ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի փետրվարի 27-ին
ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
Օրենքի կարգավորման առարկան և նպատակները
Սույն օրենքը կարգավորում է գերեզմանատների և դիակիզարանների շահագործման հետ կապված իրավահարաբերությունները և սահմանում է հուղարկավորության արարողությունների կազմակերպման պետական կարգավորման հիմնական սկզբունքներն ու պայմանները:
Հոդված 2. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
հուղարկավորություն` մարդու մահից հետո նրա մարմինը (աճյունը) հողին հանձնելու կամ դիակիզելու արարողություն.
գերեզմանատուն` քաղաքաշինական և բնապահպանական նորմերին համապատասխան տրամադրված, հատուկ նշաններով առանձնացված հողատարածք գերեզմանատեղեր տրամադրելու և գերեզմանները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պահպանելու համար.
մասնակի փակ գերեզմանատուն` գերեզմանատուն, որտեղ սպառված են նոր գերեզմանատեղերի համար տրամադրվող հողատարածքները և որտեղ կարող է հուղարկավորություն կատարվել միայն նախկինում հատկացված գերեզմանատեղում գերեզմանի համար ազատ տարածքի առկայության դեպքում.
փակ գերեզմանատուն` գերեզմանատուն, որտեղ հուղարկավորություններն ընդհանրապես արգելված են.
պանթեոն` գործող գերեզմանատների սահմաններից դուրս առանձնացված տարածք` հասարակության և պետության հանդեպ նշանակալի ծառայություններ մատուցած անձանց հուղարկավորելու համար.
բաց գերեզմանատուն` գերեզմանատուն, որտեղ կան ազատ տարածքներ հուղարկավորություններ կազմակերպելու համար.
գերեզման` գերեզմանատեղ, որտեղ իրականացվել է հուղարկավորություն.
հուղարկավորության կազմակերպումը ստանձնողներ` մահացածի կամքով նշված կամ դրա բացակայության դեպքում հուղարկավորության արարողության կազմակերպումը կամովին ստանձնած անձինք (ամուսին, հարազատներ, ազգականներ և այլն).
վրահուղարկավորում` հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձի ցանկությամբ իր անունով հաշվառված գերեզմանատեղում նախկինում մահացածի գերեզմանի վրա նոր հուղարկավորություն կազմակերպելը.
վերահուղարկավորում` հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձի ցանկությամբ մահացածի մարմինը (աճյունը) գերեզմանից այլ գերեզման տեղափոխելը.
դիակիզում` մահացածի մարմնի կիզումը դրա համար նախատեսված հատուկ տեղում (դիակիզարանում).
մահացածի հարազատներ` պապը, տատը, ծնողները, զավակները, ամուսինը, քույրը, եղբայրը և թոռները:
Հոդված 3. | Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները |
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում իրականացնում է Սահմանադրությամբ և օրենքով վերապահված լիազորություններ:
Հոդված 4. | Պետական լիազոր մարմինը |
Պետական լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում իրականացնում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով վերապահված լիազորություններ:
Հոդված 5. | Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը |
Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը ներառում է սույն օրենքը և այլ իրավական ակտեր:
Հոդված 6. | Հուղարկավորությունների կազմակերպման սկզբունքները |
Անձի կենդանության ժամանակ իր հուղարկավորության պայմանների վերաբերյալ նրա կամքի գրավոր արտահայտությունը կամ դրա բացակայության դեպքում հուղարկավորության կազմակերպումն ստանձնողների ցանկությունը հաշվի է առնվում` կապված հուղարկավորման տեղի և ձևի ընտրության, գերեզմանատեղի տրամադրման, գերեզմանի հետագա պահպանման հետ:
Հոդված 7. | Հուղարկավորությունների կազմակերպման հետ կապված հարցերի պետական կարգավորումը |
Հուղարկավորությունների հետ կապված հարցերի պետական կարգավորումը ներառում է`
ա) գերեզմանատների տարածքների քաղաքաշինական և բնապահպանական մոնիթորինգի անցկացումը.
բ) գերեզմանատների զբաղեցրած հողերի իրավական հատուկ ռեժիմի և օգտագործման նկատմամբ սահմանափակումների սահմանումը.
գ) գերեզմանատների կազմակերպման համար տրամադրված հողերի օգտագործման սխեմաների հաստատումը.
դ) հուղարկավորությունները, վրահուղարկավորությունները, վերահուղարկավորությունները կազմակերպելու և գերեզմանների ու դիակիզարանների շահագործման գործընթացները սանիտարական օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնելը:
Հոդված 8. | Հուղարկավորությունների իրականացումը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում հուղարկավորությունը իրականացվում է մահացածի մարմինը (աճյունը) գերեզմանատների սահմաններում տրամադրված գերեզմանատեղերում հողին հանձնելու կամ դիակիզման միջոցով:
Սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինները 2 օրվա ընթացքում ենթակա են դիակիզման Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Դիակիզումը կարող է իրականացվել նաև մահացածի կամ հուղարկավորությունը ստանձնողների կամքի գրավոր արտահայտությամբ:
2. Հաշվի առնելով հասարակության և պետության հանդեպ մահացածի ունեցած ծառայությունները` գործող գերեզմանատների սահմաններից դուրս` առանձնացված տեղերում, հուղարկավորությունը կարող է կազմակերպվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում:
3. Մահացածի կամքի գրավոր արտահայտությունը հուղարկավորության կազմակերպման վերաբերյալ կարող է իրականացվել իր նշած բնակավայրի գերեզմանատան սահմաններում` ազատ գերեզմանատեղի կամ նախկինում մահացած հարազատի գերեզմանի առկայության դեպքում:
Վրահուղարկավորումը կարող է իրականացվել գոյություն ունեցող գերեզմանում` հուղարկավորության կազմակերպումը ստանձնողների համաձայնությամբ, այդ տեղում վերջին հուղարկավորումից 15 տարի անց` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Մահացածի կամ նրա հուղարկավորության կազմակերպումը ստանձնողի` հուղարկավորության կազմակերպման վերաբերյալ կամքի արտահայտության իրականացման անհնարինության կամ նման կարգի բացակայության դեպքում հուղարկավորությունը իրականացվում է մահացածի կենդանության օրոք նրա հաշվառման բնակավայրի համար նախատեսված գերեզմանատանը:
Այդ բնակավայրում գերեզմանատուն չլինելու դեպքում հուղարկավորությունը իրականացվում է բնակավայրին առավել մոտ գտնվող գերեզմանատանը:
Հոդված 9. | Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքերում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպման կարգը |
Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքերում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 10. | Հուղարկավորումը և վերահուղարկավորումը |
1. Քաղաքներում հուղարկավորումն իրականացվում է մահվան վայրի պաթոլոգիաանատոմիական կենտրոնի տված մահվան պատճառի եզրակացության հիման վրա` մահվան մասին քաղաքացիական կացության գրանցման ակտերի գրասենյակի տված, իսկ գյուղական համայնքներում` համայնքի ղեկավարի տված մահվան վկայականի հիման վրա:
2. Յուրաքանչյուր թաղում կամ դիակիզում գրանցվում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի թաղումների կամ դիակիզումների գրանցման մատյանում, որն արխիվում պահվում է անժամկետ:
Մատյանում գրանցումից հետո գերեզմանատան տնօրինությունը տալիս է իր դրոշմակնիքով կնքված գերեզմանի վկայական, որը թաղման կամ աճյունասափորի տեղը հաստատող միակ փաստաթուղթն է:
Ընտանեկան գերեզմանատեղում հուղարկավորության փաստաթղթերի ձևակերպումը կատարվում է գերեզմանի վկայականի (բնօրինակի) հիման վրա:
Գերեզմանի վկայականի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար տրամադրվում է գերեզմանատեղ` մեկ տեղի հաշվով 2.5 քառ. մետր մակերեսով (2.5x1.0 մմ):
4. Ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար տրամադրվող հողատարածքի առավելագույն չափը սահմանվում է 12 քառ. մետր, որը տրամադրվում է անվճար հիմունքներով, որից ավելի լինելու դեպքում տարածքը տրամադրվում է վճարովի հիմունքներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:
5. Նոր գերեզմանատեղ հատկացվելու դեպքում հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի մասնակցությամբ համապատասխան գերեզմանատան սահմաններում ճշտվում է նոր գերեզմանի տեղը, և գերեզմանատան տնօրինության կողմից տրվում է գերեզմանի վկայական:
6. Մահացածի հարազատների ցանկությամբ մահացածի մարմինը (աճյունը) կարող է վերահուղարկավորվել` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
7. Ինքնասպանության, անհայտ պատճառից հանկարծամահության, մարմնական վնասվածքների հետևանքով տեղի ունեցած մահվան և մահը հանցագործության հետևանքով տեղի ունենալու կասկածի դեպքերում մահացածի մարմնի (աճյունի) հուղարկավորումը չի թույլատրվում առանց դատաբժշկական մարմինների թույլտվության:
8. Հուղարկավորումը, առանց մահացածի մարմնի հերձման, կարող է իրականացվել մահվան պատճառի մասին եզրակացություն տվող բժշկի տեղեկանքի հիման վրա:
9. Կայանալիք հուղարկավորության մասին գերեզմանատան վարչակազմին պետք է ծանուցել մեկ օր առաջ:
10. Հանգուցյալի թաղումը կատարվում է մահվան պահից ոչ շուտ, քան 24 ժամ հետո:
11. Նոր գերեզմանատեղի հատկացում կատարվում է միայն բաց գերեզմանատներում:
(10-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-12-Ն)
Հոդված 11. | Հուղարկավորությունների հետ կապված ծառայությունների մատուցման և սգո պարագաների վաճառքի կարգը |
1. Հանգուցյալի դիակը գերեզմանատուն կարող է տեղափոխվել միայն դագաղով:
2. Ավտոդիատարների կայանումը թույլատրվում է միայն փակ կամ պարսպապատ կայանատեղերում կամ այդ նպատակի համար տեղական ինքնակառավարման մարմինների որոշմամբ առանձնացված հատուկ կայանատեղերում կամ ծառայություններին պատկանող համապատասխան տարածքներում:
Այլ վայրերում ավտոդիատարների կայանումը խստիվ արգելվում է:
3. Դագաղների, սգո ծաղկեպսակների և սգո այլ պարագաների վաճառքը կարող է իրականացվել միայն վարագուրապատված կամ մգացված ապակիներով առևտրական նշանակության շինությունում` բացառելով դրանց արտաքին ցուցադրումը:
(11-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-12-Ն)
Հոդված 12. | Թաղման և դիակիզման կարգերը |
Թաղման և դիակիզման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 13. | Հուղարկավորության կազմակերպման ստանձնողները |
1. Հուղարկավորության կազմակերպման ստանձնողներ են համարվում այն անձինք, ովքեր կազմակերպում են հուղարկավորությունը` կամավորության սկզբունքով:
2. Մահացածի հարազատների, ազգականների և այլ անձանց կողմից հուղարկավորության կազմակերպումից հրաժարվելու կամ դրանց բացակայության դեպքում այն ստանձնում է քաղաքացու մահվան վերջին մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարը:
Ընդ որում, հուղարկավորության կազմակերպումը ստանձնողներ չունեցող մահացած քաղաքացիների հուղարկավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից մահացածի անձը պարզելուց և նրա մահվան հանգամանքները արձանագրելուց հետո` եռօրյա ժամկետում:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից մահացածի անձը չպարզելու դեպքում հուղարկավորությունը կազմակերպվում է նշված մարմինների համաձայնությամբ այդ դեպքերի համար քաղաքացիական գերեզմանատներում նախատեսված տեղերում:
4. Համայնքի ղեկավարի կողմից հուղարկավորության կազմակերպման դեպքում համայնքի ղեկավարը ապահովում է համապատասխան մարմինների կողմից սույն օրենքի 16-րդ հոդվածում նշված մատուցվող պարտադիր ծառայությունները:
5. Համայնքի ղեկավարի կողմից հուղարկավորության կազմակերպման ստանձնման կապակցությամբ մատուցված պարտադիր ծառայությունները համարվում են պատվիրակված լիազորություններ, և դրանց հետ կապված ծախսերը փոխհատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
6. Եթե մահացած քաղաքացու գույքը ժառանգման իրավունքով անցել է համայնքին, ապա հուղարկավորության կազմակերպման համար համայնքի ղեկավարի կողմից մատուցված պարտադիր ծառայությունների հետ կապված ծախսերը կարող են փոխհատուցվել նաև այդ գույքի իրացումից ստացված գումարի հաշվին` համապատասխան գումարը վերադարձնելով պետական բյուջե:
Եթե մահացած քաղաքացու գույքը ժառանգման իրավունքով անցել է նրա ժառանգներին, իսկ հուղարկավորությունն իրականացվել է համապատասխան համայնքի ղեկավարի կողմից, ապա վերջինս օրենքով սահմանված կարգով իրավունք ունի ժառանգական զանգվածն ընդունած ժառանգներից պահանջելու իր կատարած ծախսերի փոխհատուցումը:
Հոդված 14. | Ծառայողական գործունեության կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորությունը |
1. Ծառայողական գործունեության կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, կարող է սահմանվել հուղարկավորության այլ արարողակարգ:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց հուղարկավորությունը կազմակերպվում է զինվորական կամ քաղաքացիական գերեզմանատներում այդ նպատակով հատուկ առանձնացված տարածքում` մահացածի հարազատների համաձայնությամբ:
Հոդված 15. | Ազատազրկման վայրերում, բուժհաստատություններում, ծերանոցներում և մանկատներում մահացած անձանց հուղարկավորությունը |
1. Ազատազրկման վայրերում, բուժհաստատություններում, ծերանոցներում և մանկատներում մահացած անձանց հուղարկավորությունը կազմակերպում են հուղարկավորության կազմակերպումն ստանձնած անձինք` սույն օրենքով սահմանված կարգով:
2. Հուղարկավորության կազմակերպման ստանձնողներ չլինելու դեպքում այն կազմակերպվում է տվյալ համայնքի ղեկավարի կողմից` սույն օրենքով սահմանված կարգով:
Հոդված 16. | Համայնքի ղեկավարի կողմից հուղարկավորության կազմակերպման դեպքում համապատասխան մարմինների մատուցած պարտադիր ծառայությունների ապահովումը |
Համայնքի ղեկավարի կողմից հուղարկավորության կազմակերպման դեպքում համայնքի ղեկավարը ապահովում է համապատասխան մարմինների մատուցած հետևյալ ծառայությունները.
ա) անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպում.
բ) դիահերձում.
գ) դագաղի հատկացում.
դ) մահացածի մարմնի (աճյունի) տեղափոխում գերեզմանատուն.
ե) հուղարկավորում.
զ) մետաղե ցուցատախտակի տեղադրում:
Հոդված 17. | Ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքի անդամի հուղարկավորության կազմակերպման ծախսերի մասնակի փոխհատուցումը |
(վերնագիրը խմբ. 24.10.07 ՀՕ-235-Ն)
Ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքի անդամի հուղարկավորության կազմակերպման ծախսերի մասնակի փոխհատուցման համար տրամադրվում է դրամական օգնություն` օրենքով սահմանված կարգով:
(17-րդ հոդվածը խմբ. 24.10.07 ՀՕ-235-Ն)
Հոդված 18. | Հուղարկավորության կազմակերպումն իրականացնող մարմինները |
1. Հուղարկավորության կազմակերպումը` գերեզմանատեղերի տրամադրումը, նրանց հաշվառումը, գերեզմանատների պահպանումն ու շահագործումը, իրականացվում է համայնքի ղեկավարի կողմից ստեղծված ոչ առևտրային կազմակերպության միջոցով:
Երևանում հուղարկավորության կազմակերպումն իրականացվում է Երևանի քաղաքապետի կողմից` իր իրավասության սահմաններում:
2. Համայնքներում ավագանու որոշմամբ հուղարկավորության կազմակերպումը կարող է իրականացվել համայնքի ղեկավարի կողմից:
Հոդված 19. | Գերեզմանատների կազմավորումը և դրանց հողերի դասակարգումն ու պատկանելությունը |
1. Գերեզմանատները կազմավորվում են տեղական ինքնակառավարման մարմինների որոշմամբ` ըստ գտնվելու բնակավայրերի հաստատված գլխավոր հատակագծերի, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների հիման վրա:
2. Գերեզմանատները, ըստ պատկանելության, կարող են լինել պետական և համայնքային, ըստ ավանդույթների` քաղաքացիական և զինվորական:
3. Գերեզմանատների զբաղեցրած հողերը դասվում են պատմական և մշակութային նշանակություն ունեցող հողերի շարքին:
4. Գերեզմանատների սահմանագծերը որոշվում են ըստ գլխավոր հատակագծի և հողերի գոտիավորման ու օգտագործման սխեմաների:
5. Նոր կազմակերպվող գերեզմանատների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, բարեկարգման, շահագործման և այլ աշխատանքներ կատարվում են Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեների հաշվին:
(19-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-12-Ն)
Հոդված 20. | Գերեզմանատների կազմակերպման համար հողատարածքների տրամադրումը |
1. Նոր գերեզմանատների կազմակերպման, գործողների ընդլայնման համար հողատարածքների տրամադրումը կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաստատված նախագծային փաստաթղթերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Գերեզմանատների կազմակերպում չի թույլատրվում հետևյալ տարածքներում.
ա) ջրամատակարարման աղբյուրների և հանքային ջրերի սանիտարական պահպանման առաջին և երկրորդ գոտիներում, առողջարանների սանիտարական պահպանման առաջին գոտում.
բ) լճերի, գետերի և մյուս բաց ջրամբարների ափերին.
գ) ջրածածկվող, սողանքների և փլուզումների ենթակա և ճահճային գոտիներում.
դ) այն վայրերում, որտեղ ստորերկրյա ջրերի խորությունը առավելագույն հոսքի ժամանակ հողի մակերեսից չորս մետրից պակաս է.
ե) անտառային ֆոնդի հողերում, հատուկ պահպանվող տարածքներում, բնակավայրերում` ընդհանուր օգտագործման ենթակա զբոսայգիներում, պուրակներում, այգիներում և այլ կանաչ տարածքներում:
3. Մահացած անձանց հուղարկավորումը իրականացնելու նպատակով գերեզմանատներում հուղարկավորության կազմակերպման ստանձնողի անունով հաշվառվում է գերեզմանատեղ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
4. Համապատասխան գերեզմանատեղում հուղարկավորության կազմակերպման համար իրավունքը փոխանցվում է ժառանգաբար:
5. Գերեզմանատեղերը տրամադրվում են սահմանված կարգով հաստատված գերեզմանատան հատակագծով (սխեմայով) նախատեսված հերթականությամբ և սույն օրենքով սահմանված չափերով` անվճար:
(20-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-12-Ն)
Հոդված 21. | Գերեզմանատների կազմակերպման համար տրամադրված հողատարածքների իրավական ռեժիմը |
1. Գերեզմանատների կազմակերպման համար տրամադրված հողատարածքները համարվում են անբաժանելի և չեն կարող բաժանվել ինքնուրույն հողամասերի:
2. Գերեզմանատների զբաղեցրած հողատարածքների սահմանները ամրագրվում են կադաստրային քարտեզներում և ամրացվում են տեղանքում:
Հոդված 22. | Գերեզմանատների կազմակերպման համար տրամադրված հողատարածքների օգտագործման նկատմամբ սահմանափակումները |
1. Գերեզմանատների կազմակերպման նպատակով տրամադրված հողատարածքներում արգելվում է նրանց նպատակային և գործառնական նշանակությանը հակասող ցանկացած գործունեություն:
2. Գերեզմանատների տեղափոխման դեպքում դրանց զբաղեցրած հողատարածքները չի թույլատրվում օգտագործել գյուղատնտեսական նպատակների համար:
3. Պետական կարիքների համար գերեզմանատների զբաղեցրած հողատարածքները կարող են վերցվել գերեզմանատները սահմանված կարգով փակվելուց և վերահուղարկավորում կատարելուց հետո:
Հոդված 23. | Գերեզմանատների փակումը, տեղափոխումն ու վնասազերծումը |
1. Հուղարկավորությունների համար սանիտարահամաճարակային անվտանգության պայմանների խախտման դեպքերում գերեզմանատները ենթակա են վնասազերծման և փակման:
Փակված գերեզմանատներում վրահուղարկավորումներ կատարելն արգելվում է:
2. Սանիտարահամաճարակային իրավիճակ առաջանալու վտանգի դեպքում գերեզմանատները ենթակա են վնասազերծման և տեղափոխման Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով այդ դեպքերի համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Գերեզմանատան փակումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:
4. Նոր գերեզմանների կազմակերպման համար ազատ հողատարածքների բացակայության դեպքում գերեզմանատները ենթակա են մասնակի փակման:
Մասնակի փակված գերեզմանատներում թույլատրվում է կատարել հուղարկավորություն միայն այն գերեզմաններում, որտեղ գերեզմանի համար կան ազատ տարածքներ, կամ վերջին հուղարկավորությունը կատարվել է 15 տարի առաջ:
Գերեզմանատների մասնակի փակման մասին որոշումները ընդունում են համապատասխան համայնքի ղեկավարները:
(23-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-12-Ն)
Հոդված 24. | Գերեզմանատների պահպանումը և շահագործումը |
1. Գերեզմանատների գործունեության և պահպանման աշխատանքները կազմակերպում է համայնքի ղեկավարը, իսկ շահագործման ընդհանուր կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հասարակական նշանակություն ունեցող գերեզմանատների (Եռաբլուր, Կոմիտասի անվան պանթեոն) և դիակիզարանների պահպանումը կատարվում է բյուջետային հատկացումների հաշվին` հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:
2. Գերեզմանատների զբաղեցրած տարածքների շրջակա բնական միջավայրի վատթարացումը կանխարգելելու նպատակով ստեղծվում է սանիտարական և բնապահպանական մոնիթորինգի համակարգ:
3. Գերեզմանների ոչնչացման, դրանցում ամրակայված կառույցներին վնասի պատճառման և պղծման դեպքում մեղավորները օրենքով սահմանված կարգով ենթակա են պատասխանատվության:
(24-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-12-Ն)
Հոդված 25. | Գերեզմանատներից և դիակիզարաններից օգտվելու կանոնները |
Գերեզմանատներից և դիակիզարաններից օգտվելու կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 26. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հոդված 27. | Անցումային դրույթ |
Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով տրված գերեզմանի վկայականը հուղարկավորության կազմակերպումը ստանձնողների համար համարվում է սույն օրենքով սահմանված գերեզմանի հողատարածքի նկատմամբ նրանց հաշվառման իրավունքները հաստատող փաստաթուղթ:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|