ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով (այսուհետ՝ մարտական գործողություններ) զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովող հատուկ համակարգի ներդրումն է:
(նախաբանը փոփ., լրաց. 25.03.20 ՀՕ-172-Ն)
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքով կարգավորվում են մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանվում են հատուցման հիմնադրամի ստեղծման և գործունեության կարգն ու պայմանները:
Հոդված 2. | Շահառուները, հատուցման դեպքերը, հատուցման վճարման հիմքերը և շրջանակները |
1. Սույն օրենքի համաձայն՝ շահառուներ են համարվում այն զինծառայողները, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մարտական գործողությունների հետևանքով: Սույն հոդվածի իմաստով՝
1) զինծառայողի կյանքին պատճառված վնաս է համարվում զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ անհայտ կորելը.
2) զինծառայողի առողջությանը պատճառված վնաս է համարվում ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով զինծառայողի աշխատունակության կորուստը:
2. Զինծառայող են համարվում`
1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և (կամ) այլ զորքերում ժամկետային պարտադիր կամ պայմանագրային կամ զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ օրենքով սահմանված կարգով պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ու մարտական գործողություններին մասնակցող կամ մասնակցած անձը.
2) տարածքային պաշտպանությանը ներգրավված և մարտական գործողություններին մասնակցած կամ զինվորական ծառայության մեջ չգտնվող ու մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողություններին մասնակցող կամ մասնակցած անձը (այսուհետ` կամավորագրված անձ): Զինվորական ծառայության մեջ չգտնվող ու մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողություններին մասնակցող կամ մասնակցած լինելու փաստը հաստատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տեղեկանքով, որի տրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
3. Զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում շահառու են համարվում զինծառայողի՝
1) ամուսինը.
2) զավակը (զավակները).
3) ծնողը (ծնողները).
4) հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև զինծառայողի խնամքի տակ գտնված 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը: Ընդ որում, քույրը և եղբայրը համարվում են շահառու, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված շահառուների բացակայության դեպքում շահառու է համարվում նաև այլ անձը, եթե դատական կարգով հաստատվել է, որ՝
1) հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ այդ անձը եղել է զինծառայողի խնամքի տակ և ունեցել է հաշմանդամություն կամ աշխատանքային կենսաթոշակի իրավունք.
2) խնամել է զինծառայողին մինչև նրա 18 տարին լրանալը:
5. Հատուցման դեպք (այսուհետ՝ Հատուցման դեպք) է համարվում 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում զինծառայողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը: Հատուցման դեպքը համարվում է տեղի ունեցած, եթե՝
1) զինծառայողը զոհվել (մահացել) է մարտական գործողությունների ժամանակ կամ մարտական գործողությունների ավարտի օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում, մարտական գործողությունների հետևանքով ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով.
2) զինծառայողը մարտական գործողությունների ժամանակ անհայտ կորելու հետևանքով օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող, եթե մինչև հատուցման գումար վճարելու սկիզբը զինծառայողը չի հայտնաբերվել, կամ
3) զինծառայողը մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով ստացել է առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն։
6. Սույն օրենքի համաձայն՝ Հատուցման դեպք չի համարվում այն դեպքը, երբ զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ հաշմանդամ դառնալը իր կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:
(2-րդ հոդվածը լրաց., փոփ. 29.12.20 ՀՕ-502-Ն)
(29.12.20 ՀՕ-502-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 3.
Հատուցում վճարողը
1. Սույն օրենքով նախատեսված հատուցման գումարները վճարում է սույն օրենքի համաձայն ստեղծված հատուցման հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ):
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ, ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 4.
Հատուցման գումարների չափերը և վճարման պայմանները
1. Հատուցման գումարները վճարվում են Հատուցման այն դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել 2017 թվականի հունվարի 1-ից հետո հետևյալ նվազագույն չափերով.
1) զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում`
ա. պայմանագրային կամ զորահավաքային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողին՝ 82.000.000 դրամ,
բ. պայմանագրային կամ զորահավաքային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողին կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձին՝ 70.000.000 դրամ,
գ. պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողին՝ 58.000.000 դրամ.
2) առողջությանը պատճառված վնասի հետևանքով՝
ա. պայմանագրային կամ զորահավաքային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողի առաջին խմբի հաշմանդամության դեպքում` 82.000.000 դրամ,
բ. պայմանագրային կամ զորահավաքային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձի առաջին խմբի հաշմանդամության դեպքում` 70.000.000 դրամ,
գ. պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի առաջին խմբի հաշմանդամության դեպքում` 58.000.000 դրամ,
դ. պայմանագրային կամ զորահավաքային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողի երկրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 53.000.000 դրամ,
ե. պայմանագրային կամ զորահավաքային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձի երկրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 41.000.000 դրամ,
զ. պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի երկրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 29.000.000 դրամ:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գումարները վճարվում են հետևյալ պայմաններով.
1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված գումարից 10.000.000 դրամը վճարվում է միանվագ, իսկ մնացած գումարը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում.
2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ», «ե» և «զ» ենթակետերում նշված գումարից 5.000.000 դրամը վճարվում է միանվագ, իսկ մնացած գումարը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
3. Եթե Հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ զինծառայողն ունի երեք կամ ավելի՝ 18 տարին չլրացած երեխաներ կամ 23 տարին չլրացած առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակներ կամ 18 տարեկան կամ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակներ, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը, ապա սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն վճարվող ամսական հավասար վճարին ավելացվում է ամսական լրացուցիչ 100 հազար դրամ: Սույն մասով սահմանված լրացուցիչ գումարի վճարումը դադարեցվում է սույն մասով սահմանված լրացուցիչ գումար ստանալու իրավունք տվող հիմքը վերանալու, ինչպես նաև հատուցման գումարների վճարման ժամկետը լրանալու կամ հատուցման գումարների վճարման հիմքը վերանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Սույն մասի դրույթները կիրառվում են նաև այն դեպքում, երբ սույն մասով սահմանված լրացուցիչ գումար ստանալու իրավունք տվող հիմքը ծագում է Հատուցման դեպքը տեղի ունենալու օրվանից հետո: Սույն մասի կիրառման նպատակով`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Կառավարություն) սահմանում է սույն մասում նշված լրացուցիչ գումար ստանալու իրավունք տվող հիմքերը և դրանց փոփոխման մասին տեղեկությունները բացահայտելու, հավաքելու, մշակելու, համապատասխան պետական մարմիններին և Հիմնադրամին տրամադրելու կարգը, ինչպես նաև սույն մասի 3-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված փաստերի հաստատման նպատակով ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը և ներկայացման կարգը, ներկայացված փաստաթղթերի հիման վրա որոշում ընդունելու կարգը.
2) Հիմնադրամը սահմանում է սույն մասում նշված լրացուցիչ գումար ստանալու իրավունք տվող հիմքերի վերաբերյալ տեղեկությունների հաշվառման կարգը.
3) եթե զինծառայողի կապակցությամբ տեղի է ունեցել սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում նշված Հատուցման դեպքը, ապա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով այլ բան ապացուցված չլինելու պարագայում համարվում է, որ զինծառայողն ունի 18 տարին չլրացած երեք կամ ավելի երեխա, նաև այն դեպքում, երբ առկա են սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված բոլոր հանգամանքները միաժամանակ, կամ առկա է սույն կետի «դ» ենթակետում նշված հանգամանքը`
ա. երրորդ երեխան կենդանի ծնվել է Հատուցման դեպքը տեղի ունենալու օրը ներառող ամսվան հաջորդող ինն ամսվա ընթացքում,
բ. բժշկական ախտորոշման տվյալներից հետևում է, որ ծնված երեխան սաղմնավորվել է մինչև Հատուցման դեպքը տեղի ունենալու օրը,
գ. Հատուցման դեպքը տեղի ունենալու օրվան նախորդող` ոչ պակաս, քան ինն ամսվա ընթացքում անընդմեջ երեխայի մայրը հանդիսացել է զինծառայողի կինը, և Հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ երեխայի մոր և զինծառայողի միջև ամուսնությունը դադարեցված չի եղել ամուսնալուծության հիմքով, և Հատուցման դեպքը տեղի ունենալու օրվան հաջորդող ինն ամսվա ընթացքում` որևէ ժամանակահատվածում, երեխայի մայրը կրկին ամուսնացած չի եղել,
դ. եթե առկա են հատուցման գումար վճարելու` սույն օրենքով սահմանված բոլոր այլ հիմքերը, բացակայում են սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում կամ դրանցից մեկում նշված հանգամանքները, սակայն դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է, որ ծնված երեխան հանդիսանում է զինծառայողի երեխան:
4. Սույն հոդվածում նշված հատուցման գումարների չափերը Հիմնադրամի խորհրդի որոշմամբ կարող են ինդեքսավորման արդյունքներով ավելացվել՝ կախված Հիմնադրամի ֆինանսական գործունեության արդյունքներից:
5. Կախված Հիմնադրամի ֆինանսական գործունեության արդյունքներից՝ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կարող է կայացնել որոշում՝
1) հատուցման գումարների վճարումը նաև սույն հոդվածի 2-րդ մասում նշված 20 տարվա ավարտից հետո շարունակելու վերաբերյալ: Սույն մասում նշված դեպքում վճարման ենթակա հատուցման գումարների չափը և վճարման ժամկետները սահմանում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը.
2) իր սահմանած որոշակի եղանակներով (դրամական միջոցների վճարում, բնամթերային ձևով օգնություն, այլ եղանակ) և ժամկետներում հատուցում վճարել նաև Հատուցման այն դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել մինչև 2017 թվականի հունվարի 1-ը:
6. Եթե հատուցման վճարը նշանակելուց հետո նույն զինծառայողի կապակցությամբ տեղի է ունենում սույն օրենքով սահմանված Հատուցման դեպքի փոփոխություն, ապա շահառուին (շահառուներին) նոր Հատուցման դեպքի հիմքով վճարման ենթակա և նախկինում տեղի ունեցած Հատուցման դեպքի հիմքով արդեն իսկ վճարված գումարների միջև տարբերությունը վերահաշվարկվում է` Հիմնադրամի խորհրդի սահմանած կարգով: Եթե սույն մասում նշված վերահաշվարկի արդյունքներով պարզվի, որ`
1) նախկինում տեղի ունեցած Հատուցման դեպքով շահառուին (շահառուներին) վճարված գումարի չափը հավասար է նոր Հատուցման դեպքով վճարման ենթակա գումարի չափին կամ գերազանցում է դրան, ապա նոր Հատուցման դեպքով վճարման ենթակա հատուցման գումարը համարվում է վճարված, և նոր Հատուցման դեպքով վճարում չի կատարվում.
2) նոր Հատուցման դեպքով վճարման ենթակա գումարի չափը գերազանցում է նախկինում տեղի ունեցած Հատուցման դեպքով շահառուին (շահառուներին) արդեն իսկ վճարված գումարի չափը, ապա շահառուին (շահառուներին) վճարվում է նոր Հատուցման դեպքով վճարման ենթակա և նախկինում տեղի ունեցած Հատուցման դեպքով արդեն իսկ վճարված գումարների միջև տարբերությունը:
7. Սույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Հատուցման դեպքի փոփոխություն է համարվում`
1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի` սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում նշված ժամկետում և պատճառով մահանալը.
2) զինծառայողին անհայտ բացակայող համարելուց դադարելը և այդ զինծառայողին առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելը.
3) զինծառայողի հաշմանդամության խմբի փոփոխությունը:
(4-րդ հոդվածը լրաց. 29.12.20 ՀՕ-502-Ն)
(29.12.20 ՀՕ-502-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 5.
Հատուցման գումարների վճարման կարգը
1. Հատուցման դեպք տեղի ունենալու պարագայում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կամ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը կամ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը կամ Կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (սույն օրենքում՝ համապատասխան պետական մարմին) զինծառայողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելն օրենքով սահմանված կարգով որոշվելու (հաստատվելու) օրվանից մեկ ամսվա ընթացքում Կառավարության սահմանած կարգով`
1) սույն օրենքի պահանջների համաձայն՝ որոշում է, թե տվյալ Հատուցման դեպքով ով է համարվում շահառու (շահառուներ).
2) Հիմնադրամ է ներկայացնում զինծառայողի, ինչպես նաև շահառուի (շահառուների) անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայության համարանիշի տվյալները կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի տվյալները, հասցեն, ինչպես նաև Հատուցման դեպքը և սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանգամանքները հաստատող փաստաթղթերը, հատուցման ենթակա գումարի չափը:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունների հիման վրա Հիմնադրամը`
1) սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները ստանալու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում՝
ա. սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված միանվագ գումարը փոխանցում է շահառուի (շահառուների) համար բացված բանկային հաշվին,
բ. սույն կետի «ա» ենթակետում նշված բանկային հաշվին կատարում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված ամսական հավասար վճարումներից առաջին վճարումը և սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում նշված գումարի առաջին վճարումը, եթե այդ գումարը, սույն օրենքի համաձայն, ենթակա է վճարման.
2) մինչև յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ` սույն մասի 1-ին կետի «ա» ենթակետում նշված բանկային հաշվին կատարում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված ամսական հավասար վճարումներից` տվյալ ամսվա համար հավասարաչափ վճարումը և սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում նշված գումարի` տվյալ ամսվա համար վճարումը, եթե այդ գումարը, սույն օրենքի համաձայն, ենթակա է վճարման:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված վճարման ժամկետները Հիմնադրամի խորհրդի որոշմամբ կարող են հետաձգվել մինչև երեք ամիս ժամկետով՝ ելնելով Հիմնադրամի ֆինանսական կայունությունն ապահովելու անհրաժեշտությունից:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետում նշված բանկային հաշիվը`
1) շահառուի (շահառուների) անունով Հիմնադրամի խորհրդի սահմանած կարգով բացում է Հիմնադրամը` Հիմնադրամի խորհրդի սահմանած մրցութային կարգով ընտրված բանկերից մեկում: Սույն կետի համաձայն բացված բանկային հաշվին սույն օրենքի համաձայն փոխանցվող դրամական միջոցների տնօրինման իրավունքը պատկանում է այն շահառուին (շահառուներին), որի (որոնց) անունով այդ բանկային հաշիվը բացվել է.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 50.1-ին գլխով նախատեսված հատուկ բանկային հաշիվ է:
Հոդված 6. | Զինծառայողներին անհայտ բացակայող ճանաչելու դեպքում հատուցման գումարների վճարման առանձնահատկությունները |
1. Զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու դեպքում հատուցման գումարները վճարվում են սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով և սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված չափերով:
2. Եթե զինծառայողը դադարել է համարվել անհայտ բացակայող, ապա մինչև զինծառայողին անհայտ բացակայող համարելու դադարումը, սույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, միանվագ և ամսական հավասար վճարների ձևով, ինչպես նաև սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն վճարված գումարները ենթակա չեն վերադարձման, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասում նշված դեպքերի:
3. Եթե զինծառայողը դադարել է համարվել անհայտ բացակայող`
1) դատարանի կողմից այդ զինծառայողին մահացած ճանաչելու հիմքով, ապա՝
ա. զինծառայողին մահացած ճանաչելու հիմքով սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում նշված միանվագ ձևով գումարներ չեն վճարվում,
բ. ամսական հավասար վճարների ձևով վճարման ենթակա գումարների վճարումը շարունակվում է.
2) այդ զինծառայողին հայտնաբերելու հետևանքով և այդ զինծառայողը ճանաչվել է առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, ապա առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունենալու հիմքով, սույն օրենքի համաձայն, զինծառայողին վճարման ենթակա գումարը վերահաշվարկվում է` սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան.
3) այդ զինծառայողին հայտնաբերելու հետևանքով և բացակայում են սույն մասի 2-րդ կետում նշված հանգամանքները, ապա հատուցման գումարների, ինչպես նաև սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում նշված գումարի վճարումը դադարեցվում է զինծառայողին անհայտ բացակայող համարելուց դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները չեն կիրառվում, եթե առկա է սույն հոդվածի 5-րդ մասում նշված դեպքերից մեկը:
5. Զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու հիմքով շահառուներին միանվագ և (կամ) հավասարաչափ վճարների ձևով վճարված հատուցման գումարները ենթակա են շահառուների կողմից վերադարձման, եթե պարզվի՝
1) զինծառայողն անհայտ կորել է՝
ա. զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելու կամ
բ. դասալքության կամ
գ. կամովին գերի հանձնվելու կամ
դ. մարտադաշտն ինքնակամ լքելու հետևանքով, և
2) սույն մասի 1-ին կետում նշված հանգամանքները հաստատվել են դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
6. Դատարանի` օրինական ուժի մեջ մտած ակտով հատուցման գումարները վերադարձնելու պարտականությունը կարող է համապարտության կարգով դրվել նաև սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում նշված հանգամանքներում անհայտ կորած և կենդանի համարվող զինծառայողի վրա:
7. Հատուցման գումարները վերադարձվում են դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտով սահմանված կարգով և ժամկետներում:
Հոդված 7.
Հատուցման գումար ստանալու իրավունք ունեցող անձանց որոշումը
1. Զինծառայողի հաշմանդամության դեպքում հատուցման գումարը վճարվում է այդ զինծառայողին կամ իր կողմից սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված համապատասխան պետական մարմին ներկայացված դիմումում նշված անձին, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքի: Սույն մասում նշված դիմումի ձևը և ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:
2. Զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու դեպքում կամ այն դեպքում, երբ մարտական գործողություններում ստացված վնասվածքների հետևանքով առաջացած մտավոր կամ հոգեկան անկարողության հետևանքով զինծառայողը չի կարող ներկայացնել սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը`
1) հատուցման գումարը վճարվում է շահառուներին՝ շահառուների համաձայնությամբ որոշված շահառուի միջոցով.
2) շահառուների միջև համաձայնության բացակայության դեպքում վճարման ենթակա հատուցման գումարը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով բաժանվում է շահառուների միջև և վճարվում է նրանցից յուրաքանչյուրին առանձին:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված դեպքում հատուցման գումարը բաժանվում է Կառավարության սահմանած կարգով հետևյալ սկզբունքներով.
1) հատուցման ընդհանուր գումարը բաժանվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված շահառուների թվի վրա.
2) եթե շահառուներից մեկը մահանում է, ապա այդ անձին վճարման ենթակա հատուցման գումարը չի ներառվում ժառանգական զանգվածի մեջ և հավասարաչափ բաժանվում է մնացած շահառուների միջև:
4. Եթե բացակայում են սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված շահառուները, ապա սույն օրենքով սահմանված հատուցման գումարները չեն վճարվում:
5. Եթե մահանում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված միակ շահառուն, ապա այդ շահառուին վճարման ենթակա հատուցման գումարը չի ներառվում ժառանգական զանգվածի մեջ, և այդ գումարի վճարման պարտավորությունը դադարում է:
6. Եթե մահանում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետում նշված հիմքով շահառու ճանաչված զինծառայողը, և առկա չեն սույն օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետում նշված հանգամանքները, ապա մահացած զինծառայողի` հատուցման գումար ստանալու իրավունքը չի ներառվում ժառանգական զանգվածի մեջ և դադարում է:
7. Սույն հոդվածի դրույթների կիրառումն ապահովելու նպատակով Կառավարությունը սահմանում է շահառուների շրջանակը որոշելու կարգը, շահառուների միջև համաձայնության առկայությունը, բացակայությունը կամ փոփոխությունը հիմնավորվելու կարգը, շահառուների շրջանակում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները համապատասխան պետական մարմիններին և Հիմնադրամին տրամադրելու կարգը:
Հոդված 8.
Հարկային արտոնությունները
1. Շահառուներին վճարված հատուցման գումարները ենթակա չեն եկամտային կամ որևէ այլ հարկով հարկման կամ պետական կամ համայնքային բյուջե վճարվող որևէ այլ վճարով նվազեցման:
Գ Լ ՈՒ Խ 3
ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 9. | Սույն գլխում օգտագործվող հասկացությունների նշանակությունը |
1. Սույն գլխի դրույթների կիրառման նպատակով՝
1) դրոշմանիշ է համարվում Հիմնադրամի՝ էլեկտրոնային եղանակով թողարկած պիտակը.
2) ֆիզիկական անձի ռեզիդենտությունը, ոչ ռեզիդենտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտը որոշվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն.
3) սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված ֆիզիկական անձանց համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային ամիսը, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ օրացուցային տարին.
4) հարկային գործակալ է համարվում սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված ֆիզիկական անձանց՝ նույն կետերում նշված հիմքերով եկամուտ վճարող իրավաբանական անձը (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկը, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը), անհատ ձեռնարկատերը, նոտարը, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը, հիմնարկը.
5) դրոշմանիշային վճարի հաշվարկման բազա են համարվում`
ա. անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն` աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց եկամուտը,
բ. շրջանառության հարկի համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար դրոշմանիշային վճարի հաշվարկման հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված շրջանառության հարկի հաշվարկներում արտացոլված իրացման շրջանառությունը,
գ. միկրոձեռնարկատիրության համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության մեջ արտացոլված իրացման շրջանառությունը,
դ. հարկման ընդհանուր համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար շահութահարկի հաշվարկում արտացոլված համախառն եկամուտը,
ե. հաշվետու տարվա ընթացքում մեկից ավելի հարկման համակարգերում գործելու դեպքում սույն կետում նշված համապատասխան հաշվարկման բազաների հանրագումարը:
(9-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-286-Ն, լրաց. 29.12.20 ՀՕ-502-Ն)
(29.12.20 ՀՕ-502-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 10. | «Դրոշմանիշային վճար» հասկացությունը |
1. Դրոշմանիշային վճարը զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով և չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է, որի վճարման պարտականությունը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափով դրոշմանիշ գնելու միջոցով:
Հոդված 11.
Դրոշմանիշային վճար վճարողները
1. Դրոշմանիշային վճար պարտավոր են վճարել (դրոշմանիշային վճար վճարողներ են համարվում)՝
1) աշխատանքային պայմանագրով Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց.
2) աշխատանքային պայմանագրով Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց.
3) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը.
4) նոտարները.
5) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եկամուտ ստացող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց.
6) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց:
2. Տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճար չեն վճարում`
1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ կամ 6-րդ կետերում նշված այն անձինք, որոնք չունեն տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ստացման ենթակա աշխատավարձ և (կամ) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով ստացված եկամուտ.
2) սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք, եթե բացակայում են սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրոշմանիշային վճարի հաշվարկման բազաները.
3) Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք:
3. Դրոշմանիշային վճար չեն վճարում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետում նշված այն անձինք, որոնք նույն գործատուի մոտ աշխատում են միայն մեկ աշխատանքային պայմանագրով, և տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները` հարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ՝ դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո չի գերազանցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը: Սույն մասում նշված անձանց փոխարեն դրոշմանիշային վճարները վճարվում են`
1) Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում աշխատող անձանց փոխարեն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.
2) տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող անձանց փոխարեն` համապատասխան համայնքի բյուջեից.
3) այլ գործատուների մոտ աշխատող անձանց փոխարեն` տվյալ անձանց աշխատավարձ վճարող գործատուի կողմից` նրա միջոցների հաշվին:
3.1. Դրոշմանիշային վճար չեն վճարում սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կամ 6-րդ կետում նշված այն անձինք, որոնց աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով վճարվող եկամուտները չեն բավարարում դրոշմանիշային վճարը պահելու համար: Սույն մասում նշված անձանց փոխարեն դրոշմանիշային վճարները վճարվում են այդ անձանց եկամուտ վճարող հարկային գործակալի կողմից` նրա միջոցների հաշվին:
4. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի Հիմնադրամի միջոցով կամ ինքնուրույն, իր նախընտրած չափով վճարելու դրոշմանիշային վճար դրա համար անհրաժեշտ քանակի էլեկտրոնային եղանակով դրոշմանիշեր ձեռք բերելու միջոցով (կամավոր նվիրաբերություն): Հիմնադրամն իրավունք ունի կազմակերպելու հանգանակություններ կամավոր նվիրաբերությունները քաջալերելու նպատակով:
5. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողը, ամուսինը և (կամ) զավակը (զավակները) իրավունք ունեն դիմելու իրենց վճարած (իրենց եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձնելու պահանջով: Սույն մասի համաձայն` դրոշմանիշային վճարի վերադարձման կարգը սահմանում է կառավարությունը:
6. (մասն ուժը կորցրել է 29.12.20 ՀՕ-502-Ն)
7. (մասն ուժը կորցրել է 29.12.20 ՀՕ-502-Ն)
8. (մասն ուժը կորցրել է 29.12.20 ՀՕ-502-Ն)
(11-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.12.17 ՀՕ-286-Ն, խմբ. 02.10.19 ՀՕ-184-Ն, փոփ., լրաց., խմբ. 29.12.20 ՀՕ-502-Ն)
(02.10.19 ՀՕ-184-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(29.12.20 ՀՕ-502-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 12. | Դրոշմանիշային վճարների չափը |
1. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի`
1) 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.
Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում |
1500 դրամ |
100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում |
3000 դրամ |
200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում |
5500 դրամ |
500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում |
8500 դրամ |
1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում |
15 000 դրամ |
2) 3-րդ և 4-րդ կետերում նշված անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.
Մինչև 1 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում |
18 000 դրամ |
1 200 001-ից մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում |
36 000 դրամ |
2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում |
66 000 դրամ |
6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում |
102 000 դրամ |
12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում |
180 000 դրամ |
(12-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-286-Ն, խմբ. 29.12.20 ՀՕ-502-Ն)
(29.12.20 ՀՕ-502-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 13. | Դրոշմանիշային վճարների վճարումը |
1. Եթե սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված անձինք եկամուտներ են ստանում հարկային գործակալից, ապա այդ անձինք դրոշմանիշային վճարը վճարում են բացառապես հարկային գործակալի միջոցով:
2. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք, ինչպես նաև սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված` հարկային գործակալ չհամարվող անձից եկամուտներ ստացող անձինք դրոշմանիշային վճարը վճարում են ինքնուրույն:
3. Սույն օրենքի 11-րդ հոդվածում նշված անձանց կողմից տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում նշված չափով դրոշմանիշային վճար կատարելու պարտականությունը համարվում է կատարված, իսկ համապատասխան չափով դրոշմանիշեր` ձեռք բերված, այդ անձանց կողմից հարկային գործակալի միջոցով կամ ինքնուրույն սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում նշված գումարը պետական բյուջե փոխանցելու օրվանից:
4. Դրոշմանիշային վճարների պարտավորության գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը որոշում է կայացնում դրոշմանիշային վճար վճարողից (եթե դրոշմանիշային վճարը, սույն օրենքի համաձայն, պետք է կատարվի հարկային գործակալի միջոցով, ապա հարկային գործակալից) ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում դրոշմանիշային վճար վճարողին (հարկային գործակալին): Մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը պարտավոր անձի գույքի վրա հարկային մարմինը կարող է դնել արգելանք կամ կիրառել սահմանափակում՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով: Դրոշմանիշային վճարները սահմանված ժամկետից ուշ վճարելու դեպքում հարկային օրենսդրությամբ սահմանված տույժեր չեն հաշվարկվում:
(13-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-286-Ն)
(21.12.17 ՀՕ-286-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 14. | Հարկային գործակալի միջոցով դրոշմանիշային վճար վճարելը |
1. Հարկային գործակալները յուրաքանչյուր ամիս սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված չափերով հաշվարկում են տվյալ ամսվա համար դրոշմանիշային վճարների չափը՝ հիմք ընդունելով տվյալ ամսվա համար հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկում ներառված վարձու աշխատողներին հաշվեգրված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) դիմաց ֆիզիկական անձանց վճարված եկամուտները:
2. Յուրաքանչյուր ամսվա համար սույն հոդվածի 1-ին մասի համաձայն հաշվարկված դրոշմանիշային վճարի գումարը հարկային գործակալները պետական բյուջե են փոխանցում մինչև դրոշմանիշային վճարների չափի հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
3. Յուրաքանչյուր անձի մասով տվյալ ամսվա համար հաշվարկված դրոշմանիշային վճարի գումարը հարկային գործակալը պահում է այդ հարկային գործակալից տվյալ անձի կողմից տվյալ ամսում ստացման ենթակա (ստացված) եկամուտներից:
4. Հարկային գործակալների կողմից հարկային մարմիններ ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված ամսական հաշվարկում ներառված վարձու աշխատողներին հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) դիմաց ֆիզիկական անձանց վճարված եկամուտների նվազեցումը դրոշմանիշային վճարի հաշվարկման համար հաշվի չի առնվում:
(14-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-286-Ն, 29.12.20 ՀՕ-502-Ն)
(29.12.20 ՀՕ-502-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 15. | Դրոշմանիշային վճարը ինքնուրույն վճարելը |
1. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված` հարկային գործակալ չհամարվող անձից եկամուտներ ստացող անձինք տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճարը վճարում են ինքնուրույն մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
2. Դրոշմանիշային վճարներն ինքնուրույն կատարող` սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք դրոշմանիշային վճարը կատարում են մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ` հիմք ընդունելով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված շահութահարկի հաշվարկում, իսկ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերը` միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության մեջ, եկամուտներ արտացոլված լինելու հանգամանքը:
Շրջանառության հարկի համակարգում գործող անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը կատարելու համար հիմք են ընդունում շահութահարկի հաշվարկում գործունեության այդ տեսակների մասով շահութահարկ հաշվարկված լինելու հանգամանքը:
(փոփոխությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա` 29.12.20 ՀՕ-502-Ն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն)
2. Դրոշմանիշային վճարներն ինքնուրույն կատարող` սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք դրոշմանիշային վճարը կատարում են մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ` հիմք ընդունելով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրոշմանիշային վճարի հաշվարկման բազաները:
(15-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները տարածվում են 2021 թվականի հունվարի 1-ից սկսած հաշվետու ժամանակաշրջանների համար վճարման ենթակա դրոշմանիշային վճարների վրա` 29.12.20 ՀՕ-502-Ն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն)
(15-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-286-Ն, խմբ. 29.12.20 ՀՕ-502-Ն)
(29.12.20 ՀՕ-502-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 16. | Դրոշմանիշային վճար կատարած անձանց ցուցակները և փոխանցման հանձնարարական ներկայացնելը, պետական բյուջեից Հիմնադրամին դրամական միջոցների հատկացումը |
1. Հարկային մարմինը`
1) յուրաքանչյուր հարկային գործակալի կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկի ներկայացման և դրա հիման վրա դրոշմանիշային վճարի ամբողջ գումարի վճարման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամ է փոխանցում տվյալ հարկային գործակալի այն աշխատողների ցուցակը, որոնց համար տվյալ հաշվետու ժամանակաշրջանում կատարվել են դրոշմանիշային վճարներ.
2) յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճարներ ինքնուրույն վճարողների համար սույն օրենքով սահմանված դրոշմանիշային վճար վճարելու վերջնաժամկետից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Հիմնադրամ է փոխանցում տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճար ինքնուրույն վճարողների ցուցակը, որոնք տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ամբողջությամբ կատարել են դրոշմանիշային վճարներ.
3) դրոշմանիշային վճարներ կատարող անձանց կողմից (սույն օրենքով սահմանված դեպքերում` հարկային գործակալի միջոցով) տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճարի ամբողջ գումարը վճարելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, ֆինանսների ոլորտում Կառավարության լիազորված մարմին է ներկայացնում տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար փոխանցման հանձնարարական (այսուհետ` Փոխանցման հանձնարարական)` սույն կետում նշված անձանց վճարած դրոշմանիշային վճարի գումարներից Հիմնադրամ գումար փոխանցելու վերաբերյալ` նշելով փոխանցման ենթակա գումարը: Ընդ որում, տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմնի կողմից ներկայացվող Փոխանցման հանձնարարականում հարկային մարմինը նշում է վճարված դրոշմանիշային վճարի այն գումարը, որը հավասար է դրոշմանիշային վճարներ կատարող անձանց` դրոշմանիշային վճարների կատարման գծով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար պարտավորության չափին:
2. Ֆինանսների ոլորտում Կառավարության լիազորված մարմինը Փոխանցման հանձնարարականը ստանալու օրվանից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Հիմնադրամի՝ սույն օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասում նշված հատուկ հաշվին է փոխանցում Փոխանցման հանձնարարականում նշված գումարը:
3. Եթե տվյալ հարկային գործակալի կամ դրոշմանիշային վճարի վճարումն ինքնուրույն կատարող անձի կողմից տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար փաստացի վճարված դրոշմանիշային վճարների գումարի չափը գերազանցում է Փոխանցման հանձնարարականում նշված գումարի չափը, ապա ֆինանսների ոլորտում Կառավարության լիազորված մարմինը տվյալ հարկային գործակալի (դրոշմանիշային վճարի վճարումն ինքնուրույն կատարող անձի) կողմից փաստացի վճարված դրոշմանիշային վճարի` Փոխանցման հանձնարարականում նշված գումարի չափը գերազանցող գումարի կարգավիճակը որոշում է Կառավարության սահմանած կարգով:
4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ցուցակների և Փոխանցման հանձնարարականի ձևը, հարկային մարմնի կողմից այդ փաստաթղթերը համապատասխանաբար Հիմնադրամին և ֆինանսների ոլորտում Կառավարության լիազորված մարմնին փոխանցելու և տրամադրելու կարգը սահմանում է Կառավարությունը:
(16-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-286-Ն)
Հոդված 17. | Դրոշմանիշերի թողարկումը |
1. Դրոշմանիշերը թողարկում է Հիմնադրամը՝ էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային համակարգի միջոցով:
2. Թողարկվող դրոշմանիշերը կարող են ունենալ տարբեր անվանական արժեք:
3. Դրոշմանիշերի թողարկման, հաշվառման, ձեռքբերման կարգը, թողարկման ենթակա դրոշմանիշերի անվանական արժեքը, ինչպես նաև դրոշմանիշերի թողարկման համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործունեության կարգը սահմանում է Հիմնադրամի խորհուրդը:
Գ Լ ՈՒ Խ 4
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ
Հոդված 18. | Հիմնադրամի իրավական կարգավիճակը |
1. Հիմնադրամը սույն օրենքով և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստեղծված` շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է (այսուհետ` Կենտրոնական բանկ):
2. Հիմնադրամը կարող է իրականացնել միայն սույն օրենքով նախատեսված գործառույթներ:
3. Հիմնադրամը կարող է լուծարվել, վերակազմակերպվել կամ սնանկ ճանաչվել միայն Հիմնադրամի լուծարման, վերակազմակերպման կամ սնանկ ճանաչելու մասին օրենք ընդունելու դեպքում:
4. Հիմնադրամն ազատվում է շահութահարկի, ավելացված արժեքի հարկի և Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ հարկերի, պետական և տեղական տուրքերի, ինչպես նաև պետական կամ համայնքային բյուջե որևէ վճար կատարելու պարտականությունից:
Հոդված 19. | Հիմնադրամի գործառույթներն ու իրավասությունները |
1. Հիմնադրամն իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) օրենսդրությամբ չարգելված եղանակներով տիրապետում, օգտագործում և տնօրինում է Հիմնադրամի ակտիվները` սույն օրենքով սահմանված նպատակների իրագործման համար.
2) Հատուցման դեպք տեղի ունենալու պարագայում ապահովում է հատուցման գումարների վճարումը շահառուներին.
3) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ գործառույթներ:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործառույթներն իրականացնելու նպատակով Հիմնադրամն իրավասու է`
1) կնքելու իր գործառույթների իրականացմանն ուղղված գործարքներ.
2) ստանալու վարկեր, փոխառություններ, երաշխիքներ.
3) իր միջոցները ներդնելու սույն օրենքում նշված ակտիվներում.
4) Հայաստանի Հանրապետությունում կամ արտերկրում թողարկելու պարտատոմսեր և այլ արժեթղթեր` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով.
5) կատարելու իր գործառույթների հետ կապված և դրանց իրականացմանն ուղղված փաստացի և իրավական այլ գործողություններ:
Հոդված 20. | Հիմնադրամի միջոցները |
1. Հիմնադրամի միջոցները ձևավորվում են Հիմնադրամի սկզբնական միջոցներից և Հիմնադրամի՝ սույն օրենքով չարգելված աղբյուրներից ստացված այլ միջոցներից:
2. Հիմնադրամի սկզբնական միջոցները ձևավորվում են հիմնադրման պահին հիմնադրի կողմից Հիմնադրամին հատկացված գույքից, որի չափը կազմում է 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Հիմնադրամի կողմից սույն հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի համաձայն թողարկված արժեթղթերի անվանական արժեքը և տոկոսները մարվում են Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի սահմանած կարգով:
4. Հիմնադրամի միջոցները կարող են ձևավորվել նաև հետևյալ աղբյուրներից.
1) սույն օրենքով սահմանված կարգով հավաքված դրոշմանիշային վճարների գումարներից.
2) ներգրաված վարկերից, փոխառություններից.
3) նվիրատվությունների, նվիրաբերությունների, դրամաշնորհների գումարներից.
4) միջոցների ներդրումներից ստացվող եկամուտներից.
5) Հիմնադրամի թողարկած պարտքային արժեթղթերի տեղաբաշխումից ստացված գումարներից.
6) օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
5. Հիմնադրամի միջոցները կարող են օգտագործվել միայն՝
1) հատուցում վճարելու նպատակով.
2) սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան որոշված թույլատրելի սահմաններում Հիմնադրամի ծախսերը կատարելու նպատակով.
3) սույն օրենքի համաձայն՝ Հիմնադրամի թողարկած արժեթղթերով, ներգրավված վարկերով և փոխառություններով ստանձնված պարտավորությունների կատարման նպատակով:
6. Հիմնադրամի միջոցների վրա չի կարող տարածվել բռնագանձում, կիրառվել արգելանք կամ որևէ այլ սահմանափակում որևէ պահանջով, բացառությամբ կյանքին կամ առողջությանը հասցված վնասներից, ինչպես նաև աշխատավարձի ու դրան հավասարեցված միջոցներից բխող պահանջների, վարկային, փոխառության պայմանագրերով, Հիմնադրամի թողարկած արժեթղթերով պարտատերերի, ինչպես նաև շահառուների պահանջների:
7. Հիմնադրամին հասցեագրված դրամական միջոցների սկզբնական հաշվառումը կատարվում է Կենտրոնական բանկում բացված հատուկ հաշվում (հաշիվներում): Կենտրոնական բանկում բացված հատուկ հաշվում (հաշիվներում) հաշվառվելուց հետո դրամական միջոցները տնօրինվում են սույն օրենքով սահմանված ուղղություններով:
Հոդված 21.
Հիմնադրամի ծախսերը
1. Հիմնադրամի ծախսերն են՝
1) գործառնական ծախսերը՝
ա. հատուցման գումարների վճարման հետ կապված ծախսերը,
բ. ստացված վարկերի, փոխառությունների դիմաց հաշվեգրված տոկոսները,
գ. Հիմնադրամի ակտիվների կառավարման հետ կապված ծախսերը,
դ. Հիմնադրամի կողմից բանկային ծառայությունների ստացման հետ կապված վճարները,
ե. Հիմնադրամի աուդիտի և խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարները, ինչպես նաև օրենքով սահմանված հաշվետվություններն ու տեղեկությունները հրապարակելու հետ կապված ծախսերը.
2) վարչական ծախսերը՝
ա. Հիմնադրամի աշխատակիցներին վճարվող աշխատավարձը և դրան հավասարեցված վճարները.
բ. Հիմնադրամի պատշաճ գործունեության ապահովման համար անհրաժեշտ այլ ծախսեր:
2. Հիմնադրամի ծախսերի տարեկան թույլատրելի սահմանաչափը սահմանում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը: Ընդ որում, Հիմնադրամի տարեկան վարչական ծախսերը չեն կարող գերազանցել Հիմնադրամի՝ նախորդ տարվա ընդհանուր ակտիվների գումարի 0.5 տոկոսը:
(29.12.20 ՀՕ-502-Ն օրենքի 8-րդ հոդվածի փոփոխությունն ուժի մեջ կմտնի 01.01.2022 թվականին)
(29.12.20 ՀՕ-502-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 22. | Հիմնադրամի միջոցների կառավարումը |
1. Հիմնադրամի միջոցները կառավարում է Հիմնադրամը: Հիմնադրամը կարող է իր միջոցների կառավարումը հանձնել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի սահմանած կարգին և չափանիշներին համապատասխան ընտրված ակտիվների՝ արտաքին, անկախ, մասնագիտացված կառավարչին կամ ինքնուրույն կառավարել դրանք:
2. Հիմնադրամի միջոցները կարող են ներդրվել բացառապես հետևյալ ֆինանսական ակտիվներում՝
1) Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերում, Կենտրոնական բանկի արժեթղթերում.
2) Կենտրոնական բանկում և (կամ) բարձր վարկանիշ ունեցող բանկերում՝ որպես բանկային ավանդ և (կամ) բանկային հաշիվ.
3) բարձր վարկանիշ ունեցող երկրների կառավարությունների և (կամ) կենտրոնական բանկերի արժեթղթերում.
4) Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված՝ Հիմնադրամի ներդրումային պայուսակի կառուցվածքին համապատասխանող այլ ակտիվներում:
3. Հիմնադրամի միջոցների կառավարման ընդհանուր ծախսերը չեն կարող գերազանցել կառավարվող միջոցների արժեքի երկու տոկոսը: Հիմնադրամի միջոցների կառավարման ծախսերն են սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում նշված գործադիր հանձնաժողովի անդամներին վճարվող վարձատրությունը, իսկ միջոցների կառավարումը արտաքին մասնագիտացված կառավարչին հանձնելու դեպքում՝ կառավարչին վճարվող վճարը:
Հոդված 23. | Հիմնադրամի կառավարման մարմինները |
1. Հիմնադրամի կառավարման մարմիններն են՝
1) Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը.
2) Հիմնադրամի տնօրենը.
3) Հիմնադրամի գործադիր հանձնաժողովը՝ սույն հոդվածով սահմանված դեպքերում:
2. Այն դեպքում, երբ Հիմնադրամն ինքնուրույն է կառավարում իր միջոցները, ապա Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ պետք է ստեղծվի երեքից յոթ անդամ ունեցող գործադիր հանձնաժողով, որի գործառույթը Հիմնադրամի ակտիվների արհեստավարժ կառավարումն է: Գործադիր հանձնաժողովի կազմում ընդգրկվող անձինք պետք է ունենան ակտիվների կառավարման բնագավառում մասնագիտական փորձ: Հիմնադրամի տնօրենն ի պաշտոնե գործադիր հանձնաժողովի անդամ է:
3. Գործադիր հանձնաժողովի ձևավորման, գործունեության և լուծարման կարգերը սահմանվում են Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:
4. Հիմնադրամը կարող է ունենալ նաև իր կանոնադրությամբ նախատեսված այլ մարմիններ:
Հոդված 24. | Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը |
1. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ)` Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինն է:
2. Խորհուրդը կազմված է 7 անդամից: Խորհրդի անդամները նշանակվում (ընտրվում) են հինգ տարի ժամկետով:
3. Խորհրդի անդամների կազմում թափուր տեղ առաջանալու դեպքում նոր անդամը նշանակվում է Խորհրդի` անդամների ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ:
4. Խորհրդի անդամ կարող է նշանակվել կառավարման և ֆինանսների բնագավառներում մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն ունեցող անձը, որը նաև հարգանք է վայելում հասարակության շրջանում և ունի անբասիր համբավ: Խորհրդի անդամներն իրենց գործունեությունն իրականացնելիս պարտավոր են դրսևորել քաղաքական զսպվածություն:
5. Խորհուրդն ունի նախագահ, որին իրենց կազմից ընտրում են Խորհրդի անդամները՝ հինգ տարի ժամկետով:
6. Խորհրդի անդամները Խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:
7. Խորհրդի բացառիկ իրավասությանն են պատկանում՝
1) Հիմնադրամի բյուջեի հաստատումը, ինչպես նաև Հիմնադրամի ծախսերի տարեկան թույլատրելի սահմանաչափի սահմանումը.
2) Հիմնադրամի գործադիր հանձնաժողովի անդամների նշանակումը, հանձնաժողովի ձևավորման, գործունեության և լուծարման կարգերի հաստատումը, իսկ Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված դեպքերում՝ Հիմնադրամի այլ մարմինների ձևավորումը և դրանց լիազորությունների սահմանումը.
3) Հիմնադրամի տնօրենի նշանակումը.
4) Հիմնադրամի աուդիտն իրականացնող կազմակերպության ընտրությունը.
5) Հիմնադրամի կողմից եռամսյակային հաշվետվությունների հրապարակման կարգը, ձևը և հաշվետվությունների հաստատումը.
6) ընդունում է այն կարգերը և որոշումները, որոնց ընդունումը սույն օրենքով կամ Հիմնադրամի կանոնադրությամբ վերապահված է Խորհրդի իրավասությանը.
7) շահառուներին հատուցման գումարներ վճարելու կարգի սահմանումը.
8) Հիմնադրամի գործունեության նկատմամբ կորպորատիվ վերահսկողություն իրականացնելը.
9) սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերում նշված որոշումների ընդունումը.
10) սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նշված` բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի և (կամ) բանկերի վարկանիշի նվազագույն շեմի սահմանումը:
8. Խորհրդի այլ իրավասությունները սահմանվում են Հիմնադրամի կանոնադրությամբ:
(24-րդ հոդվածը խմբ. 29.12.20 ՀՕ-502-Ն)
(29.12.20 ՀՕ-502-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 25. | Հիմնադրամի տնօրենը |
1. Հիմնադրամի տնօրենը Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարում իրականացնող բարձրագույն պաշտոնատար անձն է:
2. Հիմնադրամի տնօրենին նշանակում է Խորհուրդը:
3. Տնօրենի իրավասությունները սահմանվում են սույն օրենքով և Հիմնադրամի կանոնադրությամբ:
4. Հիմնադրամի տնօրենը՝
1) ապահովում է Հիմնադրամի բնականոն գործունեությունը.
2) առանց լիազորագրի հանդես է գալիս Հիմնադրամի անունից.
3) տալիս է լիազորագրեր.
4) Հիմնադրամի անունից կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային.
5) աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Հիմնադրամի աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.
6) Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Հիմնադրամի գործառնական և վարչական ծախսերի սահմանաչափը.
7) իրականացնում է Հիմնադրամի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
Հոդված 26. | Հիմնադրամի աուդիտը, հաշվետվողականությունը և գործունեության վերահսկողությունը |
1. Հիմնադրամի գործունեությունը յուրաքանչյուր տարի ստուգում է արտաքին, անկախ, միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունը: Աուդիտը, ինչպես նաև Հիմնադրամում հաշվապահական հաշվառումն իրականացվում են միջազգային ստանդարտներին համապատասխան:
2. Հիմնադրամն իր գործունեության վերաբերյալ հրապարակում է եռամսյակային հաշվետվություններ` Խորհրդի սահմանած կարգով, ձևով և բովանդակությամբ:
3. Յուրաքանչյուր տարվա համար Ազգային ժողով ներկայացվող զեկույցի շրջանակներում Կառավարությունը ներկայացնում է Հիմնադրամի գործունեության վերաբերյալ տեղեկություններ:
4. Հիմնադրամի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը: Վերահսկողություն իրականացնելու նպատակով Կենտրոնական բանկն օժտված է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիազորված իրավասու մարմնին և «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Կենտրոնական բանկին վերապահված լիազորություններով:
Գ Լ ՈՒ Խ 5
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Հոդված 27. | Հիմնադրամի ստեղծումը |
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ երկու շաբաթվա ընթացքում, Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է Հիմնադրամ ստեղծելու մասին որոշում, հաստատում է Հիմնադրամի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովում Հիմնադրամի պետական գրանցումը:
2. Հիմնադրամի պետական գրանցման օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պետական մարմինները և հասարակական կազմակերպությունները նշանակում են Խորհրդի իրենց անդամներին:
3. Եթե Հիմնադրամի պետական գրանցումից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված հասարակական կազմակերպությունները չեն նշանակում Խորհրդի կազմում իրենց անդամներին կամ դրանցից մեկին, ապա չնշանակված անդամներին (անդամին) սույն մասում նշված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում, նշանակում են Խորհրդի՝ սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված անդամները:
4. Խորհրդի բոլոր անդամներին նշանակելուց հետո՝ երկու շաբաթվա ընթացքում`
1) ընտրվում է Խորհրդի նախագահը.
2) ընդունվում են այն բոլոր իրավական ակտերը, որոնք, սույն օրենքի համաձայն, ենթակա են ընդունման Խորհրդի կողմից.
3) կատարվում են Հիմնադրամի բոլոր այն պաշտոնատար անձանց նշանակումները, և ձևավորվում են Հիմնադրամի բոլոր այն մարմինները, որոնց նշանակումը կամ ձևավորումը, սույն օրենքի համաձայն, վերապահված է Խորհրդի իրավասությանը:
5. Հիմնադրամի պետական գրանցումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Կենտրոնական բանկը Հիմնադրամի անունով բացում է Հիմնադրամի՝ սույն օրենքով սահմանված բանկային հաշիվները և Հիմնադրամ փոխանցում սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված գումարը:
Հոդված 28. | Էլեկտրոնային ձևով դրոշմանիշերի թողարկումը և էլեկտրոնային համակարգի ներդրումը |
1. Էլեկտրոնային համակարգը պետք է ներդրվի և էլեկտրոնային ձևով դրոշմանիշերի թողարկումը պետք է սկսվի սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում:
2. Մինչև էլեկտրոնային համակարգի ներդրումը և էլեկտրոնային ձևով դրոշմանիշերի թողարկման սկիզբը կամավոր նվիրաբերությունների ներգրավման նպատակով դրոշմանիշերի թողարկման, հաշվառման, ձեռքբերման կարգը սահմանում է Խորհուրդը:
Հոդված 29. | Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունումը |
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ երկու շաբաթվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններն ընդունում են սույն օրենքից բխող այն ենթաօրենսդրական նորմատիվ ակտերը, որոնց ընդունումը սույն օրենքով վերապահված է այդ մարմիններին:
Հոդված 30. | Դրոշմանիշային վճար վճարելու պարտականության ծագման սկիզբը |
1. Սույն օրենքով սահմանված դրոշմանիշային վճար վճարելու պարտականությունը ծագում է 2017 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 31. | Այլ դրույթներ |
1. Հիմնադրամի պատշաճ գործունեությունն ապահովում է Կենտրոնական բանկը` ֆինանսավորելով Հիմնադրամի գործունեությունը` Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափերով:
(31-րդ հոդվածը խմբ. 29.12.20 ՀՕ-502-Ն)
(29.12.20 ՀՕ-502-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 32. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-245-Ն |