գոտու առկայությունը տվյալ վայրում։
...
Այն աթոռը, որը [Վ. Մուրադյանն] ինքնասպանության ժամանակ օգտագործել է, եղել է մետաղյա և, ըստ ապացույցների ..., այն չի պատկանել որևէ ստորաբաժանման. այն գտնվել է նյութաապահովման վաշտի ավտոտնակների հետնամասում և չի օգտագործվել:
...
Այսպիսով, նախաքննության ընթացքում ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները ... սակայն չի հայտնաբերվել որևէ անձ կամ անձինք, որին (որոնց) պետք է մեղադրանք առաջադրվեր»։
Բ. Նախաքննության վերսկսումը
28. 2011 թվականի հունվարի 31-ին հսկող դատախազը հանձնարարել է Ա.Թ.-ին վերսկսել գործի նախաքննությունը՝ տալով կոնկրետ հանձնարարություններ այն քննչական միջոցառումների մասին, որոնք պետք է ձեռնարկվեին։
29. 2011 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ Ա.Թ.-ն վերսկսել է վարույթը։
30. 2011 թվականի ապրիլի 4-ին Ա.Թ.-ն կրկին հարցաքննել է Ն.Գ.-ին, որը նշել է, inter alia, որ 2010 թվականի մարտի 11-ին պարտքով 6000 ՀՀ դրամ է տվել Վ. Մուրադյանին, քանի որ վերջինս անհանգստացած և վախեցած է եղել, որովհետև մինչև կեսգիշեր պետք է վճարեր Մ.Բ.-ից գնված հեռախոսի դիմաց։ Քանի որ այդ ժամանակ Մ.Բ.-ն գտնվում էր կարգապահական տույժի (մեկուսացման) մեջ, Վ. Մուրադյանը գումարը պետք է տար Մ.Բ.-ի ընկերոջը՝ Ս.Բ.-ին։ Նա նաև նշել է, որ 2010 թվականի մարտի 11-ի երեկոյան՝ անվանականչից հետո, ինքը տեսել է Վ. Մուրադյանին Ս.Բ.-ի հետ զրուցելիս։ Թեև չի լսել նրանց խոսակցությունը, սակայն համոզված է եղել, որ նրանք խոսում են Մ.Բ.-ին վճարվելիք գումարի մասին: Քանի որ նրանք ընկերներ չէին, դրանից բացի որևէ այլ բանի մասին չէին կարող խոսել։ Բացի այդ, Ս.Բ.-ն զորամասում հեղինակություն ուներ, մինչդեռ Վ. Մուրադյանը նորակոչիկ էր և հեղինակություն չուներ։ Նույն օրը կամ դրա հաջորդ օրը, երբ բոլոր զինծառայողները շարված էին, նա նկատել է, որ Վ.Մուրադյանը բացակայում է երեկոյան անավանականչից։ Երբ նա Կ.Ա.-ին հարցրել է, թե որտեղ է Վ.Մուրադյանը, նա ասել է, որ Վ.Մուրադյանը թույլտվություն է վերցրել, քանի որ ինչ-որ գումարի վճարման հետ կապված խոսակցություն պետք է ունենար։ Այնուհետև Ն.Գ.-ն տեսել է Վ. Մուրադյանին վերադառնալիս, և թե ինչպես է նա փորձում կոճկել ձմեռային վերարկուն, սակայն նրան հաջողվում է կոճկել միայն ներքևի կոճակների մի մասը և կապել գոտին։ Ն.Գ.-ն նաև նշել է, որ Վ. Մուրադյանն այդ պահին շատ շփոթված է երևացել և իրեն սովորականի պես չի պահել, ինչի պատճառով էլ մտածել է, որ ինչ-որ բան է պատահել, թեև այդ պահին չի իմացել, թե ինչ: Այնուհետև նա հասկացել է, որ Ս.Բ.-ի հետ ունեցած խոսակցության պատճառով Վ.Մուրադյանն ուշացել է շարք կանգնելուց։ Այն հարցին, թե ինչ հետևանքներ կարող էր ունենալ նրա համար այն փաստը, եթե ի վիճակի չլիներ վճարել կամ ուշացներ վճարումը, Ն.Գ.-ն նշել է, որ դա կախված է նրանից, թե նա ում է գումար պարտք եղել, սակայն, եթե չպահեր խոստումը, դա նրա համար ամոթ կլիներ։
31. 2011 թվականի ապրիլի 8-ին Ա.Թ.-ն հարցաքննել է կրտսեր սերժանտ Կ.Ա.-ին, որը նշել է, inter alia, որ հաճախ է օգտվել Վ.Մուրադյանի բջջային հեռախոսից, որն ընտանիքի անդամները նվիրել էին նրան զինվորական երդման օրը։ 2010 թվականի փետրվարին Վ. Մուրադյանն իրեն ասել է, որ իր բջջային հեռախոսը վաճառել է զորամասի նյութաապահովման վաշտի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ա.Գ.-ին։ Սակայն նա չի ասել իրեն, թե արդյոք վճարվել է դրա դիմաց, թե՝ ոչ։ Այդ խոսակցությունից յոթից տասն օր հետո Կ.Ա.-ն, Ա.Խ-ն, Ն.Գ.-ն և Հ.Հ.-ն ներկա են գտնվել Ա.Գ.-ի և Վ.Մուրադյանի միջև տեղի ունեցած խոսակցությանը, որտեղ վերջինս հարցրել է նրան, թե երբ կվճարի, ինչին Ա.Գ.-ն, առանց որևէ բացատրության, պատասխանել է, որ չի պատրաստվում վճարել հեռախոսի դիմաց: Այդ խոսակցությանը հաջորդել է երկու տղամարդկանց միջև վիճաբանությունը։ Կ.Ա.-ն, համոզված լինելով, որ վիճաբանություն է լինելու, խուսափել է մասնակցել և մնացել է դրսում։ Նա լսել է, թե ինչպես է Ա.Գ.-ն գոռում, մինչդեռ Վ. Մուրադյանը լուռ է։ Երբ աղմուկը դադարել է, Վ.Մուրադյանը աչքերը լցված, գլուխը կախած դուրս է եկել։ Նա այնուհետև հասկացել է, որ Ա.Գ.-ն վերջնականապես հրաժարվել է վճարել գումարը: Վիճաբանության ժամանակ ներկաները, այդ թվում՝ Ա.Խ.-ն, Ն.Գ.-ն և Հ.Հ.-ն, այնուհետև իրեն ասել են, որ Ա.Գ.-ն հարվածել է Վ.Մուրադյանին։
Երբ խնդրել են բացատրել, թե ինչու չի միջամտել վիճաբանությանը, Կ.Ա.-ն ասել է.
«Թեև ես ջոկի հրամանատար էի և ունեի կրտսեր սերժանտի կոչում, սակայն զինծառայողների շրջանում հեղինակություն չունեի... եթե նույնիսկ փորձեի միջամտել, ոչինչ չէր փոխվի... Ես այդ դեպքի մասին չեմ զեկուցել կամ տեղեկացրել [ավագ] սպայական կազմին»։
Կ.Ա.-ն այնուհետև պատմել է 2010 թվականի հունվարին կամ փետրվարին տեղի ունեցած մի միջադեպի մասին, երբ Ա.Խ.-ն հարվածել է իրեն, երբ ինքը հրաժարվել է նրա համար գնումներ կատարել: Ըստ Կ.Ա.-ի՝ Ա.Խ.-ն ավելի ուժեղ էր, և ինքը ոչնչով չէր կարող հակառակվել նրա պահվածքին։ Նա նաև պատմել է մի քանի այլ միջադեպերի մասին, որոնց ժամանակ Ա.Խ.-ն ստիպել է իրեն ծառայություններ մատուցել, ինչը ինքն արել է՝ վախենալով, որ իրեն կրկին կհարվածի։ Կ.Ա.-ն նշել է, որ ինքն ավագ սպայական կազմին չի զեկուցել որևէ միջադեպի մասին, քանի որ մյուս զինծառայողները դրանից հետո իրեն չէին հարգի։ Վերջապես, Կ.Ա.-ն նկարագրել է 2010 թվականի փետրվարին Ա.Խ.-ի և Վ. Մուրադյանի մասնակցությամբ տեղի ունեցած մի միջադեպի մասին, երբ Ա.Խ.-ն հարվածել է Վ. Մուրադյանին այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել էր նրա համար ջուր բերել։
32. 2011 թվականի ապրիլի 30-ին Ա.Թ.-ն մեղադրանք է առաջադրել Ա.Գ.-ի նկատմամբ՝ զինվորական կարգապահության կանոնները խախտելու համար։ Ըստ այդ մեղադրանքի՝ 2010 թվականի փետրվարի սկզբին Ա.Գ.-ն գումարի շուրջ վիճաբանություն է ունեցել Վ.Մուրադյանի հետ և մի շարք զինծառայողների ներկայությամբ դիտավորյալ ապտակել ու նրա նկատմամաբ բռնություն է գործադրել՝ հրապարակայնորեն ստորացնելով և նվաստացնելով նրան։
33. 2011 թվականի մայիսի 23-ին կրկին հարցաքննվելու ժամանակ Ն.Գ.-ն պատմել է Ա.Գ.-ի և Վ.Մուրադյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին։ Նա հաստատել է, որ Ա.Գ.-ն քաշքշել է Վ. Մուրադյանի հագուստից և մի քանի անգամ հարվածել նրան։ Ըստ Ն.Գ.-ի՝ Ա.Գ.-ն ժամկետային զինծառայող էր եղել այդ զորամասում, այնուհետև շարունակել զինվորական ծառայությունը պայմանագրային հիմունքներով, մինչդեռ Վ.Մուրադյանը նորակոչիկ էր։
34. 2011 թվականի հունիսի 29-ի որոշմամբ Ա.Թ.-ն դադարեցրել է Ա.Գ.-ի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը՝ 2011 թվականի մայիսի 26-ին Խորհրդարանի կողմից ընդունված «Համաներում հայտարարելու մասին» օրենքի հիման վրա այն հիմքով, որ նրա խնամքի տակ գտնվում է մեկ մանկահասակ երեխա, և նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքը ներառում է հանցագործություն, որը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև երկու տարի ժամկետով:
35. 2011 թվականի նոյեմբերի 4-ին դիմումատուն բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան՝ բողոքարկելով քննիչներ Ա.-ի և Ա.Թ.-ի գործողությունները և անգործությունը և պահանջելով ճանաչել Վ.Մուրադյանի կյանքի իրավունքի խախտումը և նրա մահվան փաստի առթիվ հարուցված նախաքննության անարդյունավետությունը։ Դիմումատուի հիմնական բողոքը եղել է այն, որ քննիչ Ա.-ն չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ իր որդու մահվան հանգամանքները պատշաճ կերպով քննելու համար՝ կանխամտածված կերպով առաջ քաշելով ինքնասպանության վարկածը: Ավելին, քննիչ Ա.Թ.-ն դեպքի առնչությամբ ինքնասպանության վարկածից բացի այլ տարբերակներ չի փորձել դիտարկել։ Թեև նա նշանակել է մի քանի դատաբժշկական փորձաքննություններ, սակայն դրանք շոշափելի արդյունք չեն տվել։
36. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը 2011 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ դիմումատուի բողոքը թողել է առանց քննության այն հիմքով, որ նա հատուկ չի մատնանշել այն գործողությունը կամ որոշումը, որի դեմ բողոք է ներկայացնում։
37. Դիմումատուի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելուց հետո 2012 թվականի հունվարի 26-ին Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել 2011 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը:
38. Դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը 2012 թվականի մարտի 21-ին Վճռաբեկ դատարանի կողմից ճանաչվել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով։
39. Այնուհետև գործը վարույթ է ընդունել Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնի քննիչ Ա.Մ.-ի կողմից։
40. 2013 թվականի հունիսի 25-ին դիմումատուն հետաքրքրվել է, թե ինչ փուլում է գտնվում նախաքննությունը, մասնավորապես, թե ինչ քննչական միջոցառումներ են իրականացվել նախորդ տարի։
41. 2013 թվականի հուլիսի 4-ի գրությամբ Ա.Մ.-ն պատասխանել է, որ նախաքննությունը շարունակվում է, և որ դիմումատուն կարող է ծանոթանալ գործի հետ նախաքննության ավարտից հետո:
42. 2013 թվականի դեկտեմբերի 10-ին Ա.Մ.-ն նշանակել է փորձագետների հանձնաժողովի կողմից կատարվող լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն՝ հիմք ընդունելով գործի նյութերը, այդ թվում՝ սկզբնական դատաբժշկական եզրակացությանը կցված լուսանկարները (տե՛ս վերևում 18-րդ պարբերությունը) և դիակի զննման ժամանակ և դեպքի վայրում արված լուսանկարները (տե՛ս վերևում 9-րդ և 10-րդ պարբերությունները): Համապատասխան փորձագետների հանձնաժողովից պահանջվել է որոշել Վ.Մուրադյանի դիակի լուսանկարներում տեսանելի կապտուկների բնույթն ու ծագումը, ինչպես նաև դրանց պատճառման հնարավոր ժամանակը և ծանրությունը։ Փորձագետներից պահանջվել է նաև պարզաբանել, թե արդյոք կապտուկները կարող էին հասցվել կախվելու հետևանքով, և եթե այո, ապա դրանց պատճառման եղանակը։
43. 2014 թվականի մարտի 11-ին դիմումատուն խնդրել է ուսումնասիրել իր որդու հագուստների փաթեթը, որը դեպքի վայրից առգրավվել էր քննիչ Ա.-ի կողմից (տե՛ս վերևում 10-րդ պարբերությունը):
44. 2014 թվականի մարտի 28-ին երեք դատաբժշկական փորձագետից բաղկացած փորձագետների հանձնաժողովը ներկայացրել է իր եզրակացությունը (տե՛ս վերևում 42-րդ պարբերությունը), որի համապատասխան մասերը շարադրված են հետևյալ բովանդակությամբ.
«... մենք գտնում ենք, որ ... տվյալ վնասվածքը [պարանոցի առջևի ձախակողմյան հատվածում առկա կապտուկը], որը գտնվում է ճմլման ակոսի նկատմամբ [հորիզոնական դիրքում], կարող էր առաջանալ մահվան ժամանակ՝ կախվելու ընթացքում պարանոցին ճնշելու արդյունքում։ ... Նշված կապտուկի ծանրությունը ոչնչով չի տարբերվում պարանից առաջացած ճմլման ակոսից և մեխանիկական շնչահեղձության հետևանքով առաջացած այլ վնասվածքներից ու փոփոխություններից…»:
45. 2014 թվականի օգոստոսի 8-ին դիմումատուն բողոք է ներկայացրել գլխավոր դատախազին, որում մասնավորապես ասվում է.
«... Իմ ներկայացրած միջնորդության հիման վրա ... քննիչ [Ա. Մ.-ն] իրականացրել է կնքված փաթեթի պարունակության լրացուցիչ զննություն, որում պահվել են տղայիս հագուստները, որոնք հանդիսանում են գործով իրեղեն ապացույց։ Զննության արդյունքում ի հայտ են եկել հետևյալ հանգամանքները.
1. Փաթեթից բացակայել են տղայիս զինվորական կիսաճտքավոր կոշիկները, որոնք եղել են նրա հագին, երբ հայտնաբերվել է նրա դին.
...
Ելնելով վերոնշյալից՝ խնդրում եմ հանձնարարել [Հայաստանի Հանրապետության] Հատուկ քննչական ծառայությանը քննել վերոնշյալ հանգամանքները»։
46. 2014 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քննիչ Ա.-ի նկատմամբ վարույթի հարուցումը։ Որոշմամբ հղում է կատարվել Ա.-ի այն հայտարարությանը, ըստ որի՝ ինքը կարևոր չի համարել Վ.Մուրադյանի զինվորական կիսաճտքավոր կոշիկները զննելը և դրանք մյուս հագուստների հետ միասին չի դրել փաթեթի մեջ, քանի որ Վ. Մուրադյանի ստորին վերջույթների վրա վնասվածքներ կամ հագուստի, այդ թվում՝ գուլպաների վրա վնասված մասեր չի հայտնաբերել, ինչի պատճառով էլ կիսաճտքավոր կոշիկները չեն ուղարկվել Պաշտպանության նախարարության քննչական ծառայություն։
47. 2014 թվականի սեպտեմբերի 12-ի որոշման դեմ բողոք է ներկայացվել գլխավոր դատախազին, ինչը մերժվել է, որից հետո դիմումատուն այն բողոքարկել է դատական կարգով։
48. 2014 թվականի դեկտեմբերի 24-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը անփոփոխ է թողել 2014 թվականի սեպտեմբերի 12-ի որոշումը։
49. Դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը Վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ մերժվել է։
50. Դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք:
51. Վճռաբեկ դատարանը 2015 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ մերժել է դիմումատուի վճռաբեկ բողոքը։
52. 2015 թվականի դեկտեմբերի 7-ին Ա. Մ.-ն կայացրել է քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշում։ Որոշման մեջ նշվել է մասնավորապես հետևյալը.
«... ձեռք չի բերվել որևէ ապացույց, որով կհիմնավորվեր, որ [Վ. Մուրադյանը] ենթարկվել է ... նվաստացման կամ վատ վերաբերմունքի:
...
Այսպիսով, նախաքննության ընթացքում ... ձեռնարկվել են բոլոր հնարավոր քննչական միջոցառումները՝ պարզելու այն անձին (անձանց), որին (որոնց) պետք է մեղադրանք առաջադրվեր [Վ. Մուրադյանին] ինքնասպանության հասցնելու առնչությամբ...»:
III. ԴԻՄՈՒՄԱՏՈՒԻ ԲԵՐԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԸ
53. Դիմումատուն 2015 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման դեմ բողոք է ներկայացրել զինվորական դատախազին։
54. 2016 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ դիմումատուի բողոքը մերժվել է:
55. Դիմումատուն 2015 թվականի դեկտեմբերի 7-ի և 2016 թվականի փետրվարի 19-ի որոշումների դեմ բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան։
56. 2016 թվականի նոյեմբերի 7-ին վերոնշյալ դատարանն ամբողջովին ուժի մեջ է թողել 2015 թվականի դեկտեմբերի 7-ի և 2016 թվականի փետրվարի 19-ի որոշումները։
57. 2016 թվականի նոյեմբերի 29-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել։
58. 2016 թվականի դեկտեմբերի 21-ին գլխավոր դատախազը գրություն է ուղարկել Քննչական կոմիտեի նախագահին, որի համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
«Իմ հանձնարարությամբ [Վ. Մուրադյանի մահվան փաստի առթիվ հարուցված] քրեական գործը քննվել է Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության կողմից...
Քրեական գործի նախաքննությամբ պարզ է դարձել, որ լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել մի շարք քննչական և դատավարական գործողություններ. ուստի 2016 թվականի դեկտեմբերի 21-ին որոշում է կայացվել բեկանել 2015 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, որով քրեական գործի վարույթը կասեցվել էր։
... Առաջարկում եմ նախաքննությունը շարունակելու հարցը քննարկել Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչության հետ...»։
59. Նույն օրը գործը փոխանցվել է Քննչական կոմիտե՝ նախաքննությունը շարունակելու համար։
60. Այնուհետև Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչության ավագ քննիչ Ռ.Մ.-ն գործն ընդունել է վարույթ։
61. 2017 թվականի հունվարի 23-ին դիմումատուն հրաժարվել է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի 2016 թվականի նոյեմբերի 7-ի որոշման դեմ բերված իր վերաքննիչ բողոքից (տե՛ս վերևում 57-րդ պարբերությունը) այն հիմքով, որ նախաքննությունը վերսկսվել է։
62. Վերաքննիչ քրեական դատարանը նույն օրը դադարեցրել է դիմումատուի վերաքննիչ բողոքի քննությունը։
63. 2017 թվականի հուլիսի 7-ին նախկին զինծառայողներ Ն.Գ.-ին և Ա.Խ-ին (տե՛ս վերևում 13-րդ պարբերությունը) մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, տե՛ս ներքևում 77-րդ պարբերությունը): Մասնավորապես առաջադրված մեղադրանքների համաձայն՝ 2010 թվականի մարտի 14-ին Ն.Գ.-ն և Ա.Խ.-ն սուտ խոստում տալու և խոստացված գումարը ժամանակին չվերադարձնելու համար Վ. Մուրադյանին ճնշելու և նվաստացնելու դիտավորությամբ բռնության են ենթարկել նրան, ինչը հանգեցրել էր նրան, որ վերջինս նույն օրը՝ կեսգիշերին մոտ, կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։
Նույն օրը Ն.Գ.-ի և Ա.Խ.-ի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, քանի որ հնարավոր չի եղել պարզել նրանց գտնվելու վայրը։
64. 2017 թվականի հուլիսի 20-ին Ռ.Մ.-ն որոշում է կայացրել կասեցնելու քրեական գործի վարույթը՝ Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա (քննությունից կամ դատից թաքնվելը) այն հիմքով, որ Ն.Գ.-ն և Ա.Կ.-ն թաքնվել են քրեական հետապնդումից, և հնարավոր չի եղել պարզել նրանց գտնվելու վայրը։ Գլխավոր դատախազը մերժել է այդ որոշման դեմ դիմումատուի 2017 թվականի նոյեմբերի 13-ին բերված բողոքը։
65. 2017 թվականի դեկտեմբերի 11-ին դիմումատուն բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան՝ 2017 թվականի հուլիսի 20-ի և նոյեմբերի 13-ի որոշումների դեմ։
66. Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Երևան քաղաքի դատարան) 2018 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ բավարարել է դիմումատուի բողոքը և պարտավորեցրել նախաքննության մարմնին վերացնել դիմումատուի դատավարական իրավունքների խախտումները։ Այն մասնավորապես գտել է, որ դիմումատուին նախաքննությանը մասնակից դարձնելը կրել է ձևական բնույթ, քանի որ նա իրական հնարավորություն չի ունեցել օգտվելու իր իրավունքներից հատկապես այն առումով, որ նախապես տեղեկացված չի եղել մի շարք դատաբժշկական փորձաքննությունների մասին, ինչը թույլ կտար նրան ծանոթանալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին քննիչի որոշմանը, բացարկ հայտնել փորձագետներին, լրացուցիչ հարցեր առաջադրել նրանց և այլն։ Ավելին, այն գտել է, որ նախաքննության մարմինը չի իրականացրել լրիվ և օբյեկտիվ քննություն, իսկ դիմումատուի փաստարկները քննության չեն առնվել: Դատարանը նաև հանգել է այն եզրակացության, որ քննությունն անհիմն երկարաձգվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտմամբ: Արդյունքում կարող էին խախտվել դիմումատուի՝ իր որդու մահվան համար խելամիտ բացատրություն ստանալու և մեղավորների նկատմամբ քրեական հետապանդում իրականացնելու իրավունքը։
67. 2018 թվականի դեկտեմբերի 21-ին հսկող դատախազը վերացրել է Ռ.Մ.-ի 2017 թվականի հուլիսի 20-ի որոշումը (տե՛ս վերևում 64-րդ պարբերությունը) և գործն ուղարկել Քննչական կոմիտե՝ լրացուցիչ քննության:
68. 2018 թվականի դեկտեմբերի 24-ին Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչության քննիչ Ռ.Ս.-ն ստանձնել է գործի նախաքննությունը։
69. 2019 թվականի մարտին քննիչը հարցում է կատարել ոստիկանություն՝ պարզելու, թե արդյոք Ն.Գ.-ն և Ա.Խ.-ն հատել են Հայաստանի սահմանը։
70. 2019 թվականի մայիսի 19-ին Ռ.Ս.-ն հարցաքննել է Թ.Հ.-ին (տե՛ս վերևում 13-րդ պարբերությունը), որը նշել է, որ ինքը մի քանի անգամ հարցաքննվել է Վ. Մուրադյանի մահվան փաստի առթիվ, և հայտնել է գործով իրեն հայտնի ամեն ինչ։ Նա նոր ցուցմունք չի տվել և նշել է միայն, որ տեղյակ չի եղել Վ.Մուրադյանի նկատմամբ ցուցաբերված բռնության կամ նրան սպառնալու մասին։
71. 2019 թվականի մայիսի 21-ին Ռ.Ս.-ն հարցաքննել է ևս երկու զինծառայողների։ Նրանք երկուսն էլ նույն կերպ նոր ցուցմունքներ չեն տվել և պնդել են, որ իրենք արդեն հարցաքննվել են և հայտնել են գործով իրեն հայտնի ամեն ինչ։ Ի պատասխան Վ.Մուրադյանի նկատմամբ ցուցաբերված հնարավոր վատ վերաբերմունքի մասին հարցին՝ նրանք նշել են, որ իրենք տեղյակ չեն եղել նման վերաբերմունքի մասին։
72. 2019 թվականի օգոստոսի 5-ին Ռ.Ս.-ն հարցաքննել է Լ.Տ.-ին (տե՛ս վերևում 16-րդ պարբերությունը), որը նույնպես նշել է, որ ոչինչ չունի ավելացնելու իր բազմաթիվ այլ ցուցմունքներին: Երբ հարցրել են Ն.Գ.-ի և Ա.Խ.-ի գտնվելու վայրի մասին, նա նշել է, որ իր տեղեկություններով նրանք գտնվում են Ռուսաստանում, սակայն կոնկրետ որտեղ՝ չգիտի, քանի որ նրանց հետ կապ չի պահպանել։
73. 2019 թվականի հուլիսի 16-ին Ռ.Ս.-ն նախաքննությունը երկու ամիս ժամկետով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել։
74. Վերահսկողություն իրականացնող դատախազը 2019 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ նախաքննության ժամկետը երկարաձգել է մինչև 2019 թվականի սեպտեմբերի 21-ը։
75. Համաձայն Կառավարության կողմից 2020 թվականի հուլիսի 1-ին տրամադրված տեղեկությունների՝ Վ. Մուրադյանի մահվան փաստի առթիվ ընթացող նախաքննությունն այդ օրվա դրությամբ դեռևս ընթացքի մեջ է եղել։
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
I. ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Ա. Քրեական օրենսգիրք
76. Համապատասխան ժամանակահատվածում գործող 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում էր, որ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
77. 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում էր, որ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով, ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:
Բ. Քաղաքացիական օրենսգիրք
78. Վնաս պատճառելու համար քաղաքացիաիրավական պատասխանատվության և վնասի հատուցման պարտավորության վերաբերյալ Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթներով նախատեսում է հետևյալը.
79. Համաձայն 17-րդ հոդվածի 1-ին մասի՝ անձը, ում իրավունքները խախտվել են, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով։ Վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը (17-րդ հոդվածի 2-րդ մաս): Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման միայն Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում (17-րդ հոդվածի 4-րդ մաս)։
80. 162.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ անձն իրավունք ունի պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի՝ [Հայաստանի Հանրապետության] Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված նրա հիմնարար իրավունքները, այդ թվում՝ կյանքի իրավունքը.
81. 1087.2 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսվում է, որ հիմնարար իրավունքների խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման՝ անկախ [վնաս պատճառելիս] պաշտոնատար անձի մեղքի առկայությունից: Ոչ նյութական վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Եթե 162.1 հոդվածով սահմանված հիմնարար իրավունքը խախտվել է տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից, ապա ոչ նյութական վնասը հատուցվում է համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին:
82. Անձի կյանքի իրավունքը խախտելու հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը (մոտավորապես 6000 եվրո) (1087.2 հոդվածի 7-րդ մասի 1-ին կետ)։ Ոչ նյութական վնասի հատուցման չափը բացառիկ դեպքերում կարող է գերազանցել սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսած առավելագույն սահմանը, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ (1087.2 հոդվածի 8-րդ մաս):
83. Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել ինչպես սույն օրենսգրքի 162.1 հոդվածով սահմանված իրավունքի խախտումը հաստատելու պահանջի հետ՝ խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում, այնպես էլ այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: Քրեական հետապնդման մարմնի կողմից խախտումը հաստատվելու դեպքում ոչ նյութական վնասի հատուցման պահանջը կարող է ներկայացվել դրա մասին անձին հայտնի դառնալու պահից ոչ շուտ, քան երկու ամսվա, բայց ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում (1087.2 հոդվածի 9-րդ մաս)։
II. ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
84. Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատը քննել է գործ, որը վերաբերում է, inter alia, ապօրինի դատապարտման հետևանքով կրած ոչ նյութական վնասի հատուցման պահանջին: Քաղաքացիական օրենսգրքի 162.1 և 1087.2 հոդվածները վերլուծելուց հետո (տե՛ս վերևում 80-82-րդ պարբերությունները) 2017 թվականի դեկտեմբերի 27-ի (ԵԿԴ /3296/02/14) որոշման մեջ Վճռաբեկ դատարանը մասնավորապես նշել է հետևյալը.
«[Հայաստանի Հանրապետությունում] նախատեսվում է ոչ նյութական վնասի հատուցման հնարավորություն միայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 162.1 և 1087.2 հոդվածներով սահմանված] որոշակի պայմանների պահպանման դեպքում՝ հաշվի առնելով այդ հոդվածներում ամրագրված սահմանափակումները, որոնց վերլուծությունը հանգում է հետևյալին.
ա) ... ոչ նյութական վնասի փոխհատուցումը կարող է պահանջվել միայն [162.1 հոդվածի 2-րդ մասով] սահմանված իրավունքներից մեկի կամ մի քանիսի խախտման դեպքում:
բ) ... [Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքների] խախտումը պետք է հաստատված լինի դատարանի կամ քրեական հետապնդման մարմնի կողմից...
գ) Ոչ նյութական վնասի հատուցման հիմք է հանդիսանում ֆիզիկական կամ հոգեկան տառապանքը ...
Վճռաբեկ դատարանը նշում է, որ Քաղաքացիական օրենսգրքով սահմանվում է ոչ նյութական վնասի հատուցման սահմանը, որոնք կարող են գերազանցվել բացառիկ դեպքերում, եթե պատճառված [ոչ նյութական] վնասի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ (օրինակ՝ առողջությանը ծանր վնաս պատճառելը)...»:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
85. Դիմումատուն բողոք է ներկայացրել Կոնվենցիայի 2-րդ և 13-րդ հոդվածների համաձայն՝ զինվորական ծառայության ընթացքում իր որդու մահվան փաստի առնչությամբ, և որ իշխանությունները չեն իրականացնել գործի արդյունավետ քննություն: Քանի որ Դատարանը համարվում է որպես գործի փաստերին իրավական որակավորում տվող մասնագիտացված կառույց (տե՛ս Ռոդամիլյան և այլք ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [Radomilja and Others v. Croatia [GC]], թիվ 37685/10 և 22768/12, § 114, § 124 և § 126, 2018 թվականի մարտի 20), այն նպատակահարմար է գտնում դիմումատուի բողոքները քննել միայն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո, որի համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով»:
Ա. Ընդունելիությունը
1. Իրավազորությունը
86. Կառավարությունը պնդել է, որ Վ. Մուրադյանի մահվան հանգամանքների շուրջ քննությունը վարել և դեռ շարունակում են վարել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները։ Հետևաբար կան հիմնավոր ապացույցներ, որոնք հաստատում են այն տեսակետը, որ Հայաստանը բողոքարկվող հարցի նկատմամբ ունի իրավազորություն: Կառավարությունը համարել է, որ Հայաստանի Հանրապետության իրավազորությունը պետք է ճանաչվի «պետական իշխանական գործառույթներ և վերահսկողություն իրականացնելու» բացառության հիման վրա, քանի որ դատավարական պարտավորությունների հետ կապված բոլոր գործողությունները, որոնց առնչությամբ բողոք է ներկայացվել, վերագրվում են Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին։
87. Դիմումատուն այս առնչությամբ որևէ փաստարկ չի ներկայացրել:
88. Դատարանը նշում է, որ այլ գործերով այն արդեն իսկ քննել է Հայաստանի՝ տվյալ տարածքի նկատմամբ իրավազորություն ունենալու հարցը և գտել է, որ Հայաստանն արդյունավետ վերահսկողություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների նկատմամբ, և որ հետևաբար այդ տարածքում տեղի ունեցած դեպքերի հետ կապված բողոքները Կոնվենցիայի 1-ին հոդվածի նպատակներով գտնվում են Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո (տե՛ս Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի [ՄՊ] [Chiragov and Others v. Armenia [GC]], թիվ 13216/05, «§ 169-186, ՄԻԵԴ 2015, և կոնկրետ Լեռնային Ղարաբաղում պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ժամկետային զինծառայողի մահվան դեպքին առնչվող՝ Մուրադյանն ընդդեմ Հայաստանի [Muradyan v. Armenia] գործը, թիվ 11275/07, «§ 123-127, 2016 թվականի նոյեմբերի 24, և որպես համեմատություն՝ Լեռնային Ղարաբաղում պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ժամկետային զինծառայողի սպանության դեպքին առնչվող՝ Միրզոյանն ընդդեմ Հայաստանի [Mirzoyan v. Armenia] գործը, թիվ 57129/10, § 56, 2019 թվականի մայիսի 23)։
89. Սույն գործով դիմումատուի որդու մահվան փաստին առնչվող բողոքները ենթակա են քննության Կոնվենցիայի 2-րդ հոդվածի և՛ նյութաիրավական, և՛ դատավարական հայեցակետերի ներքո։
90. Հարկ է նշել, որ Միրզոյանի վերոնշյալ գործով Դատարանը եզրակացրել է, որ Հայաստանի և դիմումատուի մահացած որդու միջև իրավազորության առումով առկա է կապ՝ հաշվի առնելով, որ ինչպես հաստատվել է նախաքննության ընթացքում (նույն տեղում, § 62), դիմումատուի որդին սպանվել է ԼՂՀ տարածքում հայկական բանակի սպայի կողմից (տե՛ս վերևում՝ 6-րդ պարբերությունը):
91. Սույն գործով սակայն Դատարանին հասանելի վերջին տեղեկությունների ամսաթվի դրությամբ (այսինքն՝ 2020թ. հուլիսի 1-ին, տե՛ս վերևում՝ 75-րդ պարբերությունը) Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում զինվորական ծառայություն անցնելիս Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող և այդ սուբյեկտի կողմից ղեկավարվող զորամասում տեղի ունեցած՝ դիմումատուի որդու մահվան կոնկրետ հանգամանքները չեն պարզաբանվել, մինչդեռ ինչպես նշվել է վերևում, դիմումատուն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի երկու հայեցակետերի համաձայն բողոքել է իր որդու մահվան փաստի, այդ թվում՝ պետության կողմից իր որդու կյանքի իրավունքը պարտադիր զինվորական ծառայության ընթացքում չպաշտպանելու առնչությամբ։ Հետևաբար Դատարանը համարում է, որ ինչպես Մուրադյանի գործով (վերևում հիշատակված՝ § 126), սույն գործով Հայաստանի Հանրապետության և դիմումատուի մահացած որդու միջև իրավազորության կապի առկայությունը պետք է հաստատվի՝ հիմք ընդունելով Դատարանի Մեծ պալատի կողմից Չիրագովը և այլք գործով արված նախկին եզրահանգումը, համաձայն որի համապատասխան ժամանահատվածում (այսինքն՝ մինչև Լեռնային Ղարաբաղի պատերազմի արդյունքում տեղում իրավիճակի փոփոխությունը, որն ավարտվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի կողմից հարակից բոլոր տարածքների և ԼՂՀ-ի հիմնական մասի գրավմամբ և այդ տարածքում ռուս խաղաղապահների առնվազն հինգ տարի ժամկետով տեղակայմամբ) Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելով, պարտավորություն է ստանձնել այդ տարածքում ապահովել Կոնվենցիայով սահմանված իրավունքներն ու ազատությունները (տե՛ս վերևում հիշատակված՝ Չիրագովի և այլոց գործը, «§ 169-186)։
92. Դրանից հետևում է, որ վերևում նշված պատճառներով Հայաստանի Հանրապետության և դիմումատուի մահացած որդու միջև իրավազորության առումով առկա է կապ՝ Կոնվենցիայի 1-ին հոդվածի նպատակներով:
2. Դիմումատուի զոհի կարգավիճակը
93. Կառավարությունը նշել է, որ դիմումատուն այլևս չի կարող պնդել, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված իր իրավունքների խախտման զոհ է, քանի որ խախտումը որպես այդպիսին ճանաչվել է, որի արդյունքում քրեական վարույթը վերսկսվել է, և նրան տրվել է իրավական պաշտպանության միջոցի հնարավորություն։ Մասնավորապես Երևան քաղաքի դատարանը 2018 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ (տե՛ս վերևում՝ 66-րդ պարբերությունը) հաստատել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի խախտում և «2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի շրջանակներում տեղի ունեցած խախտումը տարածել է նյութաիրավական խախտման նկատմամբ»՝ գտնելով, որ դատավարական պարտավորության խախտմամբ կարող էր խախտվել դիմումատուի՝ իր որդու մահվան վերաբերյալ ողջամիտ բացատրություն ստանալու իրավունքը։ Ավելին, այդ որոշման ուժով նախաքննության մարմնին հանձնարարվել էր վերսկսել վարույթը և վերացնել դիմումատուի իրավունքների խախտումը։ Վերջապես, այդ որոշումը հանդիսացել է դիմումատուի կոնվենցիոն իրավունքի խախտման դատական կարգով ճանաչում, ինչը նրան հնարավորություն էր ընձեռում ոչ նյութական վնասի դիմաց հատուցում պահանջել պետությունից:
94. Դիմումատուն նշել է, որ իր որդու մահվան փաստի առթիվ իրականացվող քրեական վարույթը դեռևս ընթացքի մեջ է։
95. Համաձայն Դատարանի հաստատված նախադեպային իրավունքի՝ դիմումատուի օգտին կայացված որոշումը կամ ձեռնարկված միջոցն ընդհանուր առմամբ բավարար չէ՝ բացառելու համար նրա «զոհի կարգավիճակը», եթե ներպետական իրավասու մարմիններն ուղղակիորեն կամ ըստ էության չեն ճանաչել այդ փաստը և ըստ այդմ, Կոնվենցիան խախտելու համար տրամադրել պատշաճ և բավարար իրավական պաշտպանության միջոց (հիմնական սկզբունքների համար տե՛ս Սկորդինոն ընդդեմ Իտալիայի (թիվ 1) [ՄՊ] [Scordino v. Italy (no. 1) [GC]], թիվ 36813/97, «§ 178-213, ՄԻԵԴ 2006-V, և այդ սկզբունքների ամփոփ նկարագրի համար՝ Նիկոլովան և Վելիչկովան ընդդեմ Բուլղարիայի [Nikolova and Velichkova v. Bulgaria], թիվ 7888/03, § 49, 2007 թվականի դեկտեմբերի 20)։ Դատարանն ընդհանուր առմամբ համարել է, որ դա կախված է գործի բոլոր հանգամանքներից, մասնավորապես՝ իրավունքի բնույթից, որը ենթադրաբար խախտվել է (տե՛ս Գեֆգենն ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [GՊfgen v. Germany [GC]], թիվ 22978/05, § 116, ՄԻԵԴ 2010) որոշումը հիմնավորող պատճառներից (տե՛ս Մ.Ա.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (որոշում) [M.A. v. the United Kingdom (dec.)], թիվ 35242/04, ՄԻԵԴ 2005-VIII) և այդ որոշումից հետո համապատասխան անձի համար առաջացած անբարենպաստ հետևանքների շարունակական բնույթից (տե՛ս Ֆրեյմանիսն ու Լիդումսն ընդդեմ Լատվիայի [Freimanis and Līdums v. Latvia], թիվ 73443/01 և 74860/01, § 68, 2006 թվականի փետրվարի 9):
96. Դատարանը նկատում է, որ Երևան քաղաքի դատարանը 2018 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ գտել է, որ դիմումատուի՝ արդյունավետ քննության իրավունքը խախտվել է երկարատև քննության պատճառով այն առումով, որ նա հնարավորություն չի ունեցել արդյունավետ կերպով մասնակցել մի շարք դատաբժշկական փորձաքննությունների, և նրա փաստարկներին պատշաճ կերպով անդրադարձ չի կատարվել։ Այդ հիմքով այն հանձնարարել է նախաքննության մարմնին վերսկսել Վ. Մուրադյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը և վերացնել դիմումատուի իրավունքների խախտումը (տե՛ս վերևում՝ 66-րդ պարբերությունը)։
97. Դատարանը նախևառաջ նշում է, որ Երևան քաղաքի դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 23-ի որոշումը ընթացակարգային բնույթի որոշում է եղել, որը կայացվել է այդ դատարանի կողմից՝ մինչդատական վարույթի դատական կարգով վերանայման շրջանակներում։ Նման որոշումները հազվադեպ չեն Հայաստանի դատական համակարգում և հիմնականում ուղղված են մինչդատական վարույթում առկա այն թերությունները մատնանշելուն, որոնք խաթարել են դրա արդյունավետությունը, ինչպես նաև տուժողի իրավունքների վերականգնմանը ընթացող, կասեցված կամ կարճված քրեական վարույթի ընթացքում (տե՛ս, օրինակ՝ Ղուլյանն ընդդեմ Հայաստանի [Gulyan v. Armenia], թիվ 11244/12, § 54 և «60, 2018 թվականի սեպտեմբերի 20, որտեղ դատարանները նույն քրեական դատավարության ընթացքում երկու անգամ վերացրել են նախաքննությունը դադարեցնելու մասին որոշումները):
98. Բացի այդ և ի հակառակ Կառավարության պնդման՝ տվյալ որոշմամբ ճանաչվել է դիմումատուի՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքի միայն դատավարական հայեցակետի խախտումը: Դրանից բացի, Երևան քաղաքի դատարանը, որին միջնորդություն է ներկայացվել մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատական կարգով վերանայում իրականացնելու միջոցով ստուգելու քրեական գործի վարույթը կասեցնելու մասին 2017 թվականի հուլիսի 20-ի որոշման օրինականությունը (տե՛ս վերևում՝ 64-րդ պարբերությունը), տվյալ միջնորդությամբ կոչված չի եղել և բնականաբար որոշում չի կայացրել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն դիմումատուի կողմից ներկայացված բողոքի նյութաիրավական հայեցակետի վերաբերյալ, որն իր կողմից քննվող գործի առարկա չի հանդիսացել։
99. Եվ որ ամենակարևորն է, Դատարանը նշում է, որ դիմումատուի որդու մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը Դատարանին հասանելի վերջին տեղեկությունների ամսաթվի դրությամբ (տե՛ս վերևում՝ 75-րդ պարբերությունը) դեռևս ընթացքի մեջ էր գտնվում:
100. Այս հանգամանքներում Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ պահպանվել է դիմումատուի՝ զոհի կարգավիճակը, և մերժել է Կառավարության նախնական առարկությունն այդ հարցով:
3. Իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելը
101. Հիմնվելով Դատարանի՝ Հարիսոնը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության ((որոշում) [Harrison and Others v. the United Kingdom ((dec.)] թիվ 44301/13, 44379/13 և 44384/13, 2014 թվականի մարտի 25) գործով կայացված որոշման վրա՝ Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի բողոքները վաղաժամ են այն հիմքով, որ Երևան քաղաքի դատարանի 2018 թվականի հոկտեմբերի 23-ի որոշման հիման վրա վարույթը վերսկսվելուց հետո գործի նախաքննությունը դեռևս ընթացքի մեջ է (տե՛ս վերևում՝ 66-րդ պարբերությունը): Բացի այդ, դիմումատուն դեռ չէր օգտվել քաղաքացիական պաշտպանության միջոցից, որը թույլ էր տալիս նրան հատուցում պահանջել պետությունից՝ նույն որոշման հիման վրա:
102. Դիմումատուն պնդել է, որ իրեն հասանելի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ չեն եղել, որոնք ինքը պետք է սպառեր: 2010 թվականից ընթացքի մեջ գտնվող նախաքննությունն իրականացվել է ոչ պատշաճ կերպով և բնութագրվել է իրավասու պետական մարմինների կողմից ոչ բավարար ջանասիրությամբ՝ ուղղված իր որդու մահվան հանգամանքները պարզելուն։ Նույնը կարելի է ասել 2018 թվականի հոկտեմբերի 23-ի որոշումից հետո ձեռնարկված քննչական միջոցառումների վերաբերյալ։ Այս հանգամանքներում իր բողոքները վաղաժամ համարելու հիմք չկա։
103. Դիմումատուն պնդել է նաև, որ քաղաքացիական վարույթի կարգով պետությունից վնասի հատուցում պահանջելու հնարավորությունը չէր կարող արդյունավետ համարվել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի իմաստով, քանի որ դա չէր կարող հանգեցնել մեղավորներին ի հայտ բերելուն և պատժելուն: Ամեն դեպքում հատուցման առավելագույն չափը, որը նա կարող էր ստանալ ներպետական մակարդակով, չէր կարող պատշաճ և բավարար հատուցում համարվել։
104. Կոնվենցիայի 35-րդ հոդվածի իմաստով իրավական պաշտպանության ներպետական միջոցների ապառման վերաբերյալ ընդհանուր սկզբունքներն ամփոփված են Վուչկովիչն ու այլք ընդդեմ Սերբիայի ((նախնական առարկություն) [ՄՊ] [Vučković and Others v. Serbia (preliminary objection) [GC]], թիվ 17153/11 և մյուս 29-ը, § 74, 2014 թվականի մարտի 25) գործում։
105. Դատարանը նկատում է, որ դիմումատուի որդու մահվան փաստի առթիվ քրեական գործը հարուցվել է 2010 թվականի մարտի 15-ին (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը), սակայն Դատարանին հայտնի ամենավերջին տեղեկությունների օրվա դրությամբ (տե՛ս վերևում՝ 75-րդ պարբերությունը) նախաքննությունը դեռևս գտնվել է ընթացքի մեջ։
106. Դատարանը համարում է, որ Կառավարության առարկություններով, որոնցով նրանք պնդում են, որ դիմումատուի բողոքները վաղաժամ են, բարձրացվում են նախաքննության արդյունավետության վերաբերյալ հարցեր, որոնք սերտորեն կապված են դիմումատուի բողոքների էական հիմքերի հետ։ Հետևաբար այն համարում է, որ այդ հարցերը պետք է ստորև քննվեն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի ներքո, և որոշում է առարկության այդ մասը միացնել ըստ էության քննությանը։
107. Բացի այդ, Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն Երևան քաղաքի 2018 թվականի հոկտեմբերի 23-ի որոշման հիման վրա ոչ նյութական վնասի դիմաց հատուցման համար քաղաքացիական հայց չի ներկայացրել, որը, ըստ իրենց փաստարկների, իրենից ներկայացնում է Քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի նպատակներով Կոնվենցիայով երաշխավորված նրա հիմնարար իրավունքների խախտման դատական կարգով ճանաչում՝ թույլ տալով նրան պետությունից պահանջել վնասի հատուցում (տե՛ս վերևում՝ 80-րդ պարբերությունը):
108. Դատարանը նկատում է, որ դիմումատուն Երևան քաղաքի դատարանի որոշումից հետո վնասի հատուցման պահանջ չի ներկայացրել։ Այս կապակցությամբ դիմումատուն պնդել է, որ գումարի առավելագույն չափը, որն ինքը կարող էր ստանալ, ոչ մի դեպքում չէր կարող բավարար հատուցում համարվել (տե՛ս վերևում` 103-րդ պարբերությունը):
109. Դատարանը նկատում է, որ կյանքի իրավունքը խախտելու արդյունքում կրած ոչ նյութական վնասի դիմաց հատուցման մասով 1087.2 հոդվածի 7-րդ մասի 1-ին կետով սահմանվում է առավելագույնը 3 000 000 ՀՀ դրամ (մոտավորապես 6 000 եվրո) փոխհատուցման չափ։ Միևնույն ժամանակ 1087.2 հոդվածի 8-րդ մասով նախատեսվում է, որ բացառիկ դեպքերում այդ սահմանը կարող է գերազանցվել, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ (տե՛ս վերևում՝ 82-րդ պարբերությունը)։ Այնուամենայնիվ, Կառավարությունը չի վիճարկել այն փաստը, որ դիմումատուի գործը կընդգրկվեր այդ բացառությունների մեջ, եթե նա վնասների հատուցում պահանջեր: Ավելին, Վճռաբեկ դատարանը մեկնաբանել է այդ դրույթը՝ նշելով, որ դրա համար անհրաժեշտ է, որ անձի մոտ առաջացած լինեն լրացուցիչ հետևանքներ, ինչպիսիք են, օրինակ՝ հոգեկան տառապանքների հետևանքով առաջացած հիվանդությունը, որն ի հայտ է եկել իրավունքների խախտման արդյունքում (տե՛ս վերևում՝ 84-րդ պարբերությունը):
110. Դատարանը նշում է, որ ընդհանուր առմամբ այն կարող է ընդունել ներպետական իշխանությունների կողմից փոխհատուցման ավելի պակաս չափ շնորհելը, քան ինքը կշնորհեր՝ հաշվի առնելով տվյալ պետության բնակչության կենսամակարդակը (տե՛ս Մուչիբաբիչն ընդդեմ Սերբիայի [Mučibabić v. Serbia], թիվ 34661/ 07, § 119, 2016 թվականի հուլիսի 12): Այնուամենայնիվ, հաշվի առնելով ներպետական օրենսդրությամբ սահմանված վերոնշյալ սահմանը, Դատարանը համարում է, որ սույն գործով հատուցումը, որը կարող էր շնորհվել քաղաքացիական դատարանների կողմից, ողջամիտ համաչափության մեջ չի գտնվում Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն Դատարանի կողմից Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համադրելի խախտումների առնչությամբ շնորհվող հատուցումների հետ (տե՛ս, օրինակ՝ վերևում հիշատակված՝ Մուրադյանի գործը, § 167, և Անահիտ Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի [Anahit Mkrtchyan v. Armenia], թիվ 3673/11, § 109, 2020 թվականի մայիսի 7):
111. Այս հանգամանքներում Դատարանը եզրակացնում է, որ Կառավարության կողմից առաջարկված՝ հատուցման ձևով տրվող իրավական պաշտպանության միջոցը չէր կարող շտկել վիճարկվող իրավիճակը, քանի որ այն վերոնշյալ պատճառներով չէր կարող դիմումատուի համար բավարար հատուցում համարվել։ Հետևաբար Դատարանը մերժում է այս առնչությամբ Կառավարության՝ իրավական պաշտպանության միջոցները չսպառելու մասին առարկությունը։
4. Անընդունելիության այլ հիմքեր
112. Դատարանը նշում է, որ սույն բողոքը ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի է Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
ա) Դիմումատուն
113. Դիմումատուն նշել է, որ պետական իշխանությունները պատասխանատվություն են կրում իր որդու մահվան համար, որը տեղի է ունեցել նրանց բացառիկ հսկողության տակ գտնվելու ժամանակ՝ իր որդու զինվորական ծառայության ընթացքում: Նա վիճարկել է այն եզրահանգման իրավացիությունը, ըստ որի՝ իր որդու մահվան պատճառն ինքնասպանությունն է եղել, և պնդել է, որ նրան սպանել են։
114. Նա պնդել է, որ ավելի քան ինը տարի տևած նախաքննությամբ չեն պարզվել իր որդու մահվան կոնկրետ հանգամանքները՝ պայմանավորված դրա ոչ պատշաճ լինելու և իշխանությունների կողմից մեղավորներին բացահայտելու հարցում դրսևորած ոչ բավարար ջանասիրությամբ: Նախնական քննության հենց սկզբից առաջ քաշված միակ վարկածն ինքնասպանության վարկածն է եղել։ Նախաքննության առաջին հինգ ամիսների ընթացքում ձեռք է բերվել միայն երկու բժշկական փորձաքննության եզրակացություն, իսկ այնպիսի կարևոր ապացույցներ, ինչպիսիք են մետաղյա աթոռը և որդու զինվորական կիսաճտքավոր կոշիկները, կա՛մ ոչնչացվել են, կա՛մ անզգուշությամբ կորել են։ Բացի այդ, մի շարք կարևոր դատաբժշկական փորձաքննություններ նշանակվել են դեպքից ամիսներ և նույնիսկ տարիներ հետո, իսկ (որդու՝ դեպքից առաջ վառելիքի գողության ականատես լինելու վերաբերյալ) իր փաստարկներին պատշաճ կերպով անդրադարձ չի կատարվել: Զորամասի երկու նախկին զինծառայողների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել դեպքից միայն յոթ տարի անց, երբ արդեն անհնար էր պարզել նրանց գտնվելու վայրը։
115. Չի կարելի է նաև ասել, որ Երևան քաղաքի դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ քրեական գործով վարույթը վերսկսելուց ի վեր իշխանությունների կողմից էական քայլեր են ձեռնարկվել։
բ) Կառավարությունը
116. Կառավարությունը որևէ մեկնաբանություն չի ներկայացրել դիմումատուի՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի համաձայն ներկայացված բողոքների առնչությամբ։
117. Կառավարությունը 2019 թվականի մարտ և օգոստոս ամիսներին ներկայացված իր փաստարկներում նշել է, որ 2018 թվականի դեկտեմբերին՝ նախաքննությունը վերսկսվելուց հետո, իրավասու պետական մարմիններն իրականացրել են մի շարք քննչական գործողություններ, ինչպիսիք են ոստիկանություն հարցում ուղարկելը՝ պարզելու համար, թե արդյոք Ն.Գ.-ն և Ա.Խ.-ն հատել են Հայաստանի Հանրապետության սահմանը, թե՝ ոչ, ինչպես նաև Ոստիկանությանը և Ռազմական ոստիկանությանը համապատասխան հանձնարարություններ տալը։ Կառավարությունը նշել է, որ այդ փուլում մանրամասներ չի կարող բացահայտել՝ ելնելով նախաքննության գաղտնիությունից։ Ավելին, հարցաքննվել են մի քանի վկաներ, իսկ մնացածը դեռ չեն հարցաքննվել, ինչպես նաև ձեռնարկվել են կոնկրետ քննչական միջոցառումներ։ Կրկին նախաքննության ընթացքի վերաբերյալ մանրամասներ չեն կարող տրամադրվել՝ ելնելով նախաքննության լիակատար գաղտնիությունից։
2. Դատարանի գնահատականը
ա) Ընդհանուր սկզբունքները
118. Դատարանը վերահաստատում է, որ 2-րդ հոդվածը, որով պաշտպանվում է կյանքի իրավունքը, համարվում է Կոնվենցիայի ամենահիմնարար դրույթներից մեկը։ 3-րդ հոդվածի հետ միասին այն ևս սահմանում է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարական հասարակությունների ամենահիմնարար արժեքները: Կոնվենցիայի՝ որպես անձի պաշտպանության փաստաթղթի խնդիրներից և նպատակից ելնելով՝ անհրաժեշտ է 2-րդ հոդվածը մեկնաբանել և կիրառել այնպես, որ դրանով սահմանված երաշխիքները լինեն գործուն ու արդյունավետ (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, ՄքՔենը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [McCann and Others v. the United Kingdom], 1995 թվականի սեպտեմբերի 27, «§ 146-147, շարք Ա թիվ 324):
119. 2-րդ հոդվածի 1-ին կետի առաջին նախադասությամբ պետության համար սահմանվում է ոչ միայն անձին դիտավորությամբ և ապօրինաբար կյանքից զրկելուց զերծ մնալու, այլ նաև իր իրավազորության շրջանակներում գտնվող անձանց կյանքը պաշտպանելու նպատակով համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու պարտավորություն (տե՛ս Էլ.Սի.Բի.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [L.C.B. v. the United Kingdom], 1998 թվականի հունիսի 9, § 36, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1998-III): Այնուամենայնիվ, դրական պարտավորությունը պետք է մեկնաբանվի այնպես, որ իշխանությունների վրա չափից ավելի մեծ բեռ չդրվի, մասնավորապես՝ հաշվի առնելով մարդկային վարքի անկանխատեսելի բնույթը (տե՛ս Քինանն ընդդեմ Միացյալ Թագավորության [Keenan v. the United Kingdom], թիվ 27229/95, «§ 89-90, ՄԻԵԴ 2001-III):
120. Պարտադիր զինվորական ծառայություն անցնող անձանց համատեքստում Դատարանը նախկինում առիթ է ունեցել նշելու, որ ինչպես արգելանքի տակ պահվող անձանց դեպքում, զորակոչիկները նույնպես գտնվում են պետական իշխանությունների բացառիկ հսկողության ներքո, քանի որ բացառապես պետական իշխանություններն են ամբողջությամբ կամ մեծ մասամբ տեղյակ բանակում տեղի ունեցող դեպքերից, և վերջիններիս վրա է դրված նրանց պաշտպանելու պարտականությունը (տե՛ս Բեքերն ընդդեմ Թուրքիայի [Beker v. Turkey], թիվ 27866/03, «§ 42-43, 2009 թվականի մարտի 24, Մոսենձն ընդդեմ Ուկրաինայի [Mosendz v. Ukraine], թիվ 52013/08, § 92, 2013 թվականի հունվարի 17, և Մալիկ Բաբաևն ընդդեմ Ադրբեջանի [Malik Babayev v. Azerbaijan], թիվ 30500/11, § 66, 2017 թվականի հունիսի 1):
121. Նույն համատեքստում Դատարանի կողմից հետագայում կայացված վճիռներում այն նշել է, որ պետության առաջնային պարտականությունն է ներդնել կյանքին կամ ֆիզիկական անձեռնմխելիությանը սպառնացող այն վտանգի աստիճանին հարմարեցված կանոններ, որը կարող է առաջանալ՝ պայմանավորված ոչ միայն ռազմական գործողությունների և օպերացիաների բնույթով, այլև մարդկային գործոնով, որն առաջ է գալիս այն ժամանակ, երբ պետությունը որոշում է սովորական քաղաքացիներին զորակոչել զինվորական ծառայության: Այդպիսի կանոններով պետք է պահանջվի ձեռնարկել գործնական միջոցներ, որոնք ուղղված են ժամկետային զինծառայողներին զինվորական կյանքին ներհատուկ վտանգներից արդյունավետորեն պաշտպանելուն, և պատշաճ ընթացակարգեր՝ այն թերությունները և սխալները հայտնաբերելու համար, որոնք այդ առնչությամբ կարող են կատարվել տարբեր մակարդակներում պատասխանատուների կողմից (տե՛ս Կիլինչը և այլք ընդդեմ Թուրքիայի [Kılınջ and Others v. Turkey], թիվ 40145/98, § 41, 2005 թվականի հունիսի 7 և վերևում հիշատակված՝ Մոսենձի գործը, § 41):
122. Ավելին, պետություններից պահանջվում է պայմանագրային զինծառայողների շրջանում ապահովել բարձր մասնագիտական չափանիշներ, որոնց գործողությունները և անգործությունը, մասնավորապես՝ պայմանագրային զինծառայողների նկատմամբ, կարող են որոշակի հանգամանքներում առաջ բերել նրանց պատասխանատվությունը, inter alia, 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետով (տե՛ս, մասնավորապես՝ Աբդուլլահ Յիլմազն ընդդեմ Թուրքիայի [Abdullah Yılmaz v. Turkey], թիվ 21899/02, «§ 56-57, 2008 թվականի հունիսի 17, տե՛ս նաև, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Ստոյանովին ընդդեմ Բուլղարիայի [Stoyanovi v. Bulgaria], թիվ 42980/04, § 61, 2010 թվականի նոյեմբերի 9):
123. Ապացույցները գնահատելիս Դատարանը կիրառում է «ողջամիտ կասկածից վեր» ապացուցողական չափանիշը։ Այնուամենայնիվ, այդպիսի ապացույցը կարող է բխել բավականաչափ հիմնավորված, պարզ և համահունչ եզրահանգումների համաժամանակյա առկայությունից կամ նմանատիպ անհերքելի փաստերի կանխավարկածից: Այն դեպքերում, երբ խնդրահարույց իրադարձություններն ամբողջությամբ կամ մեծ մասամբ գտնվում են պետական իշխանության մարմինների իմացության տիրույթում, ինչպես օրինակ՝ իրենց վերահսկողության ներքո արգելանքի տակ կամ բանակում գտնվող անձանց դեպքում, կալանավորման կամ ծառայության ընթացքում առաջացած վնասվածքների և մահվան առումով ի հայտ կգան փաստերի մասին լուրջ կանխավարկածներ։ Եվ բնականաբար, բավարար և համոզիչ բացատրություն տրամադրելու ապացուցման բեռը կարող է դիտվել որպես պետական իշխանության մարմինների պարտականություն (տե՛ս, ի թիվս շատ այլ վճիռների, Անգուելովան ընդդեմ Բուլղարիայի [Anguelova v. Bulgaria], թիվ 38361/97, «§ 109-111, ՄԻԵԴ 2002-IV)։
124. Դատարանն այնուհետև վերահաստատում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված կյանքի իրավունքը Կոնվենցիայի 1-ին հոդվածով նախատեսված՝ «իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար Կոնվենցիայով սահմանված իրավունքներն ու ազատությունները, ապահովելու...» հիմնական պարտականության հետ համակցության մեջ ենթադրաբար պահանջում է, որ արդյունավետ պաշտոնական քննություն իրականացվի այն դեպքերի առթիվ, որոնցով անձինք սպանվել են պետական պաշտոնյաների կամ մասնավոր անձանց կողմից ուժի կիրառման արդյունքում (տե՛ս, ի թիվս շատ այլ վճիռների, Մուսթաֆա Թունջը և Ֆեջիրե Թունջն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Mustafa Tunջ and Fecire Tunջ v. Turkey [GC]], թիվ 24014/05, § 171, 2015 թվականի ապրիլի 14): Այդպիսի քննության հիմնական նպատակը կյանքի իրավունքը պաշտպանող ներպետական օրենսդրության արդյունավետ կերպով իրականացման ապահովումն է: Նույն չափանիշները կիրառվում են նաև պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերով, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների ինքնասպանությունների դեպքերով իրականացվող քննության նկատմամբ (տե՛ս վերևում հիշատակված՝ Մալիկ Բաբաևայի գործը, § 79, և այնտեղ մեջբերված գործերը):
125. Քննությունը պետք է արդյունավետ լինի այն իմաստով, որ այն պետք է հնարավորություն տա պարզելու փաստական հանգամանքները և հնարավորության դեպքում ի հայտ բերելու ու պատժելու մեղավորներին (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուսթաֆա Թունջի և Ֆեջիրե Թունջի գործը, § 172):
126. Արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորությունը ոչ թե արդյունքի, այլ միջոցի պարտավորություն է. պետական իշխանության մարմինները պետք է ձեռնարկեն հնարավոր բոլոր ողջամիտ միջոցները՝ ձեռք բերելու համար տվյալ դեպքի վերաբերյալ ապացույցներ, ներառյալ, inter alia, վկաների ցուցմունքներ, փորձաքննության արդյունքներ և անհրաժեշտության դեպքում՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի միջոցով հնարավոր է ստանալ վնասվածքի ամբողջական և ճշգրիտ պատկերը և կլինիկական եզրակացությունների, այդ թվում՝ մահվան պատճառների օբյեկտիվ վերլուծությունը: Քննության արդյունավետությունը, սակայն, չի կարող գնահատվել միայն կազմված արձանագրությունների, հարցաքննված վկաների կամ կատարված այլ քննչական գործողությունների թվով։ Քննության արդյունքները պետք է հիմնված լինեն համապատասխան բոլոր բաղադրիչների բազմակողմանի, օբյեկտիվ և անկողմնակալ վերլուծության վրա: Քննության համար ակնհայտորեն անհրաժեշտ միջոցները պատշաճ կերպով չձեռնարկելը էականորեն խոչընդոտում է գործի փաստական հանգամանքները պարզելու և հնարավորության դեպքում՝ մեղավորներին ի հայտ բերելու՝ նախաքննության մարմնի հնարավորությունը և կարող է հանգեցնել արդյունավետության պահանջվող չափանիշին անհամապատասխանության (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուրադյանի գործը, § 135, և դրանում ներառված հղումները):
127. Ի վերջո, քննության՝ բավականաչափ արդյունավետ լինելու հարցը պետք է գնահատվի համապատասխան բոլոր փաստերի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով նախաքննության մարմնի աշխատանքի գործնական հանգամանքները: Քննության արդյունավետության նվազագույն շեմը բավարարող ստուգման բնույթը և աստիճանը կախված է կոնկրետ գործի հանգամանքներից (նույն տեղում՝ § 136)։
բ) Ընդհանուր սկզբունքների կիրառումը սույն գործով
(i) Նյութաիրավական հայեցակետը
128. Դիմումատուի որդին՝ Վ. Մուրադյանը, ժամկետային զինծառայող էր, որն իշխանության մարմինների խնամքի և պատասխանատվության ներքո պարտադիր զինվորական ծառայություն անցնելիս մահացել է ենթադրյալ ինքնասպանության հետևանքով։
129. Դիմումատուն կասկածի տակ է դրել իշխանության մարմինների այն եզրահանգումը, ըստ որի՝ իր որդին կատարել է ինքնասպանություն, և պնդել է, որ նրան սպանել են (տե՛ս վերևում՝ 113-րդ պարբերությունը): Նրա կողմից առաջ քաշված վարկածը, որը նա պնդել է ներպետական վարույթի ընթացքում, այն էր, որ իր որդին սպանվել է՝ զորամասում վառելիքի գողության ականատես լինելու պատճառով (տե՛ս վերևում՝ 17-րդ պարբերությունը): Դատարանը, այնուամենայնիվ, նկատում է, որ այս վարկածը քննվել և հերքվել է նախաքննության ընթացքում (տե՛ս վերևում ՝ 27-րդ պարբերությունը):
130. Դատարանը վերահաստատում է, որ ապացուցողական կիրառելի չափանիշը 2-րդ հոդվածի ներքո «ողջամիտ կասկածից վեր»-ն է (տե՛ս վերևում՝ 123-րդ պարբերությունում հիշատակված նախադեպային իրավունքը)։ Դատարանը սույն գործով իր տրամադրության տակ առկա նյութերում որևէ ապացույց չի գտնում, որը կհիմնավորեր Վ. Մուրադյանին դիտավորությամբ կյանքից զրկելու վարկածը (որպես հակադրություն՝ վերևում հիշատակված՝ Բեքերի գործը, «§ 45-54 և Լապշինն ընդդեմ Ադրբեջանի [Lapshin v. Azerbaijan], թիվ 13527/18, «§ 110-120, 2021 թվականի մայիսի 20, տե՛ս նաև, mutatis mutandis, Միժիգարովան ընդդեմ Սլովակիայի [Mižigոrovո v. Slovakia], թիվ 74832/01, § 89, 2010 թվականի դեկտեմբերի 14)։
131. Հետևաբար Դատարանը համարում է, որ դիմումատուի որդու սպանության վերաբերյալ ցանկացած պնդում զուտ ենթադրական բնույթ է կրում (տե՛ս, mutatis mutandis, Աբդուլլահ Յիլմազն ընդդեմ Թուրքիայի [Abdullah Yılmaz v. Turkey], թիվ 21899/02, § 59, 2008 թվականի հունիսի 17, և Դուրդուն ընդդեմ Թուրքիայի [Durdu v. Turkey], թիվ 30677/10, «§ 59-61, 2013 թվականի սեպտեմբերի 3)։
132. Համաձայն նախաքննությամբ արված եզրահանգումների և նախկին զինծառայողներ Ն.Գ.-ին և Ա. Խ.-ին առաջադրված մեղադրանքների՝ Վ. Մուրադյանն ինքնասպանությունը կատարել է իր ծառայակիցների կողմից իրականացված ոտնձգությունների հետևանքով (տե՛ս վերևում՝ 13-րդ, 19-րդ և 63-րդ պարբերությունները)։ Բացի այդ, քննության ընթացքում պարզվել է, որ Վ. Մուրադյանը, որը բանակ էր զորակոչվել 2009 թվականի նոյեմբերին (տե՛ս վերևում՝ 6-րդ պարբերությունը), ծառայության առաջին ամիսների ընթացքում ոտնձգության է ենթարկվել ավելի ավագ զինծառայողների և կրտսեր հրամանատարական կազմի կողմից (տե՛ս վերևում՝ 30-33-րդ պարբերությունները)։
133. Դատարանն այս առնչությամբ վերահաստատում է, որ ներպետական իշխանություններից պահանջվում է ձեռնարկել գործնական միջոցներ, որոնք ուղղված են ժամկետային զինծառայողներին զինվորական կյանքին ներհատուկ վտանգներից արդյունավետորեն պաշտպանելուն, և պատշաճ ընթացակարգեր՝ այն թերությունները և սխալները հայտնաբերելու համար, որոնք այդ առնչությամբ կարող են կատարվել տարբեր մակարդակներում պատասխանատուների կողմից։ Իշխանություններից նաև պահանջվում է պայմանագրային զինծառայողների շրջանում ապահովել բարձր մասնագիտական չափանիշներ՝ ժամկետային զինծառայողներին պաշտպանելու համար (տե՛ս վերևում՝ 121-րդ և 122-րդ պարբերություններում մեջբերված նախադեպային իրավունքը)։ Դատարանի կարծիքով, այնուամենայնիվ, ներքոգրյալ պատճառներով իշխանության մարմինները սույն գործով չեն իրականացրել այդ պարտավորությունները։
134. Դատարանին ներկայացված ապացույցներից երևում է, որ Վ. Մուրադյանի մահվանը նախորդող ամիսներին տեղի են ունեցել ֆիզիկական և հոգեբանական բռնության մի քանի դեպքեր, քանի որ նա նորակոչիկ էր և համարվում էր հեղինակություն չունեցող (տե՛ս վերևում 30-րդ, 31-րդ և 33-րդ պարբերությունները), թեև ոչինչ հիմք չի տալիս ենթադրելու, որ զորամասի պատասխանատուները տեղյակ են եղել իրավիճակից կամ առավել ևս, միջոցներ են ձեռնարկել խնդիրը լուծելու համար։ Դատարանն այդ առնչությամբ նկատում է, որ կրտսեր սերժանտ Կ.Ա.-ն տեղյակ է եղել և նույնիսկ ներգրավված է եղել այդ դեպքերից առնվազն մեկին, սակայն չի միջամտել կամ չի զեկուցել իր վերադասներին այդ մասին՝ վախենալով, որ իրեն կդադարեն հարգել (տե՛ս վերևում, մասնավորապես՝ 31-րդ պարբերությունը):
135. Ինչ վերաբերում է մասնավորապես դեպքի օրվան, պարզվում է, որ ողջ օրվա ընթացքում տեղի են ունեցել Վ.Մուրադյանի՝ Ն.Գ.-ին ունեցած պարտքի վճարման շուրջ քննարկումներ։ Կրտսեր սերժանտ Կ.Ա.-ն ներգրավված է եղել Ն.Գ.-ի, Ա.Կ.-ի, Հ.Հ.-ի և Վ.Մուրադյանի քննարկումներում, ինչին հաջորդել է վերջինիս մահը (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը): Նա, սակայն, նախկինի պես ոչ միայն չի զեկուցել վերադասին իրավիճակի մասին, այլ նաև դասակի հրամանատար Ա. Ար.-ին սխալ տեղեկություններ է հայտնել Վ. Մուրադյանի գտնվելու վայրի մասին և բացակայությունը թաքցնելու նպատակով երեկոյան անվանականչի ժամանակ մատյանում սխալ տվյալներ է լրացրել։ Իր հերթին Ա.Ար.-ը չի ճշտել Վ. Մուրադյանի գտնվելու վայրը ո՛չ այդ պահին, ո՛չ էլ դրանից հետո (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը):
136. Ի հավելումն, Դատարանը նկատում է, որ ավելի ուժեղ ժամկետային զինծառայողների և կրտսեր հրամանատարական կազմի կողմից, նվաստացումներից և ոտնձգություններից բացի, զինծառայողների միջև փոխհարաբերություններում մշտապես առկա են եղել գումարի հետ կապված խնդիրներ և այդ հարցով հաճախակի տարաձայնություններ (տե՛ս վերևում՝ 13-րդ, 30-րդ և 31-րդ պարբերությունները)։ Սակայն նման պրակտիկաների գոյության մասին իրենց վերադասին զեկուցելու փոխարեն կրտսեր սերժանտներ Մ.Բ.-ն և Ա.Գ.-ն իրենք են զբաղվել դրամական հարցերի լուծմամբ (տե՛ս վերևում՝ 13-րդ, 30-րդ և 32-րդ պարբերությունները)։
137. Թեև Դատարանը չի կարող ենթադրություն անել այն մասին, թե արդյոք ոտնձգությունների (և նույնիսկ ֆիզիկական բռնության) դեպքերի և զինծառայողների միջև ոչ կանոնակարգային հարաբերությունների առկայության մասին հրամանատարական կազմի անտեղյակությունը պայմանավորված է եղել վերջիններիս անգործությամբ կամ նույնիսկ անտարբերությամբ, թե՝ ոչ, սակայն պարզ է, որ զորամասում այնպիսի միջավայր է տիրել, որ չի խրախուսվել զանցանքների մասին կրտսեր ծառայողների կողմից զեկուցելը (տե՛ս վերևում՝ 31-րդ պարբերությունները)։
138. Դատարանը նշում է, որ Պաշտպանության նախարարության կողմից իրականացված ծառայողական քննության համաձայն կազմված արձանագրությունը, որի հիման վրա միջադեպի առնչությամբ զորամասի հրամանատարական կազմի նկատմամբ կիրառվել են կարգապահական միջոցներ, Դատարան չի ներկայացվել (տե՛ս վերևում՝ 27-րդ պարբերությունը և ստորև՝ 146-րդ պարբերությունը)։ Ուստի, պարզ չէ՝ արդյոք հրամանատարական կազմը նկատողություն ստացել է կոնկրետ մահվան օրը տեղի ունեցած միջադեպերի, թե ընդհանուր առմամբ զորամասում կարգուկանոն և բարոյահոգեբանական պատշաճ մթնոլորտ չապահովելու համար։
139. Այդուհանդերձ, ինչպես նշվել է վերևում, Դատարան ներկայացված նյութերից երևում է, որ զորամասի հրամանատարությունը գործնական միջոցներ չի ձեռնարկել՝ ապահովելու, որ իրենց պատասխանատվության տակ գտնվող զորամասում հալածանքի և վատ վերաբերմունքի ազդակները արդյունավետ կերպով ուշադրության արժանանան (տե՛ս վերևում՝ 133-րդ պարբերությունը): Ավելին, զորամասում տիրող անառողջ միջավայրի պատճառով, ըստ երևույթին, զանցանքի մասին զեկուցելը փաստացի հավանության չի արժանացել: Արդյունքում որևէ միջոց չի ձեռնարկվել Վ. Մուրադյանին ավելի ավագ զինծառայողների և կրտսեր հրամանատարական կազմի կողմից ոտնձգության ենթարկելու փաստից արդյունավետորեն պաշտպանելու համար, որոնք, ըստ նախաքննության արդյունքում արված եզրահանգումների (տե՛ս վերևում՝ 63-րդ պարբերությունը), հանգեցրել են նրան, որ Վ. Մուրադյանն ինքնասպանություն է կատարել:
140. Հաշվի առնելով այս բոլոր դիտարկումները՝ Դատարանը եզրակացնում է, որ իշխանության մարմինները սույն գործով չեն կատարել Վ. Մուրադյանի կյանքի իրավունքը պաշտպանելու իրենց դրական պարտավորությունը, քանի դեռ վերջինս գտնվել է իրենց հսկողության ներքո:
141. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ նյութաիրավական հայեցակետի մասով:
(ii) Դատավարական հայեցակետը
142. Դատարանը նախևառաջ նշում է, որ դիմումատուն վիճարկել է իշխանության մարմինների այն եզրահագնումը, ըստ որի՝ իր որդու մահվան պատճառ է դարձել ինքնասպանությունը, և պնդել է, որ նրան սպանել են (տե՛ս վերևում՝ 113-րդ պարբերությունը): Դատարանն այս առնչությամբ հղում է կատարում ավելի վաղ իր կողմից արված այն եզրահանգմանը, որ հաշվի առնելով իրեն ներկայացված ապացույցները՝ դիմումատուի որդու սպանության վերաբերյալ ցանկացած պնդում զուտ ենթադրական բնույթ է կրում (տե՛ս վերևում՝ 129-131-րդ պարբերությունները):
143. Այնուամենայնիվ, կան մի շարք հանգամանքներ, որոնք, Դատարանի կարծիքով, լրջորեն խաթարել են Վ. Մուրադյանի մահվան առնչությամբ իրավասու պետական մարմինների կողմից իրականացված քննության արդյունավետությունը։
144. Նախ, նախաքննության առաջին ամիսների ընթացքում եղել են մի շարք թերություններ, որոնք հանգեցրել են կարևոր դատական ապացույցներ հավաքելու հնարավորության լրիվ կորստի: Օրինակ, քննիչ Ա.-ն, որն ի սկզբանե նշանակված էր գործով նախաքննության իրականացման համար, չի նշանակել դեպքի վայրի զննությամբ առգրավված իրերի, այդ թվում՝ Վ.Մուրադյանի հագուստի, ենթադրաբար ինքնասպանություն կատարելու համար նրա կողմից օգտագործված պարանի և աթոռի դատահետքաբանական փորձաքննություն։ Համապատասխան փորձաքննությունները նշանակվել են դեպքից ավելի քան վեց ամիս հետո, երբ գործն ընդունվել է վարույթ քննիչ Ա.Թ.-ի կողմից (տե՛ս վերևում՝ 21-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, ժամանակ անցած լինելու հանգամանքով պայմանավորված՝ փորձաքննությունների համար պահանջվող կենսաբանական և հետքաբանական ապացույցների մեծ մասը որևէ արդյունք չի տվել, քանի որ տրամադրված նմուշները թարմ չեն եղել (տե՛ս, օրինակ՝ վերևում՝ 22-րդ, 23-րդ և 25-րդ պարբերությունները): Ավելին, ինչպես հետագայում պարզվել է դիմումատուի հարցումներով, քննիչ Ա.-ն Վ. Մուրադյանի զինվորական կոշիկները չի դրել այն փաթեթի մեջ, որտեղ եղել է վերջինիս դիակի հայտնաբերման ժամանակ նրա կրած հագուստը (տե՛ս վերևում՝ 45-րդ և 46-րդ պարբերությունները)՝ անհնար դարձնելով ճշտել՝ արդյոք դեպքի վայրում հայտնաբերված մետաղյա աթոռի վրա եղած հետքերը համապատասխանում են նրա կոշիկների հետքերին, թե՝ ոչ։
145. Երկրորդ, դիակի փորձաքննության արձանագրության մեջ նշված վնասվածքներից երկուսի, մասնավորապես՝ ձախ ձեռքի հատվածում կապտուկի և աջ դաստակի վրա քերծվածքի վերաբերյալ որևէ պատշաճ բացատրություն չի տրվել (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը): Այդ երկու վնասվածքների առկայությունը բացատրվել է նրանով, որ «միջադեպին նախորդող օրերին» Վ. Մուրադյանը մասնակցել է [ավտոմեքենաների] վերանորոգման աշխատանքների և կարող էր դրանք ստացած լինել այդ ժամանակ (տե՛ս վերևում՝ 27-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, այդ վարկածը չի հաստատվել որևէ այլ ապացույցով, ինչպիսիք են, օրինակ, այդ առնչությամբ վկաների ցուցմունքները կամ ապացույցները, որ զինվորական պարտականությունները կատարելիս ենթադրաբար ստացած վնասվածքների կապակցությամբ Վ. Մուրադյանին բժշկական օգնություն է ցուցաբերվել:
146. Երրորդ, նախաքննությամբ պարզվել է, որ կրտսեր սերժանտ Կ.Ա.-ն, որը եղել է Վ.Մուրադյանի պարտքի վճարման հետ կապված նրա հետ ընդհարվողների թվում, երեկոյան անվանականչի ժամանակ դիտավորյալ կերպով ապակողմնորոշել է նյութաապահովման վաշտի հերթապահ դասակի հրամանատարին՝ Վ.Մուրադյանի գտնվելու վայրի հետ կապված, և կեղծել է համապատասխան մատյանի տվյալները՝ նրան որպես ներկա նշելու միջոցով (տե՛ս վերևում՝ 13-րդ և 15-րդ պարբերությունները): Մի քանի ժամ անց Վ. Մուրադյանին գտել են մահացած, իսկ իրավասու պետական մարմինները հետագայում չեն քննել, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել Ն.Գ.-ի, Հ.Հ.-ի, Ա.Խ.-ի և Կ.Ա.-ի հետ ընդհարումից հետո, և ինչու է վերջինս թաքցրել Վ. Մուրադյանի բացակայությունը։ Դատարանն այս առնչությամբ նշում է, որ համաձայն իր տրամադրության տակ եղած նյութերի՝ Վ. Մուրադյանի մահվան փաստի առթիվ Պաշտպանության նախարարության կողմից ծառայողական քննություն է իրականացվել (տե՛ս վերևում՝ 27-րդ պարբերությունը), որի պատասխանատու զինվորական անձնակազմի, այդ թվում՝ դեպքի օրը նյութաապահովման վաշտի հերթապահ դասակի հրամանատար Ա. Ար.-ի նկատմամբ կիրառվել են կարգապահական միջոցներ (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, չնայած Դատարանի կողմից սույն գանգատի մասին Կառավարությանը ծանուցելու ժամանակ վերջինիս ներկայացրած կոնկրետ պահանջին, նրանք չեն տրամադրել համապատասխան արձանագրության պատճենը՝ պարզելու, թե արդյոք ծառայողական քննության արդյունքում 2010 թվականի մարտի 14-ի և 15-ի իրադարձությունների վերաբերյալ որևէ լրացուցիչ հանգամանք պարզվել է, թե՝ ոչ։ Ամեն դեպքում այն փաստը, որ ծառայողական քննության արդյունքներով կիրառվել են կարգապահական միջոցներ, վկայում է այն մասին, որ դեպքի օրը զորամասի հրամանատարական կազմի գործողությունների և անգործության առնչությամբ իրավասու մարմինների կողմից հայտնաբերվել են որոշ թերացումներ և բացթողումներ։ Այդուհանդերձ, ոչինչ չի վկայում այն մասին, որ ծառայողական քննության արդյունքում արված եզրահանգումները որևէ կերպ վերլուծվել են նախաքննության մարմնի կողմից, առավել ևս՝ համադրվել քրեական գործով նախաքննության շրջանակներում ձեռք բերված ապացույցների հետ։
147. Չորրորդ, անհասկանալի է մնում, թե ինչու մեղադրանք չի առաջադրվել Հ.Հ.-ին, որը Ն.Գ.-ի և Ա.Խ.-ի հետ միասին նույնպես ներգրավված է եղել Վ. Մուրադյանի մահվանը նախորդող դեպքերին. համաձայն հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննության եզրակացության՝ Հ.Հ.-ի (ինչպես նաև Ն.Գ.-ի և Ա. Խ.-ի) գործողությունների և Վ. Մուրադյանի խիստ ընկճված հոգեբանական վիճակի միջև եղել է պատճառահետևանքային կապ (տե՛ս վերևում՝ 19-րդ պարբերությունը):
148. Ի հավելումն դրա՝ ոչինչ չի վկայում այն մասին, որ 2010 թվականի մարտի 14-ի դեպքերը և Վ.Մուրադյանի՝ այդ օրը ունեցած խիստ ընկճված հոգեբանական վիճակը քննվել են ավելի վաղ, այդ թվում՝ 2010 թվականի մարտի 11-ին տեղի ունեցած իրադարձությունների և Ա. Գ.-ի ու Ա. Խ.-ի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերի ավելի լայն համատեքստում, ինչը հստակորեն ցույց է տալիս, որ Վ. Մուրադյանին վատ են վերաբերվել որպես նոր զինծառայողի (տե՛ս վերևում, մասնավորապես՝ 30-33-րդ պարբերությունները): Դատարանն այս առնչությամբ նկատում է, որ ավելի վաղ տեղի ունեցած բռնի միջադեպերի և նվաստացման վերաբերյալ ապացույցներն ի հայտ են եկել հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը կազմելուց ամիսներ հետո: Սակայն քննիչ Ա.Թ.-ն չի նշանակել լրացուցիչ փորձաքննություն՝ նոր ի հայտ եկած ապացույցների լույսի ներքո որոշելու, թե արդյոք նախկինում տեղի ունեցած դեպքերը 2010 թվականի մարտի 14-ի իրադարձությունների հետ միասին կազմել են իրադարձությունների մեկ շղթա, որը նպաստել է Վ. Մուրադյանի մոտ մահվանը նախորդող ծանր հոգեճնշող վիճակի առաջացմանը:
149. Դատարանը նշում է, որ Վ.Մուրադյանի մահվան առիթով հարուցված նախաքննությունը, որն ընթացքի մեջ է 2010 թվականի մարտի 15-ից, տարբեր պատճառաբանություններով երեք անգամ կասեցվել է, և որ ամեն անգամ համապատասխան որոշումների դեմ դիմումատուի կողմից բողոք ներկայացվելուց հետո այդ որոշումները բեկանվել են կա՛մ հսկող դատախազի, կա՛մ Դատարանի կողմից (տե՛ս վերևում, մասնավորապես՝ 27-րդ, 28-րդ, 52-րդ, 58-րդ, 64-րդ և 66-րդ պարբերությունները), ինչի արդյունքում 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ Վ. Մուրադյանի մահից ավելի քան տասը տարի և երեք ամիս հետո, նախաքննությունը դեռևս շարունակվում է (տե՛ս վերևում՝ 75-րդ պարբերությունը): Այս վերջին կետի հետ կապված՝ Դատարանը նկատում է, որ ինչպես նշվել է վերևում, Երևան քաղաքի դատարանը 2018 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ ընդունել է, որ նախաքննությունն անողջամտորեն երկարաձգվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի պահանջների խախտմամբ (տե՛ս վերևում՝ 66-րդ և 124-127–րդ պարբերությունները): Դատարանը չի կարող չհամաձայնել ներպետական դատարանի հետ այս հարցում և այդ առնչությամբ վերահաստատում է, որ 2-րդ հոդվածով քննվող այն գործերով երկարատև վարույթները, որոնք հարուցվել են անձի մահվան հանգամանքները պարզելու համար, վկայում են այն մասին, որ վարույթը պատասխանող պետության՝ Կոնվենցիայով սահմանված դրական պարտավորությունների խախտման առումով եղել է թերի՝ բացառությամբ, եթե պետությունը չի բերել խիստ համոզիչ և հիմնավոր պատճառներ՝ վարույթի նման ընթացքն արդարացնելու համար (տե՛ս, mutatis mutandis, Լոպես դե Սուսա Ֆերնանդեսն ընդդեմ Պորտուգալիայի [ՄՊ] [Lopes de Sousa Fernandes v. Portugal [GC]], թիվ 56080/13, § 219, 2017 թվականի դեկտեմբերի 19, Կուդրան ընդդեմ Խորվաթիայի [Kudra v. Croatia], թիվ 13904/07, § 113, 2012 թվականի դեկտեմբերի 18 և Բիլբիյան և Բլաժևիչն ընդդեմ Խորվաթիայի [Bilbija and Blažević v. Croatia], թիվ 62870/13, § 107, 2016 թվականի հունվարի 12): Դատարանը նկատում է, որ սույն գործով պատասխանող Կառավարության կողմից նման հիմնավորումներ չեն ներկայացվել։
150. Միաժամանակ Կառավարությունը պնդել է, որ Երևան քաղաքի դատարանի 2018 թվականի հոկտեմբերի 23-ի որոշումից հետո իրավասու պետական մարմինների կողմից ձեռնարկվել են մի շարք քննչական միջոցառումներ՝ Վ. Մուրադյանի մահվան հանգամանքներն ամբողջությամբ պարզելու նպատակով: Մասնավորապես նրանք հղում են կատարել վկաների լրացուցիչ հարցաքննություններին ու Ն.Գ.-ի ու Ա.Խ-ի գտնվելու վայրը պարզելու փորձերին (տե՛ս վերևում՝ 117-րդ պարբերությունը):
151. Այնուամենայնիվ, վկաների լրացուցիչ հարցաքննությունները հազիվ թե կարելի է համարել որպես նոր փաստ կամ հանգամանք բացահայտելու բավարար փորձ։ Ուստի պարզ չէ, թե մի քանի անգամ արդեն իսկ հարցաքննված վկաները ինչ նոր հանգամանքներ կարող էին ներկայացնել մեկ տասնամյակ առաջ տեղի ունեցած դեպքի առնչությամբ։ և իրոք, հարցաքննված բոլոր վկաները նշել են, որ ոչինչ չունեն ավելացնելու իրենց նախորդ ցուցմունքներին (տե՛ս վերևում, մասնավորապես՝ 70-րդ, 71-րդ և 72-րդ պարբերությունները):
152. Ինչ վերաբերում է Ն.Գ.-ի և Ա. Խ.-ի գտնվելու վայրը պարզելու նպատակով ոստիկանությանն ուղղված հարցումներին, չնայած Կառավարությունը չի բացահայտել այդ կապակցությամբ նախաքննության բոլոր մանրամասները, սակայն ոչինչ չի վկայում այն մասին, որ նախաքննության մարմինը փորձել է նախաձեռնել որևէ նշանակալի քայլ, ինչպիսիք են, օրինակ, նրանց նկատմամբ հետախուզում հայտարարելը կամ միջազգային իրավական օգնության դիմելը:
153. Վերոնշյալի լույսի ներքո՝ Դատարանը գտնում է, որ իրավասու պետական մարմիններն արդյունավետ քննություն չեն իրականացրել Վ. Մուրադյանի մահվան առնչությամբ: Հաշվի առնելով այս եզրակացությունը՝ Դատարանն անհրաժեշտ չի համարում ուսումնասիրել այն հարցը, թե արդյոք քննության մյուս հայեցակետերը համապատասխանել են Կոնվենցիայի պահանջներին, թե՝ ոչ (տե՛ս, mutatis mutandis, Մագնիցկին և այլք ընդդեմ Ռուսաստանի [Magnitskiy and Others v. Russia], թիվ 32631/09 և 53799/12, § 272, 2019 թվականի օգոստոսի 27, և վերևում հիշատակված՝ Անահիտ Մկրտչյանի գործը, § 101):
154. Հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դատավարական հայեցակետի մասով: Ուստի այն մերժում է 2-րդ հոդվածի առնչությամբ դիմումատուի բողոքի վաղաժամ լինելու վերաբերյալ Կառավարության առարկությունը (տե՛ս վերևում՝ 106-րդ պարբերությունը):
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
155. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Ա. Վնասը
156. Դիմումատուն պահանջել է 100 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
157. Կառավարությունը դիմումատուի պահանջը համարել է չափազանցված:
158. Հաշվի առնելով հայտնաբերված խախտումների բնույթը՝ Դատարանը դիմումատուին շնորհում է 20 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։
Բ. Ծախսերը և ծախքերը
159. Դիմումատուն նաև պահանջել է 16 եվրո՝ Դատարանում փոստային ծառայությունների համար կրած ծախքերի համար։
160. Կառավարությունն այդ առնչությամբ փաստարկներ չի ներկայացրել։
161. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք միայն այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Սույն գործով հիմնվելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերի և վերոնշյալ չափանիշների վրա՝ Դատարանը դիմումատուին շնորհում է 16 եվրո՝ Դատարանում ընթացող վարույթի ընթացքում փոստային ծառայությունների համար կրած ծախսերի համար՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
162. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է Կառավարության՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի առնչությամբ դիմումատուի բերած բողոքների վաղաժամ բնույթի վերաբերյալ առարկությունը միացնել վերջինիս՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի շրջանակներում ներկայացված բողոքի ըստ էության քննությանը և մերժում է այն.
2. Հայտարարում է գանգատն ընդունելի.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ իշխանության մարմինների կողմից դիմումատուի որդու կյանքի իրավունքը չպաշտպանելու առնչությամբ.
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ իշխանության մարմինների կողմից դիմումատուի որդու մահվան հանգամանքների արդյունավետ քննություն չիրականացնելու առնչությամբ.
5. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 20 000 եվրո (քսան հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 16 եվրո (տասնվեց եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
6. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2022 թվականի ապրիլի 5-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Իլզե Ֆրայվըրթ՝ |
Յոնկո Գրոզև՝ |
Քարտուղարի տեղակալ |
Նախագահ |
