ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 2001 թվականի N 233
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՊԱՏՎԱՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՈՒ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը (կցվում են):
|
Ա. Մարգարյան |
|
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՊԱՏՎԱՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՈՒ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է: Խորհուրդն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 233 որոշման համաձայն:
2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության ու Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) միջև կնքված «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» վարկային ու դրամաշնորհային համաձայնագրերով և սույն կանոնադրությամբ:
3. Խորհրդի և նշված ծրագրերի բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ծրագրերի վարկային ու դրամաշնորհային համաձայնագրերով և սույն կանոնադրությամբ:
4. Խորհրդի լրիվ անվանումն է` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհուրդ:
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը Միջազգային զարգացման ընկերակցության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության տրամադրված «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի (այսուհետև` ծրագրեր) իրականացման կառավարումն է:
6. Խորհուրդը հանդես չի գալիս որպես ծրագրեր իրականացնող գրասենյակ պետական հիմնարկի (այսուհետև` ԾԻԳ) կառավարման մարմին:
7. Խորհրդի խնդիրներն են`
ա) ծրագրերի իրականացման ընթացքում 100.0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի չափով փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները` համապատասխան հիմնավորումներով, հաստատելը, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից (այսուհետև` կոմիտե) պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցնելով վարկատուի հետ.
բ) ԾԻԳ-ի գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
գ) ծրագրերի նախապատրաստման փուլում կանխավճարի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.
դ) վարկային կամ դրամաշնորհային համաձայնագրերի ստորագրումից և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացումից հետո ԾԻԳ-ի մշակած ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի ու ծրագրերի բյուջեների քննարկումը և հաստատումը.
ե) ծրագրերով նախատեսված և խորհրդի կողմից հաստատված ծրագրերի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցին ու ծրագրերի բյուջեներին համապատասխան` խորհրդի սահմանված կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.
զ) ծրագրերի` հաստատված տարեկան աշխատանքների իրականացման ժամանակացույցի և բյուջեների հիման վրա ապրանքների, սարքավորումների ձեռքբերման, խորհրդատվական ծառայությունների մատուցման, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների իրականացման նպատակով անցկացվող մրցույթների արդյունքների հաստատումը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 14-րդ կետի «դ» ենթակետում նշվածի.
է) ծրագրերի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով համապատասխան վարկատու կազմակերպության հետ.
ը) ԾԻԳ-ի կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկման մասին որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
թ) ծրագրերի` հաստատված տարեկան աշխատանքների իրականացման ժամանակացույցից և բյուջեներից առկա շեղումների վերացման մասին որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
ժ) միջազգային վարկատու կազմակերպության մասնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և իրականացվող ծրագրերի արդյունքները պատվիրակության հետ քննարկելն ու արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.
ժա) ծրագրերի ավարտից հետո ծրագրերի արդյունքներն ամփոփելը և արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:
8. ԾԻԳ-ի տնօրենը (ղեկավարը) ծրագրերի իրականացման ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, վարկային կամ դրամաշնորհային պայմանագրերի դրույթներով և խորհրդի որոշումներով:
9. Ծրագրերի շրջանակներում ծագող հարցերը, ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) ներկայացմամբ, քննարկվում են խորհրդի նիստերում` մեկ շաբաթվա ընթացքում:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ծրագրերի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:
11. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) առաջարկությամբ:
12. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
13. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
14. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերի հետ միասին տրամադրվում է խորհրդի անդամներին` խորհրդի նիստից 5 օր առաջ:
15. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ: ԾԻԳ-ի տնօրենը (ղեկավարը) պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրում:
16. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման տեղի մասին այլ որոշում չի ընդունում:
17. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:
18. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:
19. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաները:
20. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում ԾԻԳ-ի կողմից կազմված մրցույթի հայտահրավերները, մրցույթի առաջարկների մասին ամփոփ տեղեկանքը, առաջարկներն անվավեր ճանաչելու մասին հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի` հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը (շինարարության նախահաշիվը, ապրանքների` տվյալ օրվա մոտավոր միջին գները և այլն), նախատեսվող գնից ավելի բարձր գնառաջարկի հիմնավորումը:
21. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթները կարող են բացվել խորհրդի հատուկ հրավիրված նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:
22. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին մասնակցելու համար կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչները:
23. Մեկ մլն ԱՄՆ-ի դոլար և ավելի գումարի չափով մրցույթների արդյունքները խորհրդի հաստատումից հետո ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն, եթե վարկային պայմանագրով այլ պահանջներ կամ սահմանափակումներ նախատեսված չեն:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
24. Խորհրդի նախագահը կոմիտեի նախագահն է:
25. Խորհրդի նախագահը`
ա) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.
բ) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
26. Խորհրդի անդամների թիվը uահմանվում է 9-ից ոչ ավելի: Խորհրդի կազմում ընդգրկվում են կոմիտեի պատասխանատու պաշտոնյաները և (կամ) կոմիտեին ենթակա` ծրագրերին առնչվող կազմակերպությունների ղեկավարները` առնվազն 6 մարդ, ԾԻԳ-ի տնօրենը (ղեկավարը), մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից:
27. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և դրա մասին նշվում է խորհրդի նիստի արձանագրության մեջ:
28. Խորհրդի անդամը, եթե համաձայն չէ խորհրդի որոշմանը, խորհրդի նիստի արդյունքների մասին գրավոր զեկուցում է իր վերադասին:
29. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է կոմիտեի նախագահը:
30. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է խորհրդի անդամ հանդիսանալուց:
31. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` կոմիտեի նախագահի առաջարկությամբ:
32. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
33. Խորհրդի քարտուղարին նշանակում է խորհրդի նախագահը` խորհրդի կազմից:
34. Խորհրդի քարտուղարը`
ա) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշման նախագծերը.
բ) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.
գ) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման մասին.
դ) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
ե) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
զ) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.
է) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է համապատասխան նախարարություններ ու գերատեսչություններ:
VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
35. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:
VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
36. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
|
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՊԱՏՎԱՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՈՒ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Անդրիասյան | - | ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ |
Ռ. Դավթյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական ծրագրերի վարչության պետ |
Ա. Ներսիսյան | - | ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ |
Մ. Գասպարյան | - | ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի մոնիտորինգի և մելիորացիայի բաժնի պետ |
Ի. Ներսիսյան | - | «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն |
Ա. Ղազարյան | - | «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն |
Պ. Լորին | - | «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն |