Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-177-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.04.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.11.22/69(1344) Հոդ.1143
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 25-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում անձամբ հանձնվում է այն անձին, որի վերաբերյալ այն ընդունվել է, ինչպես նաև տուժողին` նրա խնդրանքով: Որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե՝

1) այն ստորագրությամբ առձեռն հանձնվել է հասցեատիրոջը, կամ հասցեատերը որոշումն ստանալու անդորրագրի վրա ստորագրել է որոշումն ստանալուց հրաժարվելու մասին.

2) այն ուղարկվել է հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, և այդ օրենքով համարվում է պատշաճ ծանուցված.

3) պաշտոնական էլեկտրոնային փոստ չունեցող հասցեատիրոջ գրավոր դիմումի հիման վրա այն ուղարկվել է էլեկտրոնային փոստով կամ հեռահաղորդակցության այլ (այդ թվում` բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու) միջոցով, և դրանք հավաստում են պարտավոր անձի կողմից վարչական ակտի մասին ծանուցումն ստացած լինելու փաստը.

4) հասցեատերը դիմել է տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով կամ բողոքարկել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը, որոնց դեպքում որոշումը հանձնելու օր է համարվում տարաժամկետելու խնդրանքով դիմելու կամ բողոքարկելու օրը:

Եթե հնարավոր չէ որոշումը հանձնել առձեռն, կամ հասցեատերը չունի պաշտոնական էլեկտրոնային փոստ (բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ անձը չունի նույնականացման քարտ, կամ պետական ռեգիստրի գրանցամատյանում չկա տեղեկատվություն իրավաբանական անձի էլեկտրոնային փոստի վերաբերյալ) և գրավոր չի դիմել որոշման մասին իր հայտնած հեռահաղորդակցության միջոցով ծանուցելու խնդրանքով, կամ սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով որոշումը հանձնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, չի ստացվել հավաստում պարտավոր անձի կողմից վարչական ակտի մասին ծանուցումն ստացած լինելու փաստի մասին, ապա որոշումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցմամբ տվյալ վարչական վարույթի ընթացքում անձի հայտնած հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում՝ անձի հաշվառման հասցեով: Եթե փոստով ուղարկված որոշումը վերադարձվել է, կամ ծանուցման փաստը չի հաստատվել, կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ պատշաճ կարգով ուղարկված (հանձնվող) որոշումը և ստորագրել հրաժարվելու մասին, ապա որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Այն դեպքերում, երբ որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ապա որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված) որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը: Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դիմումի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելու հետ մեկտեղ որոշումը ևս մեկ անգամ ուղարկվում է դիմումում մատնանշված հեռահաղորդակցության միջոցով:

Որոշումը հասցեատիրոջ էլեկտրոնային, այդ թվում՝ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկվելու դեպքում անձն ստանում է ծանուցում որոշման առկայության մասին, ինչպես նաև համապատասխան էլեկտրոնային հղումը, որի միջոցով կայացված որոշումը հնարավոր կլինի ներբեռնել կամ տեսանելի լինել ինտերնետային կայքի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում առնվազն ծանուցման մեջ արտացոլվում է որոշման եզրափակիչ մասը: Բջջային հեռախոսահամարին հաղորդագրությամբ ծանուցման դեպքում անձը ստանում է կարճ հաղորդագրություն որոշման առկայության մասին՝ որոշման համարի կամ այլ տվյալի նշումով, որի օգտագործմամբ անձը ինտերնետային կայքի միջոցով հնարավորություն կունենա դիտելու կամ ներբեռնելու որոշումը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

 

Ս. Սարգսյան

 

2017 թ. նոյեմբերի 13
Երևան
ՀՕ-177-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան