ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական |
Քաղաքացիական գործ թիվ 3-1789(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան | |
Դատավորներ՝ Վ. Ավանեսյան, Գ. Մատինյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Անտոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
|
Ս. Գյուրջյանի | |
|
Է. Հայրիյանի | |
|
Ս. Սարգսյանի |
2007 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 06.08.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ Կազմակերպության հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)՝ Ալիխանյան եղբայրների փողոցի Հ12 վայրում գտնվող 7604 քմ մակերեսով հողամասի նկատմամբ Կազմակերպության սեփականության իրավունքը գրանցելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է պարտավորեցնել Կադաստրին գրանցել Կազմակերպության սեփականության իրավունքը Ալիխանյան եղբայրների փողոցի Հ12 վայրում գտնվող 7604 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 15.03.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06.08.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները, որը հանգեցրել է քաղաքացիական գործի սխալ լուծման:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Կազմակերպությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի թիվ 98 որոշմամբ: ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի նույն թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 109 հրամանով հաստատվել են Կազմակերպությանը սեփականության իրավունքով փոխանցվող քոթեջները:
Երևանի քաղաքապետարանի և Կազմակերպության միջև 17.03.2003 թվականին կնքվել է թիվ 272/ԳԱ հողի վարձակալության պայմանագիրը, որով Կազմակերպության տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնվել Ալիխանյան եղբայրների փողոցի Հ12 վայրում գտնվող 7604,0քմ մակերեսով հողամասը՝ որպես քոթեջների զբաղեցրած տարածք:
Կազմակերպության սեփականության իրավունքը՝ քոթեջների նկատմամբ և վարձակալության իրավունքը՝ Ալիխանյան եղբայրների փողոցի Հ12 վայրում գտնվող 7604,0 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ստացել է պետական գրանցում, որի կապակցությամբ 29.07.2003 թվականին տրվել է թիվ 1637724 սեփականության իրավունքի գրանցման վկայականը:
Վերաքննիչ դատարանը 06.08.2007 թվականի վճիռը կայացնելիս չի գնահատել ներկայացված գրավոր ապացույցները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը կիրառելով սխալ մեկնաբանությամբ՝ հանգել է սխալ եզրակացության:
2) Դատարանը կիրառել է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև 9-րդ հոդվածի 2-րդ կետը և 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 04.10.2005 թվականի ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, 9-րդ հոդվածի 2-րդ կետի և 13 հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի ՊՈԱԿ-ի սեփականության իրավունքը գույքի նկատմամբ կարող է ծագել միայն ՀՀ կառավարության կողմից գույքի կազմը հաստատելուց հետո, տվյալ դեպքում կիրառելի չէ, քանի որ «Ա.Ի.Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփականության իրավունքը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում չընդգրկված հողամասի նկատմամբ ենթակա է ճանաչման օրենքի ուժով, մասնավորապես, «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 04.10.2005 թվականից գործող ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի պահանջների հիմքով: «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 04.10.2005 թվականի ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ «մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերից օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունք ձեռք բերած և այդ իրավունքները գրանցած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, սույն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում են հասարակական կամ արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար նախատեսված և սահմանված կարգով կառուցված, այդ թվում՝ կիսակառույց շենքերով, շինություններով զբաղեցված հողամասեր՝ անկախ շենքերի, շինությունների ավարտվածության աստիճանից»:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 06.08.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 15.03.2007 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
1) Կազմակերպությունն ստեղծվել է ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի թիվ 98 որոշմամբ:
2) Երևանի քաղաքապետարանի և Կազմակերպության միջև 17.03.2003 թվականին կնքվել է թիվ 272/ԳԱ հողի վարձակալության պայմանագիրը:
3) 17.03.2003 թվականին կնքված հողի վարձակալության պայմանագիրը ստացել է պետական գրանցում: Կազմակերպությանը տրվել է 29.04.2003 թվականի թիվ 1637724 սեփականության (վարձակալության) իրավունքի գրանցման վկայականը, ըստ որի` Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանում են Ալիխանյան եղբայրների փողոցի 12 հասցեում գտնվող 2160,1 քմ քոթեջներ, որոնք գտնվում են վարձակալության իրավունքով տրամադրված 0,7604 հա հողամասի վրա:
4) 19.01.2007 թվականին Կազմակերպությունը դիմում է ներկայացրել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Դավթաշենի տարածքային ստորաբաժանում՝ վարձակալության իրավունքով տրամադրված հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու համար:
5) 06.09.2006 թվականին Երևանի քաղաքապետարանի թիվ 18-06/2-7066 տեղեկանքի համաձայն՝ Կազմակերպությանը վարձակալության իրավունքով հանձնված 7604 քմ հողամասից 6632,0 քմ մակերեսն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, իսկ 972,0 քմ ընդգրկված է սահմանափակումների ցանկում:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) Բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կազմակերպության հիմնադիր (այսուհետ` հիմնադիր) կարող է հանդիսանալ միայն Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս կառավարության, իսկ 3-րդ կետի համաձայն՝ պետական կազմակերպությունը ստեղծվում է հիմնադրի որոշմամբ:
Նույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև պետական կազմակերպության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:
Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ նորմերը, դիմումի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ վեճի առարկա հողամասը հիմնադրի կողմից Կազմակերպությանը ոչ հիմնադրման և ոչ էլ հետագայում չի հանձնել, բացի այդ, այն չի հանդիսանում կազմակերպության կողմից իր գործունեության ընթացքում ձեռք բերված գույք:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես, օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն, 21.12.2006 թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով)):
Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե´ փաստական, և թե´ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման, վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը:
Մինչդեռ սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը հաստատված համարելով այն հանգամանքը, որ վեճի առարկա գույքը չի հանդիսանում կազմակերպության կողմից իր գործունեության ընթացքում ձեռք բերված գույք, չի նշվել, թե ինչի հիման վրա է հանգել նման հետևության:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանի վճիռը զուրկ է իրավական հիմնավորումից, և այս առումով այն չի կարող լինել օրինական, համոզիչ, ինչպես նաև հեղինակավոր:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, բնապահպանական և ոչ առևտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կազմակերպությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Պետական կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող:
«ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 04.10.2005 թվականի թիվ ՀՕ-199 ՀՀ օրենքի 23-րդ հոդված 1-ին կետի 2-րդ ենթակետի` մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերից օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունք ձեռք բերած և այդ իրավունքները գրանցած իրավաբանական և ֆիզիկական անձանց, ներառյալ օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով ձեռք բերված (բացառությամբ օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի)` սույն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում են հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար նախատեսված և սահմանված կարգով կառուցված, այդ թվում` կիսակառույց շենքերով, շինություններով զբաղեցրած հողամասերը` անկախ շենքերի, շինությունների ավարտվածության աստիճանից:
Վերոնշյալ հոդվածը չի նախատեսում որևէ բացառություն պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման համար:
Հիմք ընդունելով վերոնշյալը Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով Կազմակերպությունն ունենալով իրավաբանական անձի կարգավիճակ, որը իր գործունեության ընթացքում կարող է ձեռք բերել իրավունքներ և կրել պարտականություններ, օգտվում է «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 04.10.2005 թվականի թիվ ՀՕ-199 ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված սեփականության իրավունքի ձեռքբերման հնարավորությունից:
Այսինքն, Կազմակերպության կողմից «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 04.10.2005 թվականի թիվ ՀՕ-199 ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի ուժով սեփականության իրավունքի ձեռքբերումը «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով համարվում է Կազմակերպության գործունեության ընթացքում ձեռք բերված գույք:
Հաշվի առնելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև 9-րդ հոդվածի 2-րդ մասը և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը և չի կիրառել «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 04.10.2005 թվականի թիվ ՀՕ-199 ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը, որը պետք է կիրառեր:
2) Բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը բողոքում նշված ապացույցները ճիշտ է գնահատել: Գործի փաստական հանգամանքների վերաբերյալ Դատարանի հետևությունները համապատասխանում են գործով ձեռք բերված ապացույցներին:
Այսպիսով, բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք:
Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի քննության անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 06.08.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 15.03.2007 թվականի վճռին:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ՝ |
Ս. Անտոնյան |
Վ. Աբելյան | |
Ս. Գյուրջյան | |
Է. Հայրիյան | |
Ս. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|