ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ4/0021/05/09 |
Վարչական գործ թիվ ՎԴ4/0021/05/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Ծատուրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի ապրիլի 22-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 20.05.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Էջմիածնի տարածքային հարկային տեսչության (այսուհետ՝ Հարկային տեսչություն) ընդդեմ անհատ ձեռնարկատեր Անի Մարկոսյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին և ըստ Անի Մարկոսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Հարկային տեսչության` վարչական ակտը վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է բռնագանձել Անի Մարկոսյանից 93.212.765 ՀՀ դրամ։
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Անի Մարկոսյանը պահանջել է վերացնել Հարկային տեսչության 17.10.2008 թվականի թիվ 1100453 ակտը։
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 20.05.2009 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր, կիրառել է նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 7-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի, 22-րդ հոդվածի, 24-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հաշվի չի առել, որ 07.10.2008 թվականի թիվ 1100453 հանձնարարագիրը 09.10.2008 թվականին հանձնվել է Անի Մարկոսյանին, նույն օրը վաճառողուհիների մասնակցությամբ իրականացվել է ապրանքանյութական արժեքների գույքագրում, որոնք ծանոթացել են կազմված արձանագրություններին և որևէ առարկություն չեն ներկայացրել։
Այնուհետև գույքագրման արդյունքների հիման վրա կազմվել է նաև համառոտ տեղեկանք, որում նշվել է, որ գույքագրվել է 684 անուն ապրանքներ՝ 211.054.200 ՀՀ դրամ գումարով։ Այդ տեղեկանքը անհատ ձեռնարկատերը ստորագրել է և որևէ առարկություն չի ներկայացրել։ Հետևաբար հիմնավոր չէ Դատարանի այն պատճառաբանությունը, որ Անի Մարկոսյանը ստուգման ողջ ժամանակաշրջանում ներկա չի գտնվել։
Տվյալ դեպքում Անի Մարկոսյանը չի օգտվել ակտի վերաբերյալ բացատրություններ կամ առարկություններ ներկայացնելու իր իրավունքից, ինչը չի նշանակում, որ ստուգումն իրականացրած պաշտոնատար անձանց գործողություններով խախտվել են նրա իրավունքները։
Ստուգումը փաստացի սկսվել է 09.10.2008 թվականին և ավարտվել է 17.10.2008 թվականին։ 17.10.2008 թվականին ստուգումն ավարտելու և այդ նույն օրն ակտը կազմված լինելու փաստը հաստատվում է ստուգումն իրականացրած անձանց կողմից կազմած արձանագրությամբ, ըստ որի՝ անհատ ձեռնարկատիրոջ հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն ներկայացել են «Տաշիր» առևտրի կենտրոնի թիվ 115 տաղավար՝ ակտը հանձնելու համար, սակայն վերջինս չի ներկայացել։
Ձեռնարկատիրոջ կողմից ապրանքները չգրանցելու սկզբնական ժամկետները պարզելու և մինչ 29.08.2006 թվականն ապրանքների չգրանցելու դեպքերը պարզելու համար Դատարանը պարտավոր էր պահանջել ներկայացնելու թիվ 2541 գիրքը, որի հետազոտությամբ կպարզվեր, թե Ձեռնարկատիրոջ կողմից երբվանից է թույլ տրվել ապրանքները չգրանցելու խախտումները, այդ գիրքը երբվանից էսկսվել վարվել, ինչը թույլ կտար պարզելու ակտով արձանագրված խախտումները։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 07.10.2008 թվականի թիվ 1100453 հանձնարարագրով Հարկային տեսչության աշխատակիցներին հանձնարարվել է Անի Մարկոսյանի մոտ կատարել ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման ճշտության ստուգում։ Նշված հանձնարարագրի օրինակը Անի Մարկոսյանին հանձնվել է 09.10.2008 թվականին։ Հանձնարարագրով ստուգման ժամանակաշրջան է նշվել 29.08.2006 թվականից՝ մինչև ստուգման փաստացի ավարտը (գ.թ. 4)։
2) Ստուգման արդյունքներով 17.10.2008 թվականին կազմված թիվ 1100453 ակտով Ձեռնարկատիրոջը տուգանքի տեսքով առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություն 49.059.400 ՀՀ դրամ։ Ակտով արձանագրվել է, որ «ՀՀ կառ. 31.07.97թ. 315 որոշմամբ սահմանված, «Տաշիր» ա/կ 1-ին հարկի 115 տաղավարում մանրածախ առևտուր իրականացնելու համար ա/ձ Անի Մարկոսյանին հատկացված արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) թիվ 2541 գրքի գրանցումների ստուգումից պարզվեց, որ գրքում մուտքագրված էր 285 տող անվանում ապրանքներ՝ ընդամենը 111.523.0 հազ. դրամի վաճառքի գներով և այդ գրքի վարման օրվանից մինչև օրս վերոհիշյալ վաճառքի կետից վաճառվել էր 72.445.9 հազ. դրամի ապրանքներ, և այդ կետից այլ հասցե էր տեղափոխվել 24.260.5 հազ. դրամի ապրանքներ։ Այսպիսով՝ գրքում գրանցված ապրանքների հաշվարկային մնացորդը վաճառքի գներով առ 09.10.2008թ. կազմում է 14.816.6 հազ. դրամ (111.523.0-72.445.9-24.260.5)։ Սակայն գույքագրմամբ վերոհիշյալ առևտրի կետում գույքագրվել է 211.054.2 հազ. դրամի վաճառքի գներով ապրանքներ 684 անվանում (գույքագրման արդյունքները և տեղեկանքները կցվում են 24 թերթ)։ Այսպիսով՝ գույքագրված ապրանքներից վաճառքի գներով արտահայտված 196.237.6 հազ. դրամի ապրանքներ գրանցված չեն ՀՀ կառ. 31.07.97թ. 315 որոշմամբ սահմանված գրքում, խախտվել է այդ որոշման պահանջները» (գ.թ. 8)։
3) 09.10.2008 թվականի գույքագրման վերաբերյալ տեղեկանքի համաձայն՝ գույքագրվել է 684 անվանում ապրանքներ՝ 211.054.200 ՀՀ դրամ գումարով։ Տվյալ տեղեկանքը ստորագրվել է Անի Մարկոսյանի կողմից (գ.թ. 12)։
4) 09.10.2008 թվականի գույքագրման տեղեկանքի համաձայն՝ «Անի Մարկոսյան» Ա/Ձ-ում ձեռնարկատիրական առարկաների գրանցման ստուգման նպատակով առևտրական սրահում կատարվել է ապրանքանյութական արժեքների գույքագրում։ Գույքագրմանը մասնակցել են վաճառողուհիներ Գոհար Հովհաննիսյանը և Էմմա Դիլոյանը (գ.թ. 13)։
5) 17.10.2008 թվականի արձանագրության համաձայն՝ Անի Մարկոսյանը նախապես բանավոր տեղեկացված էր տեսուչների գալու մասին, սակայն Անի Մարկոսյանը չներկայացավ և հնարավոր չեղավ ծանոթացնել ակտին (գ.թ. 11)։
6) 17.10.2008 թվականի թիվ 1100453 ակտով վճարման առաջադրված տուգանքի գումարը «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված ժամկետում չվճարելու հիմքով կրկնապատկվել և կազմել է 93.212.765 ՀՀ դրամ։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ստուգումը սկսելուց առաջ համապատասխան պետական մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) ստուգում իրականացնելու մասին հրապարակում է հրաման կամ հանձնարարագիր։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը, ստուգումն սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ, տրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, բացառությամբ … առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի, ապրանքների գրանցման … բացահայտմանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների։ Վերջինս պարտավոր է ստորագրել 1 օրինակի վրա՝ հաստատելով, որ ծանուցված է ստուգման անցկացման մասին։ Ստորագրվածօրինակը վերադարձվում է ստուգող պետական մարմնի պաշտոնատար անձին։
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն՝ ստուգման ակտում պետք է նկարագրվեն արձանագրված խախտումները, այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել, խախտման կոնկրետ ժամանակը, հղում` համապատասխան փաստաթղթերին, պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը։
«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` ստուգումն իրականացնող անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս իրավունք ունեն տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել տնտեսվարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանումներ։
Սույն գործով Դատարանը, հաստատված համարելով, որ փաստացի ստուգումները կատարվել են Անի Մարկոսյանի վաճառողուհիների մասնակցությամբ, ովքեր նրա կողմից լիազորված չեն եղել, ինչպես նաև այն, որ ստուգման ակտում նշվել է «գրքի վարման օրվանից»՝ առանց հստակ մատնանշելու դրա վարման կոնկրետ օրը, հանգել է այն հետևության, որ ստուգման ակտն ընդունվել է օրենքի խախտմամբ, և այն ոչ իրավաչափ է։
Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 07.10.2008 թվականի թիվ 1100453 հանձնարարագրի օրինակը 09.10.2008 թվականին հանձնվել է Անի Մարկոսյանին։ Ըստ 09.10.2008 թվականին կազմված գույքագրման տեղեկանքի՝ «Անի Մարկոսյան» Ա/Ձ-ում ձեռնարկատիրական առարկաների գրանցման ստուգման նպատակով առևտրական սրահում կատարվել է ապրանքանյութական արժեքների գույքագրում։ Գույքագրմանը մասնակցել են վաճառողուհիներ Գոհար Հովհաննիսյանը և Էմմա Դիլոյանը, իսկ նույն օրվա մեկ այլ՝ գույքագրման վերաբերյալ տեղեկանքի համաձայն՝ գույքագրվել են 684 անվանում ապրանքներ, գումարով 211.054.200 ՀՀ դրամ, որը ստորագրվել է Անի Մարկոսյանի կողմից, և գույքագրման արդյունքների վերաբերյալ առարկություններ չի ներկայացրել։
Այսինքն՝ Անի Մարկոսյանը, օրենքով սահմանված կարգով ստանալով և ստորագրելով հանձնարարագիրը, տեղեկացել է ստուգում իրականացնելու մասին։ Ավելին, ստորագրելով 09.10.2008 թվականին կազմված գույքագրման վերաբերյալ տեղեկանքը՝ տեղեկացել է նաև ստուգման ընթացքում ստուգումն իրականացրած անձանց՝ ստուգման գործընթացի հետ առնչվող գործողությունների մասին և որևէառարկություն չի ներկայացրել։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Անի Մարկոսյանի ստուգման մասին տեղեկացված լինելու, ինչպես նաև գույքագրման արդյունքների վերաբերյալ 09.10.2008 թվականի տեղեկանքը ստորագրելու պայմաններում, սույն գործով Անի Մարկոսյանն ըստ էության լիազորել է իր աշխատակիցներին մասնակցել գույքագրմանը իսկ ստուգմանը նրա ֆիզիկապես ներկա չլինելը տվյալ դեպքում էական չէ։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է Դատարանի այն պատճառաբանությունը, որ սույն գործով խախտվել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետը։
Բացի այդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով։ Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Բացի այդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե (,,ex officio,,)։
Նույն օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք իր կարծիքով էական են վեճի լուծման համար, և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես պահանջելու ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի։
Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի ուժով վարչական դատարանի կողմից գործի փաստերիի պաշտոնե պարզման դատավարական իրավունքին։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացումը թեև Դատարանի իրավունք է, սակայն Դատարանի այդ իրավունքը սահմանափակված է նույն օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու Դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տե՛ս օրինակ` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչության հայցի ընդդեմ «Ջորջ ընդ Բրանդն» ՍՊԸ-ի` 131.200 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասինթիվ ՎԴ/5525/05/08 (2009թ.) վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը)։
Մինչդեռ Դատարանն արձանագրելով, որ ստուգման ակտում նշված չեն ապրանքների չգրանցման սկզբնական ժամկետները, ինչը հնարավորություն չի տալիս պարզելու՝ արձանագրված խախտումները վերաբերում են միայն 29.08.2006 թվականից հետո տեղի ունեցած խախտումներին, թե ապրանքների չգրանցման դեպքերը տեղի են ունեցել նաև մինչ այդ, և կարևորելով նշված հանգամանքը՝ պարտավոր էր չսահմանափակվել գործում առկա ապացույցներով և գործին մասնակցող անձանցից պահանջելու ապացույցներ, որոնցով հնարավոր կլիներ պարզել՝ արդյո՞ք խախտումները վերաբերում են 29.08.2006 թվականին նախորդող ժամանակահատվածին, թե՝ ոչ։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 20.05.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` Ս. Սարգսյան Դատավորներ` ա. Բարսեղյան Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան Մ. ԴՐՄԵՅԱՆ Ե. Խունդկարյան Է. Հայրիյան Տ. Պետրոսյան Ե. Սողոմոնյան
Վ. Աբելյան