Գլխավոր տեղեկություն
Համար
N 335-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (14.06.2012-14.12.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.13/20(823) Հոդ.412
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2011 թվականի N 335-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում անապահով ընտանիքների կողմից 2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում սպառված բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(Նախաբանը փոփ. 10.05.12 N 671-Ն)

1. Առաջարկել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը 2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում բնական գազ սպառող ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքներից (այսուհետև՝ անապահով ընտանիքներ) յուրաքանչյուր հաշվարկային տարում 300 խոր. մետր բնական գազի քանակության համար վճարումները գանձել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գնով՝ ամսական մինչև 10000 խոր. մետր բնական գազի սպառման դեպքում` 1000 խոր. մետրի համար՝ 100,0 հազ. դրամի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը): Ընդ որում, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված` 1000 խոր. մետր բնական գազի համար 132,0 հազ. դրամ սակագնի և անապահով ընտանիքներից գանձվող` նշված 100,0 հազ. դրամ գնի տարբերության գումարը` յուրաքանչյուր անապահով ընտանիքի հաշվարկով յուրաքանչյուր հաշվարկային տարում 300 խոր. մետր բնական գազի քանակության համար կփոխհատուցվի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշման 2-րդ կետի համաձայն:

(1-ին կետը փոփ. 10.05.12 N 671-Ն)

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների վերազինման, օպտիմալացման և բարեփոխումների արդյունքում առաջացող շահույթի հաշվին ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված` անապահով ընտանիքների կողմից սպառված բնական գազի քանակության համար փոխհատուցվող գումարի վճարումը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը` վերջինիս կողմից ներկայացված չափով.

2) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն կետի 1-ին ենթակետում նշված «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցման գումարի վճարման վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` պարբերաբար՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 28-ը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել անապահով՝ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների ցուցակները` ըստ բնակության վայրերի (համայնքների):

(3-րդ կետը խմբ. 10.05.12 N 671-Ն)

4. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և նրա գործողությունը տարածվում է 2011 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. ապրիլի 8
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 մարտի 31-ի N 335-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում է 2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում անապահով ընտանիքներին «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարվող՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցման գործընթացը:

(1-ին կետը փոփ. 10.05.12 N 671-Ն)

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանն է տրամադրում բնական գազ սպառող («ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բնակիչ-բաժանորդներ հանդիսացող) անապահով ընտանիքների ցուցակները` ըստ բնակության վայրերի (համայնքների)՝ նշելով նրանց անունը, հայրանունը (անձնագրում նշված լինելու դեպքում), ազգանունը, հասցեն, ինչպես նաև բաժանորդային քարտի համարը (Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կամ սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում դրա առկայության դեպքում) և պարբերաբար՝ յուրաքանչյուր ամիս տեղեկացնում է այդ ցուցակներում կատարվող փոփոխությունների մասին:

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված անապահով ընտանիքներին «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարվող՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցումը տրամադրվում է 2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում մատակարարված յուրաքանչյուր հաշվարկային տարում 300 խոր. մետր բնական գազի սպառման մասով, ընդ որում, բնական գազի այդ քանակության համար «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից վճարումները գանձվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գնով՝ ամսական մինչև 10000 խոր. մետր սպառման դեպքում՝ 1000 խոր. մետրի համար 100,0 հազ. դրամի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

(3-րդ կետը փոփ. 10.05.12 N 671-Ն)

4. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը (այսուհետ` տարածքային ստորաբաժանում) սույն կարգի 2-րդ կետում նշված ցուցակների հիման վրա բնակիչ-բաժանորդներին է հանձնում ստորագրված և կնքված` սույն կարգի ձևին համապատասխան կազմված կտրոնները` երկու օրինակից: Կտրոն ստացած բնակիչ-բաժանորդը սույն կարգի 3-րդ կետում նշված ժամանակահատվածում յուրաքանչյուր հաշվարկային տարում 300 խոր. մետր բնական գազի սպառման չափաքանակը լրանալուց հետո ստորագրում է կտրոնի մեկ օրինակը և մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը հանձնում «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային ստորաբաժանում: Կտրոնի օրինակը բնակիչ-բաժանորդի կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային ստորաբաժանում չհանձնվելու դեպքում սույն կարգի 3-րդ կետում նշված բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցումը չի տրամադրվում (համարվում է չտրամադրված), և բնակիչ-բաժանորդը պարտավոր է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը վճարել սույն կարգի 3-րդ կետում նշված՝ 2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում սպառված յուրաքանչյուր հաշվարկային տարում 300 խոր. մետր բնական գազի քանակության մասով չգանձված գումարը:

(4-րդ կետը փոփ. 10.05.12 N 671-Ն)

5. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն անապահով ընտանիքների կողմից սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի չափի մասին: Ընդ որում, անապահով ընտանիքների կողմից սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 335-Ն որոշման 2-րդ կետի համաձայն:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև

 

 Կ Տ Ր Ո Ն  N_________

 (օրինակ N___)

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ը ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՍՊԱՌՎԱԾ յուրաքանչյուր հաշվարկային տարում 300 խոր. մետր ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՍՈՎ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

(Վերնագիրը փոփ. 10.05.12 N 671-Ն)

Բնակիչ-բաժանորդի՝
անունը
հայրանունը
ազգանունը

 

Հասցեն՝
մարզը
քաղաքը (համայնքը)
փողոցը
շենքը, բնակարանը

 

Բաժանորդային քարտի համարը

 

ԳԳՄ (տարածքային ստորաբաժանում)

 

Հաշվառքի սարքի ցուցմունքը՝
2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ

 

Սույն կտրոնն ստացած բնակիչ-բաժանորդին «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարվող` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցումը տրամադրվում է 2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում մատակարարված յուրաքանչյուր հաշվարկային տարում 300 խոր. մետր բնական գազի սպառման մասով, ընդ որում, բնական գազի այդ քանակության համար վճարումները գանձվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գնով՝ ամսական մինչև 10000 խոր. մետր սպառման դեպքում՝ 1000 խոր. մետրի համար 100,0 հազ. դրամի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

Սույն կտրոնն ստացած բնակիչ-բաժանորդը 2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր հաշվարկային տարում 300 խոր. մետր բնական գազի սպառման չափաքանակը լրանալուց հետո ստորագրում է կտրոնի մեկ օրինակը և մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը հանձնում «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային ստորաբաժանում: Կտրոնի օրինակը բնակիչ-բաժանորդի կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարածքային ստորաբաժանում չհանձնվելու դեպքում բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցում չի տրամադրվում (համարվում է չտրամադրված), և բնակիչ-բաժանորդը պարտավոր է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը վճարել 2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում սպառված յուրաքանչյուր հաշվարկային տարում 300 խոր. մետր բնական գազի դիմաց բնակիչ-բաժանորդից չգանձված գումարը:

 

___________ ԳԳՄ-Ի ՏՆՕՐԵՆ _____________________ _________________________________

 (ստորագրությունը)  (անունը, հայրանունը, ազգանունը)
  

 

Բնակիչ-բաժանորդին յուրաքանչյուր հաշվարկային տարում 300 խոր. մետր բնական գազի մատակարարումը հաստատում եմ՝

 

 ___________ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՊԵՏ____________ ________________________

 (ստորագրությունը)  (անունը, հայրանունը, ազգանունը)
 

Իմ կողմից յուրաքանչյուր հաշվարկային տարում 300 խոր. մետր բնական գազի սպառումը և սակագնի սահմանված չափի մասնակի փոխհատուցման տրամադրումը հաստատում եմ՝

 

ԲՆԱԿԻՉ-ԲԱԺԱՆՈՐԴ ________________ ________________________________________

 (ստորագրությունը)  (անունը, հայրանունը, ազգանունը)

 

 _____ __________________________________ 201 թ.

 (նշվում է կտրոնը ԳԳՄ հանձնելու օրը)

 

(Ձևը փոփ. 10.05.12 N 671-Ն)

(Հավելվածը փոփ. 10.05.12 N 671-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.01.2014, N 64-Ն 06.02.2014, N 335-Ն
21.11.2013, N 1275-Ն 14.12.2013, N 335-Ն
10.05.2012, N 671-Ն 14.06.2012, N 335-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան