Գլխավոր տեղեկություն
Համար
N 90-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.05.2021-31.07.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67) 30.01.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.01.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2021

27.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունվարի 2021 թվականի N 90-Լ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ (ՎՆԱՍՎԱԾՔ) ՍՏԱՑԱԾ ԿԱՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 06.05.21 N 707-Լ)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը՝ համաձայն հավելվածի։

(1-ին կետը փոփ. 06.05.21 N 707-Լ)

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2021 թվականի փետրվարի 3-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված աջակցության տրամադրման կարգ:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) սույն որոշումն ընդունվելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած` բժշկական հաստատություններում ստացիոնար պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող (ստացած) անձանց ցուցակները՝ ըստ անհրաժեշտության պարբերաբար թարմացնելով տվյալները.

2) սույն որոշումն ընդունվելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետով նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

(3-րդ կետը փոփ. 06.05.21 N 707-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան


27.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

հունվարի 27-ի N 90-Լ որոշման

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ (ՎՆԱՍՎԱԾՔ) ՍՏԱՑԱԾ ԿԱՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 06.05.21 N 707-Լ)

 

1. Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին (այսուհետ՝ շահառու):

(1-ին կետը փոփ. 06.05.21 N 707-Լ)

2. Սույն միջոցառման շրջանակում շահառու է համարվում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած (որոնց մոտ ախտանիշներն ի հայտ են եկել մինչև 2021 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում)` բժշկական հաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող (ստացած) անձը, ով չունի հաշմանդամության խումբ կամ ունի կամ կարող է ունենալ հաշմանդամության երրորդ խումբ:

(2-րդ կետը փոփ. 06.05.21 N 707-Լ)

3. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուին 500 000 դրամի չափով։

4. Սոցիալական աջակցության գումարը տրամադրվում է դրամական օգնության գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով:

5. Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2021 թվականի մայիսի 15-ը:

(5-րդ կետը փոփ. 15.04.21 N 579-Լ)

(հավելվածը փոփ. 15.04.21 N 579-Լ, 06.05.21 N 707-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան