«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 մայիսի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 32800045
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
16 փետրվարի 2000 թվականի |
N 12 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Պատմական միջավայրի պահպանության հանրապետական ծառայության ՊՄՊ մարզային ծառայությունների աշխատակիցների աշխատանքային գործունեությունը կանոնակարգելու նպատակով - հիմք ընդունելով վարչության կանոնադրության 12-րդ կետի բ) ենթակետի պահանջները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել`
1. «Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայության գիտական աշխատողի պաշտոնական պարտականությունների մասին» հրահանգը (հավելված 1):
2. «Պատմական միջավայրի պահպանության թանգարանային վերակացուի` հսկիչ-պահակի պարտականությունների - իրավունքների մասին» հրահանգը (հավելված 2):
3. «Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայությանն աջակցող հասարակական հսկիչների պարտականությունների - իրավունքների մասին» հրահանգը (հավելված 3):
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ «16» փետրվարի 2000 թ. թիվ 12 հրամանով |
ՀՐԱՀԱՆԳ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Պատմական միջավայրի պահպանության մարզային (այսուհետև` ՊՄՊ) ծառայության գիտական աշխատողն (այսուհետ` գիտաշխատող) աշխատանքի է ընդունվում և ազատվում աշխատանքից Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի հրամանով` ՊՄՊ հանրապետական ծառայության ներկայացմամբ, ունենալով ՊՄՊ մարզային ծառայության առաջարկությունը:
2. Գիտաշխատողը պետք է ունենա համապատասխան մասնագիտական կրթություն:
3. Գիտաշխատողն աշխատանքային պարտականությունների կատարման հարցում անմիջապես ենթակա և հաշվետու է մարզային ծառայության պետին:
4. Գիտաշխատողը մարզային ծառայությանը կից գործող գիտական խորհրդի անդամ է:
5. Գիտաշխատողը պատասխանատու է մարզային ծառայության աշխատանքային պլանով նախատեսված հետազոտական, գիտահավաքչական, վկայագրման, ցուցակագրման, գիտալուսավորչական, պրոպագանդման, գովազդման ուղղությամբ տարվող աշխատանքների, դրանց որակի ու կատարման ժամկետների համար:
6. Մարզային ծառայության գիտաշխատողը.
ա) մասնակցում է մարզային ծառայության ընթացիկ և հեռանկարային ծրագրերի մշակման, քննարկման ու իրականացման աշխատանքներին:
բ) Հետևում է հուշարձանի, դրա պահպանական գոտիների տարածքում ուսումնասիրությունների, գիտավերականգնման աշխատանքներին, հուշարձանների պահպանմանը և օգտագործմանը, մարզային ծառայության պետին ահազանգում օրինազանցումների հայտնաբերման դեպքում:
գ) Մասնակցում է հուշարձանների ուսումնասիրման, պահպանության, վերականգնման, ամրակայման և օգտագործման խնդիրներին նվիրված քննարկումներին:
7. Մարզային ծառայության գիտաշխատողը պարտավոր է.
ա) կազմել մարզային ծառայության գիտահետազոտական աշխատանքների ծրագրի նախագիծը և իրականացման հաշվետվությունը:
բ) Մարզային ծառայության աշխատանքային պլանի համաձայն կատարել գիտահետազոտական աշխատանք, խորհրդակցություններում, գիտաժողովներում, սեմինարներում հանդես գալ զեկուցումներով, դասախոսություններով:
գ) Մասնակցել թեմատիկ ցուցադրությունների ու ցուցահանդեսների ծրագրերի և բացատրագրերի մշակման և պատրաստման աշխատանքներին:
դ) Մշակել էքսկուրսիաների, գիտալուսավորական բնույթի միջոցառումների ու աշխատանքների թեմատիկան: Առաջարկություններ ներկայացնել մարզի առանձին հուշարձանները էքսկուրսիա-տուրիստական երթուղիներում ընդգրկելու մասին: Հանդես գալ հուշարձաններին նվիրված հաղորդումներով ու զեկուցումներով: Կազմակերպել մարզի պատմամշակութային ժառանգության պահպանության քարոզչությունը:
ե) Մասնակցել մարզի հուշարձանների պետական հաշվառման, վկայագրման և պահպանական գոտիների նախագծերի կազմման աշխատանքներին:
զ) Գրառել հուշարձաններին առնչվող բանավոր զրույցները, դեպքերը, պատմությունները և այլն:
է) Հետևել շինարարական աշխատանքների ժամանակ կամ պատահականորեն գտնված պատմամշակութային արժեքների սահմանված կարգով հաշվառմանը, ուսումնասիրությանը և պահպանության ապահովմանը: Մասնակցել մարզում գնվող հուշարձանների վերաբերյալ եղած նյութերի հավաքման, դասակարգման աշխատանքներին:
ը) Կազմել մարզի հուշարձանների անվանական, ժամանակագրական, թեմատիկ քարտարանները, հուշարձանների ուսումնասիրությանը նվիրված և մամուլում եղած հրապարակումների մատենագիտությունը:
թ) Մշակել առաջարկություններ անշարժ հուշարձանների ու դրանց պահպանական գոտիների տարածքների նպատակային օգտագործման վերաբերյալ:
ժ) Դպրոցական ծրագրի սահմաններում կազմակերպել հայոց մշակույթի ու գիտության առանձին բնագավառներին նվիրված բաց դասեր հուշարձաններում:
ի) Մարզային ծառայության հսկիչ-պահակների հետ պարբերաբար տանել մեթոդական, բացատրական աշխատանք` նվիրված հուշարձանների պահպանության և օգտագործման խնդիրներին: Վերահսկել հուշարձանների պահպանական գոտիներում սահմանված ռեժիմի պահպանմանը:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ «16» փետրվարի 2000 թ. թիվ 12 հրամանով |
ՀՐԱՀԱՆԳ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՑՈՒԻ, ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԻ ՊԱՀԱՊԱՆԻ` ՀՍԿԻՉ-ՊԱՀԱԿԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Պատմական միջավայրի պահպանության (այսուհետև` ՊՄՊ) մարզային ծառայության թանգարանային վերակացուն ցուցանմուշների պահապանը` հսկիչ-պահակն (այսուհետև` հսկիչ-պահակ) աշխատանքի է ընդունվում և ազատվում աշխատանքից ՊՄՊ հանրապետական ծառայության պետի հրամանով` ՊՄՊ մարզային ծառայության պետի ներկայացմամբ:
2. ՊՄՊ մարզային ծառայության հսկիչ-պահակն իրականացնում է հրամանով իր հսկողությանը հանձնված տարածքի բնապատմական, պատմահնագիտական, պատմաճարտարապետական, ժողովրդական ճարտարապետության հուշարձանների (այսուհետև` հուշարձանների), պատմական միջավայրի, հուշարձանների պահպանական գոտիների պահպանությունը և վերահսկում է պետական սեփականություն հանդիսացող անշարժ հուշարձանների պահպանության և օգտագործման գործընթացը, ինչպես նաև նպաստում է ոչ պետական սեփականություն հանդիսացող անշարժ հուշարձանների պահպանական միջոցառումների իրականացմանը:
3. ՊՄՊ մարզային ծառայության հսկիչ-պահակը պատասխանատվություն է կրում իր հսկողությանը հանձնված տարածքի հուշարձանների պահպանությունն ու վերահսկողությունն իրականացնելիս թույլ տված բացթողումների, թերացումների համար, որոնք նպաստել կամ պատճառ են հանդիսացել հուշարձանների պահպանական գոտու սահմաններում տարածքների, մակերեսների ապօրինի զավթումների, վերակառուցումների, ժամանակավոր կամ մշտական բնակեցումների, պեղումների և այլ գործունեություն ծավալելու ու կատարելու համար, որի հետևանքով վնասվել, քանդվել, ոչնչացվել (մասնակի, ամբողջությամբ) է հուշարձանը, հուշարձանի պահպանական գոտու տարածքում եղած հնագիտական մշակութային շերտը, ճարտարապետական և արվեստի այլ արժեքները:
4. Աշխատանքային պարտականությունների կատարման հարցում հսկիչ-պահակն անմիջապես ենթակա է ՊՄՊ մարզային ծառայության պետին, պետի տեղակալին, գիտական աշխատողին և կատարում է հուշարձանների, պատմական միջավայրի պահպանության ու վերահսկման խնդիրներից բխող հրահանգներն ու տրված հանձնարարականները:
5. ՊՄՊ մարզային ծառայության հսկիչ-պահակն իրավունք ունի.
ա) արգելել, դադարեցնել հուշարձանի պեղման, վերականգնման, ամրակայման նորոգման` ընդհանրապես ցանկացած բնույթի աշխատանքները, եթե դրանք չեն համաձայնեցվել Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հետ, կամ կատարվում են Վարչության թույլտվության բացակայության պայմաններում,
բ) արգելել հուշարձանի և դրա պահպանական գոտու տարածքում օրենքի խախտումով իրականացվող շինարարական, գյուղատնտեսական և այլ բնույթի աշխատանքների և միջոցառումների կատարումը,
գ) արգելել հուշարձանին կից, կամ հուշարձանի պահպանական գոտում պատմական միջավայրի կամ հուշարձանի տեսքն աղճատող, օրենքի խախտումով իրականացվող, կամայական վերաշինումները, գյուղատնտեսական կամ տնտեսական այլ նպատակով գործունեություն ծավալելը, բոլոր տեսակի նյութերի (այդ թվում նաև դյուրավառ և պայթուցիկ) պահեստավորելը, պահելը, թաքցնելը,
դ) կանխել, արգելել հուշարձանների քանդելը, նրանց բեկորները, քարերը կոտրելը կամ օգտագործելը որևէ նպատակի համար, ինչպես նաև տեղից տեղ փոխադրելն առանց օրենքով սահմանված թույլտվության,
ե) արգելել, կանխել հուշարձանները դրսից ու ներսից սպիտակեցնելը, սվաղելը, պատերին գրելը, հուշարձանի վրա եղած որմնանկարների, քանդակների ու արձանագրությունների փչացնելը:
6. Մարզային ծառայության հսկիչ-պահակը պարտավոր է.
ա) իրեն պահպանության հանձնված և իր կողմից վերահսկվող հուշարձանների տարածքը, հուշարձանները պահել մաքուր և բարեկարգ վիճակում,
բ) պարբերաբար մաքրել հուշարձանների վրա եղած բուսականությունը, հնարավորության սահմաններում կարգավորել անձրևաջրերի հեռացումը,
գ) հուշարձաններն ուսումնասիրելու, չափագրելու նպատակով այցելած անձանցից պահանջել Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, ՊՄՊ հանրապետական ծառայության կողմից տրված գրավոր թույլտվությունը,
դ) կանխել, արգելել պահպանական գոտիներում ապօրինի հողազավթումները, որոնք կարող են փոխել հուշարձանի, պատմական միջավայրի պահպանության համար սահմանված պահպանական ռեժիմը,
ե) անհապաղ տեղյակ պահել իրեն պահպանության հանձնված և իր կողմից վերահսկվող հուշարձաններին սպառնացող յուրաքանչյուր վտանգի` պահպանական ռեժիմի և հուշարձանի տեխնիկական իրավիճակի հնարավոր փոփոխությունների, որևէ մեկի կողմից պահպանական ռեժիմի, օգտագործման կանոնների ու պայմանների խախտման փաստերի ու դեպքերի մասին,
զ) գյուղատնտեսական, շինարարական աշխատանքների ժամանակ կամ պատահական հայտնաբերված հուշարձանների, մշակութային արժեքների, բեկորների մասին անմիջապես տեղյակ պահել ՊՄՊ մարզային ու հանրապետական ծառայություններին, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը` միաժամանակ մինչև համապատասխան կարգադրություն ստանալը միջոցներ ձեռք առնել դրանց փչացնելու, հափշտակելու փորձերը կանխելու համար,
է) հուշարձանների, պահպանական գոտիների, պատմական միջավայրի պահպանությունն ու վերահսկումն իրականացնելիս բոլոր անհրաժեշտ դեպքերում` մինչև անմիջական վերադասին հայտնելը, դիմել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավապահ մարմիններին, միջոցներ ձեռք առնել հուշարձանի պահպանության, պահպանական գոտիների համար սահմանված ռեժիմի նորմերը խախտողների նկատմամբ,
ը) կատարված աշխատանքների վերաբերյալ կիսամյակը մեկ հաշվետվություն ներկայացնել մարզային ծառայության պետին:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ «16» փետրվարի 2000 թ. թիվ 12 հրամանով |
ՀՐԱՀԱՆԳ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀՍԿԻՉՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Պատմական միջավայրի պահպանության (այսուհետև` ՊՄՊ) մարզային ծառայությանն աջակցող հասարակական հսկիչները համարվում են ՊՄՊ հանրապետական ծառայության ներկայացուցիչները:
2. Հասարակական հսկիչների խմբին, կամավոր հիմունքներով կարող է անդամագրվել ամեն ոք (անկախ տարիքից, սեռից և զբաղմունքից), ով սեր և հետաքրքրություն է ցուցաբերում մշակութային ժառանգության նկատմամբ, ազնիվ ջանքեր է գործադրում նրանց խնամքի ու պահպանության համար:
3. Հասարակական հսկիչներին իրավունք է վերապահվում.
ա) մասնակցել և աջակցել հնագիտական, ճարտարապետական, արվեստի, պատմական հուշարձանների պահպանության գործին,
բ) հասարակական և այլ կազմակերպություններում, հիմնարկներում կազմակերպել հանդիպումներ, զրույցներ, ցուցադրություններ, գիտա-ճանաչողական կոնֆերանսներ, զեկուցումներ և այլն,
գ) հուշարձանների պահպանության հարցերով հանդես գալ մամուլում, ռադիոյով ու հեռուստատեսությամբ,
դ) ՊՄՊ մարզային ծառայության մասնագետների ղեկավարությամբ ու խորհուրդներով մաքրել հուշարձանների տարածքը, փլատակները, բուսածածկույթը, բացել ջրահեռացման ուղիներ, հավաքել-դասավորել բեկորները, օգնել նրանց պեղման, վերականգնման, բարեկարգման աշխատանքներին,
ե) հուշարձանների պահպանությանն առնչվող բոլոր հարցերով անմիջապես դիմել ՊՄՊ մարզային ծառայության պետին, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին:
4. Հասարակական հսկիչները պարտավոր են.
ա) իրենց գործունեության ընթացքում անշեղորեն առաջնորդվել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի և սույն հրահանգի պահանջներով,
բ) չթույլատրել գոյության համար վտանգ ներկայացնող կամ ապօրինի շինարարական, մելիորատիվ աշխատանքները, դրանք անհարկի օգտագործման փաստերի մասին ահազանգել ՊՄՊ մարզային ծառայությանը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին,
գ) չթույլատրել ապօրինի ձևով` առանց բաց թերթիկի պեղումների կատարումը,
դ) կանխել հուշարձանների որմերին գրոտումները, փորագրումները, «նկարազարդումներն» ու տեղահանումները,
ե) աջակցել և համագործակցել հուշարձանների պահպանության մարզային ծառայության ներկայացուցիչների հետ,
զ) հաշվառման մեջ չառնված հուշարձաններ հայտնաբերելու դեպքում տեղյակ պահել ՊՄՊ մարզային ծառայությանը,
է) յուրաքանչյուր տարվա վերջում կատարված աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացնել մարզային ծառայությանը:
5. Հուշարձանների պահպանությանն աջակցող հասարակական հսկիչների խումբն ընտրում է խորհուրդ, որը նախագահի գլխավորությամբ, ղեկավարում է նրա գործունեությունը մարզում:
