Գլխավոր տեղեկություն
Համար
N 188
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (10.05.1998-27.07.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.06.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.06.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.06.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.07.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
24 հունիսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունիսի 1996 թվականի N 188

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում բժշկական և դեղագործական գործունեության պետական մասնագիտական լիցենզավորման մասին» N 36 որոշման կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում բժշկական և դեղագործական գործունեության պետական մասնագիտական լիցենզավորման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում բժշկական և դեղագործական գործունեության պետական մասնագիտական լիցենզավորման մասին» N 36 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունը`

որոշման 3-րդ կետի առաջին պարբերությունը «նախարարությունը» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով» բառերով.

որոշման երրորդ պարբերությունից հանել «կարգն ու պայմանները» բառերը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական լիցենզավորման կենտրոնի պահպանման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 1996 թվականի պետական բյուջեից հատկացվող միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 24-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1996 թվականի
հունիսի 24-ի N 188 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում բժշկական և դեղագործական գործունեության պետական մասնագիտական լիցենզավորման կարգը:

2. Սույն կարգը պարտադիր է Հայաստանի Հանրապետության տարածքում բժշկական և դեղագործական գործունեություն իրականացնող բոլոր ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից, կազմակերպական-իրավական տեսակից, գերատեսչական ենթակայությունից) և ֆիզիկական անձանց` բժիշկների, պրովիզորների, միջին բուժաշխատողների և դեղագործների համար:

3. Բժիշկները, պրովիզորները, միջին բուժաշխատողները և դեղագործները (այսուհետև` լիցենզավորվող անձինք), ովքեր ունեն համապատասխան կրթություն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության սահմանած կարգով մասնագիտական գիտելիքների և ունակությունների գնահատման հիման վրա ստանում են մասնագիտական գործունեության լիցենզիա` անկախ նրանց աշխատանքի վայրից:

4. Լիցենզավորվող անձինք, ովքեր իրականացնում են բժշկական և դեղագործական գործունեություն` որպես անհատ ձեռներեցներ, տվյալ մասնագիտական գործունեության համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության սահմանած պայմանների ապահովման դեպքում ստանում են նաև անհատ ձեռներեցի բժշկական կամ դեղագործական գործունեության լիցենզիա:

5. Ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները (այսուհետև` լիցենզավորվող հիմնարկներ) բժշկական և դեղագործական մասնագիտական որոշակի գործունեության համար անհրաժեշտ սանիտարատեխնիկական պայմանների և սարքավորումներով ու բուժգործիքներով ապահովվածության առկայության դեպքում ստանում են լիցենզիա:

6. Լիցենզավորվող հիմնարկների և անհատ ձեռներեցների (այսուհետև` լիցենզավորվող սուբյեկտներ) պետական մասնագիտական լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` հետևյալ ստորաբաժանումների միջոցով`

պետական լիցենզավորման կենտրոն (ՊԼԿ)

լիցենզավորման ճյուղային հանձնաժողովներ (ԼՃՀ)

լիցենզավորման կենտրոնական հանձնաժողով (ԼԿՀ)

Նշված ստորաբաժանումների կազմը և գործունեության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

7. Պետական լիցենզավորման կենտրոնը (ՊԼԿ) իրականացնում է լիցենզավորման աշխատանքների համակարգումը, համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը և լիցենզավորվող անձանց մասնագիտական գիտելիքների ստուգումը` համակարգչային թեստավորման ձևով:

8. Լիցենզավորման ճյուղային հանձնաժողովները (ԼՃՀ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության սահմանած կարգով տալիս են մասնագիտական եզրակացություն` լիցենզավորվող սուբյեկտների լիցենզավորման չափանիշներին համապատասխանության վերաբերյալ:

9. Լիցենզավորման կենտրոնական հանձնաժողովը (ԼԿՀ) համակարգչային թեստավորման արդյունքների և մասնագիտական եզրակացության հիման վրա որոշում է տալ լիցենզիա կամ մերժել լիցենզիա տալը:

10. Լիցենզիա տալը կարող է մերժվել սույն կարգին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության սահմանած լիցենզավորման պահանջներին և լիցենզավորման չափանիշներին լիցենզավորվող սուբյեկտի անհամապատասխանության դեպքում:

Լիցենզիա տալու մերժման որոշումը կարող է գանգատարկվել դատական կարգով:

11. Լիցենզավորման գործընթացն սկսվում է լիցենզավորվող սուբյեկտի կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության սահմանած լիցենզավորման համար պահանջվող փաստաթղթերի (համաձայն սույն կարգի N N 1, 2, 3 հավելվածների) ՊԼԿ-ին ներկայացմամբ:

Փաստաթղթերի ընդունումից հետո լիցենզավորվող անձինք անցնում են մասնագիտական գիտելիքների ստուգում` համակարգչային թեստավորման ձևով:

Լիցենզավորվող սուբյեկտների ներկայացրած փաստաթղթերը (լիցենզավորվող անձանց դեպքում` նաև համակարգչային թեստավորման արդյունքները) հանձնվում են համապատասխան ԼՃՀ-ին, որը սահմանված կարգով տալիս է մասնագիտական եզրակացություն:

ՊԼԿ-ի ներկայացրած թեստավորման արդյունքները և ԼՃՀ-ի մասնագիտական եզրակացությունը ներկայացվում է ԼԿՀ-ին, որը որոշում է տալ լիցենզիա կամ մերժել լիցենզիա տալը:

ԼԿՀ-ի որոշումներն իրավաբանական ուժ են ստանում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատվելուց հետո:

12. Լիցենզավորման վերաբերյալ որոշումն ընդունվում է ՊԼԿ-ին համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում, իսկ տեղերում մասնագիտական ուսումնասիրության անհրաժեշտության դեպքում` մինչև 2-ամսյա ժամկետում:

13. Այլ պետություններում բժշկական կամ դեղագործական կրթություն ստացած և Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական գործունեություն իրականացնող անձինք ենթակա են լիցենզավորման սույն կարգի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:

Միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերով իրականացվող մասնագիտական ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն հրավիրված օտարերկրյա մասնագետները նշված ծրագրերով բժշկական և դեղագործական գործունեություն իրականացնելու համար ենթակա չեն լիցենզավորման:

Ժամկետային զինվորական ծառայության զորակոչված բժշկական և դեղագործական աշխատողները ծառայությունն անցկացնելու ժամկետում համարվում են լիցենզավորված ըստ իրենց բժշկական և դեղագործական մասնագիտության` որպես զինծառայող մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար:

(13-րդ կետը լրաց. 01.04.97 N 59)

14. Լիցենզավորված սուբյեկտների մասնագիտական գործունեության համապատասխանությունը լիցենզիայի պահանջներին վերահսկում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

15. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել լիցենզավորված սուբյեկտի կողմից լիցենզիայի պահանջները խախտելու դեպքում:

Լիցենզիայի գործողության կասեցման որոշումն ընդունում է ԼԿՀ-ն` սահմանելով ժամկետ` թույլ տրված խախտումները վերացնելու համար:

Սահմանված ժամկետում խախտումները չվերացվելու դեպքում սույն կարգի համաձայն լիցենզիան ճանաչվում է անվավեր:

16. Լիցենզիան անվավեր է ճանաչվում լիցենզիայի պահանջներին և մասնագիտական որակավորման չափանիշներին լիցենզավորվող սուբյեկտի անհամապատասխանության դեպքում:

Լիցենզիան անվավեր ճանաչելու միջնորդությամբ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, պետական կառավարման տարածքային մարմինները, բժշկական և դեղագործական ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` այլ մարմիններ:

Լիցենզիան անվավեր ճանաչելու որոշումը սահմանված կարգով մեկամսյա ժամկետում կայացնում է ԼԿՀ-ն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը:

Լիցենզիան անվավեր ճանաչելու որոշումը կարող է գանգատարկվել դատական կարգով:

17. Լիցենզավորվող սուբյեկտն իրավունք ունի`

ստանալու անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր լիցենզավորման կարգի և ժամկետների մասին.

անցնելու մասնագիտական գիտելիքների կրկնակի ստուգում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության սահմանած կարգով և ժամկետներում.

մինչև գործող լիցենզիայի ժամկետի լրանալը դիմելու լիցենզավորման` թույլատրված գործունեության տեսակների և ծավալների ընդլայնման նպատակով:

18. Լիցենզավորվող սուբյեկտը պարտավոր է`

ներկայացնել լիցենզավորման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը.

հնարավորություն ընձեռնել տեղում մասնագիտական ուսումնասիրություն անցկացնելու համար.

լիցենզիա ստանալու համար մուծել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարը.

19. Մինչև սույն կարգի հաստատումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզիաները պահպանում են գործողության ուժը նրանցում սահմանված ժամկետներում: Այդ ժամկետը լրանալուց հետո լիցենզավորված սուբյեկտը ենթակա է լիցենզավորման` սույն կարգի համաձայն:

20. Նախկինում սահմանված կարգով բժշկական և դեղագործական գործունեություն իրականացնող այն անձինք, ովքեր ունեն մասնագիտական որակավորման կարգ, համարվում են լիցենզավորված տվյալ մասնագիտությամբ` մինչև որակավորման կարգի գործողության ժամկետի ավարտը և որակավորման կարգի շնորհման մասին հրամանի հիման վրա իրականացնում են մասնագիտական գործունեություն: Այդ ժամկետը լրանալուց հետո նշված անձինք ենթակա են լիցենզավորման` սույն կարգի համաձայն:

Այն անձանց համար, որոնց մասնագիտական որակավորման կարգի սահմանված ժամկետը լրանում է մինչև 1997 թվականի ապրիլի 1-ը, վերոհիշյալ ժամկետը երկարացվում է ևս մեկ տարով:

21. Նախկինում սահմանված կարգով բժշկական և դեղագործական գործունեություն իրականացնող այն բժիշկները և պրովիզորները, ովքեր չունեն մասնագիտական որակավորման կարգ, լիցենզավորվում են սույն կարգի համաձայն, և նրանց տրվում է լիցենզիա հետևյալ ժամկետներով`

մինչև 5 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ ունեցող անձանց` 3 տարի ժամկետով.

5-ից մինչև 10 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ ունեցող անձանց` 4 տարի ժամկետով.

10 տարուց ավելի մասնագիտական աշխատանքի ստաժ ունեցող անձանց` 5 տարի ժամկետով:

22. Նախկինում սահմանված կարգով պետական առողջապահական համակարգում մասնագիտական գործունեություն իրականացնող այն միջին բուժաշխատողները, ովքեր չունեն մասնագիտական որակավորման կարգ, համարվում են լիցենզավորված ըստ իրենց ստացած մասնագիտության, հետևյալ ժամկետներով`

մինչև 5 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ ունեցող անձինք` 2 տարի ժամկետով.

5-ից մինչև 7 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ ունեցող անձինք` 3 տարի ժամկետով.

7-ից մինչև 10 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ ունեցող անձինք` 4 տարի ժամկետով.

10 տարուց ավելի մասնագիտական աշխատանքի ստաժ ունեցող անձինք` 5 տարի ժամկետով:

Նշված ժամկետները լրանալուց հետո վերոհիշյալ անձինք ենթակա են լիցենզավորման` սույն կարգի համաձայն:

23. (կետն ուժը կորցրել է 31.03.98 N 212)

24. Այն մասնագիտությունների գծով, որոնց համար դեռևս չկան համակարգչային թեստավորման ծրագրեր, մինչև վերջիններիս ստեղծումը մասնագիտական գիտելիքների ստուգումն իրականացնում են ԼՃՀ-ները` ԼԿՀ-ի կողմից սահմանված քննության ձևով:

25. Մինչև մասնագիտական գործունեության նոր որակավորման բնութագրերի և չափանիշների ստեղծումը, լիցենզավորման համար որպես գնահատման չափանիշներ ընդունվում են գործող համապատասխան նորմատիվ ակտերում սահմանված պահանջները:

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետությունում բժշկական
և դեղագործական գործունեության պետական
մասնագիտական լիցենզավորման կարգի

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

մասնագիտական գործունեության լիցենզավորման համար լիցենզավորվող անձի կողմից ներկայացվող փաստաթղթերի

 

Առաջին անգամ լիցենզավորվող անձը ներկայացնում է`

1. Դիմում

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված ձևի հաշվառման թերթիկը` մեկ լուսանկարով

3. Սահմանված կարգով բժշկական կրթություն իրականացնելու իրավունք ունեցող ուսումնական հաստատության կողմից տրված ավարտական վկայականի (դիպլոմի) պատճենը

4. Սահմանված կարգով հետդիպլոմային մասնագիտացում իրականացնելու իրավունք ունեցող հաստատության կողմից տրված մասնագիտացման վկայականի պատճենը

5. Հետդիպլոմային կրթության այլ ձևերի վկայականների պատճենները

6. Մասնագիտական գործունեության այլ լիցենզիաների պատճենները

7. Աշխատանքային գրքույկի պատճենը

 

Երկրորդ և ավելի անգամ լիցենզավորվող անձը, ի լրումն վերը նշված փաստաթղթերի (բացառությամբ 5-րդ կետում նշվածի), ներկայացնում է նաև`

1. Նախորդ լիցենզիայի պատճենը (բնօրինակը ներկայացվում է հանձնաժողովի նիստին` անձամբ)

2. Նախորդ լիցենզիայի գործողության ժամանակահատվածում հետդիպլոմային կրթության (վերապատրաստման և կատարելագործման դասընթացներ, դասախոսություններ, սեմինարներ) մասին վկայականների և տեղեկանքների պատճենները:

3. Հաշվետվություն նախորդ լիցենզիայի գործողության ժամանակահատվածում մասնագիտական գործողության մասին` հաստատված հիմնարկի ղեկավարի կողմից

4. Հիմնարկի ղեկավարի կողմից տրված բնութագիրը

5. Գիտական աստիճանի վկայականի պատճենը:

 

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետությունում բժշկական
և դեղագործական գործունեության պետական
մասնագիտական լիցենզավորման կարգի

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

լիցենզավորման համար լիցենզավորվող հիմնարկի կողմից ներկայացվող փաստաթղթերի

 

Առաջին անգամ լիցենզավորվող հիմնարկի ղեկավարը ներկայացնում է`

1. Դիմում

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված ձևի հաշվառման թերթիկը

3. Հիմնարկի իրավական-կազմակերպական կարգավիճակի մասին փաստաթղթերի (հրաման, որոշում, պետական ռեգիստրի գրանցման վկայական, կանոնադրություն, պայմանագիր վարձակալության մասին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ հիմնադիր փաստաթղթեր) պատճենները

4. Հիմնարկի տարածքի հաստատված հատակագիծը

5. Տեղեկանք բժշկական սարքավորումներով և բուժգործիքներով հիմնարկի ապահովվածության մասին

6. Տեղեկանք հիմնարկի կառուցվածքի, գործառնական ստորաբաժանումների և հզորությունների մասին

7. Տեղեկանք պետական հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության կողմից

8. Տեղեկանք հիմնարկում իրականացվող մասնագիտական գործունեության տեսակների մասին

9. Հիմնարկի ունեցած մասնագիտական գործունեության այլ լիցենզիաների պատճենները:

 

Երկրորդ և ավելի անգամ լիցենզավորվող հիմնարկի ղեկավարը, ի լրումն վերը նշված փաստաթղթերի, ներկայացնում է նաև`

1. Նախորդ լիցենզիայի պատճենը (բնօրինակը ներկայացնում է հանձնաժողովի նիստին)

2. Հաշվետվություն նախորդ լիցենզիայի գործողության ժամանակահատվածում հիմնարկի մասնագիտական գործունեության մասին:

 

Հավելված N 3
Հայաստանի Հանրապետությունում բժշկական
և դեղագործական գործունեության պետական
մասնագիտական լիցենզավորման կարգի

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

անհատ ձեռներեցի լիցենզավորման համար ներկայացվող փաստաթղթերի

 

Առաջին անգամ լիցենզավորվող անհատ ձեռներեցը ներկայացնում է`

1. Դիմում

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված ձևի հաշվառման թերթիկը

3. Պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենը

4. Մասնագիտական գործունեության լիցենզիայի (լիցենզիաների) պատճենը

5. Անհատ ձեռներեցի գործունեության տարածքի հաստատված հատակագիծը

6. Տեղեկանք անհատ ձեռներեցի մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և բուժգործիքներով ապահովվածության մասին

7. Տեղեկանք պետական հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության կողմից:

 

Երկրորդ և ավելի անգամ լիցենզավորվող անհատ ձեռներեցը, ի լրումն վերը նշված փաստաթղթերի, ներկայացնում է նաև`

1. Անհատ ձեռներեցի նախորդ լիցենզիայի պատճենը (բնօրինակը ներկայացվում է հանձնաժողովի նիստին)

2. Հաշվետվություն նախորդ լիցենզիայի գործողության ժամանակահատվածում անհատ ձեռներեցի մասնագիտական գործունեության մասին:

(կարգը լրաց. 01.04.97 N 59, փոփ. 31.03.98 N 212)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.06.2002, N 867 27.07.2002, N 188
31.03.1998, N 212 10.05.1998, N 188
01.04.1997, N 59 01.05.1997, N 188
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան