Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.08.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.10.03/49(573)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.08.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական վերաքննիչ

Քաղաքացիական գործ թիվ 3-1051 (ՎԴ)
2007 թ.

դատարանի վճիռ 

Քաղաքացիական գործ թիվ 07-17

Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան

  դատավորներ` Դ. Խաչատրյան

  Վ. Ավանեսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ՝

Հ. Մանուկյանի

 

մասնակցությամբ դատավորներ՝

Ա. Մկրտումյանի

Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի
Է. Հայրիյանի
Ս. Սարգսյանի

 

2007 թվականի օգոստոսի 1-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Հասմիկ Սահակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 02.02.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Զոյա Բաղդասարյանի ընդդեմ Հասմիկ Սահակյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, և Հասմիկ Սահակյանի հակընդդեմ հայցի՝ ընդդեմ Զոյա Բաղդասարյանի՝ 13.10.2005 թվականին կնքված համաձայնության նկատմամբ առոչինչ պայմանագրի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվոր Զոյա Բաղդասարյանը պահանջել է պատասխանող Հասմիկ Սահակյանից բռնագանձել 12.600.000 (տասներկու միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ գումար:

Հակընդդեմ հայցով Հասմիկ Սահակյանը պահանջել է 13.10.2005 թվականին կնքված «Միջնորդական» պայմանագրի նկատմամբ կիրառել առոչինչ պայմանագրի անվավերության հետևանքներ և Զոյա Բաղդասարյանին վտարել Երևանի Լեփսիուսի 10-րդ շենքի թիվ 3 բնակարանից:

Դատարանի 10.08.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:

Վերաքննիչ դատարանի 02.02.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:

 

Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է Հասմիկ Սահակյանը՝ Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Մնացական Ղազարյանի միջոցով։

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով՝

 

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ, 303-րդ և 304-րդ հոդվածները և կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, որպես ապացույց ներկայացված և քաղաքացիական գործին կցված մի շարք գրավոր փաստաթղթեր (ստացականներ, միջնորդական պայմանագիր, լիազորագիր) բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել, ինչի հետևանքով կայացրել է անհիմն վճիռ:

Վերաքննիչ դատարանը սխալ է գնահատել Հ. Սահակյանի առարկությունների հիմքում ընկած ապացույցները, որոնք ապացուցում են, որ վերջինս բնակարանի առուվաճառքի գործարքն ավարտին հասցնելու համար գործադրել է բոլոր ջանքերը:

Եթե վճարված գումարները հանդիսանում են նախավճար, ապա դատարանը պարտավոր էր մանրամասն քննություն կատարել՝ պայմանագիրը չկնքելու պատճառների և պատասխանողի կողմից պայմանագիրը կնքելու պարտավորությունից հրաժարվելու հանգամանքները պարզելու համար:

Վերաքննիչ դատարանի կողմից հակընդդեմ հայցը մերժվել է անհիմն պատճառաբանությամբ: Գործի հանգամանքներից, ինչպես նաև «միջնորդական» պայմանագրի բովանդակությունից երևում է, որ կողմերը կնքել են նախնական պայմանագիր և պարտավորվել են ապագայում վիճելի բնակարանի նկատմամբ կնքել առուվաճառքի հիմնական պայմանագիր, որոշել են վաճառքի գինը և տրվել է համապատասխան կանխավճար: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածի՝ հիմնական պայմանագիրը պետք է կնքվի նախնական պայմանագիրը կնքելու պահից մեկ տարվա ընթացքում, ինչին հայցվորը չի սպասել և դիմել է դատարան: Առուվաճառքի առարկան՝ բնակարանը, կողմերի որոշած օրը հանձնվել է գնորդին: Փաստորեն, կողմերը միջնորդական պայմանագրով, որն իր բովանդակությամբ նախնական պայմանագիր է, համաձայնության են եկել հիմնական պայմանագրի գրեթե բոլոր էական պայմանների շուրջ, սակայն չեն պահպանել նախնական պայմանագրի կնքման համար օրենքով սահմանված նոտարական ձևը, ինչը և այն դարձնում է առոչինչ:

Վերաքննիչ դատարանն ուշադրություն չի դարձրել նաև այն հանգամանքի վրա, որ այդ միջնորդական պայմանագրում առկա է հակասություն, այն է՝ պայմանագրի մի քանի կետերում նշված է, որ գնվող գույքի համար վճարվում է կանխավճար, սակայն նրանում սահմանված պահանջները վերաբերում են նախավճարին: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը գրավոր պայմանագրի մեջ նման հակասության առկայության պայմաններում, առանց խորանալու և վերլուծելու գործի էությունը, այն դիտել է որպես նախավճար: Մինչդեռ, նման վիճելի հանգամանքների պայմաններում, Վերաքննիչ դատարանը պետք է պարտավորեցներ կողմերին հետ վերադարձնել գործարքով իրենց ստացածը: Ստացվում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է պատասխանողին վճարել գումարի կրկնակի չափով, սակայն հայցվորի համար ոչ մի պարտավորություն չի սահմանել՝ բնակարանը թողնելով վերջինիս տիրապետմանը:

 

Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 02.02.2007 թվականի վճիռն ամբողջովին բեկանել և փոփոխել այն՝ հայցը մերժել, հակընդդեմ հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 13.10.2005 թվականին Հասմիկ Սահակյանի և Զոյա Բաղդասարյանի միջև կնքվել է «Միջնորդական» պայմանագիր, որի 1-ին կետի համաձայն՝ Վաճառողը պարտավորվել է պայմանագրին համապատասխան, իր սեփականությունը հանդիսացող՝ Լեփսիուսի փող. 10-րդ շենքի թիվ 3 հասցեի բնակարանը փոխանցել Գնորդին, իսկ վերջինս պարտավորվում է ընդունել այն և դրա դիմաց վճարել Վաճառողին 9.450.000 ՀՀ դրամ գումար, որը պայմանագրի ստորագրման պահից մնում է անփոփոխ:

2) Նույն պայմանագրի 5.1 կետի համաձայն՝ վաճառքից (սույն պայմանագրում նշված պայմաններից) հրաժարվելու դեպքում Վաճառողը պարտավորվում է Գնորդին վճարել կանխավճարի կրկնակի չափով գումար:

3) «Միջնորդական» պայմանագրի 5.2 կետի համաձայն՝ վաճառքից Գնորդի հրաժարվելու դեպքում կանխավճարը մնում է Վաճառողին:

4) «Միջնորդական» պայմանագրով նախատեսված կանխավճարը կազմել է 6.300.000 ՀՀ դրամ:

5) 13.10.2005 թվականին Հասմիկ Սահակյանի և Զոյա Բաղդասարյանի կողմից ստորագրվել է ստացական, որի համաձայն՝ Հասմիկ Սահակյանը Զոյա Բաղդասարյանից բնակարանի վաճառքի համար 14.000 (տասնչորս հազար) ԱՄՆ դոլար ստացել է կանխիկ գումար՝ մնացած 7.000 (յոթ հազար) ԱՄՆ դոլարը առուվաճառքից հետո ստանալու պայմանով (գ.թ.14):

6) «Միջնորդական» պայմանագիրը նոտարական վավերացում չի ստացել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման հիմքերով հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը պետք է յուրաքանչյուր ապացույց գնահատի գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է գնահատել Հասմիկ Սահակյանի և Զոյա Բաղդասարյանի միջև 13.11.2005 թվականին կնքված «Միջնորդական» պայմանագիրը, այն պատճառաբանությամբ, որ կողմերի միջև ըստ էության կնքվել է խառը պայմանագիր, որը պարունակում է նաև անշարժ գույքի առուծախի պայմանագրի տարրեր: Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և 562-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի միջև 13.11.2005 թվականին կնքված «Միջնորդական» պայմանագիրը անշարժ գույքի առուծախի մասով առոչինչ է, քանի որ պայմանագիրը նոտարական վավերացում չի ստացել:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին մասի՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից: Հետևաբար, Հասմիկ Սահակյանի և Զոյա Բաղդասարյանի միջև անշարժ գույքի առուծախի հետ կապված պարտավորական իրավահարաբերություններ չեն առաջացել: Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված կողմերի միջև չէր կարող առաջանալ նաև նախավճարի հետ կապված լրացուցիչ իրավահարաբերություն, քանի որ բացակայում է հիմնական՝ առուծախի իրավահարաբերությունը:

Նշվածով է պայմանավորված նաև սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման անթույլատրելիությունը:

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքում նշված հիմքերի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի 02.02.2007 թվականի վճիռը բեկանելու հիմք է հանդիսանում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Հասմիկ Սահակյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 02.02.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ս. Գյուրջյան
Է. Հայրիյան
Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան