Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.11.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.01.29/5(595)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.11.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ դատարանում որոշում

ՎԲ-213/07

կայացրած դատարանի կազմը`

Նախագահող դատավոր՝ Ե. Դարբինյան

Դատավորներ` Ա. Հովհաննիսյան, Ա. Պողոսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Տ. Սահակյանի

մասնակցությամբ դատավորներ`

Դ. Ավետիսյանի

 

Հ. Ասատրյանի

Հ. Ղուկասյանի

Մ. Սիմոնյանի

Ս. Օհանյանի

քարտուղար

Ա. Աբրահամյանի

դատախազ

Շ. Տիգրանյանի

դատապարտյալ

Ա. Միրիբյան

 

2007 թվականի նոյեմբերի 30-ին

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանի վճռաբեկ բողոքը Արամայիս Հենրիկի Միրիբյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 27.08.2007 թ. որոշումն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 04.10.2007 թ. որոշման դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Արամայիս Հենրիկի Միրիբյանը ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 18.06.1997 թ. դատավճռով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 17-99 հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 4-րդ կետով, 88-րդ հոդվածի 2-րդ մասով, 232-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածով սահմանված կանոններով դատապարտվել է ազատազրկման 15 (տասնհինգ) տարի ժամկետով, անձնական ամբողջ գույքի բռնագրավումով: Որոշվել է գործով դատապարտված 4 անձանցից համապարտության կարգով հօգուտ տուժողի ներկայացուցչի բռնագանձել 1.000.000 և 4.930.000 ՀՀ դրամ:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 09.09.2003 թ. որոշմամբ Ա. Միրիբյանի արարքը համապատասխանեցվել է 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերին, 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերին, 235-րդ հոդվածի 1-ին մասին: Նշանակված պատիժը թողնվել է անփոփոխ` ազատազրկում 15 (տասնհինգ) տարի ժամկետով: Պատժից կրել է 11 տարի 7 ամիս 19 օր, պատժի չկրած մասը կազմում է 3 տարի 4 ամիս 11 օր:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը 27.08.2007 թ. որոշում է կայացրել Ա. Միրիբյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ, որը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 04.10.2007 թ. որոշմամբ թողնվել է անփոփոխ:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 04.10.2007 թ. որոշման դեմ բերել է վճռաբեկ բողոք:

Վճռաբեկ դատարանը, 2007 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա, բողոքն ընդունել է վարույթ:

 

2. Գործի փաստական հանգամանքները.

 

Արամայիս Հենրիկի Միրիբյանը դատապարտվել է այն բանի համար, որ 1996 թ. հուլիսի 1-ին, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնության գալով, կատարել են ավազակային հարձակում, որի ընթացքում նա օժանդակել է ավազակային հարձակման մյուս մասնակից Կ.Ղայրամանյանին` Կարինե Մխիթարյանին սպանելու, ինչպես նաև Թամարա Բախտիկյանին սպանելու փորձ կատարելու հանցավոր գործողություններում, ինչպես նաև ապօրինաբար կրել է հրազեն հանդիսացող ինքնաձիգ:

 

3. Վճռաբեկ բողոքի պահանջը, փաստարկները և հիմքերը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննելիս հաշվի չի առնվել, որ Արամայիս Միրիբյանը կատարել է առանձնապես ծանր հանցագործություն` առանձին դաժանությամբ և շահադիտական դրդումներով: Դատարանը Արամայիս Միրիբյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելիս անտեսել է պատիժը կրելու սահմանված կարգի խախտումների համար 8 անգամ կարգապահական տույժի ենթարկված լինելու հանգամանքը, ինչպես նաև այն, որ Ա.Միրիբյանը տուժողի ներկայացուցչին ամբողջ ծավալով չի փոխհատուցել դատավճռով որոշված գումարը: Մինչդեռ, ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի համաձայն` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելիս դատարանը հաշվի է առնում դատապարտվածի կողմից տուժողին պատճառված վնասը հարթելու հանգամանքը: Բացի այդ, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատում չի կիրառվում, «երբ հանցագործության կատարմամբ մարդու առողջությանը պատճառվել է վնաս կամ առաջացրել է մարդու մահ, և դատապարտյալը ամբողջությամբ չի հարթել տուժողին պատճառված վնասը»: Բողոքաբերը նշում է նաև, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի տված բնութագրերը «կրել են ձևական բնույթ», «կատարված հանրօգուտ և շինարարական աշխատանքներին» Ա.Միրիբյանի մասնակցելը հիմնավորող որևէ ճշգրիտ փաստաթուղթ չկա:

Վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է բեկանել Արամայիս Հենրիկի Միրիբյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 27.08.2007 թ. որոշումն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 04.10.2007 թ. որոշումը, «փոփոխել դատական ակտը և «Կոշ» քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը մերժել», «հաշվի առնելով, որ դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները տալիս են հնարավորություն փոփոխելու դատական ակտը և դա բխում է արդարադատության շահերից»:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանություններով.

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի` ազատազրկման ձևով պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելիս դատարանը հաշվի է առնում նաև դատապարտվածի կողմից տուժողին պատճառված վնասը հարթելու հանգամանքը:

Իսկ ըստ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի` «Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատում կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինում չի կիրառվում, երբ հանցագործության կատարմամբ մարդու առողջությանը պատճառվել է վնաս կամ առաջացրել է մարդու մահ, և դատապարտյալը ամբողջությամբ չի հարթել տուժողին պատճառված վնասը»:

Ինչպես երևում է ներկայացված նյութերից, դատապարտյալն ամբողջությամբ չի հարթել տուժողին պատճառված վնասը: ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 18.06.1997 թ. դատավճռով որոշված 1.000.000 և 4.930.000 ՀՀ դրամ գումարները, որոնց հատուցումը համապարտության կարգով դրվել է դատապարտյալների վրա, տուժողի ներկայացուցչին ամբողջությամբ չի հատուցվել: Ինչպես երևում է Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 27.08.2007 թ. որոշումից, Ա.Միրիբյանի կողմից հօգուտ տուժողի ներկայացուցիչ Փայլակ Միքայելյանի մուծվել է 1.198.500 ՀՀ դրամ: Գործով մյուս դատապարտյալ Վարդան Մուխսիխաչոյանի կողմից մուծվել է 375.000 ՀՀ դրամ, 1.130.160 ՀՀ դրամ և 1.300.000 ՀՀ դրամ: Այսպիսով, դատավճռով որոշված հատուցման ենթակա գումարը տուժողի ներկայացուցչին ամբողջությամբ չի հատուցվել: Չնայած դրան, առաջին ատյանի դատարանը որոշել է Արամայիս Միրիբյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատել, անտեսելով ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը` տուժողին պատճառված վնասը հարթելու հանգամանքը հաշվի առնելու անհրաժեշտության վերաբերյալ, և խախտելով ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասը, որն ամրագրում է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատումն արգելող ուղղակի նորմ այն դեպքերի համար, երբ հանցագործության կատարմամբ մարդու առողջությանը պատճառվել է վնաս կամ առաջացել է մարդու մահ, և դատապարտյալն ամբողջությամբ չի հարթել տուժողին պատճառված վնասը:

Ինչ վերաբերում է առաջին ատյանի դատարանի այն հետևությանը, որ Արամայիս Միրիբյանը ուղղվել է և պատժի մնացած մասը կրելու կարիք չունի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը լուծելով պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հնարավորության հարցը, պետք է նկատի ունենար, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել միայն այն դատապարտյալի նկատմամբ, որը կրելով նշանակված պատժի` օրենքով սահմանած մասը, վարքով ապացուցել է իր ուղղված լինելը, հետևաբար` ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունենալը:

Դատապարտյալ Արամայիս Միրիբյանի անձնական գործի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նա չի ուղղվել, պատիժը կրելու ընթացքում թույլ է տվել իրավախախտումներ, որոնց համար ութ անգամ ենթարկվել է կարգապահական տույժերի: Վերոհիշյալ տույժերին նա ենթարկվել է հիմնարկի ներքին կանոնակարգը պարբերաբար խախտելու, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի օրինական պահանջները չկատարելու, անկայուն իրավիճակ ստեղծելու, ոգելից խմիչք և արգելված իրեր թաքցնելու, տուգանային մեկուսարանում գտնվող դատապարտյալներին օղի փոխանցելու փորձեր կատարելու, դատապարտյալների բնակելի գոտի ոգելից խմիչք տեղափոխելու փորձ կատարելու համար: Խրախուսանքի է արժանացել 3 անգամ` 2002 թվականին հանվել է նախկինում ստացած տույժը, 20.10.2006 թ. և 03.07.2007 թ. տրամադրվել է լրացուցիչ երկարատև տեսակցություն: Վերջին երկու խրախուսանքները տրվել են պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու գործընթացում: Նշանակված տույժերը համաձայն օրենքի մարվել են, սակայն դատապարտյալի վարքը գնահատելիս նրա կատարած իրավախախտումները ենթակա են ուսումնասիրության և գնահատման: Պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հնարավորության հարցը լուծելիս դատապարտյալի ուղղված լինելու մասին դատարանի հետևությունը պետք է հիմնված լինի քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի գտնված լինելու ամբողջ ժամանակահատվածում վերջինիս վարքի մասին տվյալների բազմակողմանի ուսումնասիրության վրա: Դատարանը պետք է մանրակրկիտ ուսումնասիրի պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները, և պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ օրենքի պահանջների ճշգրիտ և անշեղ կատարմամբ ապահովի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակների իրականացումը, այն է` պատժի ենթարկված անձին ուղղելը, սոցիալական արդարության վերականգնումը, ինչպես նաև հանցագործությունների կանխումը: Դատապարտյալի ուղղման մասին եզրակացությունը պետք է հիմնվի ոչ միայն պատժի կրման ընթացքում նրա վարքագծի, այլ նաև անձի և հանցագործության բազմակողմանի գնահատման վրա:

Այսպիսով, Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը, Արամայիս Հենրիկի Միրիբյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ իր 27.08.2007 թ. որոշմամբ, և ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը` այդ որոշումը անփոփոխ թողնելու վերաբերյալ իր 04.10.2007 թ. որոշմամբ, անտեսել են ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, ուստի այդ որոշումները օրինական և հիմնավորված չեն:

Ելնելով վերը շարադրվածից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արամայիս Հենրիկի Միրիբյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 27.08.2007 թ. որոշումը և այն անփոփոխ թողնելու վերաբերյալ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 04.10.2007 թ. որոշումը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 4-րդ կետի հիման վրա պետք է ամբողջությամբ բեկանել և փոփոխել` նկատի ունենալով, որ ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս նման փոփոխության, և դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի կիրառման օրենսդրական պայմանները Վճռաբեկ դատարանը մեկնաբանել է և այդ խնդրի վերաբերյալ իր իրավական դիրքորոշումն արտահայտել է նաև Իշխան Հովսեփի Ռուշանյանի վերաբերյալ 2007 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ ՎԲ-179 որոշմամբ:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Վճռաբեկ բողոքը բավարարել:

Բեկանել դատապարտյալ Արամայիս Հենրիկի Միրիբյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդությունը բավարարելու մասին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի օգոստոսի 27-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 4-ի որոշումները և «Կոշ» քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը մերժել:

Արամայիս Միրիբյանին տեղափոխել «Կոշ» քրեակատարողական հիմնարկ` պատիժը կրելու:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Տ. Սահակյան

Դատավորներ`

Դ. Ավետիսյան

Հ. Ասատրյան

Հ. Ղուկասյան

Մ. Սիմոնյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան