Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-196-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (13.08.2022-06.04.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.12.06/73(1348) Հոդ.1210
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
15.11.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի նոյեմբերի 15-ին

 

 ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, անկախ կազմակերպական-իրավական ձևից՝ կազմակերպությունների, զինված ուժերի և այլ զորքերի գործունեությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի անցկացման հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2.

Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

 

1. Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից և ենթաօրենսդրական այլ նորմատիվ իրավական ակտերից:

 

Հոդված 3. Օրենքի հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) պաշտպանություն` Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը և անվտանգությունը, այդ թվում՝ քաղաքացիների պաշտպանվածությունը, ռազմական սպառնալիքներից ապահովելու նպատակով խաղաղ ժամանակ և ռազմական դրության պայմաններում քաղաքական, ռազմական, տնտեսական, տեղեկատվական, սոցիալական, իրավական և այլ բնույթի միջոցների կիրառման ու միջոցառումների իրականացման ընդհանրություն.

2) պաշտպանության ոլորտի քաղաքականություն` Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովման գերակայությունների սահմանում և իրականացում, այդ թվում՝ պաշտպանության ռազմավարական պլանավորման և պաշտպանության ռազմավարական վերանայման, ռազմավարական առաջնորդող փաստաթղթերի ընդունման միջոցով.

3) պաշտպանության ռազմավարական պլանավորում` ռազմական անվտանգության համակարգի կարողությունների և կառուցվածքի պլանավորմանն ու զարգացմանն ուղղված համընդգրկուն, աստիճանակարգված, հեռանկարին միտված և շարունակական գործընթաց.

4) պաշտպանության ռազմավարական վերանայում` անվտանգության միջավայրի, առկա և հավանական ռազմական սպառնալիքների, դրանց չեզոքացման հասանելի ռեսուրսների և հնարավորությունների համակողմանի գնահատման հիման վրա պաշտպանության ռազմավարական պլանավորման նպատակների և խնդիրների սահմանում.

5) պետության ռազմական անվտանգության համակարգ` պաշտպանության ոլորտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության, պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, զինված ուժերի, այլ զորքերի, զինված ուժերի միացյալ կազմավորումների, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի, աշխարհազորի, ինչպես նաև ռազմաարդյունաբերական համալիրի և ռազմական անվտանգության խնդիրների լուծման գործառույթներ իրականացնող, ներառյալ՝ զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների ամբողջություն.

6) զինված ուժեր` պետական ռազմական կառույց, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմական բաղադրիչը.

7) այլ զորքեր` ոստիկանության զորքեր, սահմանապահ զորքեր, պետական պահպանության ծառայություն և ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումներ.

8) զինված ուժերի միացյալ կազմավորումներ` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մասնակցությամբ ստեղծվող միջազգային ուժեր.

9) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժեր` քաղաքացիական պաշտպանության և փրկարարական ստորաբաժանումներ.

9.1) աշխարհազոր` քաղաքացիների կամավորության և տարածքային սկզբունքով զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ գործող ստորաբաժանումների համալիր, որում ընդգրկված քաղաքացիները մասնակցում են Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը.

10) ռազմաարդյունաբերական համալիր` գիտական, գիտաարտադրական, արտադրական և այլ բնույթի կազմակերպությունների ու պետական մարմինների համակարգ, որի գործունեությունն ուղղված է պետության ռազմատեխնիկական քաղաքականության կենսագործմանը.

11) զորահավաքային նախապատրաստություն` պետությունը զինված հարձակումից պաշտպանելու և պատերազմի ժամանակ զինված ուժերի և այլ զորքերի, տնտեսության ու բնակչության պահանջմունքները բավարարելու նպատակով պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական-իրավական ձևից՝ կազմակերպությունների կողմից և քաղաքացիների մասնակցությամբ խաղաղ ժամանակ իրականացվող միջոցառումների ամբողջություն.

12) զորահավաք` պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի, զինված ուժերը և այլ զորքերը պատերազմական ժամանակի կազմակերպման ու կազմի փոխադրելու միջոցառումների, քաղաքացիների զորահավաքային զորակոչի իրականացման համալիր.

13) պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործում (այսուհետ՝ ռազմատրանսպորտային պարտականություն)՝ խաղաղ և ռազմական դրության ժամանակ պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ու այլ զորքերը տրանսպորտային միջոցներով ապահովելու համար իրականացվող միջոցառումների համալիր.

14) զորահավաքային առաջադրանք` զինված ուժերի և այլ զորքերի, տնտեսության ու բնակչության պահանջմունքները պատերազմի ժամանակ բավարարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կազմակերպություններին առաջադրված պետական պատվեր:

(3-րդ հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-296-Ն, 28.10.20 ՀՕ-466-Ն)

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման ու իրականացման սկզբունքները

 

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը կազմակերպվում և իրականացվում է օրինականության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հարգման, զինված ուժերի գործունեության նկատմամբ ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության, պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց ընդգրկվածության սկզբունքների հիման վրա:

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպումը

 

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպումը խաղաղ ժամանակ ներառում է`

1) պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների սահմանումը.

2) ռազմական սպառնալիքի կանխատեսումը, գնահատումը և կանխարգելման միջոցառումների պլանավորումը.

3) պաշտպանության ոլորտի իրավական կարգավորումը.

4) անհրաժեշտ կառուցվածքով, թվակազմով, ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և այլ տեխնիկայով ու գույքով համալրված, բարձր մարտունակություն և պատրաստականություն ունեցող զինված ուժերի, այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության և փրկարարական ստորաբաժանումների ստեղծումը, զարգացումը, աշխարհազորի համակարգի ստեղծումը, ինչպես նաև դրանց ծավալման և կիրառման պլանավորումը.

5) զորահավաքային նախապատրաստությունը.

6) քաղաքացիների զինվորական հաշվառման կազմակերպումը, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացումը, պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպումը, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների ներգրավմամբ պահեստազորային պատրաստության միջոցառումների իրականացումը.

7) միջազգային համագործակցությունը և ռազմադիվանագիտական կարողությունների ընդլայնումը.

8) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումն ու իրականացումը.

9) ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը.

10) ռազմական գործի, ռազմական գիտության և ուսուցման կազմակերպումն ու զարգացումը.

11) զինված ուժերում մարդկային ռեսուրսների պլանավորումը և ներգրավումը.

12) պաշտպանության ոլորտում տեղեկատվական անվտանգության, կիբեռանվտանգության, պետական և ծառայողական գաղտնիքի պահպանման ապահովումը.

13) անհրաժեշտ քանակությամբ զենքի և ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի, պարենի և այլ նյութական պաշարների կուտակումը.

14) պաշտպանական ծախսերի պլանավորումը, ֆինանսավորումը և դրանց օգտագործման նկատմամբ վերահսկողությունը.

15) պաշտպանության ոլորտում գնումների գործընթացի արդյունավետ, թափանցիկ և մրցակցային սկզբունքներով իրականացումը.

16) հայրենասիրական դաստիարակության ապահովումը, ռազմամարզական բնույթի միջոցառումների կազմակերպմամբ բնակչության շրջանում առողջ ապրելակերպի խթանումը.

17) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովման ուղղությամբ այլ միջոցառումների իրականացումը:

2. Զորահավաքային նախապատրաստությունը ներառում է`

1) ռազմական անվտանգության համակարգի և տնտեսության զորահավաքային ծրագրերի ու պլանների մշակումը և հաստատումը.

2) ռազմական անվտանգության համակարգի, տնտեսության, բնակչության կենսաապահովման, կապի և տեղեկատվության համակարգերի գործունեությունը պատերազմական ժամանակաշրջանի աշխատանքային ռեժիմի փոխադրման պլանավորումը.

3) նյութական պահուստում անհրաժեշտ ապրանքների կուտակումը, դրանց պահպանումը և թարմացումը.

4) բնակչությանը ռազմական դրության ժամանակ մթերային և ոչ մթերային ապրանքներով, բժշկական սպասարկման, կապի ու տրանսպորտային միջոցներով ապահովող համակարգերի նախապատրաստումը.

5) պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում ու համապատասխան կազմակերպություններում զորահավաքային մարմինների ստեղծումը.

6) պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու համապատասխան կազմակերպությունների ղեկավարման պահեստային կետերի ստեղծումը և դրանց նախապատրաստումը.

7) քաղաքացիների կցագրումը զինված ուժերի պատերազմական ժամանակաշրջանի հաստիքներին, քաղաքացիների ամրագրումը.

8) տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության համակարգի համար անհրաժեշտ զորահավաքային հզորությունների և բնակչության պահանջմունքները բավարարող արտադրությունների ստեղծումը, զարգացումն ու պահպանումը.

9) զորահավաքային պլանների կատարման, զինված ուժերի և այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի զորահավաքային ծավալման, աշխարհազորի պատրաստության, պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, տնտեսության, բնակչության կենսաապահովման, կապի ու տեղեկատվության համակարգերի գործունեությունը պատերազմական ժամանակաշրջանի աշխատանքային ռեժիմի փոխադրման ապահովման նպատակով ուսումնավարժական հավաքների ու պարապմունքների անցկացումը.

10) պետության զորահավաքային պատրաստվածության վիճակի և իրականացման գործընթացի գնահատումը:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպումը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության և ռազմական գործողությունների պայմաններում ներառում է`

1) Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության, պետական սահմանի անձեռնմխելիության և բնակչության նկատմամբ ոտնձգությանը զինված դիմակայությունը.

2) պատերազմի և (կամ) ռազմական դրության հայտարարումը, ընդհանուր կամ մասնակի զորահավաքի անցկացումը.

3) զինված ուժերի, այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի փոխադրումն անհրաժեշտ մարտական պատրաստականության վիճակի, պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի, աշխարհազորի կիրառումը: Ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ այլ զորքերը, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերն անցնում են զինված ուժերի հրամանատարության օպերատիվ ենթակայության ներքո.

4) պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, տնտեսության, բնակչության կենսաապահովման, կապի և տեղեկատվության համակարգի գործունեության փոխադրումը պատերազմական ժամանակաշրջանի աշխատանքային ռեժիմի: Ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ կապի և տեղեկատվության ամբողջ համակարգը` իր ենթակառուցվածքներով, ներառյալ` ռադիոհաճախականության ռեսուրսը, ապահովում է պաշտպանության շահերից բխող խնդիրների առաջնահերթ իրականացումը.

5) զորահավաքային զորակոչի իրականացումը.

6) զինված ուժերի կարիքների համար հաշվառված տրանսպորտային, կապի և այլ միջոցների, անհրաժեշտ տեխնիկայի ու սարքավորումների ներգրավումը.

7) նյութական պահուստի միջոցներով զորահավաքային կարիքների բավարարումը.

8) բնակչության կենսաապահովման համար անհրաժեշտ միջոցների նորմավորված մատակարարումը.

9) աշխատունակ բնակչության հավաքագրումը պաշտպանական կամ թիկունքային ապահովման աշխատանքների կատարման համար.

10) «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ միջոցառումների իրականացումը:

4. Պաշտպանության խնդիրներ լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են տեղակայվել օտարերկրյա պետությունների զինվորական կազմավորումներ և ստորաբաժանումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները կարող են ընդգրկվել զինված ուժերի միացյալ խմբավորման կազմում կամ գտնվել միավորված հրամանատարության ներքո:

5. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով զինված ուժերի ստորաբաժանումները կարող են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնակցել խաղաղապահ կամ ռազմական գործողությունների:

(5-րդ հոդվածը լրաց. 28.10.20 ՀՕ-466-Ն)

 

ԳԼՈՒԽ 2

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 6. Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լիազորությունները

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ կարող է ընդունել պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին որոշում.

2) օրենքով սահմանված կարգով վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում ռազմական բնույթի միջազգային պայմանագրերը.

3) իրականացնում է պաշտպանության ոլորտի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված գործառույթների շրջանակներում՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին համապատասխան:

 

Հոդված 7. Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության քաղաքականությունը, այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ կամ ռազմական գործողությունների մասնակցության մասին.

2) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված դեպքերում և կարգով հայտարարում է ռազմական դրություն.

3) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով առաջարկություն է ներկայացնում պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում լուծում է պատերազմ հայտարարելու հարցը.

4) առաջարկություններ է ներկայացնում Հանրապետության նախագահին` պաշտպանության ոլորտի միջազգային պայմանագրեր կնքելու վերաբերյալ.

5) հաստատում է`

ա. պաշտպանական պետական պատվերը և դրա ձևավորման կարգը,

բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունները,

գ. զինված ուժերի կառուցվածքը և հաստիքային թվաքանակը,

դ. զինվորական հաշվառման, նախազորակոչային պատրաստության կարգերը, զինվորական հաշվառման մասնագիտությունների ցանկը,

ե. պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների անցկացման, զինապարտների բժշկական և զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգերը,

զ. սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման և շահագործման (ծախսի) նորմաների ու շահագործման ժամկետների սահմանման կարգը,

է. սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու և դրանց օտարման կամ ոչնչացման կարգը.

6) զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառում՝

ա. ռազմական դրություն հայտարարելու դեպքում, ըստ անհրաժեշտության, որոշում է ընդունում ընդհանուր կամ մասնակի զորահավաք հայտարարելու և զորահավաքային զորակոչ անցկացնելու մասին,

բ. որոշումներ է կայացնում զինված ուժերի կիրառման պլանը գործողության մեջ դնելու միջոցով կամ այլ եղանակով զինված ուժերի կիրառման մասին,

գ. հաստատում է պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրելու պլանը, կարգն ու պայմանները,

դ. հաստատում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը,

ե. հաստատում է զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների ցանկը,

զ. սահմանում է կազմակերպությունների հետ զորահավաքային առաջադրանքների (պատվերների) վերաբերյալ պայմանագրեր կնքելու կարգը,

է. սահմանում է պետությունը պաշտպանության նախապատրաստելու, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի գործընթացում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների մասնակցությամբ մարզումների անցկացման կարգը, այդ ուղղությամբ որոշումներ է ընդունում մարզումներ անցկացնելու մասին.

7) իրականացնում է պաշտպանության ոլորտում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

(7-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-296-Ն, լրաց. 07.10.20 ՀՕ-451-Ն, խմբ. 07.07.22 ՀՕ-334-Ն)

(07.07.22 ՀՕ-334-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 8. Պաշտպանության ոլորտում Անվտանգության խորհրդի լիազորությունները

 

1. Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում՝

1) իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում և վերանայում.

2) հաստատում է՝

ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանը,

բ. ռազմական պլանավորման կանոնակարգը,

գ. զինված ուժերի և այլ զորքերի զորանոցաբնակելի ֆոնդի զարգացման ծրագրերը,

դ. զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների և դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը.

3) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանը ներառում է՝

1) պաշտպանության պլանի մտահղացումը.

2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառման պլանը` ծավալման և զորահավաքային պլաններով.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը.

4) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զարգացման պլանը.

5) Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը.

6) Հայաստանի Հանրապետության սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը:

(8-րդ հոդվածը խմբ., լրաց. 07.07.22 ՀՕ-334-Ն)

(07.07.22 ՀՕ-334-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 9.

Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության վարչապետի լիազորությունները

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետը՝

1) համակարգում է պետական կառավարման մարմինների գործունեությունը պաշտպանության ոլորտում.

2) Հանրապետության նախագահին է ներկայացնում առաջարկություններ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններում նշանակելու և պաշտոններից ազատելու, բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու վերաբերյալ.

3) պաշտպանության հարցերով Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է միջազգային հարաբերություններում.

4) Հայաստանի Հանրապետությանն սպառնացող անմիջական վտանգի և (կամ) զինված հարձակման դեպքում՝

ա. հրավիրում է Անվտանգության խորհրդի նիստ,

բ. քննարկում է պետությունն անհրաժեշտ պատրաստականության աստիճանների բերելու, ռազմական դրություն կամ պատերազմ հայտարարելու, զինված ուժերի կիրառման պլանը գործողության դնելու, ընդհանուր կամ մասնակի զորահավաք հայտարարելու նպատակահարմարության հետ կապված հարցերը,

գ. կառավարության կողմից զինված ուժերի կիրառման մասին որոշում կայացնելու անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջարկությամբ կայացնում է որոշում զինված ուժերի կիրառման պլանը գործողության մեջ դնելու մասին՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին,

դ. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում և կարգով իրավիճակի մասին իրազեկում է դաշնակից և գործընկեր պետություններին,

ե. իրականացնում է սպառնալից իրավիճակից բխող այլ անհրաժեշտ գործողություններ.

5) պատերազմ հայտարարվելու դեպքում, որպես զինված ուժերի գերագույն հրամանատար, ընդունում է պատերազմական ժամանակի քաղաքական և ռազմական բնույթի որոշումներ.

6) իրականացնում է պաշտպանության ոլորտում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 10.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության լիազորությունները

 

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը`

1) մասնակցում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների, ներառյալ` ռազմավարական առաջնորդող փաստաթղթերի մշակմանն ու վերանայմանը.

2) իր լիազորությունների սահմաններում ուսումնասիրում և գնահատում է ռազմաքաղաքական իրադրությունը, ռազմական սպառնալիքների և Հայաստանի Հանրապետության պաշտպանվածության աստիճանը, իրականացնում է ռազմաքաղաքական և պաշտպանական ոլորտներում հետախուզական գործունեության կազմակերպումն ու ապահովումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում և միջնաժամկետ ծախսային ծրագրերում պաշտպանության ծախսերի վերաբերյալ.

4) վերահսկում է զինված ուժերի և այլ զորքերի մարտական պատրաստության, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորահավաքային ռեսուրսների հաշվառման ու հավաքագրման, զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության, զինվորական կարգապահության և հայրենասիրական դաստիարակության գործընթացը.

5) ապահովում է զինված ուժերի զարգացման պլանով սահմանված միջոցառումների իրականացումը.

6) վարում է զինվորական հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգ.

7) իրականացնում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցառումների, զորահավաքային զորակոչի անցկացումը, զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրման գործընթացը.

8) իր լիազորությունների սահմաններում վերահսկողություն է իրականացնում զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների և ստորաբաժանումների` սպառազինության ու ռազմական տեխնիկայի պաշարների կուտակմանն ու բաշխմանն ուղղված գործունեության նկատմամբ.

9) իրականացնում է զինված ուժերի կարիքների համար սպառազինության ու ռազմական տեխնիկայի, պարենային, իրային և այլ ունեցվածքի ու նյութական պաշարների գնումները, կառավարում է զինված ուժերի զորանոցաբնակելի ֆոնդը, հսկողություն է իրականացնում զինված ուժերի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի այլ մարմինների կողմից ֆինանսական միջոցների ծախսման և նյութատեխնիկական միջոցների և ունեցվածքի օգտագործման նկատմամբ.

10) կազմակերպում է զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի, այլ նյութատեխնիկական միջոցների պահեստային տնտեսության կառավարման և այդ միջոցների կենտրոնացված փոխադրումների գործընթացը.

11) ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի ֆինանսական կառավարման և հսկողության, ներառյալ՝ հաշվապահական հաշվառման, ակտիվների և պարտավորությունների կառավարման համակարգերի առկայությունը, առաջարկություն է ներկայացնում հաշվապահական հաշվառումը կարգավորող լիազոր պետական մարմին՝ որպես հիմնական միջոց դասակարգված սպառազինության և ռազմական տեխնիկայի, այլ նյութատեխնիկական միջոցների մաշվածության հաշվարկման նորմատիվային օգտակար ծառայության ժամկետների վերաբերյալ.

12) օրենքով սահմանված կարգով ապահովում է զինված ուժերում օրինականության պահպանումը, հանցագործությունների կանխարգելումը և պետական գույքի պահպանությունը.

13) մշակում և իրականացնում է զինված ուժերի անձնակազմի ծառայողական առաջխաղացումն ապահովող կադրային քաղաքականությունը, իր իրավասության սահմաններում ապահովում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանությունը.

14) ապահովում է պաշտպանության ոլորտի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման և ընդունման գործընթացը.

15) իր լիազորությունների սահմաններում կազմակերպում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների միջև համագործակցությունը ռազմական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական և ռազմատնտեսական բնագավառներում.

16) ապահովում է ռազմական ուսուցման կազմակերպման գործընթացը և աջակցում է ռազմական գիտության զարգացման գործընթացներին, մասնակցում է հանրային տեղեկատվության ոլորտում և կրթության զարգացման պետական ծրագրերում ընդգրկելու համար բնակչության հայրենասիրական դաստիարակության չափորոշիչների մշակմանը, իրականացնում է պաշտպանության ոլորտում հանրային իրազեկում.

17) իրականացնում է պաշտպանության ոլորտում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը`

1) պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացնում է պաշտպանության նախարարության և զինված ուժերի ղեկավարումը, ապահովում է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը.

2) կազմակերպում և վերահսկում է զինված ուժերի ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող այլ մարմինների և կազմակերպությունների գործունեությունը.

3) համակարգում է զինված ուժերի կիրառման գործընթացը՝ զինված ուժերի կիրառման պլանի համաձայն.

4) հաստատում է զինված ուժերի մարտական և շարային կանոնադրությունները, զինվորական հաշվառումը վարելու հրահանգը, հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների թվաքանակը.

5) հաստատում է զինծառայողների կողմից մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն իրականացնելու, զենքի, ռազմամթերքի, ռազմական այլ գույքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների ու նյութերի հետ վարվելու և պահպանության, տրանսպորտային միջոցների և մարտական տեխնիկայի վարման ու շահագործման, թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները, զինծառայողների որակավորումների տեսակները և դրանց շնորհման կարգը.

6) սահմանում է սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման և շահագործման (ծախսի) նորմաներն ու ժամկետները.

7) սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության շրջանակներում զինծառայողներին սեփականության իրավունքով հատկացվող և սեփականության իրավունքով հատկացման ոչ ենթակա բնակելի տարածությունների ծառայողական ֆոնդի ցանկերը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընդունում է զինծառայողներին սեփականության իրավունքով բնակելի տարածությունների հատկացման մասին հրամաններ.

8) սահմանում է Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններում սպայական կազմի պատրաստության կարգը, ռազմաուսումնական հաստատությունների ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և ներկայացնելու ժամկետները, ռազմաուսումնական հաստատություններից սովորողներին ազատելու (հեռացնելու), վերականգնելու կամ նույն կուրսում թողնելու կարգը.

9) ներկայացնում է առաջարկություններ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններում նշանակելու և պաշտոններից ազատելու, բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու վերաբերյալ.

10) իրեն կից ստեղծում է խորհրդակցական մարմիններ՝ նախարարության կոլեգիա ու հասարակական խորհուրդ, և հաստատում է դրանց աշխատակարգերը.

11) հաստատման է ներկայացնում`

ա. զինված ուժերի կառուցվածքը և թվաքանակը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունները,

բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում ներառվող՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերին վերաբերող պլաններն ու ծրագրերը,

գ. զինվորական հաշվառման, նախազորակոչային պատրաստության կարգերը, ինչպես նաև զինվորական հաշվառման մասնագիտությունների, ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը,

դ. զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների և դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը.

12) իրականացնում է պաշտպանության ոլորտում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում կառավարչական իրավահարաբերությունները կարգավորվում են օրենքով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ի պաշտոնե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոնները կարող են հանդիսանալ նաև զինվորական ծառայության բարձրագույն հրամանատարական խմբի պաշտոններ, որոնց թիվը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

(10-րդ հոդվածը լրաց., փոփ. 16.07.20 ՀՕ-383-Ն, լրաց. 28.10.20 ՀՕ-466-Ն, խմբ. 07.07.22 ՀՕ-334-Ն)

(հոդվածը գործում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից` համաձայն 07.07.22 ՀՕ-334-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի)

(07.07.22 ՀՕ-334-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 11. Պաշտպանության ոլորտում պետական և տարածքային կառավարման մարմինների լիազորությունները

 

1. Պետական կառավարման համակարգի մարմիններն իրենց իրավասությունների սահմաններում`

1) մշակում են զորահավաքային պլաններ և ապահովում են դրանց կատարումը, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն են ներկայացնում իրենց համակարգման ոլորտների զորահավաքային առաջադրանքների ծավալները և զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների ցանկերը.

2) ստեղծում են զորահավաքային մարմիններ և կառավարման պահեստային կետեր.

3) պլանավորում են իրենց ոլորտներում քաղաքացիական պաշտպանության միջոցառումները և ապահովում դրանց իրականացումը.

4) մասնակցում են զորահավաքային նախապատրաստության շրջանակներում կազմակերպվող ուսումնավարժական հավաքներին և պարապմունքներին.

5) իրականացնում են իրենց համակարգերում աշխատող պահեստազորայինների ամրագրումը.

6) ապահովում են իրենց համակարգերի գործունեության փոխադրումը պատերազմական ժամանակաշրջանի աշխատանքային ռեժիմի.

7) մասնակցում են քաղաքացիների զինվորական հաշվառման, պահեստազորային պատրաստության միջոցառումների իրականացման գործընթացին.

8) զորահավաքային նախապատրաստության շրջանակներում և զորահավաքի ժամանակ օժանդակում են զինվորական կոմիսարիատներին զորահավաքային խնդիրների լուծմանը.

9) ապահովում են զորահավաքի ժամանակ զորահավաքային զորակոչի ենթակա քաղաքացիներին ծանուցելը, տրանսպորտային միջոցները հավաքակայան կամ զորամասեր առաքելը, զորահավաքային պլանների համաձայն` շենքեր, կառույցներ և հողամասեր, հաղորդակցության, տրանսպորտային և այլ նյութական միջոցներ տրամադրելը.

10) իրականացնում են իրենց համակարգերի տեղեկատվական անվտանգության ապահովումը.

11) իրականացնում են պաշտպանության ոլորտում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

2. Տարածքային կառավարման մարմիններն իրենց իրավասությունների սահմաններում`

1) տարածքային կառավարման մակարդակում իրագործում են պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը.

2) մշակում են զորահավաքային պլաններ և ապահովում են դրանց կատարումը.

3) ստեղծում են զորահավաքային մարմիններ.

4) մասնակցում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցառումների և զորահավաքային զորակոչի իրականացման, զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրման գործընթացին.

5) մասնակցում են զորահավաքային նախապատրաստության շրջանակներում կազմակերպվող ուսումնավարժական հավաքներին և պարապմունքներին.

6) իրականացնում են մարզպետարաններում աշխատող պահեստազորայինների ամրագրումը.

7) ապահովում են մարզպետարանների գործունեության փոխադրումը պատերազմական ժամանակաշրջանի աշխատանքային ռեժիմի.

8) պաշտպանության նպատակով իրականացնում են մարզի վարչական տարածքի և հաղորդակցության ուղիների նախապատրաստման միջոցառումներ, աջակցում են զինված ուժերի զորահավաքային ծավալմանը.

9) մասնակցում են մարզի վարչական տարածքի օպերատիվ սարքավորմանն ու օժանդակում դրա իրագործմանը.

10) մարզի վարչական տարածքում ապահովում և կազմակերպում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը.

11) զորահավաքային նախապատրաստության շրջանակներում և զորահավաքի ժամանակ օժանդակում են զինվորական կոմիսարիատներին զորահավաքային խնդիրների լուծմանը.

12) ապահովում են զորահավաքի ժամանակ զորահավաքային զորակոչի ենթակա քաղաքացիներին ծանուցելը, տրանսպորտային միջոցները հավաքակայան կամ զորամասեր առաքելը, զորահավաքային պլանների համաձայն` շենքեր, կառույցներ և հողամասեր, հաղորդակցության, տրանսպորտային և այլ նյութական միջոցներ տրամադրելը.

13) իրականացնում են պաշտպանության ոլորտում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

(11-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-334-Ն)

(07.07.22 ՀՕ-334-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 12.

Պաշտպանության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները

 

1. Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների սահմաններում՝

1) մշակում են զորահավաքային պլաններ և ապահովում են դրանց կատարումը.

2) ստեղծում են զորահավաքային մարմիններ.

3) աջակցում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցառումների և զորահավաքային զորակոչի իրականացմանը, զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրմանը.

4) մասնակցում են զորահավաքային նախապատրաստության շրջանակներում կազմակերպվող ուսումնավարժական հավաքներին և պարապմունքներին.

5) իրականացնում են համայնքներում աշխատող պահեստազորայինների ամրագրումը.

6) ապահովում են համայնքների գործունեության փոխադրումը պատերազմական ժամանակաշրջանի աշխատանքային ռեժիմի.

7) պաշտպանության նպատակով իրականացնում են համայնքի վարչական տարածքի և հաղորդակցության ուղիների նախապատրաստման միջոցառումներ, աջակցում են զինված ուժերի զորահավաքային ծավալմանը.

8) համայնքի վարչական տարածքում ապահովում և կազմակերպում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը.

9) զորահավաքային նախապատրաստության շրջանակներում և զորահավաքի ժամանակ օժանդակում են զինվորական կոմիսարիատներին զորահավաքային խնդիրների լուծմանը.

10) ապահովում են զորահավաքի ժամանակ զորահավաքային զորակոչի ենթակա քաղաքացիներին ծանուցելը, տրանսպորտային միջոցները հավաքակայան կամ զորամասեր առաքելը, զորահավաքային պլանների համաձայն` շենքեր, կառույցներ և հողամասեր, հաղորդակցության, տրանսպորտային և այլ նյութական միջոցներ տրամադրելը.

11) իրականացնում են պաշտպանության ոլորտում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

 

ԳԼՈՒԽ 3

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 13. Պաշտպանության ոլորտում կազմակերպությունների պարտականությունները

 

1. Կազմակերպությունները պարտավոր են`

1) կազմակերպել և անցկացնել զորահավաքային նախապատրաստության իրենց վերաբերող միջոցառումները.

2) ստեղծել զորահավաքային մարմիններ կամ նշանակել այդ գործունեությունն իրականացնող պատասխանատու աշխատողներ.

3) իրենց իրավասության սահմաններում մշակել զորահավաքային պլաններ.

4) զորահավաքային առաջադրանքների շրջանակներում սահմանված կարգով մատուցել ռազմական նշանակության արտադրանքի թողարկման, վերանորոգման, մատակարարման և այլ բնույթի ծառայություններ.

5) ձեռնարկել միջոցներ զորահավաքի և պատերազմի ժամանակ զորահավաքային առաջադրանքների կատարումն ապահովելու համար արտադրությունը նախապատրաստելու ուղղությամբ.

6) զորահավաքային պլանների համաձայն` կուտակել, պահպանել և ժամանակին թարմացնել նյութական պահուստի ապրանքները.

7) խաղաղ ժամանակ և ռազմական դրության պայմաններում ապահովել պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման հետ կապված գործընթացի իրականացումը, ինչպես նաև օժանդակել զինվորական կոմիսարիատներին զինվորական հաշվառման, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, զորահավաքային խնդիրների իրականացման գործընթացում.

8) մասնակցել քաղաքացիական պաշտպանության խնդիրների իրագործման և զորահավաքային նախապատրաստության շրջանակներում կազմակերպվող ուսումնավարժական հավաքներին և պարապմունքներին.

9) իրականացնել կազմակերպություններում աշխատող պահեստազորայինների ամրագրումը.

10) զորահավաք հայտարարվելու դեպքում`

ա. միջոցներ ձեռնարկել արտադրությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրելու ուղղությամբ,

բ. ապահովել զորահավաքային պլաններով նախատեսված տեխնիկայի առաքումը հավաքակայան կամ զորամասեր,

գ. իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող քաղաքացիներին ծանուցել զինվորական ծառայության զորակոչվելու մասին և ապահովել զորամասեր կամ հավաքակայան նրանց ներկայանալը,

դ. զորահավաքային պլանների համաձայն՝ պաշտպանության կարիքների համար տրամադրել սեփականության իրավունքով իրենց պատկանող շարժական և անշարժ գույք, ներառյալ` տրանսպորտային և այլ նյութական միջոցներ՝ օրենքով սահմանված կարգով համարժեք փոխհատուցմամբ:

2. Կազմակերպություններն իրավունք չունեն հրաժարվելու պետության պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված զորահավաքային առաջադրանքների (պատվերների) վերաբերյալ պայմանագրեր կնքելուց, եթե, հաշվի առնելով արտադրության զորահավաքային ծավալումը, նրանց հնարավորությունները թույլ են տալիս կատարել այդ զորահավաքային առաջադրանքները (պատվերները):

3. Խաղաղ ժամանակ հանրապետության կապի և տեղեկատվության ամբողջ համակարգի (իր ենթակառուցվածքներով), ներառյալ` ռադիոհաճախականության ռեսուրսի գործունեությունն իրականացվում է` հաշվի առնելով պաշտպանության շահերից բխող խնդիրների առաջնահերթությունը, և համակարգի զարգացումը Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի պետական լիազոր մարմնի միջոցով համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ:

 

Հոդված 14. Պաշտպանությանը քաղաքացիների մասնակցությունը և նրանց պարտականությունները

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն օրենքով սահմանված կարգով մասնակցում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը`

1) զինվորական հաշվառման, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցով.

2) պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու, զորահավաքային զորակոչի կանչվելու միջոցով.

3) քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին ներգրավվելու միջոցով.

4) ռազմական դրության ժամանակ պաշտպանության կարիքների համար սեփականության իրավունքով իրենց պատկանող շարժական և անշարժ գույքը, ներառյալ` տրանսպորտային և այլ նյութական միջոցները տրամադրելու միջոցով՝ օրենքով սահմանված կարգով համարժեք փոխհատուցմամբ:

2. Քաղաքացիները պարտավոր են օրենքով սահմանված կարգով`

1) կանգնել զինվորական հաշվառման, զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության, մասնակցել կազմակերպվող վարժական հավաքներին և զինվորական վարժանքներին.

2) կատարել զինվորական կոմիսարիատների կողմից տրված ծանուցումների, զորահավաքային կարգադրագրերի և կարգադրությունների պահանջները.

3) զորահավաք հայտարարվելու դեպքում`

ա. զինվորական կոմիսարիատների ծանուցագրերում, զորահավաքային կարգադրագրերում և կարգադրություններում նշված ժամկետներում ներկայանալ զորահավաքային զորակոչի,

բ. առանց համապատասխան զինվորական կոմիսարիատի թույլտվության` չբացակայել իրենց բնակության վայրից,

գ. մասնակցել պաշտպանական բնույթի աշխատանքների կատարմանը:

 

ԳԼՈՒԽ 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ, ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ԱՅԼ ԶՈՐՔԵՐԸ

 

Հոդված 15. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը

 

1. Զինված ուժերի նպատակն է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմական բաղադրիչի ապահովումը:

2. Զինված ուժերի խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության վրա հնարավոր զինված հարձակման կանխումը, կասեցումը, լարվածության օջախի չեզոքացումը, ռազմական գործողությունների իրականացումը, հրադադարի կամ հաշտության պարտադրումը` զինված ուժերի մասնակի կամ լրիվ ծավալմամբ.

2) մասնակցությունն արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներին ու քաղաքացիական պաշտպանության, տարահանման, որոնողափրկարարական, փրկարարական, վթարավերականգնողական, ինչպես նաև օրենքով սահմանված այլ միջոցառումների.

3) ռազմական սպառնալիքների բացահայտումը և դրանց դիմակայումը.

4) սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական ռեսուրսների անհրաժեշտ մարտական ու զորահավաքային հնարավորությունների ապահովումը.

5) օպերատիվ կիրառման և զորահավաքային ծավալման պլանների կատարումը.

6) միջազգային պայմանագրերով սահմանված պարտավորությունների կատարման նպատակով մասնակցությունը խաղաղապահ կամ այլ գործողությունների.

7) մասնակցությունը դիվերսիոն-հետախուզական և ահաբեկչական գործողությունների կանխմանն ու չեզոքացմանը.

8) մասնակցությունը տեղեկատվական անվտանգության ապահովման գործընթացին:

3. Զինված ուժերը կազմված են զինվորական կառավարման կենտրոնական մարմնից՝ զինված ուժերի գլխավոր շտաբից, զինվորական կառավարման այլ մարմիններից, զորամիավորումներից, միավորումներից, զորատեսակներից և զորամասերից, զինվորական հաստատություններից և զինվորական այլ կազմավորումներից: Պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ զինված ուժերի կազմում ընդգրկվում են նաև այլ զորքերը, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը: Զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ գործում է աշխարհազորը:

4. Զինված ուժերի համալրումը մարդկային ռեսուրսներով իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության, զորահավաքային զորակոչի միջոցով:

5. Զինված ուժերի կիրառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և զինված ուժերի կիրառման պլանով սահմանված կարգով:

6. Զինված ուժերի կողմից ռազմական սպառնալիքներին դիմակայման շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ընդ որում, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, նախապես ստանալով պաշտպանության նախարարի հաստատումը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հնարավորին չափ արագ իրազեկելով նրան կայացրած որոշման մասին, կարող են որոշում կայացնել զինված ուժերի սահմանափակ, անհետաձգելի, արագ արձագանքման և (կամ) հատուկ առաջադրանք կատարելու նպատակով առանձին ստորաբաժանումների և միջոցների օգտագործման վերաբերյալ: Այդպիսի որոշումների կայացման, ինչպես նաև դրանց արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին` Հայաստանի Հանրապետության վարչապետի սահմանած պարբերականությամբ և կարգով:

7. Անմիջական պատասխան գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության, զինված հարձակումը կասեցնելու և (կամ) դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցումը կանխելու անհրաժեշտության դեպքում ստորաբաժանման գործողությունների մասին որոշումը կայացնում է տեղում գտնվող ամենաբարձրաստիճան հրամանատարը` նախապես համաձայնեցնելով այդպիսի որոշումներն ըստ վերադասության, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հնարավորին չափ սեղմ ժամկետում զեկուցելով վերադաս ղեկավարությանը կայացրած որոշման մասին: Բոլոր նման դեպքերում ձեռնարկվող քայլերը պետք է լինեն համաչափ և սահմանափակվեն անմիջական վերահաս վտանգը կանխելու նպատակով:

8. Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն, զինված ուժերում և այլ զորքերում կուսակցությունների, միավորումների, կրոնական կազմակերպությունների և արհեստակցական միությունների ստեղծումը, ինչպես նաև զորամասերի, զինվորական կազմակերպությունների, ռազմաուսումնական հաստատությունների տարածքում կուսակցական կամ կրոնական քարոզչությունն արգելվում են: Զինված ուժերում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գործունեությունը կարգավորվում է օրենքով:

(15-րդ հոդվածը լրաց. 28.10.20 ՀՕ-466-Ն)

 

Հոդված 16. Զինված ուժերի ղեկավարումը

 

1. Զինված ուժերը գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ենթակայության ներքո:

2. Զինված ուժերի ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:

3. Զինված ուժերի անմիջական հրամանատարը զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է, որը հանդիսանում է զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը: Ոչ պատերազմական ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին: Պատերազմի ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է զինված ուժերի գերագույն հրամանատարին: Այդպիսի ուղիղ ենթակայությունը չի ձևափոխում զինված ուժերի գերագույն հրամանատարի կողմից չկարգավորված հարցերում զինված ուժերի ղեկավարումն իրականացնող և դրանց նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունն ապահովող Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ենթակայությունը:

4. Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշանակվում է հինգ տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում:

 

Հոդված 17. Զինված ուժերի գլխավոր շտաբը

 

1. Զինված ուժերի գլխավոր շտաբը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը ենթակա մարմին է:

2. Զինված ուժերի գլխավոր շտաբը`

1) հանդիսանում է զինված ուժերի, իսկ ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ՝ նաև այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի օպերատիվ կառավարման մարմինը.

2) ապահովում է զինված ուժերի ծավալումը և ռազմական դրության ու պատերազմի ժամանակ զինված ուժերի և այլ զորքերի կիրառումը՝ զինված ուժերի կիրառման պլանի համաձայն.

3) պատասխանատու է զինված ուժերի օպերատիվ, զորահավաքային և մարտական պատրաստության, մարտական և զորահավաքային պատրաստականության, զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության, զինվորական կարգապահության և հայրենասիրական դաստիարակության գործընթացի ապահովման համար.

4) իր լիազորությունների սահմաններում պատասխանատու է զինված ուժերի օպերատիվ, տեխնիկական և թիկունքային ապահովման համար.

5) իր լիազորությունների սահմաններում իրականացնում է զինված ուժերը ռազմական տեխնիկայով, սպառազինությամբ և նյութական այլ միջոցներով ընթացիկ ու հեռանկարային կարիքների և այդ միջոցների բաշխման պլանավորման գործընթացը.

6) իրականացնում է հավանական պատերազմի և ռազմական գործողությունների վարման ձևերի ու եղանակների, ռազմական սպառնալիքների կանխատեսումը, գնահատումը և կանխարգելման միջոցառումների պլանավորումը.

7) իրականացնում է հետախուզական գործունեություն պաշտպանության և անվտանգության նպատակով.

8) ապահովում է զինված ուժերում տեղեկատվական անվտանգության կազմակերպման գործընթացը, պետական գաղտնիքի պահպանման միջոցառումների իրականացումը.

9) ապահովում է պահեստազորային պատրաստության, աշխարհազորի պատրաստության և կիրառման պլանավորումն ու իրականացումը.

10) խաղաղ ժամանակ կազմակերպում է զինված ուժերի կապի և տեղեկատվության համակարգի գործունեությունն ու զարգացումը, պլանավորում և ապահովում է դրա կիրառումը ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ.

11) համակարգում է այլ զորքերի և ռազմական դրության ժամանակ ստեղծվող հատուկ ստորաբաժանումների զորահավաքային պատրաստությունը, վերահսկում է դրանց զորահավաքային պատրաստականությունը.

12) կազմակերպում և ղեկավարում է զինված ուժերում գյուտարարական և նորարարական աշխատանքները.

13) իր իրավասության սահմաններում, միջազգային պայմանագրերին համապատասխան, իրականացնում է միջազգային ռազմական համագործակցություն օտարերկրյա պետությունների զինված ուժերի և միջազգային կազմակերպությունների հետ.

14) մասնակցում է`

ա. զինված ուժերի կադրային քաղաքականության մշակմանը և իր լիազորությունների շրջանակներում դրա իրականացմանը,

բ. ռազմագիտական և ռազմակրթական ծրագրերի մշակմանը.

15) իր իրավասության շրջանակներում աջակցում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության ապահովման գործընթացին.

16) իրականացնում է պաշտպանության ոլորտում օրենքով սահմանված այլ լիազորություններ:

3. Զինված ուժերի գլխավոր շտաբում կառավարչական իրավահարաբերությունները կարգավորվում են օրենքով: Զինված ուժերի գլխավոր շտաբը ղեկավարում է զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ունի տեղակալներ, որոնք նշանակվում են զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների և զորատեսակների գործունեության կառավարման ու համակարգման ուղղություններով:

4. Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը`

1) ղեկավարում է զինված ուժերի գլխավոր շտաբի գործունեությունը, պատասխանատու է զինված ուժերի գլխավոր շտաբի խնդիրների իրականացման և գլխավոր շտաբի կողմից զինված ուժերի կառավարման համար.

2) ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հանձնարարականների և ցուցումների կատարումը, զինվորական կառավարման ոլորտում իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս կարգադրություններ, հանձնարարականներ ու ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ զինված ուժերի գլխավոր շտաբի անունից, ինչպես նաև տալիս է զինված ուժերի գլխավոր շտաբի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

3) իր իրավասության սահմաններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է զինված ուժերի գլխավոր շտաբի և զինված ուժերի զինվորական և այլ ծառայողների (աշխատողների), շնորհում է զինվորական կոչումներ, ինչպես նաև իր իրավասության սահմաններում կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

4) իրականացնում է հսկողություն գլխավոր շտաբին ամրացված պետական սեփականություն հանդիսացող գույքի պահպանության և նպատակային օգտագործման նկատմամբ.

5) զինված ուժերի գլխավոր շտաբի միջոցով մշակում և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին է ներկայացնում`

ա. առաջարկություններ` պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների, ռազմավարական առաջնորդող փաստաթղթերի, պետական բյուջեում և միջնաժամկետ ծախսային ծրագրերում զինված ուժերի պահպանման ծախսերի վերաբերյալ,

բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում ներառվող Հայաստանի Հանրապետության զինված ուժերին վերաբերող պլանները և ծրագրերը, զինված ուժերի կառուցվածքը և թվաքանակը,

գ. զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունը և հաստիքային թվաքանակը,

դ. զինծառայողների կողմից մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն իրականացնելու, զենքի, ռազմամթերքի, ռազմական այլ գույքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների ու նյութերի հետ վարվելու և պահպանության, տրանսպորտային միջոցների և մարտական տեխնիկայի վարման ու շահագործման, թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների, զինծառայողների որակավորումների տեսակների և դրանց շնորհման կարգի սահմանման վերաբերյալ առաջարկություններ,

ե. սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման և ծախսի նորմաների, շահագործման ժամկետների վերաբերյալ առաջարկություններ,

զ. զինվորական հաշվառման, նախազորակոչային պատրաստության կարգերի, մարտական և շարային կանոնադրությունների, զինվորական հաշվառումը վարելու հրահանգի, ինչպես նաև զինվորական հաշվառման մասնագիտությունների, ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկերի վերաբերյալ առաջարկություններ,

է. քաղաքացիական պաշտպանության պլանավորման վերաբերյալ առաջարկություններ.

6) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

(17-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-296-Ն, փոփ., լրաց. 16.07.20 ՀՕ-383-Ն, լրաց. 28.10.20 ՀՕ-466-Ն, խմբ. 07.07.22 ՀՕ-334-Ն)

(հոդվածը գործում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից` համաձայն 07.07.22 ՀՕ-334-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի)

(07.07.22 ՀՕ-334-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 18. Այլ զորքերը

 

1. Այլ զորքերի ղեկավարման և կառավարման գործառույթները խաղաղ ժամանակ օրենքով սահմանված կարգով իրականացնում են համապատասխան պետական լիազոր մարմինները:

2. Այլ զորքերն իրենց իրավասությունների շրջանակներում`

1) մասնակցում են զինված ուժերի` իրենց մասով կիրառման պլանների մշակմանը և ապահովում դրանց կիրառումը.

2) զինված ուժերի կազմում մասնակցում են Հայաստանի Հանրապետության նկատմամբ անմիջական սպառնալիքի չեզոքացմանը կամ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակմանը դիմակայելուն.

3) մասնակցում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին.

4) պաշտպանության բնագավառում իրականացնում են սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

3. Այլ զորքերի համալրումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

4. Այլ զորքերի ստեղծումը, կառավարումը և գործունեությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենքների հիման վրա:

5. Այլ զորքերի նյութական միջոցների զորային պաշարների կուտակման պլանավորումը, շարանումը, տեղավորումը և պահպանումը խաղաղ ժամանակ իրականացնում են համապատասխան պետական լիազոր մարմինները, իսկ պատերազմի ժամանակ նյութական միջոցներով ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

 

ԳԼՈՒԽ 5

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆ ԿՑԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԱՄՐԱԳՐՈՒՄԸ

 

Հոդված 19. Զինապարտությունը

 

1. Զինապարտությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու` քաղաքացիների սահմանադրական պարտականությունն է:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զինապարտությունն ընդգրկում է`

1) զինվորական հաշվառումը.

2) զինվորական ծառայությանը նախապատրաստությունը.

3) զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայությունը.

4) զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայությունը.

5) պահեստազորում հաշվառումը և պահեստազորային պատրաստությունը:

3. Քաղաքացիների զինվորական ծառայությանը նախապատրաստությունը, զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայությունը, պահեստազորում հաշվառումը և պահեստազորային պատրաստությունը սահմանվում են օրենքով:

 

Հոդված 20. Զինապարտության կատարման ապահովումը

 

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական-իրավական ձևից՝ գործատու կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների պաշտոնատար անձինք պարտավոր են`

1) սահմանված կարգով վարել զինապարտների գրանցամատյանը, զինվորական հաշվառման ենթակա անձանց ցուցակները ներկայացնել նրանց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ, ինչպես նաև տրամադրել համայնքի բնակության վայրի հաշվառումից հանվելու կամ աշխատանքի (ուսումնական հաստատություն) ընդունվելու, տեղափոխվելու, ազատվելու (հեռացվելու) վերաբերյալ տվյալները.

2) համապատասխան զինվորական կոմիսարիատի պահանջով զինապարտներին ծանուցել զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին.

3) զինապարտներին ազատել աշխատանքից կամ արձակել ուսումից` պարտադիր զինվորական ծառայության կամ զինվորական կոմիսարիատի ծանուցագրում նշված անհրաժեշտ ժամանակով:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինները պարտավոր են`

1) զինապարտներին անձնագիր, նույնականացման քարտ տալու կամ փոխանակելու (բացառությամբ օտարերկրյա պետություններում բնակվող պահեստազորում հաշվառված կամ սույն օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կամ 3-րդ կետի համաձայն՝ զինվորական հաշվառումից հանված անձանց), ըստ բնակության վայրի հաշվառելու կամ հաշվառումից հանելու գործողությունները կատարել նրանց զինվորական փաստաթղթերում համապատասխան զինվորական կոմիսարիատի կողմից զինվորական հաշվառման վերաբերյալ նշումների առկայության դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

2) զինվորական կոմիսարիատներին աջակցել զինապարտներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու, վարժական հավաքների կամ հրամանատարաշտաբային, շտաբային վարժանքների, զորավարժությունների ներգրավելու գործընթացում:

3. Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները յոթ աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր են համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել նախորդ ամսում հաշմանդամության խումբ տրված զինապարտների մասին:

4. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները պարտավոր են յոթ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել քաղաքացիական կացության ակտերում զինապարտ քաղաքացու ազգանվան, անվան, հայրանվան, ծննդյան տարեթվի փոփոխության, ինչպես նաև մահվան գրանցման մասին:

5. Նախաքննության մարմինները պարտավոր են յոթ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել այն զինապարտների (բացառությամբ պահեստազորում հաշվառված կամ սույն օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կամ 3-րդ կետի համաձայն՝ զինվորական հաշվառումից հանված անձանց) մասին, որոնց նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում:

6. Քրեակատարողական հիմնարկները պարտավոր են յոթ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված և (կամ) ուղղիչ հիմնարկում պատժի կրումից ազատված զինապարտների (բացառությամբ պահեստազորում հաշվառված կամ սույն օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կամ 3-րդ կետի համաձայն՝ զինվորական հաշվառումից հանված անձանց) մասին:

7. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինները պարտավոր են`

1) Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատից ստացված իրազեկման հիման վրա իրենց հյուպատոսական տարածաշրջանում հյուպատոսական հաշվառման կանգնած պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա անձին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցել դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայանալու համար և ներկայացած անձանց ստորագրությամբ ծանուցագիր հանձնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու մասին.

2) իրենց հյուպատոսական տարածաշրջանում հյուպատոսական հաշվառման կանգնած զինապարտի վերաբերյալ տվյալները երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրել Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին.

3) իրենց իրավասությունների շրջանակներում աջակցել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա անձանց վերադարձին Հայաստանի Հանրապետություն:

(20-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-231-Ն)

 

Հոդված 21. Քաղաքացիների զինվորական հաշվառումը

 

1. Զինվորական հաշվառումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զինապարտության ապահովման նպատակով հաշվառման ու հանրապետության զորակոչային, վարժահավաքային և զորահավաքային ռեսուրսների վերլուծության պետական համակարգ է:

2. Զինվորական հաշվառում իրականացնում են`

1) զինապարտի մշտական բնակության վայրի զինվորական կոմիսարիատը.

2) Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը` Հայաստանի Հանրապետությունում ըստ բնակության վայրի հաշվառում չունեցող և հյուպատոսական հաշվառման վերցված զինապարտներինը:

3. Զինվորական հաշվառման ենթակա են տվյալ տարվա ընթացքում 16 տարին լրացող արական սեռի քաղաքացիները:

4. Զինվորական հաշվառման են վերցվում նաև 18 տարին լրացած և զինվորական մասնագիտություն ստացած կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիները: Սահմանված ժամկետում զինվորական հաշվառում չանցած քաղաքացիների զինվորական հաշվառումն իրականացվում է սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով: Զինվորական հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Զինապարտների զինվորական հաշվառման լրիվությունն ապահովելու նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, անկախ կազմակերպական-իրավական ձևից՝ գործատու կազմակերպություններն ու ուսումնական հաստատությունները վարում են աշխատող կամ սովորող, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները` նաև համայնքում բնակվող զինապարտների վերաբերյալ գրանցամատյան, որի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Զինվորական հաշվառման նպատակով զինվորական կոմիսարիատում կազմվում է զինապարտի անձնական գործ, որում մուտքագրվում են զինապարտի ծննդյան և անձնագրային, անհրաժեշտ կենսաչափական, հաշվառման վայրի, ընտանեկան դրության, կրթության, աշխատանքային գործունեության, առողջական վիճակի, դատվածության վերաբերյալ տվյալները, ինչպես նաև ներառվում են այդ տվյալների վերաբերյալ համապատասխան բնօրինակ փաստաթղթերը կամ դրանց պատճենները: Տվյալների միասնականությունը և համակարգված կիրառումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վարում է զինվորական հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

7. Զինվորական հաշվառումից հանվում են`

1) օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձինք.

2) օրենքով սահմանված պահեստազորում գտնվելու սահմանային տարիքի հասած քաղաքացիները.

3) մահացած կամ օրենքով սահմանված կարգով մահացած ճանաչված քաղաքացիները:

8. Անձին զինվորական հաշվառման վերցնելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը զինվորական հաշվառման գրքույկն է, որի ձևը և լրացման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող զինվորական հաշվառման կարգում:

 

Հոդված 22. Զինվորական հաշվառման գործընթացում քաղաքացիների պարտականությունները

 

1. Քաղաքացիները պարտավոր են սույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տարիքը լրանալուց հետո զինվորական հաշվառման համար ներկայանալ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ:

2. Զինվորական ծառայությունից օրենքով սահմանված կարգով արձակված քաղաքացիները պարտավոր են յոթ աշխատանքային օրվա ընթացքում ներկայանալ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ` զինվորական հաշվառման կանգնելու համար:

3. Հաշվառման վայրը փոխելու դեպքում զինապարտները զինվորական հաշվառման կանգնելու համար պարտավոր են ներկայանալ համապատասխան զինվորական կոմիսարիատ հաշվառման նոր վայր ժամանելուց հետո` յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

4. Զինվորական ծառայության ընթացքում ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված և պատիժ կրած անձինք պարտավոր են պատժի կրումից ազատվելու պահից յոթ աշխատանքային օրվա ընթացքում ներկայանալ հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ զինվորական հաշվառման կանգնելու համար:

5. Սույն հոդվածով սահմանված զինվորական հաշվառման պարտականությունների խախտումը քաղաքացիների համար հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

 

Հոդված 23. Քաղաքացիների պահեստազորային կցագրումը և զորահավաքային ամրագրումը

 

1. Պահեստազորում հաշվառված քաղաքացիները, իրենց ունեցած ռազմահաշվառական մասնագիտությանը համապատասխան, զինվորական կոմիսարիատների կողմից կցագրվում են զինված ուժերի պատերազմական ժամանակաշրջանի հաստիքների՝ զորահավաքային զորակոչի միջոցով զինված ուժերի համալրումն ապահովելու նպատակով: Քաղաքացիների պահեստազորային կցագրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:

2. Զորահավաքային ամրագրումը զորահավաքային ռեսուրսների հաշվառման և վերլուծության հատուկ համակարգ է, որն իրականացվում է ռազմական դրության և զորահավաքի ժամանակ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների բնականոն գործունեությունն ապահովելու և բնակչության կենսական պահանջմունքները բավարարելու նպատակով:

3. Ամրագրվում են պահեստազորում հաշվառված և պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում, զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպություններում աշխատող՝ համապատասխան տարիք, մասնագիտություն ունեցող կամ պաշտոն զբաղեցնող այն քաղաքացիները, որոնց աշխատանքը համապատասխան մարմինների բնականոն գործունեությունը չխաթարելու համար չի կարող դադարեցվել զորահավաքի ժամանակ:

4. Ամրագրված քաղաքացիները խաղաղ ժամանակ ենթակա չեն կանչվելու վարժական հավաքների, զինվորական վարժանքների և զորավարժությունների, իսկ զորահավաքի ժամանակ՝ զորահավաքային զորակոչի:

5. Զորահավաքային ամրագրման կազմակերպման և իրականացման կարգը, ինչպես նաև ամրագրման ենթակա մասնագիտություններն ու պաշտոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(23-րդ հոդվածը փոփ., լրաց. 07.07.22 ՀՕ-334-Ն )

(07.07.22 ՀՕ-334-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

ԳԼՈՒԽ 6

ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ, աշխարհազորը
(վերնագիրը լրաց. 28.10.20 ՀՕ-466-Ն)

Հոդված 24. Զորահավաքային մարմինները

 

1. Հայաստանի Հանրապետության պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, զորահավաքային առաջադրանքներ կատարող կազմակերպություններում ստեղծվում են զորահավաքային մարմիններ:

2. Զորահավաքային մարմինները կազմակերպում են համապատասխան մարմիններում զորահավաքային նախապատրաստությունը, զորահավաքային պլանների համաձայն՝ զորահավաքի ժամանակ իրականացնում են զինված ուժերի և այլ զորքերի համալրումն ու նյութատեխնիկական ապահովումը, օժանդակում են համապատասխան մարմինների գործունեության փոխադրմանը պատերազմական ժամանակաշրջանի աշխատանքային ռեժիմի, իրականացնում են աշխատող պահեստազորայինների զորահավաքային ամրագրումը:

3. Զորահավաքային մարմինների խնդիրները, գործունեության կարգը, ենթակայությունը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են այդ մարմինների օրինակելի կանոնադրությամբ, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Զորահավաքային մարմինների ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 25. Զորահավաքային պահուստը

 

1. Զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային կարիքները բավարարելու նպատակով նյութական պահուստում կուտակվում է անհրաժեշտ քանակով նյութական արժեքների պաշար` զորահավաքային պահուստ:

2. Զորահավաքային պահուստի կուտակման, թարմացման, օգտագործման և հաշվառման կարգը սահմանվում է օրենքով:

 

Հոդված 26. Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի ֆինանսավորումը և զորահավաքային նախապատրաստության գործընթացին խթանելը

 

1. Զորահավաքային նախապատրաստությունը և զորահավաքը ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների պետական աջակցությունն իրականացվում է բյուջետային ֆինանսավորման գործիքներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 27. Ռազմատրանսպորտային պարտականությունը

 

1. Ռազմատրանսպորտային պարտականությունը խաղաղ և ռազմական դրության ժամանակ տարածվում է պետական ու տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպությունների, ռազմական դրության ժամանակ` նաև անհատ ձեռնարկատերերի և քաղաքացիների վրա (այսուհետ` ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններ) և իրականացվում է ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին ամրացված կամ սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների (բացառությամբ անձնական օգտագործման թեթև մարդատար ավտոմոբիլների) վերաբերյալ տեղեկությունների հավաքման և այդ տրանսպորտային միջոցների ներգրավման միջոցով: Սույն մասի համաձայն՝ տրանսպորտային միջոց են համարվում մարդկանց կամ բեռ կամ վրան տեղադրված սարքավորում փոխադրելու համար օգտագործվող մեխանիկական տրանսպորտային միջոցները (այդ թվում` քարշակները, կցորդները, տրակտորներն ու ինքնագնաց մեխանիզմները, մոտոցիկլետները, հատուկ նշանակություն ունեցող ամբարձիչ, խողովակաշարային, ճանապարհաշինարարական տրանսպորտը և մեխանիզմները), որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Ռազմատրանսպորտային պարտականությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների և նրանց ներկայացուցչությունների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց վրա:

3. Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկությունների հավաքումը և այդ տրանսպորտային միջոցների ներգրավումն իրականացնում են տարածքային զինվորական կոմիսարիատները:

4. Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկությունների հավաքման շրջանակներում՝

1) տրանսպորտային միջոցների պետական հաշվառում իրականացնող իրավասու պետական լիազոր մարմինը տրանսպորտային միջոցների հաշվառման (այդ թվում` վերահաշվառման, հաշվառումից հանելու կամ հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվության) տվյալները ամիսը մեկ փոխանցում է համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ.

2) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն իրականացնող կազմակերպությունները զննություն անցած տրանսպորտային միջոցների և դրանց տեխնիկական վիճակի վերաբերյալ տվյալները յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, փոխանցում են համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ:

5. Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների հաշվառման և տեխնիկական զննության վերաբերյալ տվյալների տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 28. Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավումը և ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների երաշխիքները

 

1. Խաղաղ ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավումն իրականացվում է զինված ուժերի և այլ զորքերի պատրաստականության ապահովման նպատակով օրենքով սահմանված կարգով վարժական հավաքներ, հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքներ, զորախաղեր անցկացնելու դեպքերում (այսուհետ` անցկացվող միջոցառում)` համաձայն անցկացվող միջոցառման ապահովման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների տեսակների և քանակների: Անցկացվող միջոցառման շրջանակներում տրանսպորտային միջոցների ներգրավումն իրականացվում է ըստ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների (բացառությամբ քաղաքացիների) գրանցման կամ տրանսպորտային միջոցի հաշվառման վայրի տարածքային զինվորական կոմիսարիատների ծանուցագրերի հիման վրա:

2. Ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավումն իրականացվում է կենտրոնացված կարգով` այդ նպատակով ստեղծված տրանսպորտային միջոցների ընդունման-հանձնման կետերում` տարածքային զինվորական կոմիսարիատների ծանուցագրերի հիման վրա:

3. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների օգտագործումը, տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասը, իսկ խաղաղ ժամանակ նաև բաց թողնված օգուտը համարժեք փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով գույքի օգտագործման, պատճառած վնասի կամ բաց թողնված օգուտի փոխհատուցման համար նախատեսված չափերով: Սույն մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Ներգրավված տրանսպորտային միջոցները ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին վերադարձվում են տեխնիկապես սարքին ու շահագործման համար պիտանի վիճակում:

 

Հոդված 29. Քաղաքացիների զորահավաքային զորակոչը

 

1. Զորահավաքի ժամանակ պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչն իրականացվում է զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային պլաններով նախատեսված ժամկետներում՝ զինվորական կոմիսարիատների կողմից:

2. Զորահավաքային զորակոչի ենթակա չէ այն քաղաքացին, որը`

1) ամրագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

2) առողջական վիճակի պատճառով ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի.

3) ունի չորս և ավելի երեխա.

4) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամ կամ դատավոր կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ է, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանը.

5) ունի 65 տարին լրացած կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված ծնողներ (միայնակ ծնող), եթե ծնողները (միայնակ ծնողը) չունեն այլ զավակ կամ ունեն այլ զավակ, որն անչափահաս է կամ ունի առաջին խմբի հաշմանդամություն կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ կամ գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ.

6) ունի երեխա, որին խնամում է միայնակ.

7) ունի իր խնամքի տակ գտնվող մինչև 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված քույր կամ եղբայր, եթե չկա վերջիններիս ընտանիքի անդամ համարվող այլ անձ:

(29-րդ հոդվածը փոփ., լրաց. 07.07.22 ՀՕ-334-Ն )

(07.07.22 ՀՕ-334-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 29.1. Աշխարհազորը

 

1. Աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է:

2. Աշխարհազորի նպատակներն են`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելը.

2) հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողություններից Հայաստանի Հանրապետության տարածքի, բնակչության և ենթակառուցվածքների պաշտպանության պլանավորված միջոցառումների իրականացմանն աջակցությունը.

3) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կիրառման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների կենսագործունեության ապահովմանն աջակցությունը:

3. Աշխարհազորի կիրառումը ներառում է`

1) մասնակցությունը Հայաստանի Հանրապետության սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի վտանգված հատվածների զինված պաշտպանությանը.

2) մասնակցությունը հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ պայքարին.

3) մասնակցությունը հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների զինված պաշտպանությանը.

4) մասնակցությունը զորքերի և բնակչության զանգվածային տեղաշարժի կենտրոնական երթուղիների զինված պահպանությանը և պաշտպանությանը.

5) մասնակցությունը քաղաքացիական պաշտպանությանը:

4. Աշխարհազորի համակարգը գործում է տարածքային սկզբունքով և ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման` պայմանականորեն բաղկացած է զորամիավորումներից և դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից: Աշխարհազորի կառուցվածքը, պատրաստության և կիրառման պլանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանով:

5. Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարությունը (այսուհետ՝ հրամանատարություն):

6. Աշխարհազորային զորամիավորման ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ համապատասխան տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալն է, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի տեղակալը:

7. Աշխարհազորային բրիգադի ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ համապատասխան քաղաքային բնակավայր ընդգրկող կամ միավորված համայնքի ղեկավարի տեղակալն է, իսկ Երևան քաղաքի վարչական շրջաններում` վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:

8. Աշխարհազորային գումարտակի ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ գյուղական բնակավայրեր ներառող չմիավորված համայնքի ղեկավարի տեղակալն է կամ միավորված համայնքի կազմում ներառված բնակավայրի վարչական ղեկավարը:

9. Սույն հոդվածի 6-8-րդ հոդվածներով սահմանված աշխարհազորային զորամիավորումների և դրանց ենթակա բրիգադների ու գումարտակների ղեկավարումն իրականացվում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:

10. Աշխարհազորային պայմանական բրիգադների և գումարտակների համալրումն աշխարհազորայիններով (այսուհետ նաև` աշխարhազորայինի հավաքագրում) տարածքային սկզբունքով իրականացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանումները` պահեստազորում հաշվառված և պատերազմական ժամանակի հաստիքների չկցագրված քաղաքացիներից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները` համապատասխան համայնքում (Երևան քաղաքում` ըստ վարչական շրջանների) հաշվառված քաղաքացիներից:

11. Աշխարհազորայինի հավաքագրման հիմքը նրա հետ կնքված պայմանագիրն է: Պայմանագիր չի կարող կնքվել այն քաղաքացու հետ`

1) որը ենթակա է պարտադիր զինվորական ծառայության.

2) որը հանդիսանում է զինծառայող կամ ոստիկանության ծառայող կամ փրկարար ծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ հարկադիր ծառայող.

3) որը պատիժ է կրում ազատազրկման կամ կարճաժամկետ ազատազրկման ձևով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

12. Հավաքագրված աշխարհազորայինների անվանացուցակները և կնքված պայմանագրերը ներկայացվում են հրամանատարություն: Աշխարհազորայինին ամրակցվում է զենք, հատկացվում է զինվորական համազգեստ, և աշխարհազորայինը նշանակվում է համապատասխան պաշտոնի հրամանատարության ղեկավարի (պետի) հրամանով: Աշխարհազորայիններին զենքի ամրակցման և պահպանման կարգը, կնքվող պայմանագրի օրինակելի ձևը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:

13. Աշխարհազորայինների պատրաստությունն իրականացվում է պատրաստության պլանների համաձայն անցկացվող պարապմունքների և վարժանքների միջոցով` հրամանատարության ղեկավարի (պետի) հրամանով: Աշխատող աշխարհազորայինների պատրաստության և կիրառման գործընթացի վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները: Աշխարհազորայինները պատրաստության և կիրառման ընթացքում ապահովվում են անվճար սննդով` զինծառայողների համար սահմանված կարգով, ինչպես նաև այդ ժամանակահատվածում նրանց հաշվարկվում է դրամական ապահովություն՝ ըստ նշանակված զինվորական պաշտոնների պայմանագրային զինծառայողների համար օրենքով սահմանված չափով:

(29.1-ին հոդվածը լրաց. 28.10.20 ՀՕ-466-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-231-Ն, փոփ., լրաց. 07.07.22 ՀՕ-334-Ն)

(28.10.20 ՀՕ-466-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(07.07.22 ՀՕ-334-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

ԳԼՈՒԽ 7

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 30. Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 127-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի մարտի 3-ի ՀՕ-289, «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-198-Ն և «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-226-Ն օրենքները:

3. Սույն օրենքի ընդունումից բխող իրավական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. նոյեմբերի 29

Երևան
ՀՕ-196-Ն