Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.09.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 22.12.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.09.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/3560/05/22

2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/3560/05/22

Նախագահող դատավոր՝

 Է. Նահապետյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով

 

նախագահող 

Ռ. Հակոբյան

զեկուցող

Լ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

 

2023 թվականի սեպտեմբերի 01-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սյուզաննա Գևորգյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20102022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Սյուզաննա Գևորգյանի ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (այսուհետ՝ Ազգային կենտրոն)՝ Ազգային կենտրոնի 19082021 թվականի թիվ ԱՎ/01/ՌԼԿ-12/495-21 գրությամբ տրված գրավոր համաձայնությունը (դրական եզրակացությունը) վերացնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սյուզաննա Գևորգյանը պահանջել է վերացնել Ազգային կենտրոնի 19082021 թվականի թիվ ԱՎ/01/ՌԼԿ-12/495-21 գրությամբ տրված գրավոր համաձայնությունը (դրական եզրակացությունը)։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա Միրզոյան) 15062022 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ե. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 19072022 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20102022 թվականի որոշմամբ Սյուզաննա Գևորգյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19072022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սյուզաննա Գևորգյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ և 13-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերը, 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը նշել է, որ սույն գործով պատասխանողը չի հանդիսանում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, ուստի սույն գործը դուրս է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված առարկայական ընդդատության շրջանակներից։

Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ կերպով արձանագրել է նաև, որ Դատարանի եզրահանգումներն իրավաչափ են այնքանով, որ տվյալ դեպքում հայցադիմումի ընդունելության հարցերը կարգավորվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով, որոնց գնահատումը դուրս է Դատարանի քննարկման շրջանակներից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է կայացնել նոր դատական ակտ՝ վերացնել Դատարանի 19072022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 81-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

- արդյո՞ք վիճարկվող անհատական իրավական ակտի վարչական ակտ չհանդիսանալու հանգամանքը միայն բավարար պայման է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու համար,

- արդյո՞ք վեճը ՀՀ վարչական դատարանին ընդդատյա չլինելու հանգամանքն ինքնին բավարար պայման է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա հայցադիմումի ընդունումը մերժելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հստակեցնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 81-րդ հոդվածով սահմանված լիազորության իրացման պայմանները։

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) տեսանկյունից` դատարան դիմելու մատչելիության իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե'ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom թիվ 18139/91 գանգատով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռ, կետ 59): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե'ս, Khalfaoui v. France թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռ, կետ 36):

Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե'ս, Dumitru Gheorghe v. Romania թիվ 33883/06 գանգատով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռ, կետ 28

Դատարանի մատչելիության, մասնավորապես, ՀՀ վարչական դատարանի մատչելիության իրավունքի իրավաչափ սահմանափակումներն օրենսդիրը սահմանել է՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) հայցադիմում ներկայացնելու համար որոշակի իրավական պահանջներ ու պայմաններ ամրագրելու միջոցով, որոնք վերաբերում են ինչպես հայցադիմումի ներկայացման կարգին ու ժամկետներին, այնպես էլ ձևին և բովանդակությանը: Միաժամանակ սահմանված են այդ պահանջներն ու պայմանները չպահպանելու իրավական հետևանքները, այն է՝ Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և 80-րդ հոդվածի 1-ին մասն սպառիչ կերպով սահմանում են համապատասխանաբար հայցադիմումը վերադարձնելու և հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը: Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են այն պայմանները, որոնց առկայությունն օրենքի ուժով անհնարին է դարձնում տվյալ հայցադիմումի հիման վրա արդարադատության իրականացումը։

Միաժամանակ, օրենսդիրը ՀՀ վարչական դատարանին վերապահել է հայցադիմումը վերահասցեագրելու լիազորություն։ Օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը, գործի քննության ցանկացած փուլում պարզելով, որ տվյալ հայցադիմումի պահանջն ընդդատյա չէ իրեն, այն պատճառաբանված որոշմամբ վերահասցեագրում է ըստ ընդդատության:

Հայցադիմումի ընդունելիության փուլում ՀՀ վարչական դատարանի խնդիրն է պարզել հայցադիմումը վերադարձնելու, հայցադիմումի ընդունումը մերժելու և վերահասցեագրելու՝ համապատասխանաբար Օրենսգրքի 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներով նախատեսված հիմքերի առկայությունը (բացակայությունը) դրանց բացակայության դեպքում ծագում է ՀՀ վարչական դատարանի՝ տվյալ հայցը վարույթ ընդունելու պարտականությունը (Օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մաս)։

Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության։

ՀՀ վճռաբեկ դատարանը, բացահայտելով հայցադիմումը մերժելու նշված հիմքի բովանդակությունը, արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը որդեգրել է այն կառուցակարգը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված՝ «հայցը ենթակա չէ դատարանում քննության» արտահայտությունը և նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված՝ «վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության» արտահայությունն ունեն միևնույն նշանակությունը, որը հանգում է հետևյալին. վարչական դատարանում գործ չի կարող հարուցվել, իսկ հարուցված գործի վարույթը ենթակա է կարճման, եթե այդ գործի հիմքում ընկած վեճը (հայցապահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունը, հայցադիմումով դատարանի առջև բարձրացված հարցը) ենթակա չէ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի որևէ (ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ մասնագիտացված) դատարանում քննության: Հետևաբար վեճը (հայցը) դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելիս կամ այդ հիմքով գործի վարույթը կարճելիս վարչական դատարանը պարտավոր է ցույց տալ այն իրավական և փաստական հանգամանքները, որոնք վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված բոլոր դատարաններն իրավասու չեն քննելու և լուծելու տվյալ վեճը (տե՛ս, «Օլիմպ» արտադրական կոոպերատիվն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0998/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30112018 թվականի որոշումը)։

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա կարող է հայցադիմումի ընդունումը մերժել միայն այն պարագայում, երբ վեճը ենթակա չէ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված որևէ դատարանի քննությանը, իսկ վեճի՝ միայն ՀՀ վարչական դատարանի քննությանը ենթակա չլինելու պարագայում ՀՀ վարչական դատարանը պետք է հայցադիմումը պատճառաբանված որոշմամբ վերահասցեագրի համապատասխան դատարանին։ Այլ կերպ՝ հայցադիմումը վերահասցեագրելու՝ Օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքի առկայությունը բացառում է Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու հնարավորությունը։ Եթե ՀՀ վարչական դատարանի որոշման պատճառաբանական մասում շարադրված հիմնավորումներն ու փաստարկները հանգում են նրան, որ տվյալ վեճը ոչ թե հանրային, այլ մասնավոր իրավահարաբերությունների տիրույթում է, ապա հայցադիմումի ընդունումը չի կարող մերժվել Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով նման պատճառաբանության ու փաստարկման պայմաններում կիրառելի է վերահասցեագրման լիազորությունը։ Ընդ որում, վերահասցեագրման լիազորությունն իրացնելիս ՀՀ վարչական դատարանը ելնում է միայն տվյալ իրավական վեճի՝ ՀՀ վարչական դատարանի քննությանը ենթակա չլինելու և այլ դատարանի ընդդատյա լինելու իրողությունից, և վերահասցեագրման լիազորությունը ենթակա է իրացման՝ անկախ իրավասու դատարանի կողմից կիրառելի դատավարական նորմերով նախատեսված ընդունելիության պայմանները, այդ թվում՝ դատավարական ժամկետների վերաբերյալ պահանջները բավարարելու (չբավարարելու) հանգամանքից։

Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ի կատարումն դատական ակտերը պատճառաբանելու պարտականության, Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելիս ՀՀ վարչական դատարանից պահանջվում է փաստարկել ու հիմնավորել տվյալ վեճի՝ որևէ դատարանի քննության ենթակա չլինելու հանգամանքը։ Հետևաբար, ՀՀ վարչական դատարանն Օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելիս չի կարող սահմանափակվել և բավարարվել միայն տվյալ վեճի հանրային իրավահարաբերություններից ծագող վեճ չլինելու, ըստ այդմ նաև՝ ՀՀ վարչական դատարանի քննությանը ենթակա չլինելու հանգամանքի հիմանավորմամբ և փաստարկմամբ։ Նշված իրավական հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելիս առավել ևս անընդունելի է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը փաստարկել ու պատճառաբանել վիճարկվող իրավական ակտի վարչական ակտ չլինելու հիմնավորմամբ։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճարկվող իրավական ակտի իրավական բնույթը (վարչական ակտ է, թե ոչ) չի կարող կանխորոշել տվյալ վեճի բնույթն ու բովանդակությունը (վեճը բխում է հանրային իրավահարաբերություններից, թե ոչ)՝ հետևյալ պատճառաբանությամբ

ՀՀ վարչական դատարանին գործերի առարկայական ընդդատության ընդհանուր շրջանակը սահմանվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածով։ Նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը, վարչական մարմինների միջև այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով, հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, ներառյալ` արհեստակցական միությունների գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (․․․) ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված գործերը։

Վարչական դատարանին գործերի առարկայական ընդդատության ընդհանուր կանոնի համաձայն՝ վարչական դատարանի ընդդատությանն են վերապահված հանրային իրավահարաբերություններից ծագող գործերը։ Այսինքն՝ վարչական դատարանին ընդդատյա գործերի առաջնային տարբերակիչ հատկանիշը վիճելի իրավահարաբերության հանրային բնույթն է։ Միաժամանակ նշված ընդհանուր կանոնից կատարված են հետևյալ բացառությունները վարչական դատարանին ընդդատյա չեն հանրային իրավահարաբերություններից ծագող՝

- ՀՀ սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված գործերը,

- ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը,

- պատժի կատարման հետ կապված գործերը։

Այսինքն՝ վարչական դատարանի իրավասության տիրույթում են հանրային իրավահարաբերություններից ծագող այն բոլոր գործերը, որոնց ընդդատությունն օրենքով վերապահված չէ ՀՀ սահմանադրական դատարանին, ընդհանուր իրավասության դատարանին և որոնք կապված չեն պատժի կրման հետ։ Այլ կերպ՝ վարչական դատարանին ընդդատյա չեն հանրային հարաբերություններից բխող այն գործերը, որոնց քննության իրավասությունն օրենքով հատուկ վերապահված է այլ դատարանի:

Օրենսդիրը, Օրենսգրքի 10-րդ հոդվածում եզրագծելով ՀՀ վարչական դատարանի առարկայական ընդդատության սահմանները, միաժամանակ Օրենսգրքի 66-69-րդ հոդվածներում առանձնացրել է այն հայցատեսակները, որոնց շրջանակներում քննվում և լուծվում են ՀՀ վարչական դատարանին ընդդատյա վեճերը։ Միաժամանակ, գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի ամրագրմամբ օրենսդիրը ՀՀ վարչական դատարանին պարտավորեցնում է ՀՀ վարչական դատարանին ընդդատյա վեճը սխալ հայցատեսակի շրջանակներում ներկայացվելու դեպքում մատնանշել ճիշտ հայցատեսակը։ Ըստ այդմ՝ հանրային իրավահարաբերություններից բխող վեճը սխալ հայցատեսակով ներկայացվելու հանգամանքը որևէ կերպ չի կարող ենթադրել Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքի առկայություն։

Վարչական ակտը հանդիսանում է Օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված վիճարկման հայցի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ճանաչման հայցի (այլևս իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասով) նյութական օբյեկտ։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվող ակտը վարչական ակտ չէ, այսինքն՝ առկա չէ նշված հայցատեսակների նյութական օբյեկտը, սակայն վեճը ՀՀ վարչական դատարանին ընդդատյա հանրային իրավահարաբերություններից բխող վեճ է, դատարանի մատչելիության և օրինական դատարանի իրավունքների իրացումը երաշխավորելու նպատակից ելնելով պետք է ապահովվի տվյալ վեճի քննությունը վարչադատավարական կարգով՝ անկախ վիճարկվող ակտի բնույթից։ ՀՀ վճռաբեկ դատարանի հետևողականորեն ձևավորած իրավակիրառ պրակտիկայի համաձայն՝ առանձին դեպքերում վիճարկվող ակտի՝ վարչական ակտ չհանդիսանալու պայմաններում հանրային իրավահարաբերություններից բխող տվյալ վեճը կարող է քննության առնվել կամ վիճարկման հայցի կանոններով, կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցի շրջանակներում։

Այսպես, օրինակ, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թեև հարկադիր էլեկրոնային աճուրդն օժտված չէ վարչական ակտին բնորոշ հատկանիշներով, և իր բնույթով որոշակի հաջորդական գործողություններից բաղկացած գործընթաց է, այնուամենայնիվ, օրենքով հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու իրավական հնարավորությունը պետք է երաշխավորված իրացվի՝ անկախ վարչադատավարական օրենսդրությամբ աճուրդի իրավաչափությունը դատական քննության անմիջական առարկա դարձնելու պատշաճ կառուցակարգի բացակայության հանգամանքից: Ըստ այդմ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու հայցապահանջով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառվեն վիճարկման հայցի կանոնները՝ ապահովելով դատական պաշտպանության իրավունքի և դրա իրացման համար անհրաժեշտ դատավարական ընթացակարգերի կիրառման արդյունավետությունը։

Նշված գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշումներ առ այն, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցի տեսակները և դրանց օրենսդրական բնորոշումները չեն կարող խոչընդոտել անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի կենսագործումը: Հայցի տեսակների գոյության նպատակն այն է, որ հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերն արդյունավետ կերպով քննության առնվեն վարչական դատարանի կողմից՝ հաշվի առնելով միայն տվյալ հայցատեսակին բնորոշ առանձնահատուկ հատկանիշները: (․․․) Հայցի տեսակների՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված բնորոշումները չեն կարող մեկնաբանվել կամ կիրառվել որպես գործիք՝ անձին դատական պաշտպանություն փաստացի չտրամադրելու և վարչական արդարադատությունից հրաժարվելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ (․․․) հանրային իրավահարաբերություններից բխող, սակայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցատեսակների կամ հատուկ վարույթների կարգով քննությանը ներկայացվող պահանջներին չհամապատասխանող վեճերը ևս պետք է քննվեն անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի պահպանմամբ: (․․․) հաշվի առնելով վիճելի իրավահարաբերության բնույթը, դատական պաշտպանության ենթակա սուբյեկտիվ իրավունքը, ինչպես նաև տվյալ իրավունքի վերականգնման հնարավոր եղանակի առանձնահատկությունները, դատարանը կարող է որոշել, թե որ հայցատեսակին բնորոշ կանոնների կիրառումը կարող է առավելագույնս արդյունավետորեն ապահովել անձի խախտված իրավունքների վերականգնումը՝ ապահովելով դատարանի մատչելիության իրավունքը, մասնագիտացված արդարադատության նպատակայնությունը և սուբյեկտիվ իրավունքների ճիշտ պաշտպանության համար անհրաժեշտ և բավարար իրավական գործիքակազմը (տե՛ս, Շուշանիկ Վարդանյանը, Թորոս Վարդանյանը և Արարատ Խառատյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/10875/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07102022 թվականի որոշումը):

Մեկ այլ դեպքում վիճարկվող անհատական ակտի վարչական ակտ չլինելու պարագայում ՀՀ վճռաբեկ դատարանը հանրային իրավահարաբերություններից բխող վեճի քննությունը հնարավոր է համարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցի շրջանակներում։ ՀՀ վճռաբեկ դատարանը, գտնելով, որ հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումը ՀՀ իրավական համակարգում չի կարող համարվել վարչական ակտ, հանգել է այն եզրակացության, որ իրավակիրառ պրակտիկան պետք է ընթանա այն ուղղությամբ, որ այդ որոշումը վերացնելուն ուղղված հայցապահանջը վարչական դատարանում ենթակա լինի քննության ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցի կանոններով (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):

Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալ իրավակարգավորումները և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող անհատական իրավական ակտի՝ վարչական ակտ չհանդիսանալը, դեռևս չի բացառում հանրային իրավահարաբերություններից բխող վեճի վարչադատավարական կարգով քննության հնարավորությունը։ Ուստի, ՀՀ վարչական դատարանի կողմից զուտ տվյալ անհատական իրավական ակտի վարչական ակտ լինել կամ չլինելու հարցի քննարկումը դեռևս բավարար չէ պարզելու համար արդյոք տվյալ վեճը ենթակա է ՀՀ վարչական դատարանի քննությանը, թե՝ ոչ։ Ավելին, վիճարկվող ակտի՝ վարչական ակտ չլինելու, սակայն տվյալ վեճի՝ ՀՀ վարչական դատարանին ընդդատյա լինելու պայմաններում ՀՀ վարչական դատարանն Օրենսգրքով ամրագրված «ex officio» սկզբունքի իրացման միջոցով պարտականություն ունի առաջարկելու ոչ ճիշտ հայցատեսակը փոխարինել պատշաճ հայցատեսակով։ Ըստ այդմ՝ Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված լիազորության իրացման համար անհրաժեշտ է, որ դատարանն իր հիմնավորումներով ու փաստարկներով բացառի տվյալ վեճի որևէ դատարանին ընդդատյա (ենթակա) լինելը, իսկ տվյալ վեճի՝ այլ դատարանի քննությանը ենթակա լինելու դեպքում, Օրենսգրքի 81-րդ հոդվածով նախատեսված լիազորության շրջանակում պատճառաբանված որոշմամբ վերահասցեագրի հայցադիմումը համապատասխան դատարանին։ Ընդ որում, Օրենսգրքի 81-րդ հոդվածով սահմանված վերահասցեագրման լիազորության իրացման միակ նախապայմանը՝ տվյալ վեճի այլ դատարանին ընդդատյա լինելու հանգամանքն է ՀՀ վարչական դատարանը նշված լիազորությունն իրացնելիս իրավասու չէ ստուգել իրավասու դատարանի կողմից տվյալ հայցադիմումը վարույթ ընդունելու համար անհրաժեշտ պահանջներին համապատասխանությունը։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Սյուզաննա Գևորգյանը պահանջել է վերացնել Ազգային կենտրոնի 19082021 թվականի թիվ ԱՎ/01/ՌԼԿ-12/495-21 գրությամբ տրված գրավոր համաձայնությունը (դրական եզրակացությունը):

ՀՀ վարչական դատարանը հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը վերադարձրել է՝ պատճառաբանելով, որ, ի թիվս այլնի, հայցվորի կողմից դատարանին ներկայացված հայցապահանջի ձևակերպումից բխում է, որ «ներկայացվել է թվով երկու ակտերի վիճարկման պահանջներ՝ «պատասխանողի կողմից տրված գրավոր համաձայնություն և դրական եզրակացություն», սակայն դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է հստակեցնել հայցապահանջը՝ ստույգ նշելով վիճարկվող ակտերի տվյալները, կից ներկայացնելով դրանք հայցադիմումին, որպիսի պայմաններում հնարավոր կլինի պարզել նաև սույն վիճարկման հայցադիմումը դատարան ներկայացնելու դատավարական ժամկետների պահպանված լինելու հարցը», ինչպես նաև «կատարելով օրենքով նախատեսված մատնանշման պարտականությունը, (…) անհրաժեշտ է դատարանին ներկայացնել վիճարկվող ակտերի՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան վարչական ակտ հանդիսանալու վերաբերյալ հիմնավորումներ (…)»:

Հայցադիմումի ընդունումը մերժվել է Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով այն պատճառաբանությամբ, որ «Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի 19.08.2021թ. թիվ ԱՎ/01/ՌԼԿ-1.2/495-21 գրությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի իմաստով, չի հանդիսանում միջամտող վարչական ակտ, այն չի կարող դառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցի առարկա, ուստիև ներկայացված հայցը ենթակա չէ դատարանում քննության»։

Վերաքննիչ դատարանը, մերժելով Սյուզաննա Գևորգյանի վերաքննիչ բողոքը, նշել է, որ «վարչական ակտին բնորոշ հաջորդ առանձնահատկությունը անհատական իրավական ակտը վարչական մարմնի կողմից ընդունված լինելն է, իսկ սույն դեպքում ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը չի հանդիսանում վարչական մարմին, այն շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, շրջակա միջավայրի պահպանության և ոչ առևտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով, հետևաբար գլխավոր տնօրենի 19.08.2021թ. թիվ ԱՎ/01/ՌԼԿ-1.2/495-21 գրությունն ընդունվել է վարչական մարմին չհանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից: Իսկ ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից արտահայտած այն դիրքորոշմանը, որ «…Եթե անգամ հայցադիմումով ներկայացված պահանջը վարչական դատարանին ընդդատյա չէ, ապա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 81-րդ հոդվածի համաձայն այն պատճառաբանված որոշմամբ պետք է վերահասցեագրվեր ըստ ընդդատության այն դատարանին, որին ընդդատյա է գործը, ինչը չանելով էլ բողոքարկվող որոշմամբ խախտվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 81-րդ հոդվածի պահանջը:…», ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանի նման եզրահանգումներն իրավացի են այնքանով, որ տվյալ դեպքում ժամկետների պահպանմամբ, ինչպես նաև հայցադիմումի ընդունելության հարցերը կարգավորվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով, որոնց գնահատումը դուրս են ՀՀ վարչական դատարանի քննարկման շրջանակներից»:

Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի նշված դիրքորոշումը, գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:

Դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումների պատճառաբանական մասի ուսումնասիրությունը վկայում է, որ և՛ Դատարանը, և՛ Վերաքննիչ դատարանը հայցադիմումի ընդունումը Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով մերժման ենթակա են համարել միայն այն փաստարկմամբ ու հիմնավորմամբ, որ ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 19082021 թվականի թիվ ԱՎ/01/ՌԼԿ-12/495-21 գրությունը չի համարվում վարչական ակտ։ Ավելին, Վերաքննիչ դատարանը հնարավոր չի համարել հայցադիմումի՝ Օրենսգրքի 81-րդ հոդվածի հիմքով վերահասցեագրումը՝ պայմանավորված նրանով, որ մասնավոր իրավահարաբերություններից բխող վեճերով հայցադիմումի ընդունելության հարցերը կարգավորվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով, որոնց գնահատումը դուրս է ՀՀ վարչական դատարանի քննարկման շրջանակներից։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը, Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելիս, սահմանափակվել է միայն Սյուզաննա Գևորգյանի ներկայացրած հայցի օբյեկտ հանդիսացող անհատական իրավական ակտի վարչական ակտ լինել-չլինելու հանգամանքը գնահատելով՝ առանց անդրադառնալու խնդրո առարկա իրավահարաբերությունների բնույթին, վիճարկման հայցից զատ այլ հայցատեսակով վեճը քննելու հնարավորությանը և այլ դատարանի տվյալ վեճի առարկայական ընդդատությանը (ենթակայությանը)։ Մինչդեռ, Վճռաբեկ դատարանի վերը նշված դիրքորոշումներին համապատասխան՝ անհրաժեշտ էր գնահատել իրավահարաբերության բնույթը, և, եթե վեճը բխում է մասնավոր իրավահարաբերություններից, ապա հայցադիմումը վերահասցեագրել ըստ ընդդատության։ Ավելին, եթե Վերաքննիչ դատարանը գտնում էր, որ վեճը մասնավոր իրավահարաբերություններից բխող վեճ է, ապա Օրենսգրքի 81-րդ հոդվածով սահմանված վերահասցեագրման լիազորության իրացումը չէր կարող պայմանավորել հայցադիմումի՝ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխանությունն ստուգելու՝ ՀՀ վարչական դատարանի իրավասության բացակայությամբ։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, սույն գործով 19072022 թվականին կայացնելով «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, սահմանափակել է Սյուզաննա Գևորգյանի դատարանի մատչելիության իրավունքը՝ սխալ մեկնաբանելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 81-րդ հոդվածը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20102022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 19072022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

 

Զեկուցող

Ռ. Հակոբյան

Լ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2023 թվական: