ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 8-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2000 թվականի հուլիսի 6-ի Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իբ», «իգ», «իդ» և «իե» կետերով.
«իբ) «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված և «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է ըստ արտադրական պրոցեսի, վերամշակման համար ներմուծված և վերամշակման համար արտահանված մեկ միավոր ապրանքի և տեղական ու այլ ապրանքների քանակությունից` բնաիրային, արժեքային չափման միավորներով կամ տոկոսային արտահայտությամբ.
իգ) «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված և «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է արտադրական պրոցեսի արդյունքում և չի համարվում «իբ» կետով սահմանված վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն.
իդ) թափոն է համարվում վերամշակումից գոյացած հումքի, նյութերի այն քանակությունը, որը դասվում է հումքի, նյութերի հետ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրին, կորցրել է իր սկզբնական սպառողական հատկությունները և հնարավոր չէ օգտագործել որպես հումք նմանատիպ կամ այլ արտադրական պրոցեսում.
իե) մնացորդ է համարվում սույն հոդվածի «իդ» կետով սահմանված` վերամշակումից ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն չհանդիսացող` վերամշակումից գոյացած հումքի և նյութերի այն քանակությունը, որը դասվում է հումքի, նյութերի հետ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրին և չի կորցրել իր սկզբնական սպառողական հատկությունները:»:
Հոդված 2. Օրենսգրքի 34-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`
ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի և սույն օրենսգրքով և այլ օրենքներով այս մաքսային ռեժիմի համար սահմանված դեպքերում` այլ վճարների.
բ) հայտարարատուի դիմումի հիման վրա վերամշակման նպատակով ապրանքների ներմուծումը թույլատրվում է մաքսային մարմինների կողմից մեկ տարին չգերազանցող ժամկետով: Եթե հայտարարատուի ներկայացրած ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա երկարաձգում է այդ ժամկետը ներմուծման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով:
Վերամշակման նպատակով ապրանքների ներմուծման թույլտվություն ստանալու համար հայտարարատուն թղթային կամ էլեկտրոնային եղանակով մաքսային մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
- դիմում,
- հումքի նյութերի ու կիսաֆաբրիկատների մատակարարման պայմանագրերի կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրերի կամ հաշիվ ապրանքագրերի պատճենները և վերամշակման արդյունքում ստացված ապրանքների արտահանման պայմանագրերի պատճենները,
- լիազոր մարմնի տրամադրած` «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն քանակության վերաբերյալ եզրակացությունը:
Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինները տրամադրում են թույլտվություն:
Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի թերի լինելու դեպքում մաքսային մարմիններն այդ մասին հայտարարատուին տեղեկացնում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Հայտարարատուն փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ տեղեկացում ստանալու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:
Թույլտվություն ստանալու մասին դիմումը երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինների կողմից մերժվում է, եթե չի ներկայացված սույն կետում նշված փաստաթղթերից որևէ մեկը: Մաքսային մարմինների կողմից վերամշակման նպատակով ապրանքների ներմուծման թույլտվության հիմնավորված մերժումը տրվում է գրավոր ձևով:
Մշակութային արժեքների և բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Վերամշակման համար ապրանքների ժամանակավոր ներմուծումը թույլատրվում է պայմանով, որ ապրանքները կարող են նույնականացվել մաքսային մարմնի կողմից դրանց հետագա արտահանման ժամանակ:
«Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ թույլատրված այլ մաքսային ռեժիմներով ներմուծված ապրանքներն արտահանվում են «արտահանում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով, եթե դրանք ամբողջությամբ արտադրվել կամ վերջին անգամ ենթարկվել են բավարար վերամշակման Հայաստանի Հանրապետությունում` համաձայն Ապրանքի ծագման երկրի որոշման կանոնների:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը կամ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը միայն մեկ անգամ` մինչև վեց ամիս ժամկետով.
գ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է ձևակերպվեն «վերաարտահանում» ռեժիմով կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը, որի ընթացքում հետագա արտահանման պարտավորությունը համարվում է չխախտված:»:
Հոդված 3. Օրենսգրքի 48-րդ հոդվածում`
1) 1.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.
«դ) երաշխիքային ժամկետում գտնվող ապրանքների փոխարինում օտարերկրյա ապրանքներով:».
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`
ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի.
բ) հայտարարատուի դիմումի հիման վրա վերամշակման նպատակով ապրանքների արտահանումը թույլատրվում է մաքսային մարմինների կողմից մեկ տարին չգերազանցող ժամկետով:
Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի թերի լինելու դեպքում մաքսային մարմիններն այդ մասին հայտարարատուին տեղեկացնում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Հայտարարատուն փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ տեղեկացում ստանալու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:
Թույլտվություն ստանալու մասին դիմումը երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինների կողմից մերժվում է, եթե չի ներկայացված սույն կետում նշված փաստաթղթերից որևէ մեկը: Մաքսային մարմինների կողմից վերամշակման նպատակով ապրանքների արտահանման թույլտվության հիմնավորված մերժումը տրվում է գրավոր ձևով:
Եթե հայտարարատուի ներկայացրած ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա երկարաձգում է այդ ժամկետը արտահանման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով:
Վերամշակման նպատակով ապրանքների արտահանման թույլտվություն ստանալու համար հայտարարատուն թղթային կամ էլեկտրոնային եղանակով մաքսային մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
- դիմում,
- պայմանագրի պատճենը կամ երաշխիքային սպասարկման ժամկետում գտնվող ապրանքների համար մատակարարի կողմից վերանորոգումը կամ փոխարինումը հավաստող փաստաթուղթը,
- լիազոր մարմնի տրամադրած` «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն քանակության վերաբերյալ եզրակացությունը:
Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինները տրամադրում են թույլտվություն:
Երաշխիքային ժամկետում վերաարտահանված ապրանքների փոխարինումը օտարերկրյա ապրանքներով թույլատրվում է, եթե դրանք իրենց նկարագրությամբ, որակով, տեխնիկական ցուցանիշներով համընկնում են վերաարտահանված ապրանքի հետ:
Եթե վերամշակման արտադրանքի փոխարինումը օտարերկրյա ապրանքներով թույլատրվում է, ապա օտարերկրյա ապրանքների ներմուծումը կարող է իրականացվել մինչև վերամշակման համար նախատեսված ապրանքների արտահանումը:
Բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Վերամշակման համար ապրանքների ժամանակավոր արտահանումը թույլատրվում է պայմանով, որ ապրանքները կարող են նույնականացվել մաքսային մարմնի կողմից` «վերաներմուծում» մաքսային ռեժիմով դրանց հետագա ներմուծման ժամանակ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը կամ արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը միայն մեկ անգամ` մինչև վեց ամիս ժամկետով.
գ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է ներմուծվեն Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք «վերաներմուծում» ռեժիմով կամ ձևակերպվեն «արտահանում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 29 |