ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի հունիսի 9-ին
«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-126-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.
«3. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, հրապարակում է հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կայքէջում: Ըստ քննչական ենթակայության՝ հաղորդումը պետք է պարունակի տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծությունները և եզրահանգումները ներկայացվում են առանձին:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հաղորդումը կազմելու համար նախաքննության մարմինները, ըստ քննչական ենթակայության, յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 1-ը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն են ներկայացնում նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկություններ և վիճակագրական տվյալներ: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունների և վիճակագրական տվյալների ներկայացման մեթոդական ուղեցույցը հաստատում է գլխավոր դատախազը:››:
Հոդված 2. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. հունիսի 28
Նախագահ
Ս. Սարգսյան
Երևան
ՀՕ-108-Ն