ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
20 մայիսի 2013 թ. |
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿԱՆԱՆՑ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ)» ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Լ. Հունանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2013 թվականի հունվարի 25-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր (Հատուկ գործառնություններ)» երաշխավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի՝ 2013թ. ապրիլի 22-ի դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր (Հատուկ գործառնություններ)» երաշխավորման համաձայնագիրն (Համաձայնագիր) ստորագրվել է 2013թ. հունվարի 25-ին:
Համաձայնագրի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր (Հատուկ գործառնություններ)» վարկային համաձայնագրով Վարկառուի կողմից ստանձնվելիք պարտավորությունների կատարման երաշխավորումն է:
2. Համաձայնագրի համաձայն` Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.
ա) որպես առաջնային պարտատեր երաշխավորել վարկի հիմնական գումարի, տոկոսների և այլ գանձումների, վարկի նախավճարի նկատմամբ հավելավճարի ժամանակին և ճշտապահ վճարումները.
բ) Վարկառուի տրամադրության տակ գտնվող միջոցների` Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ծախսերը հոգալու համար բավարար չլինելու առումով ողջամիտ պատճառ առաջանալու դեպքում ձեռնարկել ԱԶԲ-ի համար բավարար քայլեր` արագ կերպով Վարկառուին անհրաժեշտ ծախսերը հոգալու միջոցներ տրամադրելու համար կամ ապահովել դրանց տրամադրումը.
գ) չձեռնարկել որևէ քայլ կամ թույլ չտալ, որ վարկառուի քաղաքական ստորաբաժանումները կամ վարկառուի քաղաքական ստորաբաժանումների գործակալությունները ձեռնարկեն որևէ քայլ, որոնք կխոչընդոտեն կամ կխանգարեն Ծրագրի հաջող իրականացմանը կամ Ծրագրի օբյեկտների արդյունավետ գործունեությանը կամ Վարկային համաձայնագրի ներքո Վարկառուի ստանձնած պարտավորությունների կատարմանը:
3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ երաշխավորման համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի երկրորդ մասում ամրագրված սկզբունքից, քանի որ կոչված են նպաստելու տնտեսական գործունեության ազատությանն ու ազատ տնտեսական մրցակցությանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2013 թվականի հունվարի 25-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր (Հատուկ գործառնություններ)» երաշխավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
20 մայիսի 2013 թ. ՍԴՈ-1094 |