ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ԿԴ1/0151/04/17 | ||||||
Սնանկության գործ թիվ ԿԴ1/0151/04/17 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ | ||
Ն. Տավարացյան |
2020 թվականի դեկտեմբերի 16-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ՌԵԴՈՒԹ ԱՍԵՏ ՄԵՆԵՋՄԵՆՏ ԿՈՄՊԱՆԻ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2018 թվականի որոշման դեմ` ըստ «ՌԵԴՈՒՏ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ-ի (ներկայումս՝ «ՌԵԴՈՒԹ ԱՍԵՏ ՄԵՆԵՋՄԵՆՏ ԿՈՄՊԱՆԻ» ՍՊԸ-ի, այսուհետ՝ Ընկերություն) դիմումի` «ԼՈՒՍԱԿԵՐՏ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ-ին (այսուհետ` Կազմակերպություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Կազմակերպությանը սնանկ ճանաչել:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տ. Փոլադյան) (այսուհետ` Դատարան) 15.09.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.06.2018 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 15.09.2017 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` Ընկերության դիմումը` Կազմակերպությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, որը պետք է կիրառեր, խախտել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 47-րդ հոդվածի 1-ին կետը, 48-րդ հոդվածի 1-ին կետը, 52-րդ հոդվածի 2-րդ կետը, 53-րդ հոդվածի 1-ին կետը, 130.1-րդ հոդվածի 1-ին կետը, 219-րդ հոդվածը, 220.1-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.Սույն գործով Կազմակերպությունը, ստանալով Ընկերության կողմից դատարան ներկայացված հարկադրված սնանկության դիմումը, որը Դատարանի կողմից վարույթ է ընդունվել 07.07.2017 թվականին, 25.07.2017 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ վիճարկելով պարտավորության հիմքը հանդիսացող պայմանագրերի վավերականությունը՝ դրանք անփող լինելու, ինչպես նաև ցեսիայի մասին չծանուցված լինելու հիմքով:
06.09.2017 թվականի դատական նիստի ընթացքում Ընկերությունը հայտնել է, որ Կազմակերպությունը սնանկության դիմումը ստանալուց հետո արդեն երկրորդ անգամ ձեռնամուխ է լինում այնպիսի գործողություններ ձեռնարկելուն, որոնք խոչընդոտում են սնանկության վարույթի իրականացմանը: Այսպես, նախկինում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) կողմից 14.04.2015 թվականին ներկայացվել է դիմում՝ նույն Կազմակերպությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, որը վարույթ է ընդունվել 15.04.2015 թվականին: 02.06.2015 թվականին, այսինքն՝ սնանկության դիմումը ներկայացվելուց հետո, Կազմակերպությունը հայցադիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Բանկի՝ 27.05.2014 թվականին կնքված թիվ GV04377 վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագիրը, թիվ GV04377/1 և GV04377/11 համաձայնագրերը և 07.09.2010 թվականին կնքված թիվ V04411 վարկային պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին (թիվ ԵԿԴ/2482/02/15 քաղաքացիական գործ), որը 18.12.2015 թվականի վճռով մերժվել է: Վերոգրյալ օրինական ուժի մեջ մտած վճռով դատարանը ճանաչել է վճարային պարտավորության հիմք հանդիսացող վարկային պայմանագրերի վավերականությունը, իսկ ներկայացված սնանկության դիմումի շրջանակներում հիմնավորվել և ապացուցվել է պարտապան Կազմակերպության կողմից վճարային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հանգամանքը:
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ գործում բացակայում են թիվ ԵԿԴ/2482/02/15 քաղաքացիական գործով դատական ակտերը, դրանք դատարանին չեն ներկայացվել, գործի նյութերում դրանք առկա չեն, այդ ապացույցը անմիջականորեն չի հետազոտվել և քննության առարկա չի դարձվել, հիմնավոր չէ, քանի որ 06.09.2017 թվականի դատական նիստի ընթացքում թիվ ԵԿԴ/2482/02/15 քաղաքացիական գործով վճիռը հրապարակվել է Ընկերության ներկայացուցչի կողմից, այդ վճռի առնչությամբ իր դիրքորոշումն է հայտնել Կազմակերպության ներկայացուցիչը, այդ վճիռը և դրանով հաստատված փաստերը քննության են առնվել դատական նիստի ընթացքում: Վերոգրյալը արձանագրվել է 06.09.2017 թվականի դատական նիստի արձանագրությամբ: Բացի այդ, Դատարանը չի պահանջել ներկայացնելու այդ վճռի բնօրինակը կամ պատշաճ վավերացված պատճենը:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ փաստաթղթերի պատճենները՝ ներկայացված տեսքով վավերացված լինելը օրենքի իմաստով չի համարվում պատշաճ վավերացում, բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը տվյալ դեպքում պետք է մեջբերեր այն իրավանորմը, որի ուժով այդ կերպ արված վավերացումը չի համարվում պատշաճ վավերացում՝ հաշվի առնելով, որ ինչպես Նախկին օրենսգիրքը, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը որևէ դրույթ չի պարունակում առ այն, թե որն է համարվում պատշաճ վավերացում այն դեպքում, երբ իրավաբանական անձը ներկայացրել է իր կամ իր իրավանախորդի կողմից կնքված, նոտարական կարգով վավերացված, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ նաև համապատասխան պետական գրանցում ստացած պայմանագրերի պատճենները, դրանց վրա իրավաբանական անձի գործող տնօրենը (նշված փաստը հիմնավորվում է դիմումին կից ներկայացված Ընկերության պետական ռեգիստրի վկայականի և տնօրենի անձնագրի պատճեններով) նշում է կատարել այն մասին, որ դրանք հանդիսանում են բնօրինակ փաստաթղթերից կատարված պատճեններ, որի կապակցությամբ տնօրենը ստորագրել և կնքել է Ընկերության կնիքով:
Բացի այդ, սույն գործի քննության հետ կապված հարկ է անդրադառնալ այն հարցադրմանը, թե արդյոք Կազմակերպության վճարային պարտավորությունը վիճելի է դառնում այն պայմաններում, երբ օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է վերջինիս պարտավորությունների անվիճելիությունը, իսկ ցեսիայի պայմանագրի վիճարկման առարկան ոչ թե հիմնական պարտավորության բովանդակությունն է, որը փոփոխության չի ենթարկվել, այլ պարտավորության մեջ անձանց՝ պարտատերերի փոփոխության իրավաչափությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.06.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 15.09.2017 թվական վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Բանկի և Կազմակերպության միջև 07.09.2010 թվականին կնքվել է թիվ V04411 վարկային պայմանագիրը, համաձայն որի` Կազմակերպությունը 1826 օր ժամկետով, մինչև 07.09.2015 թվականը մարման վերջնաժամկետով, տարեկան 14% տոկոս տոկոսադրույքի չափով Բանկից ստացել է՝ 1.500.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ (հատոր 2-րդ, գ.թ. 25-34).
2) Բանկի և Կազմակերպության միջև 27.05.2010 թվականին կնքվել է թիվ GV04377 վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագիր, որով վարկերի, վարկային գծերի, օվերդրաֆտների և երաշխիքների տրամադրման առավելագույն սահմանաչափ է սահմանվել 820.000.000 ՀՀ դրամ (կամ դրան համարժեք այլ արժույթ) (հատոր 1-ին, գ.թ. 59-64).
3) Բանկի, Կազմակերպության, Մարատ Մելքոնյանի և Տաիսիա Մելքոնյանի միջև 27.05.2010 թվականին կնքվել է թիվ GV04377/1 հողամասի հիփոթեքի պայմանագիրը, որով Մարատ Մելքոնյանը և Տաիսիա Մելքոնյանը գրավադրել են Արմավիրի մարզ, Արգինա գյուղում գտնվող 235 հեկտար ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (14.01.2005 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1200079 վկայական, 26.07.2010 թվականին տրված գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման թիվ 0109184 վկայական) (հատոր 1-ին, գ.թ. 69-73).
4) Բանկի և Ընկերության միջև 28.12.2016 թվականին կնքվել է իրավունքների զիջման (ցեսիայի) թիվ C-2016/2 գլխավոր պայմանագիրը (այսուհետ` Ցեսիայի գլխավոր պայմանագիր), որի հիման վրա կազմված թիվ 6 հավելվածի համաձայն՝ պարտապան Կազմակերպության նկատմամբ առկա վճարային պարտավորությունների կատարման իրավունքները, որոնք սահմանվել են 27.05.2010 թվականի թիվ GV04377 վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրով, 01.06.2010 թվականին կնքված թիվ GV04377/1 վարկի տրամադրման համաձայնագրով և 07.09.2010 թվականին կնքված GV04411 վարկային պայմանագրով փոխանցվել է (զիջվել է) Ընկերությանը (հատոր 1-ին, գ.թ. 22-54).
5) Կազմակերպությունը 28.07.2017 թվականին Դատարան է ներկայացրել առարկություն Ընկերության կողմից ներկայացված՝ Կազմակերպությանը սնանկ ճանաչելու մասին դիմումի վերաբերյալ, հայտնելով, որ բացակայում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված սնանկության հատկանիշները՝ Կազմակերպությանը սնանկ ճանաչելու համար, մասնավորապես՝ բացակայում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանցի փաստը: Լրացնելով առարկությունը Կազմակերպությունը հայտնել է նաև, որ սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրված պայմանագրերը վիճարկվում են և առկա է նյութաիրավական վեճ, որը ևս հիմք է սնանկ ճանաչելու դիմումը մերժելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 1, 25-26).
6) 06.09.2017 թվականին կայացված դատական նիստի ընթացքում Կազմակերպության առարկությունների քննության ժամանակ Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.12.2015 թվականի թիվ ԵԿԴ/2482/02/15 վճռով Կազմակերպության հայցն ընդդեմ Բանկի` կողմերի միջև 27.05.2014 թվականին կնքված թիվ GV04377 վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագիրը, թիվ GV04377/1 և GV04377/11 համաձայնագրերը և 07.09.2010 թվականին կնքված թիվ V04411 վարկային պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժվել է, և դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ (հատոր 3-րդ, գ.թ. 51-54).
7) Դատարանը և Կազմակերպության ներկայացուցիչը չեն պահանջել Ընկերության ներկայացուցչից ներկայացնել փաստաթղթի բնօրինակը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Նախկին օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածների կիրառելիության որոշ հարցերին:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`
ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը, (...)
բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:
Գնահատելով գործի փաստական հանգամանքները և Վերաքննիչ դատարանի իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերողի փաստարկները դատավարական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ հիմնավոր են հետևյալ պատճառաբանությամբ.
Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոնշյալ իրավական նորմի վերլուծությանը, նշել է, որ օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նույն անձանց միջև այլ գործի քննության արդյունքում նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված հանգամանքներին։
Գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք։ Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն` ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում։ Որպես կանոն, դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով` թե' գործին մասնակցող անձանց, թե' դատարանի վրա (Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետ)։ Հետևաբար նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն: Դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ նախադատելիության օբյեկտիվ սահմանների որոշման համար էական նշանակություն ունի հետևյալ երկու դատավարական կանոնների պահպանումը`
1) վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը դատարանը պարզում է միայն oրենքով նախատեuված կարգով ձեռք բերված և հետազոտված ապացույցների միջոցով (բացառություն են կազմում միայն Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերը).
2) դատարանը պարզում է միայն գործին մաuնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպեu նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ): Այս կանոնը կիրառելիս դատարանը պարտավոր է առաջնորդվել հայցվորի կողմից կանխորոշված հայցի առարկայի և հիմքի սահմաններով, որի փոփոխման բացառիկ իրավունքը պատկանում է հայցվորին:
ՀՀ վճռաբեկ դատարանը հատկապես կարևորել է ապացուցման առարկայի` վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների ճիշտ որոշման հարցը, քանի որ դատարանի կողմից ապացուցման առարկայի սահմանների կամայական (առանց դատավարական նախադրյալի` հայցվորի կամահայտնության) ընդլայնումը բերում է այդ գործով կայացված դատական ակտով հաստատված որոշակի հանգամանքների նախադատելիության բացառման (տեԲս, «Սաթնէ» ՍՊԸ-ն ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների թիվ 3-93(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ զարգացնելով վերը նշված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ համաձայն ընդհանուր կանոնի` նախադատելիությունն ունի օբյեկտիվ և սուբյեկտային շրջանակ: Նախադատելիության օբյեկտիվ սահմանները կազմում են այն փաստական հանգամանքները, որոնք հաստատվել են ավելի վաղ քննված գործով օրինական ուժի մեջ մտած վճռով:
ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ ընդգծել է, որ նախադատելիության ինստիտուտը կարևոր նշանակություն ունի դատական խնայողության սկզբունքի ապահովման և դատական ակտերի միջև անհաղթահարելի հակասությունների կանխարգելման առումով: Մասնավորապես՝ այն մի կողմից կոչված է պարզեցնելու խախտված իրավունքները վերականգնելու դատավարական կարգը` ազատելով կողմերին նույն փաստը կրկին ապացուցելու պարտականությունից, մյուս կողմից կոչված է բացառելու միևնույն փաստերի տարբեր, հակասական գնահատումը, որը կարող է հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտման:
Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված նորմի նպատակն է պարզեցնել ապացուցման գործընթացը, այն է՝ միևնույն փաստը մեկ անգամ մեկ այլ դատարանի կողմից հաստատված լինելու դեպքում կողմերին և դատարանին ազատել այդ փաստերը հաստատելու գործընթացը կրկին կատարելու բեռից (տեԲս, Մանյա Մանուկյանն ընդդեմ Աշտարակի քաղաքապետարանի թիվ ԱՐԱԴ/0209/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանը, բավարարելով դիմումը, նշել է, որ գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.12.2015 թվականի թիվ ԵԿԴ/2482/02/15 վճռով մերժվել է Կազմակերպության հայցն ընդդեմ Բանկի` Բանկի և Կազմակերպության միջև 27.05.2014 թվականին կնքված թիվ GV04377 վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագիրը, թիվ GV04377/1 և GV04377/11 համաձայնագրերը և 07.09.2010 թվականին կնքված թիվ V04411 վարկային պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին: ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.06.2016 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.12.2015 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ` օրինական ուժի մեջ: ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշմամբ թիվ ԵԿԴ/2482/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.06.2016 թվականի որոշման դեմ Կազմակերպության բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է: Տվյալ պարագայում Դատարանը գտել է, որ, չնայած ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործի առկայությանը, միևնույն առարկայի վերաբերյալ արդեն իսկ առկա է օրինական ուժի մեջ մտած վճիռ, որի անտեսումն ուղղակիորեն կհանգեցնի ոչ միայն սնանկության վարույթի` օրենսդրորեն ամրագրված նպատակների անտեսմանը, այլև` վարույթի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի ոտնահարմանը:
Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի վճիռը, արձանագրել է, որ Դատարանը պահանջատեր Ընկերության դիմումը բավարարելիս վճռի հիմքում դրել է նաև նախկինում կողմերի միջև քննված մեկ այլ թիվ ԵԿԴ/2482/02/15 քաղաքացիական գործով դատական ակտերը, որոնցով վարկային պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջները մերժվել են: Սակայն Դատարանը վճռի պատճառաբանական մասում չի բացահայտել այդ վճիռներին հղում կատարելու հարցը, այն դեպքում, երբ այդ ապացույցը կողմերը Դատարանին չեն ներկայացրել և գործի նյութերում նման ապացույց առկա չէ և այդ ապացույցն անմիջականորեն չի հետազոտվել և քննության առարկա չի դարձվել:
Սույն գործի փաստերի համաձայն` Բանկի և Ընկերության միջև 28.12.2016 թվականին կնքվել է իրավունքների զիջման /ցեսիայի/ թիվ C-2016/2 գլխավոր պայմանագիրը, որի հիման վրա կազմված թիվ 6 հավելվածի համաձայն` պարտապան Կազմակերպության նկատմամբ առկա վճարային պարտավորությունների կատարման իրավունքները, որոնք սահմանվել են 27.05.2010 թվականի թիվ GV04377 վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրով, 01.06.2010 թվականին կնքված թիվ GV04377/1 վարկի տրամադրման համաձայնագրով և 07.09.2010 թվականին կնքված GV04411 վարկային պայմանագրով փոխանցվել է (զիջվել է) Ընկերությանը:
Ընկերությունը 06.07.2017 թվականին դիմում է ներկայացրել Դատարան Կազմակերպությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին: Կազմակերպությունը 28.07.2017 թվականին Դատարան է ներկայացրել առարկություն Ընկերության կողմից ներկայացված՝ Կազմակերպությանը սնանկ ճանաչելու մասին դիմումի վերաբերյալ, հայտնելով, որ բացակայում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված սնանկության հատկանիշները՝ Կազմակերպությանը սնանկ ճանաչելու համար, մասնավորապես՝ բացակայում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանցի փաստը: Լրացնելով առարկությունը` Կազմակերպությունը հայտնել է նաև, որ սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրված պայմանագրերը վիճարկվում են և առկա է նյութաիրավական վեճ, որը ևս հիմք է սնանկ ճանաչելու դիմումը մերժելու համար: 06.09.2017 թվականին կայացված դատական նիստի ընթացքում Կազմակերպության առարկությունների քննության ժամանակ Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.12.2015 թվականի թիվ ԵԿԴ/2482/02/15 վճռով Կազմակերպության հայցն ընդդեմ Բանկի` կողմերի միջև 27.05.2014 թվականին կնքված թիվ GV04377 վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագիրը, թիվ GV04377/1 և GV04377/11 համաձայնագրերը և 07.09.2010 թվականին կնքված թիվ V04411 վարկային պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժվել է, և դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ: Դատական նիստի ընթացքում վկայակոչված դատական ակտը դատարան չի ներկայացվել, իսկ Դատարանը և Կազմակերպության ներկայացուցիչը չեն պահանջել Ընկերության ներկայացուցչից ներկայացնել փաստաթղթի բնօրինակը:
Դիմողի կողմից վկայակոչված օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կայացվել էր պարտապանի հայցի հիման վրա և նման փաստական հանգամանքը չի ժխտվել պարտապանի կողմից:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանություններին, որ վճարային պարտավորության հիմքում դրված փաստաթղթերի բնօրինակները դատարան չեն ներկայացվել, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նկատել, որ պարտապանը 15.08.2017 թվականին ներկայացրած առարկության լրացմամբ հայտնել էր, որ վճարային պարտավորության հիմքում ընկած պայմանագրերը վիճարկվում են դատական կարգով` ներկայացնելով «Դատալեքս» կայքից տպված փաստաթղթերը: Այսինքն` պարտապանը ոչ միայն կասկածի տակ չի դրել դրանց բովանդակությունը, այլև հայտնել է, որ վիճարկում է դրանք դատական կարգով, ընդ որում ներկայացնելով ոչ թե դատավարական բնօրինակ փաստաթղթերը` այլ քաղվածք «Դատալեքս» տեղեկատվական կայք էջից:
Վերաքննիչ դատարանը վճռի բեկանման հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ Դատարանը պահանջատեր Ընկերության դիմումը բավարարելիս վճռի հիմքում դրել է նախկինում կողմերի միջև քննված մեկ այլ ԵԿԴ/2482/02/15 քաղաքացիական գործով դատական ակտերը, որոնցով վարկային պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջները մերժվել են: Սակայն դատարանը վճռի պատճառաբանական մասում չի բացահայտել այդ վճիռներին հղում կատարելու հարցը, այն դեպքում, երբ այդ ապացույցը կողմերը դատարանին չեն ներկայացրել և գործի նյութերում նման ապացույց առկա չէ և այդ ապացույցը անմիջականորեն չի հետազոտվել և քննության առարկա չի դարձվել:
Այսինքն` պարտապանի կողմից ներկայացված «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տպված փաստաթղթերը Վերաքննիչ դատարանի կողմից ընդունվել են որպես նյութաիրավական վեճի առկայությունը հաստատող հանգամանք և մյուս կողմից կասկածի տակ է դրվել դիմողի կողմից վկայակոչված և «Դատալեքս» տեղեկատվական համակարգում հասանելի դատական ակտի առկայությունը:
Ընդ որում, նման կասկածի դեպքում պարտապանը կարող էր պահանջել դիմողից ներկայացնելու դատական ակտի բնագիրը կամ իր առարկությունները հիմնավորելու համար դատարանին տրամադրել վկայակոչված դատական ակտի իր օրինակը:
ՀՀ Սահմանադրական դատարանը, 12.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1293 որոշմամբ անդրադառնալով վճռաբեկ բողոքում վկայակոչված դատական ակտերը բողոքին կցված չլինելու դեպքին, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Վկայակոչվող դատական ակտերը կցելու պահանջ նախատեսելն այն պարագայում, երբ դրանք հասանելի են դատավարության կողմերին և ՀՀ վճռաբեկ դատարանին (այդ թվում` համացանցի համապատասխան պաշտոնական կայքէջերից օգտվելու միջոցով), հիմնավոր չէ: Պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների, Սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների, ինչպես նաև ստորադաս դատարանի դատական ակտերի հասանելիությունը»:
ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակցի կողմից վկայակոչվող դատական ակտերը ներկայացնելու պահանջ դնելը չի կարող արդարացված լինել այն պարագայում, երբ դրանք հասանելի են դատարանին դատական համակարգի պաշտոնական կայքէջի միջոցով, իսկ դատավարական կողմը չի պահանջել դրա բնագիրը դատավարության համապատասխան փուլում:
Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ անդրադարձել է նաև պահանջի զիջման պայմանագրի անվավերության հարցին, նշելով, որ եթե պահանջի իրավունքի զիջման մասին պարտապանը ծանուցված չլինելու պայմաններում պարտավորությունը կատարել է հին պարտատիրոջ նկատմամբ, ապա այն համարվում է կատարված պատշաճ:
Սույն փաստարկը էական նշանակություն կարող էր ունենալ միայն այն դեպքում, երբ պարտապանը սնանկության գործը քննող դատարանին ներկայացներ ապացույց, որ սկզբնական պարտատիրոջ նկատմամբ ունեցած պարտավորությունը կատարվել է ամբողջությամբ, կամ այն ծավալով, որի մնացորդը չի գերազանցում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նվազագույն սահմանաչափը` այսինքն 1.000.000 ՀՀ դրամը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պահանջի զիջման պայմանագրի վիճարկումը չի կարող հիմք հանդիսանալ պահանջի անվիճելիության վիճարկման համար, քանի որ դրա անվավերությունը չի դադարեցնում առկա պարտավորությունը, այլ որոշում է պահանջի իրավունք ունեցող սուբյեկտին, որի նկատմամբ պետք է կատարվի պարտավորությունը: Սույն գործի շրջանակներում դատական կարգով պահանջի իրավունքի զիջման վիճարկումը չի կարող ազդել սնանկ ճանաչելու դիմում ներկայացրած անձի դատավարական իրավասուբյեկտության պատշաճության վրա, քանի որ մինչև դրա վավերականության հարցի ստուգումը տվյալ անձը պահպանում է պահանջի իրավունքը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը`[ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոնների համաձայն:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման և օրինական ուժ է տրվում Դատարանի 15.09.2017 թվականի վճռին, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Կազմակերպությունից հօգուտ Ընկերության պետք է բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.09.2017 թվականի վճռին։
2. «ԼՈՒՍԱԿԵՐՏ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ-ից հօգուտ «ՌԵԴՈՒԹ ԱՍԵՏ ՄԵՆԵՋՄԵՆՏ ԿՈՄՊԱՆԻ» ՍՊԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ | ||
Ն. Տավարացյան |
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԿԴ1/0151/04/17 սնանկության գործով 16.12.2020 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
16.12.2020 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2020 թվականի դեկտեմբերի 16-ին գրավոր ընթացակարգով քննելով «ՌԵԴՈՒԹ ԱՍԵՏ ՄԵՆԵՋՄԵՆՏ ԿՈՄՊԱՆԻ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի «ՌԵԴՈՒՏ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ-ի (ներկայումս՝ «ՌԵԴՈՒԹ ԱՍԵՏ ՄԵՆԵՋՄԵՆՏ ԿՈՄՊԱՆԻ» ՍՊԸ-ի, այսուհետ՝ Ընկերություն)` «ԼՈՒՍԱԿԵՐՏ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ-ին (այսուհետ` Կազմակերպություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.09.2017 թվականի վճռին:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս, Ռ. Հակոբյանս և Ս. Միքայելյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Կազմակերպությանը սնանկ ճանաչել:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տ. Փոլադյան) (այսուհետ` Դատարան) 15.09.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.06.2018 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 15.09.2017 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` Ընկերության դիմումը` Կազմակերպությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»։
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, որը պետք է կիրառեր, խախտել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 47-րդ հոդվածի 1-ին կետը, 48-րդ հոդվածի 1-ին կետը, 52-րդ հոդվածի 2-րդ կետը, 53-րդ հոդվածի 1-ին կետը, 130.1-րդ հոդվածի 1-ին կետը, 219-րդ հոդվածը, 220.1-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Սույն գործով Կազմակերպությունը, ստանալով Ընկերության կողմից դատարան ներկայացված հարկադրված սնանկության դիմումը, որը Դատարանի կողմից վարույթ է ընդունվել 07.07.2017 թվականին, 25.07.2017 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ վիճարկելով պարտավորության հիմքը հանդիսացող պայմանագրերի վավերականությունը՝ դրանք անփող լինելու, ինչպես նաև ցեսիայի մասին չծանուցված լինելու հիմքով:
06.09.2017 թվականի դատական նիստի ընթացքում Ընկերությունը հայտնել է, որ Կազմակերպությունը սնանկության դիմումը ստանալուց հետո արդեն երկրորդ անգամ ձեռնամուխ է լինում այնպիսի գործողություններ ձեռնարկելուն, որոնք խոչընդոտում են սնանկության վարույթի իրականացմանը: Այսպես, նախկինում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) կողմից 14.04.2015 թվականին ներկայացվել է դիմում՝ նույն Կազմակերպությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, որը վարույթ է ընդունվել 15.04.2015 թվականին: 02.06.2015 թվականին, այսինքն՝ սնանկության դիմումը ներկայացվելուց հետո, Կազմակերպությունը հայցադիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Բանկի՝ 27.05.2014 թվականին կնքված թիվ GV04377 վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագիրը, թիվ GV04377/1 և GV04377/11 համաձայնագրերը և 07.09.2010 թվականին կնքված թիվ V04411 վարկային պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին (թիվ ԵԿԴ/2482/02/15 քաղաքացիական գործ), որը 18.12.2015 թվականի վճռով մերժվել է: Վերոգրյալ օրինական ուժի մեջ մտած վճռով դատարանը ճանաչել է վճարային պարտավորության հիմք հանդիսացող վարկային պայմանագրերի վավերականությունը, իսկ ներկայացված սնանկության դիմումի շրջանակներում հիմնավորվել և ապացուցվել է պարտապան Կազմակերպության կողմից վճարային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հանգամանքը:
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ գործում բացակայում են թիվ ԵԿԴ/2482/02/15 քաղաքացիական գործով դատական ակտերը, դրանք դատարանին չեն ներկայացվել, գործի նյութերում դրանք առկա չեն, այդ ապացույցը անմիջականորեն չի հետազոտվել և քննության առարկա չի դարձվել, հիմնավոր չէ, քանի որ 06.09.2017 թվականի դատական նիստի ընթացքում թիվ ԵԿԴ/2482/02/15 քաղաքացիական գործով վճիռը հրապարակվել է Ընկերության ներկայացուցչի կողմից, այդ վճռի առնչությամբ իր դիրքորոշումն է հայտնել Կազմակերպության ներկայացուցիչը, այդ վճիռը և դրանով հաստատված փաստերը քննության են առնվել դատական նիստի ընթացքում: Վերոգրյալը արձանագրվել է 06.09.2017 թվականի դատական նիստի արձանագրությամբ: Բացի այդ, Դատարանը չի պահանջել ներկայացնելու այդ վճռի բնօրինակը կամ պատշաճ վավերացված պատճենը:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ փաստաթղթերի պատճենները՝ ներկայացված տեսքով վավերացված լինելը օրենքի իմաստով չի համարվում պատշաճ վավերացում, բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը տվյալ դեպքում պետք է մեջբերեր այն իրավանորմը, որի ուժով այդ կերպ արված վավերացումը չի համարվում պատշաճ վավերացում՝ հաշվի առնելով, որ ինչպես Նախկին օրենսգիրքը, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը որևէ դրույթ չի պարունակում առ այն, թե որն է համարվում պատշաճ վավերացում այն դեպքում, երբ իրավաբանական անձը ներկայացրել է իր կամ իր իրավանախորդի կողմից կնքված, նոտարական կարգով վավերացված, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ նաև համապատասխան պետական գրանցում ստացած պայմանագրերի պատճենները, դրանց վրա իրավաբանական անձի գործող տնօրենը (նշված փաստը հիմնավորվում է դիմումին կից ներկայացված Ընկերության պետական ռեգիստրի վկայականի և տնօրենի անձնագրի պատճեններով) նշում է կատարել այն մասին, որ դրանք հանդիսանում են բնօրինակ փաստաթղթերից կատարված պատճեններ, որի կապակցությամբ տնօրենը ստորագրել և կնքել է Ընկերության կնիքով:
Բացի այդ, սույն գործի քննության հետ կապված հարկ է անդրադառնալ այն հարցադրմանը, թե արդյոք Կազմակերպության վճարային պարտավորությունը վիճելի է դառնում այն պայմաններում, երբ օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է վերջինիս պարտավորությունների անվիճելիությունը, իսկ ցեսիայի պայմանագրի վիճարկման առարկան ոչ թե հիմնական պարտավորության բովանդակությունն է, որը փոփոխության չի ենթարկվել, այլ պարտավորության մեջ անձանց՝ պարտատերերի փոփոխության իրավաչափությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.06.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 15.09.2017 թվական վճռինե:
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«1) Բանկի և Կազմակերպության միջև 07.09.2010 թվականին կնքվել է թիվ V04411 վարկային պայմանագիրը, համաձայն որի` Կազմակերպությունը 1826 օր ժամկետով, մինչև 07.09.2015 թվականը մարման վերջնաժամկետով, տարեկան 14% տոկոս տոկոսադրույքի չափով Բանկից ստացել է՝ 1.500.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ (հատոր 2-րդ, գ.թ. 25-34).
2) Բանկի և Կազմակերպության միջև 27.05.2010 թվականին կնքվել է թիվ GV04377 վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագիր, որով վարկերի, վարկային գծերի, օվերդրաֆտների և երաշխիքների տրամադրման առավելագույն սահմանաչափ է սահմանվել 820.000.000 ՀՀ դրամ (կամ դրան համարժեք այլ արժույթ) (հատոր 1-ին, գ.թ. 59-64).
3) Բանկի, Կազմակերպության, Մարատ Մելքոնյանի և Տաիսիա Մելքոնյանի միջև 27.05.2010 թվականին կնքվել է թիվ GV04377/1 հողամասի հիփոթեքի պայմանագիրը, որով Մարատ Մելքոնյանը և Տաիսիա Մելքոնյանը գրավադրել են Արմավիրի մարզ, Արգինա գյուղում գտնվող 235 հեկտար ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (14.01.2005 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1200079 վկայական, 26.07.2010 թվականին տրված գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման թիվ 0109184 վկայական) (հատոր 1-ին, գ.թ. 69-73).
4) Բանկի և Ընկերության միջև 28.12.2016 թվականին կնքվել է իրավունքների զիջման (ցեսիայի) թիվ C-2016/2 գլխավոր պայմանագիրը (այսուհետ` Ցեսիայի գլխավոր պայմանագիր), որի հիման վրա կազմված թիվ 6 հավելվածի համաձայն՝ պարտապան Կազմակերպության նկատմամբ առկա վճարային պարտավորությունների կատարման իրավունքները, որոնք սահմանվել են 27.05.2010 թվականի թիվ GV04377 վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրով, 01.06.2010 թվականին կնքված թիվ GV04377/1 վարկի տրամադրման համաձայնագրով և 07.09.2010 թվականին կնքված GV04411 վարկային պայմանագրով փոխանցվել է (զիջվել է) Ընկերությանը (հատոր 1-ին, գ.թ. 22-54).
5) Կազմակերպությունը 28.07.2017 թվականին Դատարան է ներկայացրել առարկություն Ընկերության կողմից ներկայացված՝ Կազմակերպությանը սնանկ ճանաչելու մասին դիմումի վերաբերյալ, հայտնելով, որ բացակայում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված սնանկության հատկանիշները՝ Կազմակերպությանը սնանկ ճանաչելու համար, մասնավորապես՝ բացակայում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանցի փաստը: Լրացնելով առարկությունը Կազմակերպությունը հայտնել է նաև, որ սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրված պայմանագրերը վիճարկվում են և առկա է նյութաիրավական վեճ, որը ևս հիմք է սնանկ ճանաչելու դիմումը մերժելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 1, 25-26).
6) 06.09.2017 թվականին կայացված դատական նիստի ընթացքում Կազմակերպության առարկությունների քննության ժամանակ Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.12.2015 թվականի թիվ ԵԿԴ/2482/02/15 վճռով Կազմակերպության հայցն ընդդեմ Բանկի` կողմերի միջև 27.05.2014 թվականին կնքված թիվ GV04377 վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագիրը, թիվ GV04377/1 և GV04377/11 համաձայնագրերը և 07.09.2010 թվականին կնքված թիվ V04411 վարկային պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժվել է, և դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ (հատոր 3-րդ, գ.թ. 51-54).
7) Դատարանը և Կազմակերպության ներկայացուցիչը չեն պահանջել Ընկերության ներկայացուցչից ներկայացնել փաստաթղթի բնօրինակը»:
4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Նախկին օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածների կիրառելիության որոշ հարցերին:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`
ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը, (...)
բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:
Գնահատելով գործի փաստական հանգամանքները և Վերաքննիչ դատարանի իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերողի փաստարկները դատավարական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ հիմնավոր են հետևյալ պատճառաբանությամբ.
Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոնշյալ իրավական նորմի վերլուծությանը, նշել է, որ օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նույն անձանց միջև այլ գործի քննության արդյունքում նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված հանգամանքներին։
Գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք։ Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն` ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում։ Որպես կանոն, դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով` թե' գործին մասնակցող անձանց, թե' դատարանի վրա (Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետ)։ Հետևաբար նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն: Դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ նախադատելիության օբյեկտիվ սահմանների որոշման համար էական նշանակություն ունի հետևյալ երկու դատավարական կանոնների պահպանումը`
1) վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը դատարանը պարզում է միայն oրենքով նախատեuված կարգով ձեռք բերված և հետազոտված ապացույցների միջոցով (բացառություն են կազմում միայն Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերը).
2) դատարանը պարզում է միայն գործին մաuնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպեu նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ): Այս կանոնը կիրառելիս դատարանը պարտավոր է առաջնորդվել հայցվորի կողմից կանխորոշված հայցի առարկայի և հիմքի սահմաններով, որի փոփոխման բացառիկ իրավունքը պատկանում է հայցվորին:
ՀՀ վճռաբեկ դատարանը հատկապես կարևորել է ապացուցման առարկայի` վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների ճիշտ որոշման հարցը, քանի որ դատարանի կողմից ապացուցման առարկայի սահմանների կամայական (առանց դատավարական նախադրյալի` հայցվորի կամահայտնության) ընդլայնումը բերում է այդ գործով կայացված դատական ակտով հաստատված որոշակի հանգամանքների նախադատելիության բացառման (տեԲս, «Սաթնէ» ՍՊԸ-ն ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների թիվ 3-93(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ զարգացնելով վերը նշված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ համաձայն ընդհանուր կանոնի` նախադատելիությունն ունի օբյեկտիվ և սուբյեկտային շրջանակ: Նախադատելիության օբյեկտիվ սահմանները կազմում են այն փաստական հանգամանքները, որոնք հաստատվել են ավելի վաղ քննված գործով օրինական ուժի մեջ մտած վճռով:
ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ ընդգծել է, որ նախադատելիության ինստիտուտը կարևոր նշանակություն ունի դատական խնայողության սկզբունքի ապահովման և դատական ակտերի միջև անհաղթահարելի հակասությունների կանխարգելման առումով: Մասնավորապես՝ այն մի կողմից կոչված է պարզեցնելու խախտված իրավունքները վերականգնելու դատավարական կարգը` ազատելով կողմերին նույն փաստը կրկին ապացուցելու պարտականությունից, մյուս կողմից կոչված է բացառելու միևնույն փաստերի տարբեր, հակասական գնահատումը, որը կարող է հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտման:
Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված նորմի նպատակն է պարզեցնել ապացուցման գործընթացը, այն է՝ միևնույն փաստը մեկ անգամ մեկ այլ դատարանի կողմից հաստատված լինելու դեպքում կողմերին և դատարանին ազատել այդ փաստերը հաստատելու գործընթացը կրկին կատարելու բեռից (տեԲս, Մանյա Մանուկյանն ընդդեմ Աշտարակի քաղաքապետարանի թիվ ԱՐԱԴ/0209/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանը, բավարարելով դիմումը, նշել է, որ գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.12.2015 թվականի թիվ ԵԿԴ/2482/02/15 վճռով մերժվել է Կազմակերպության հայցն ընդդեմ Բանկի` Բանկի և Կազմակերպության միջև 27.05.2014 թվականին կնքված թիվ GV04377 վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագիրը, թիվ GV04377/1 և GV04377/11 համաձայնագրերը և 07.09.2010 թվականին կնքված թիվ V04411 վարկային պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին: ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.06.2016 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.12.2015 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ` օրինական ուժի մեջ: ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշմամբ թիվ ԵԿԴ/2482/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.06.2016 թվականի որոշման դեմ Կազմակերպության բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է: Տվյալ պարագայում Դատարանը գտել է, որ, չնայած ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործի առկայությանը, միևնույն առարկայի վերաբերյալ արդեն իսկ առկա է օրինական ուժի մեջ մտած վճիռ, որի անտեսումն ուղղակիորեն կհանգեցնի ոչ միայն սնանկության վարույթի` օրենսդրորեն ամրագրված նպատակների անտեսմանը, այլև` վարույթի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի ոտնահարմանը:
Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի վճիռը, արձանագրել է, որ Դատարանը պահանջատեր Ընկերության դիմումը բավարարելիս վճռի հիմքում դրել է նաև նախկինում կողմերի միջև քննված մեկ այլ թիվ ԵԿԴ/2482/02/15 քաղաքացիական գործով դատական ակտերը, որոնցով վարկային պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջները մերժվել են: Սակայն Դատարանը վճռի պատճառաբանական մասում չի բացահայտել այդ վճիռներին հղում կատարելու հարցը, այն դեպքում, երբ այդ ապացույցը կողմերը Դատարանին չեն ներկայացրել և գործի նյութերում նման ապացույց առկա չէ և այդ ապացույցն անմիջականորեն չի հետազոտվել և քննության առարկա չի դարձվել:
Սույն գործի փաստերի համաձայն` Բանկի և Ընկերության միջև 28.12.2016 թվականին կնքվել է իրավունքների զիջման /ցեսիայի/ թիվ C-2016/2 գլխավոր պայմանագիրը, որի հիման վրա կազմված թիվ 6 հավելվածի համաձայն` պարտապան Կազմակերպության նկատմամբ առկա վճարային պարտավորությունների կատարման իրավունքները, որոնք սահմանվել են 27.05.2010 թվականի թիվ GV04377 վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրով, 01.06.2010 թվականին կնքված թիվ GV04377/1 վարկի տրամադրման համաձայնագրով և 07.09.2010 թվականին կնքված GV04411 վարկային պայմանագրով փոխանցվել է (զիջվել է) Ընկերությանը:
Ընկերությունը 06.07.2017 թվականին դիմում է ներկայացրել Դատարան Կազմակերպությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին: Կազմակերպությունը 28.07.2017 թվականին Դատարան է ներկայացրել առարկություն Ընկերության կողմից ներկայացված՝ Կազմակերպությանը սնանկ ճանաչելու մասին դիմումի վերաբերյալ, հայտնելով, որ բացակայում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված սնանկության հատկանիշները՝ Կազմակերպությանը սնանկ ճանաչելու համար, մասնավորապես՝ բացակայում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանցի փաստը: Լրացնելով առարկությունը` Կազմակերպությունը հայտնել է նաև, որ սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրված պայմանագրերը վիճարկվում են և առկա է նյութաիրավական վեճ, որը ևս հիմք է սնանկ ճանաչելու դիմումը մերժելու համար: 06.09.2017 թվականին կայացված դատական նիստի ընթացքում Կազմակերպության առարկությունների քննության ժամանակ Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.12.2015 թվականի թիվ ԵԿԴ/2482/02/15 վճռով Կազմակերպության հայցն ընդդեմ Բանկի` կողմերի միջև 27.05.2014 թվականին կնքված թիվ GV04377 վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագիրը, թիվ GV04377/1 և GV04377/11 համաձայնագրերը և 07.09.2010 թվականին կնքված թիվ V04411 վարկային պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժվել է, և դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ: Դատական նիստի ընթացքում վկայակոչված դատական ակտը դատարան չի ներկայացվել, իսկ Դատարանը և Կազմակերպության ներկայացուցիչը չեն պահանջել Ընկերության ներկայացուցչից ներկայացնել փաստաթղթի բնօրինակը:
Դիմողի կողմից վկայակոչված օրինակն ուժի մեջ մտած դատական ակտը կայացվել էր պարտապանի հայցի հիման վրա և նման փաստական հանգամանքը չի ժխտվել պարտապանի կողմից:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանություններին, որ վճարային պարտավորության հիմքում դրված փաստաթղթերի բնօրինակները դատարան չեն ներկայացվել, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նկատել, որ պարտապանը 15.08.2017 թվականին ներկայացրած առարկության լրացմամբ հայտնել էր, որ վճարային պարտավորության հիմքում ընկած պայմանագրերը վիճարկվում են դատական կարգով` ներկայացնելով «Դատալեքս» կայքից տպված փաստաթղթերը: Այսինքն` պարտապանը ոչ միայն կասկածի տակ չի դրել դրանց բովանդակությունը, այլև հայտնել է, որ վիճարկում է դրանք դատական կարգով, ընդ որում ներկայացնելով ոչ թե դատավարական բնօրինակ փաստաթղթերը` այլ քաղվածք «Դատալեքս» տեղեկատվական կայք էջից:
Վերաքննիչ դատարանը վճռի բեկանման հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ Դատարանը պահանջատեր Ընկերության դիմումը բավարարելիս վճռի հիմքում դրել է նախկինում կողմերի միջև քննված մեկ այլ ԵԿԴ/2482/02/15 քաղաքացիական գործով դատական ակտերը, որոնցով վարկային պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջները մերժվել են: Սակայն դատարանը վճռի պատճառաբանական մասում չի բացահայտել այդ վճիռներին հղում կատարելու հարցը, այն դեպքում, երբ այդ ապացույցը կողմերը դատարանին չեն ներկայացրել և գործի նյութերում նման ապացույց առկա չէ և այդ ապացույցը անմիջականորեն չի հետազոտվել և քննության առարկա չի դարձվել:
Այսինքն` պարտապանի կողմից ներկայացված «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տպված փաստաթղթերը Վերաքննիչ դատարանի կողմից ընդունվել են որպես նյութաիրավական վեճի առկայությունը հաստատող հանգամանք և մյուս կողմից կասկածի տակ է դրվել դիմողի կողմից վկայակոչված և «Դատալեքս» տեղեկատվական համակարգում հասանելի դատական ակտի առկայությունը:
Ընդ որում, նման կասկածի դեպքում պարտապանը կարող էր պահանջել դիմողից ներկայացնելու դատական ակտի բնագիրը կամ իր առարկությունները հիմնավորելու համար դատարանին տրամադրել վկայակոչված դատական ակտի իր օրինակը:
ՀՀ Սահմանադրական դատարանը, 12.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1293 որոշմամբ անդրադառնալով վճռաբեկ բողոքում վկայակոչված դատական ակտերը բողոքին կցված չլինելու դեպքին, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Վկայակոչվող դատական ակտերը կցելու պահանջ նախատեսելն այն պարագայում, երբ դրանք հասանելի են դատավարության կողմերին և ՀՀ վճռաբեկ դատարանին (այդ թվում` համացանցի համապատասխան պաշտոնական կայքէջերից օգտվելու միջոցով), հիմնավոր չէ: Պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների, Սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների, ինչպես նաև ստորադաս դատարանի դատական ակտերի հասանելիությունը»:
ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակցի կողմից վկայակոչվող դատական ակտերը ներկայացնելու պահանջ դնելը չի կարող արդարացված լինել այն պարագայում, երբ դրանք հասանելի են դատարանին դատական համակարգի պաշտոնական կայքէջի միջոցով, իսկ դատավարական կողմը չի պահանջել դրա բնագիրը դատավարության համապատասխան փուլում:
Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ անդրադարձել է նաև պահանջի զիջման պայմանագրի անվավերության հարցին, նշելով, որ եթե պահանջի իրավունքի զիջման մասին պարտապանը ծանուցված չլինելու պայմաններում պարտավորությունը կատարել է հին պարտատիրոջ նկատմամբ, ապա այն համարվում է կատարված պատշաճ:
Սույն փաստարկը էական նշանակություն կարող էր ունենալ միայն այն դեպքում, երբ պարտապանը սնանկության գործը քննող դատարանին ներկայացներ ապացույց, որ սկզբնական պարտատիրոջ նկատմամբ ունեցած պարտավորությունը կատարվել է ամբողջությամբ, կամ այն ծավալով, որի մնացորդը չի գերազանցում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նվազագույն սահմանաչափը` այսինքն 1.000.000 ՀՀ դրամը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պահանջի զիջման պայմանագրի վիճարկումը չի կարող հիմք հանդիսանալ պահանջի անվիճելիության վիճարկման համար, քանի որ դրա անվավերությունը չի դադարեցնում առկա պարտավորությունը, այլ որոշում է պահանջի իրավունք ունեցող սուբյեկտին, որի նկատմամբ պետք է կատարվի պարտավորությունը: Սույն գործի շրջանակներում դատական կարգով պահանջի իրավունքի զիջման վիճարկումը չի կարող ազդել սնանկ ճանաչելու դիմում ներկայացրած անձի դատավարական իրավասուբյեկտության պատշաճության վրա, քանի որ մինչև դրա վավերականության հարցի ստուգումը տվյալ անձը պահպանում է պահանջի իրավունքը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը»:
Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս, Ռ. Հակոբյանս և Ս. Միքայելյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:
Այսպես`
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ (…)
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Տվյալ դեպքում օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը բացառապես պայմանավորել է Վերաքննիչ դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման արդյունքում արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ թույլ տալով, և Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել է ու օրինական ուժ է տվել Դատարանի դատական ակտին՝ հիմք ընդունելով բացառապես իր որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Դրանից ելնելով անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ բացառապես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարո՞ղ էին բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում վերագրելու համար, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման, իսկ դրա արդյունքում՝ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու համար։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:
Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`
ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,
բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով սնանկ ճանաչելու պայման հանդիսացող վճարային պարտավորության անվիճելիության հատկանիշի մեկնաբանմանը, արձանագրել է, որ հարկադրված սնանկության դեպքում վճարային պարտավորության անվիճելիությունը, այդպիսի պարտավորության առնվազն 60-օրյա ժամկետով կետանցը և վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելն այն երեք պայմաններն են, որոնցից յուրաքանչյուրի առկայությունն անհրաժեշտ է, իսկ բոլորինը միասին` բավարար` անձին սնանկ ճանաչելու համար (տե՛ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Գևորգ Հարոյանի թիվ ԵՇԴ/0009/04/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ելնելով անձին սնանկ ճանաչելու տարբեր հիմքերի առանձնահատկություններից` օրենսդիրն անձին սնանկ ճանաչելու յուրաքանչյուր հիմքի համար սահմանել է տարբեր կարգավորումներ: Այսինքն՝ կախված այն հանգամանքից, թե սնանկության դիմումի հիմքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված որ հիմքն է ընկած, կիրառվում է տվյալ հիմքին բնորոշ օրենսդրական կարգավորումը (տեԲս, ՀՀ ֆինանսների նախարարությունն ընդդեմ Ա/Ձ Մկրտիչ Հարությունյանի թիվ ԿԴ2/0078/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի որոշման « Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը» վերնագիրը կրող բաժնում որպես 5-րդ փաստ ներառվել է այն, որ «Կազմակերպությունը 28.07.2017 թվականին Դատարան է ներկայացրել առարկություն Ընկերության կողմից ներկայացված՝ Կազմակերպությանը սնանկ ճանաչելու մասին դիմումի վերաբերյալ՝ հայտնելով, որ բացակայում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված սնանկության հատկանիշները Կազմակերպությանը սնանկ ճանաչելու համար, մասնավորապես՝ բացակայում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանցի փաստը: Լրացնելով առարկությունը Կազմակերպությունը հայտնել է նաև, որ սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրված պայմանագրերը վիճարկվում են և առկա է նյութաիրավական վեճ, որը ևս հիմք է սնանկ ճանաչելու դիմումը մերժելու համարե։
Այսինքն՝ Կազմակերպությունը հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումին առարկել է այն հիմքով, որ բացակայում են անձին սնանկ ճանաչելու համար անհրաժեշտ պայմաններից երկուսը՝ վճարային պարտավորության առնվազն 60-օրյա ժամկետով կետանց թույլ տրված լինելը, և այդ պարտավորության անվիճելիությունը։
Մինչդեռ, ինչպես պարզեցինք Վճռաբեկ դատարանի որոշման բովանդակությունից, վերջինս որոշման պատճառաբանական մասում բացառապես անդրադարձել է վճարային պարտավորության անվիճելիության պարտադիր պայմանին, իսկ առարկության հիմքում դրված՝ անձին սնանկ ճանաչելու մյուս պարտադիր պայմանին՝ վճարային պարտավորության առնվազն 60-օրյա ժամկետով կետանց թույլ տրված լինելուն, որը ևս վիճարկվել է, ընդհանրապես չի անդրադարձել։
Դրանից ելնելով կարծում ենք, որ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացրած որոշումներում արտահայտված վերը նշված դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները չէին կարող բավարար հիմք հանդիսանալ Դատարանի վճռին, որով Կազմակերպությունը ճանաչվել է սնանկ, ուժ տալու համար, քանի որ տվյալ դեպքում նաև անհրաժեշտ էր հաստատված համարել Կազմակերպությանը հարկադրված սնանկության դիմումի հիման վրա սնանկ ճանաչելու համար անհրաժեշտ մյուս երկու պայմաններից յուրաքանչյուրի առկայության փաստը, որը Վճռաբեկ դատարանը հաստատված չի համարել:
Այսպիսով, կարծում ենք, որ Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններում նշվածները չէին կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում վերագրելու համար, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման, իսկ դրա արդյունքում՝ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու համար։
Նման պայմաններում անհրաժեշտ չենք համարում անդրադառնալն այն հարցին, թե արդյո՞ք բացակայել է այդ պարտադիր պայմաններից վճարային պարտավորության անվիճելիության պայմանը, որին անդրադարձել է Վճռաբեկ դատարանը։
Դատավորներ` |
|
|
Գ. Հակոբյան |
Ռ. Հակոբյան |
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2021 թվական: