Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.08.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.10.03/49(573)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.08.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ Արագածոտնի մարզի
առաջին ատյանի դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 3-1106 (Ա)
2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 2-482/2006 թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ՝

Հ. Մանուկյանի

 

մասնակցությամբ դատավորներ՝

Ա. Մկրտումյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի
Է. Հայրիյանի
Ս. Սարգսյանի

2007 թվականի օգոստոսի 1-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Վարանցով Ավագյանի և Սամվել Հեբոյանի վճռաբեկ բողոքն ըստ Սարգիս Մկրտչյանի դիմումի՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջի մասին թիվ 2-482 քաղաքացիական գործով ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 01.09.2007 թվականի վճռի դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Ս. Մկրտչյանը պահանջել է հաստատել 15.01.1991 թվականին կնքված պայմանագրով «Եռյակ» անասնապահական մթերքների արտադրության կոոպերատիվին վաճառված՝ Վերին Սասնաշեն համայնքում գտնվող անասնագոմն իր կողմից սեփականության իրավունքով տիրապետման իրավաբանական նշանակություն ունեցող փաստը:

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 01.09.2007 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել են Վ. Ավագյանը և Ս. Հեբոյանը:

Վճռաբեկ բողոքին ներկայացվել է պատասխան:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դատավարական իրավունքի խախտում:

Բողոք բերած անձն իր պնդումը հիմնավորել է հետևյալ փաստարկներով.

Վերին Սասնաշեն համայնքում սեփականաշնորհում չի կատարվել և տնտեսության ամբողջ գույքը՝ որպես համայնքային սեփականություն, անցել է համայնքին: Համայնքի ավագանու 02.10.1997 թվականի որոշմամբ վիճելի անասնագոմը վարձակալությամբ տրվել է Վ. Ավագյանին և Ս. Հեբոյանին:

Դատարանը գործի քննությանը չի ներգրավել Վերին Սասնաշեն համայնքի ղեկավարին և վիճելի անասնագոմը շուրջ 11 տարի փաստացի տիրապետողներ՝ Վարանցով Ավագյանին և Սամվել Հեբոյանին, որոնց իրավունքների վերաբերյալ վճիռ է կայացվել:

 

2) Դատարանը չի կիրառել ՀՀ Գերագույն խորհրդի «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքը կիրառելու մասին» 1991 թվականի փետրվարի 4-ին ընդունված թիվ 0251-1 որոշումը, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետը:

Բողոք բերած անձն իր պնդումը հիմնավորել է հետևյալ փաստարկներով.

Համայնքի գույքը սեփականաշնորհվում է սեփականաշնորհման հանձնաժողովի միջոցով: Սեփականաշնորհման գործընթացը ավարտվել է 1995 թվականին: Համայնքում սեփականաշնորհում չի կատարվել, հետևաբար, վիճելի գույքը համարվում է համայնքային սեփականություն, իսկ համայնքի սեփականությունը կարող է օտարվել միայն համայնքի ավագանու որոշմամբ:

 

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 01.09.2007 թվականի թիվ 2-482 քաղաքացիական գործով կայացրած վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները.

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դատավարական իրավունքի խախտման վերաբերյալ բողոքի հիմքն անհիմն է, քանի որ «Եռյակ» կոոպերատիվն անասնագոմը գնել է Վերին Սասնաշեն համայնքի անասնապահական խորհտնտեսությունից: Այդպիսի պայմաններում, եթե անասնագոմերը համայնքի սեփականություն չեն հանդիսանում, և չկա համայնքի հաշվեկշռում դրանց գտնվելու վերաբերյալ որևէ ապացույց, ապա տվյալ դեպքում գյուղապետարանին դատավարությանը մասնակից չդարձնելը դատավարական կարգի խախտում չէ: Հետևաբար, չեն խախտվել նաև «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքը կիրառելու մասին 1991 թվականի փետրվարի 4-ին ընդունված թիվ 0251-1 որոշումը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի պահանջները, քանի որ անասնագոմը համայնքի սեփականությունը չի հանդիսացել:

Սկսած 1994 թվականից՝ Սարգիս Մկրտչյանը բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ տիրապետում և օգտագործում է Վերին Սասնաշեն համայնքում գտնվող անասնագոմը: Բացի այդ, Վարանցով Ավագյանն ապօրինի է օգտագործել վիճելի անասնագոմի հյուսիսային մասը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

1) 08.10.1990 թվականին «Եռյակ» կոոպերատիվի կողմից 50.000 խորհրդային ռուբլի է փոխանցվել խորհրդային տնտեսության հաշվին՝ խոշոր եղջերավոր անասուններ գնելու նպատակով:

2) 15.01.1991 թվականին անասնապահական մթերքների արտադրության «Եռյակ» կոոպերատիվի և Թալինի շրջանի Վերին Սասնաշեն անասնապահական խորհտնտեսության միջև կնքվել է պայմանագիր, որով կողմերը պայմանավորել են, խորհտնտեսության հաշվին փոխանցված գումարը չվերադարձնել, և այն ձևակերպել որպես վաճառվող անասնագոմերի արժեք:

3) Համաձայն ՀՀ Արագածոտնի մարզպետարանի 20.03.2007 թվականի թիվ 437 գրության՝ համայնքի գույքը, համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի՝ «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքը կիրառելու մասին 1991 թվականի փետրվարի 4-ին ընդունված թիվ 0251-1 որոշման, սեփականաշնորհվում է սեփականաշնորհման հանձնաժողովի միջոցով, որի գործընթացը ավարտվել է 1995 թվականին: Վերին Սասնաշեն համայնքում սեփականաշնորհում չի կատարվել, և գույքը տեխնիկայի հետ միասին անցել է համայնքին որպես սեփականություն:

4) 02.17.1997 թվականի քաղվածքի թիվ 4 արձանագրությամբ որոշվել է հյուսիսային կողմի անասնագոմը մինչև դրա սեփականաշնորհումը վարձակալությամբ տրամադրել Ս.Հեբոյանին և Վ.Ավագյանին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

Դատարանը անասնագոմի նկատմամբ ճանաչել է բարեխիղճ տիրապետողներից մեկի սեփականության իրավունքը, սակայն բողոք բերած անձինք Վճռաբեկ դատարանին ներկայացրել են ապացույցներ այն մասին, որ 1996 թվականին Հ.Հակոբյանը և Վ.Ավագյանը վերանորոգել են հյուսիսային կողմի անասնագոմը, և 02.17.1997 թվականի քաղվածքի թիվ 4 արձանագրությամբ որոշվել է հյուսիսային կողմի անասնագոմը սահմանված վարձավճարով մինչև սեփականաշնորհումը տրամադրել Հ.Հակոբյանին և Վ.Ավագյանին, և տվյալ դեպքում Դատարանի կողմից անասնագոմի նկատմամբ Սարգիս Մկրտչյանի սեփականության իրավունքը ճանաչելն ուղղակիորեն առնչվում է իրենց իրավունքներին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված խախտումը հանգեցրել է բողոք բերած անձի՝ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի խախտման (իրավական հիմնավորումները տե´ս՝ 26.01.2007 թվականի թիվ 3-11(Ա) քաղաքացիական գործն ըստ «Կրեդիտ-Երևան» բանկի «Նորք» մասնաճյուղի հայցի ընդդեմ Գուրգեն Վարդանյանի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի և անձնական գույքի վրա տարածելու պահանջների մասին):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին: Նույն օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ դատական ակտերի վերանայման արդյունքում Վճռաբեկ դատարանը հայցը կամ դրա մի մասը թողնում է առանց քննության, եթե հայցն առանց քննության թողնելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ:

Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին հատուկ վարույթի կարգով քննվող գործերն այն գործերն են, որտեղ բացակայում է նյութաիրավական վեճը: Հատուկ վարույթի հիմնական տարբերությունը հայցային վարույթից կայանում է հենց իրավունքի մասին վեճի բացակայության մեջ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում իրավունքի վերաբերյալ վեճի առկայությունն ստուգելիս դատարանը պարտավոր է, տվյալ գործի հանգամանքներից ելնելով, պարզել, թե արդյոք նման փաստի հաստատումը կարող է որևէ կերպ ազդել այլ անձանց իրավունքների ծավալի վրա: Եթե հատուկ վարույթի կարգով հաստատվող փաստը առնչվում է այլ անձանց քաղաքացիաիրավական իրավունքներին կամ պարտականություններին (թեկուզ առերևույթ), ապա նշանակում է՝ առկա է իրավունքի մասին վեճ: Այսինքն՝ իրավունքի մասին վեճի առկայությունը կամ բացակայությունը փաստելու համար պարտադիր չէ անձանց միջև տվյալ պահին իրական իրավական վեճի առկայությունը կամ բացակայությունը, այլ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «իրավունքի մասին վեճի ծագում» արտահայտությունն իր մեջ ներառում է նաև իրավունքի մասին վեճի ծագման իրական հնարավորությունը, իսկ այդ հնարավորությունը միշտ առկա է այն դեպքերում, երբ հաստատվող իրավաբանական փաստը առնչվում է այլ անձանց իրավունքներին և պարտականություններին և կարող է ազդել դրանց ծավալի չափի կամ դրանց իրականացման հնարավորության վրա (իրավական հիմնավորումները տե´ս՝ Վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի թիվ 3-215(Ա) որոշումը՝ կայացված ըստ դիմումի Սաշա Պարոնյանի՝ ժառանգության ընդունման փաստը հաստատելու պահանջի մասին քաղաքացիական գործով):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վեճ է ծագել իրավունքի մասին, քանի որ քաղաքացիական գործի փաստերի համաձայն՝ դատարանի 01.09.2006 թվականի վճռով հաստատվել է Սարգիս Մկրտչյանի սեփականության իրավունքով գույքի տիրապետման իրավաբանական նշանակություն ունեցող փաստը: Իսկ սույն վճռաբեկ բողոքը բերած անձինք վիճարկում են այդ փաստը:

Նշված պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն՝ բեկանելով դատական ակտը և գործով ներկայացված դիմումը թողնելով առանց քննության:

 

2) Վճռաբեկ դատարանը դիմումը առանց քննության թողնելու պայմաններում սույն բողոքի երկրորդ հիմքին անդրադառնալը նպատակահարմար չի համարում:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելու, այն է՝ առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանելու և դիմումն առանց քննության թողնելու հիմք է:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 01.09.2007 թվականի վճիռը և դիմումը թողնել առանց քննության։

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ս. Գյուրջյան
Է. Հայրիյան
Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան