Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.12.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.30/24(1382).1 Հոդ.445.31
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.12.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0598/02/16

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0598/02/16
2017թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան  

Դատավորներ՝

 Ս. Թորոսյան

 

 Ա. Մկրտչյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

    Ռ. Հակոբյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

 

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սեդա Մելիք-Թանգյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արթուր Բադալյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի ընդդեմ Սեդա Մելիք-Թանգյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր)` պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արթուր Բադալյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանը պահանջել է անվավեր ճանաչել Արթուր Բադալյանի և Սեդա Մելիք-Թանգյանի միջև 11.12.2012 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը և որպես հետևանք` անվավեր ճանաչել նվիրատվության պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 14.07.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.12.2016 թվականի որոշմամբ Սեդա Մելիք-Թանգյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.07.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սեդա Մելիք-Թանգյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն գործով սնանկության կառավարչի կողմից դատարան չեն ներկայացվել ո՛չ վիճարկվող նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու կամ առոչինչ համարելու իրավական հիմքերը, ո՛չ էլ այդպիսիք հաստատող ապացույցները:

Վերաքննիչ դատարանը չի կատարել ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, այլապես կպարզեր, որ վիճարկվող անհատույց գործարքը չէր կարող Արթուր Բադալյանի սնանկության պատճառ հանդիսանալ: Ավելին, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ իրականում վիճարկվող գործարքով Արթուր Բադալյանը ցանկություն չի ունեցել խուսափելու բնակարանի նկատմամբ բռնագանձում տարածելու իրավական ընթացակարգից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.12.2016 թվականի որոշումը:

 

3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած 09.11.2015 թվականի թիվ ԵԿԴ/0307/04/15 վճռով Արթուր Բադալյանը սնանկ է ճանաչվել (հատոր 1-ին, գ.թ. 12-14).

2. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.12.2015 թվականի թիվ ԵԿԴ/0307/04/15 որոշմամբ Գևորգ Ավագյանը նշանակվել է Արթուր Բադալյանի սնանկության գործով կառավարիչ (հատոր 1-ին, գ.թ. 8-9).

3. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 09.11.2015 թվականի թիվ ԵԿԴ/0307/04/15 վճռով հաստատվել է այն փաստը, որ Լավրենտի Միքայելյանի և Արթուր Բադալյանի միջև 04.11.2014 թվականին կնքված փոխառության պայմանագրի համաձայն՝ վերջինս Լավրենտի Միքայելյանից փոխառությամբ վերցրել է 18.500 ԱՄՆ դոլար` պարտավորվելով այն վերադարձնել մինչև 15.11.2014 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 12-14).

4. Կադաստրի կողմից տրված` «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների վերաբերյալ» տեղեկանքի, ինչպես նաև Արթուր Բադալյանի և Սեդա Մելիք-Թանգյանի միջև 11.12.2012 թվականին կնքված նվիրատվության պայմանագրի համաձայն` Արթուր Բադալյանը Սեդա Մելիք-Թանգյանին անհատույց հանձնել է Երևանի Նալբանդյան փողոցի 37-րդ շենքի թիվ 3 բնակարանը, որը 14.12.2012 թվականին սեփականության իրավունքով գրանցվել է Սեդա Մելիք-Թանգյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 15-18):

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերի գործողության համար անհրաժեշտ պայմանի, այն է՝ պարտապանի` պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու մտադրության մասին, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պարտապանի կողմից իր հետ փոխկապակցված կամ երրորդ անձանց կատարած անհատույց փոխանցումները որպես պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու մտադրությամբ կատարված ակնհայտորեն վկայող փոխանցումներ գնահատելու խնդրին:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։

Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:

Իրավահարաբերության ծագման պահին գործող (մինչև 17.06.2016 թվականն ընդունված և 23.07.2016 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-105-Ն ՀՀ օրենքով կատարված փոփոխությունները գործող) խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` կառավարիչը կարող է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում դիմել դատական կարգով հետ ստանալու պարտապանի կատարած անհատույց փոխանցումները (այդ թվում` ոչ դրամային) պարտապանի հետ փոխկապակցված անձանց, որոնք կատարվել են պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում: Նույն մասի «բ» կետի համաձայն՝ կառավարիչը կարող է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում դիմել դատական կարգով հետ ստանալու պարտապանի կատարած անհատույց փոխանցումները ցանկացած երրորդ անձանց, որոնք կատարվել են սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուն նախորդող երեք տարվա ընթացքում:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ֆիզիկական անձ պարտապանի հետ փոխկապակցված են համարվում նրա ամուսինը, նրանց հետ երկու աստիճան ուղիղ վերընթաց և վայրընթաց ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք, եղբայրը, քույրը և նրանց հետ ուղիղ վայրընթաց ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք, ամուսնու եղբայրը, քույրը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), անդրադառնալով Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածին, իր որոշումներում նշել է, որ թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, հռչակելով սեփականության իրավունքը, միաժամանակ նախատեսում է սեփականության իրավունքի սահմանափակման հնարավորություն ի շահ հանրության, եթե այդ սահմանափակումը նախատեսված է օրենքով և միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով, և ընդհանուր շահերին համապատասխան սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար: Եվրոպական դատարանը նշել է նաև, որ ինչ հիմքով էլ, որ տեղի ունենա միջամտությունը սեփականության իրավունքին, դա կարող է արդարացված համարվել բացառապես այն դեպքում, երբ այն տեղի է ունեցել ի շահ հանրության և հետապնդել է իրավաչափ նպատակ (…) (տե՛ս, Sporrong and Lonnroth v. Sweden գործով Եվրոպական դատարանի 23.09.1982 թվականի վճիռը, կետ 61, Mkhchyan v. Russia գործով Եվրոպական դատարանի 07.02.2017 թվականի վճիռը, կետեր 65-67, Barcza and Others v. Hungary գործով Եվրոպական դատարանի 11.10.2016 թվականի վճիռը, կետեր 41-45):

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ 17.06.2016 թվականին ընդունված և 23.07.2016 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-105-Ն ՀՀ օրենքով խմբագրվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի նախաբանը: Կատարված փոփոխությունը վերաբերում է սնանկության գործով կառավարչի կողմից դատարան դիմելու համար սահմանված մեկամյա ժամկետի հաշվարկման սկիզբը որոշելուն: Մասնավորապես՝ մինչև նշված օրենքով կատարված փոփոխությունը, մեկամյա ժամկետի հաշվարկման սկիզբը սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելու պահն էր, իսկ փոփոխությունից հետո՝ ներկայիս խմբագրությամբ, մեկամյա ժամկետի հաշվարկման սկիզբը պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահն է:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետին և արձանագրել է, որ վկայակոչված իրավակարգավորումը նախատեսում է սնանկության վերաբերյալ գործով կառավարչի դատարան դիմելու իրավունքը` պարտապանի կողմից իրեն փոխկապակցված անձանց կատարված փոխանցումները հետ ստանալու պահանջով, որի նպատակը պարտապանի գույքի հավաքագրումն է` սնանկության վարույթի ընթացքում պարտատերերի պահանջների բավարարման նպատակով: Այսինքն` նշված նորմը սահմանում է սեփականության իրավունքի դադարման ինքնուրույն հիմք: Ընդ որում, կատարված փոխանցումները հետ ստանալու հիմքում դրված է այն հանգամանքը, որ դրանք պետք է փոխանցված լինեն պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում և անհատույց: Այդ փոխանցումները կարող են լինել նաև ոչ դրամային, այսինքն` այլ գույքային փոխանցումներ, այդ թվում` ապրանքներ, արժեթղթեր, շարժական և անշարժ գույք: Կառավարիչն այդ իրավունքը դատական կարգով կարող է իրականացնել պարտապանին սնանկ ճանաչելուց հետո, բայց ոչ ուշ քան մեկ տարվա ընթացքում (տե՛ս, Հարություն Զուլումյանի սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյանն ընդդեմ Գայանե և Ռուբեն Զուլումյանների թիվ ԵԿԴ/2304/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2012 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ այն նախատեսում է սնանկության վերաբերյալ գործով կառավարչի դատարան դիմելու իրավունքը` պարտապանի կողմից իրեն փոխկապակցված անձանց կատարված փոխանցումները հետ ստանալու պահանջով: Վերոնշյալ հոդվածով առանձնացվել են այնպիսի փոխանցումների տեսակներ, որոնք ակնհայտորեն վկայում են պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու պարտապանի մտադրության մասին (տե՛ս, Լիզա Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Համլետ Նաջարյանն ընդդեմ Լիզա Գրիգորյանի, Սոնիկ Աթայանի թիվ ԵՔԴ/1165/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.10.2012 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը 31.01.2017 թվականի թիվ ՍԴՈ-1340 որոշմամբ, քննելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, գտել է, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` կառավարիչը կարող է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դիմել և դատական կարգով հետ ստանալ պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում պարտապանի հետ փոխկապակցված անձանց պարտապանի կատարած այն անհատույց փոխանցումները, որոնք դատարանի կողմից կգնահատվեն որպես պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին ակնհայտորեն վկայող փոխանցումներ:

Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «... օրենքի վիճարկվող դրույթով սահմանված պայմաններին համապատասխանող փոխանցումներն ինքնին չեն կարող վկայել պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին: Նման դիրքորոշման համար հիմք են հանդիսանում այն հանգամանքները, որ, նախ` նման մտադրության առկայությունը կամ բացակայությունը գնահատման ենթակա հանգամանքներ են, որոնք կարող են հաստատվել դատարանի կողմից գործի կոնկրետ հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրման և գնահատման արդյունքում, երկրորդ` նշված պայմաններին համապատասխանող ոչ բոլոր փոխանցումները կարող են վկայել պարտապանի ոչ իրավաչափ մտադրության մասին: Եթե պարտապան ֆիզիկական անձը որևէ անհատույց փոխանցում է կատարել իր հետ փոխկապակցված անձի, որից միայն երեք կամ չորս տարի հետո է ստանձնել որևէ պարտավորություն և դրանից կարճ ժամանակ անց սնանկ է ճանաչվել, շատ դժվար կլինի նման փոխանցումը դիտարկել որպես պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին ակնհայտորեն վկայող փոխանցում»:

Վերոնշյալ իրավական դիրքորոշման համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ նման դեպքերը, թեև համապատասխանում են վիճարկվող դրույթի սահմանած պայմաններին, սակայն չեն կարող ծառայել վիճարկվող դրույթի` օրենսդրի կողմից սահմանված և ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող նպատակին, և գտել է, որ դատարանները վիճարկվող դրույթը կիրառելիս դրա գործողության շրջանակից պետք է բացառեն այն անհատույց փոխանցումները, որոնք ակնհայտորեն չեն վկայում պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին: Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթում սահմանված պայմանները բավարարող բացառապես բոլոր փոխանցումները հետ ստանալը, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ դրանցից ոչ բոլորը կարող են ակնհայտորեն վկայել պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին, չի կարող դիտարկվել որպես ՀՀ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար անհրաժեշտ միջոց: Նման մոտեցումը կխախտի ոչ միայն անձի սեփականության իրավունքը, այլև հիմնական իրավունքների սահմանափակման համաչափության սահմանադրական իրավունքը:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի իրավակարգավորումը՝ սնանկության գործով կառավարչի՝ պարտապանի կողմից իրեն փոխկապակցված անձանց կատարված փոխանցումները հետ ստանալու պահանջով դատարան դիմելու իրավունքի վերաբերյալ, ընդհանուր առմամբ համադրելի է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի իրավակարգավորմանը, որով նախատեսված է սնանկության գործով կառավարչի՝ պարտապանի կողմից երրորդ անձանց կատարված փոխանցումները հետ ստանալու պահանջով դատարան դիմելու իրավունքը: Մասնավորապես՝ նշված իրավանորմերի համեմատական վերլուծությունից բխում է, որ երկու իրավակարգավորումներն էլ վերաբերում են պարտապանի կատարած անհատույց փոխանցումները հետ ստանալու պահանջով դատարան դիմելու՝ սնանկության գործով կառավարչի իրավունքին: Ընդ որում, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը սահմանում է պարտապանին փոխկապակցված անձանց, իսկ նույն մասի «բ» կետը՝ երրորդ անձանց կատարված անհատույց փոխանցումները հետ ստանալու պահանջով դատարան դիմելու իրավունքը: Ըստ այդմ, առաջին իրավանորմով սահմանված է նախկին 5 տարվա, իսկ երկրորդով՝ 3 տարվա ընթացքում պարտապանի կատարած փոխանցումները հետ ստանալու հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով նշված իրավակարգավորումների՝ անհատույց գործարքներով կատարված փոխանցումները հետ ստանալու իրավական հնարավորության մասով բովանդակային համարժեքությունը, գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 31.01.2017 թվականի թիվ ՍԴՈ-1340 որոշմամբ արտահայտած դիրքորոշումն այն մասին, որ սնանկության գործով կառավարիչը կարող է դատական կարգով հետ ստանալ միայն պարտապանի կատարած այն անհատույց փոխանցումները, որոնք դատարանի կողմից կգնահատվեն որպես պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին ակնհայտորեն վկայող փոխանցումներ, կիրառելի է նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի նկատմամբ: Այսինքն՝ դատարանները «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի ինչպես «ա», այնպես էլ «բ» կետը կիրառելիս դրանց գործողության շրջանակից պետք է բացառեն այն անհատույց փոխանցումները, որոնք ակնհայտորեն չեն վկայում պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու՝ պարտապանի մտադրության մասին:

Ընդհանրացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

1. յուրաքանչյուր դեպքում, երբ առկա է սեփականության իրավունքի սահմանափակում, մասնավորապես՝ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով սեփականության իրավունքի նկատմամբ միջամտություն, ապա սեփականության հիմնարար իրավունքի պաշտպանությունից բխում է, որ այդ սահմանափակումը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ: Ընդ որում, սեփականության իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև պետք է ապահովվի ողջամիտ հավասարակշռություն,

2. պարտապանի` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերով նախատեսված անձանց կատարած անհատույց փոխանցումները սնանկության գործով կառավարչի կողմից հետ ստանալու` օրենքով սահմանված հնարավորությունը Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով միջամտություն է սեփականության իրավունքին,

3. այդ միջամտությունը, այն է՝ կատարված անհատույց փոխանցումները հետ ստանալը, հետապնդում է պարտատերերի նկատմամբ պարտավորության կատարումից չարամտորեն խուսափելը կանխելու նպատակ, որով պետությունն ապահովում է պարտատերերի հիմնական իրավունքների պաշտպանությունը: Ընդ որում, այդ նպատակով սեփականության իրավունքի սահմանափակումը, ըստ ՀՀ սահմանադրական դատարանի, համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Հետևաբար կատարված անհատույց փոխանցումներն իրավաչափ կերպով հետ ստանալու համար անհրաժեշտ է, որ պարտապանը գործարքը կնքած լինի պարտատիրոջ նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու մտադրությամբ,

4. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կամ «բ» կետերով նախատեսված պայմաններին համապատասխանող պահանջ ներկայացնելն ինքնին բավարար չէ պարտապանի՝ պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու մտադրության մասին եզրահանգում կատարելու համար: Հետևաբար այդ նորմերի տառացի կիրառումը որոշակի դեպքերում կհանգեցնի պարտապանի ունեցած ոչ իրավաչափ մտադրության մասին սխալ ենթադրության,

5. նման մտադրության առկայությունը կամ բացակայությունը գնահատման ենթակա հանգամանքներ են, որոնք կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և դատարանի կողմից կարող են հաստատվել միայն դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրման և գնահատման արդյունքում,

6. պարտատերերի իրավունքների և անձի սեփականության իրավունքի միջև ողջամիտ հավասարակշռություն ապահովելու համար դատարանները խնդրո առարկա իրավանորմերը կիրառելիս դրանց գործողության շրջանակից պետք է բացառեն այն անհատույց փոխանցումները, որոնք ակնհայտորեն չեն վկայում պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին, և այդ դեպքում կապահովվի սեփականության սահմանադրական իրավունքի սահմանափակման և դրանով հետապնդվող նպատակի համաչափությունը: Այսինքն՝ խնդրո առարկա իրավակարգավորումների տեսանկյունից անհատույց փոխանցումն անվավեր գործարք կարող է համարվել միայն, այն դեպքում երբ, ի թիվս այլ հանգամանքների, ապացուցված է պարտապանի ոչ իրավաչափ մտադրության առկայությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 09.11.2015 թվականի թիվ ԵԿԴ/0307/04/15 վճռով Արթուր Բադալյանը սնանկ է ճանաչվել: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.12.2015 թվականի թիվ ԵԿԴ/0307/04/15 որոշմամբ Գևորգ Ավագյանը նշանակվել է Արթուր Բադալյանի սնանկության գործով կառավարիչ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 09.11.2015 թվականի թիվ ԵԿԴ/0307/04/15 վճռով հաստատվել է այն փաստը, որ Լավրենտի Միքայելյանի և Արթուր Բադալյանի միջև 04.11.2014 թվականին կնքված փոխառության պայմանագրով վերջինս Լավրենտի Միքայելյանից փոխառությամբ վերցրել է 18.500 ԱՄՆ դոլար` պարտավորվելով այն վերադարձնել մինչև 15.11.2014 թվականը: Արթուր Բադալյանը Սեդա Մելիք-Թանգյանին անհատույց հանձնել է Երևանի Նալբանդյան փողոցի 37-րդ շենքի թիվ 3 բնակարանը, որը 14.12.2012 թվականին սեփականության իրավունքով գրանցվել է Սեդա Մելիք-Թանգյանի անվամբ:

Սույն գործով Դատարանը, տառացի մեկնաբանությամբ կիրառելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, հայցը բավարարել է, քանի որ Արթուր Բադալյանի կողմից Սեդա Մելիք-Թանգյանին Երևանի Նալբանդյան փողոցի 37-րդ շենքի թիվ 3 բնակարանի նվիրատվությունը համապատասխանել է նշված իրավանորմով նախատեսված պայմաններին:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժել է` նշելով, որ «Դատարանի կողմից սույն քաղաքացիական գործով իրականացվել է ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, գործով ներկայացված բոլոր ապացույցները գնահատվել են իրենց համակցության մեջ, ինչի արդյունքում կայացվել է իրավաչափ դատական ակտ, որը բխում է ՀՀ օրենսդրության պահանջներից»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, գտնում է, որ դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց, որը կվկայեր այն մասին, որ Արթուր Բադալյանն իր գործողություններով, այն է՝ Սեդա Մելիք-Թանգյանին 11.12.2012 թվականին կատարած անհատույց փոխանցմամբ, մտադրություն և նպատակ է ունեցել խուսափել Լավրենտի Միքայելյանի նկատմամբ ունեցած պարտավորությունից: Վերը նշված եզրահանգման համար հիմք է ծառայում այն, որ Արթուր Բադալյանին սնանկ ճանաչելու համար հիմք հանդիսացած փոխառության պայմանագիրը Լավրենտի Միքայելյանի և վերջինիս միջև կնքվել է 04.11.2014 թվականին, իսկ Արթուր Բադալյանը Սեդա Մելիք-Թանգյանին Երևանի Նալբանդյան փողոցի 37-րդ շենքի թիվ 3 բնակարանը նվիրել է 11.12.2012 թվականին` պարտավորության առաջացումից մոտ 2 տարի առաջ: Այսինքն` տվյալ դեպքում առկա է ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշման մեջ նկարագրված այն իրավիճակը, երբ անհատույց փոխանցում կատարելուց տևական ժամանակ հետո նոր անձն ստանձնել է պարտավորություն, որը դարձել է վերջինիս սնանկ ճանաչվելու պատճառը: Ընդ որում, սույն գործում առկա չեն ապացույցներ այն մասին, որ Արթուր Բադալյանը կարող էր կամ պետք է կանխատեսեր ապագայում իր ֆինանսական դրության վատթարացումը և, հենց այդ հանգամանքը կանխատեսելով, կատարել է անհատույց փոխանցումը՝ ապագայում պարտատերերի հանդեպ ունեցած պարտավորությունների կատարումից խուսափելու մտադրությամբ: Հետևաբար գործում է այն կանխավարկածը, որ 11.12.2012 թվականին անհատույց փոխանցում կատարելիս Արթուր Բադալյանն օբյեկտիվորեն չէր կարող կանխատեսել երկու տարի հետո սպասվող իրադարձությունները և այդ իրադարձություններով պայմանավորեր Սեդա Մելիք-Թանգյանին Երևանի Նալբանդյան փողոցի 37-րդ շենքի թիվ 3 բնակարանի անհատույց փոխանցումը: Ուստի տվյալ դեպքում կատարված անհատույց փոխանցումը չի կարող որակվել որպես պարտատիրոջ նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու մտադրությամբ կատարված գործարք, քանի որ դա չի բխում սույն գործի հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրությունից:

Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհատույց փոխանցումից հետո ընկած ժամանակահատվածը, ինչպես նաև պարտատիրոջ նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` Արթուր Բադալյանի մտադրության մասին ակնհայտորեն վկայող գործողությունների բացակայությունը հիմք են տալիս փաստելու, որ վերջինս իրեն սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Նալբանդյան փողոցի 37-րդ շենքի թիվ 3 բնակարանը տնօրինել է իր հայեցողությամբ` ՀՀ Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխան: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սեդա Մելիք-Թանգյանի սեփականության իրավունքի դադարման հիմքը բացակայում է, որպիսի պարագայում հայցը ենթակա էր մերժման, մինչդեռ ստորադաս դատարանները նյութական նորմի սխալ մեկնաբանման, արդյունքում նաև՝ դատավարական նորմի խախտման հետևանքով սխալ եզրահանգման են եկել գործի ելքի վերաբերյալ:

 

Այսպիսով սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտվում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «իա. 1» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են սնանկության կառավարիչները` «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ” կետի համաձայն՝ սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը՝ պարտապանի անունից դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար կառավարիչն ազատվում է պետական տուրքի վճարումներից: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ:

Վկայակոչված իրավակարգավորումներից հետևում է, որ պարտապանի սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի անունից դատարան հայց ներկայացնելու իրավունքն իրացնում է վերջինիս կառավարիչը, որը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ազատված է դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված պետական տուրքի վճարումներից: Օրենսդրական նման կարգավորման հիմքում, ըստ էության, ընկած է այն տրամաբանությունը, որ կառավարիչը հայց հարուցում կամ պարտապանի մասնակցությամբ դատավարություններին ներգրավվում է պարտապանի անունից, հետևաբար՝ նրա վրա պետական տուրքի վճարման պարտականություն չի կարող դրվել այլ անձի իրավունքներն ու օրինական շահերն ի պաշտոնե իրականացնելու համար: Նման եզրահանգումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ պետությունը, որպես անձի հիմնարար իրավունք հռչակելով դատական պաշտպանության իրավունքը, կոնկրետ երաշխիքներ է նախատեսում այդ իրավունքի արդյունավետ իրականացման համար՝ ընդ որում, որոշակի խումբ անձանց համար սահմանելով նաև հավելյալ երաշխիքներ, ինչպես օրինակ՝ պետական տուրքի վճարումից ազատումն է: Այդուհանդերձ, քննարկվող իրավակարգավորումը վերաբերում է միայն պետության հանդեպ պետական տուրքի գծով պարտավորությունների բացակայությանը և չի կարող մեկնաբանվել որպես մյուս կողմի կրած դատական ծախսերի փոխհատուցման պարտականության բացակայություն: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ պետական տուրքի վճարումից ազատված սուբյեկտը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով պետք է կրի մյուս կողմի կրած դատական ծախսերը փոխհատուցելու պարտականություն: Նման մոտեցումը բխում է կողմերի իրավահավասարության սկզբունքից և կոչված է կանխելու պետական տուրքի վճարումից ազատված սուբյեկտի կողմից իր դատավարական իրավունքների անբարեխիղճ իրականացման արդյունքում մյուս կողմին հնարավոր պատճառվելիք վնասները: Ավելին, կառավարչի պարագայում նշված եզրահանգումը հիմնավորվում է նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորմամբ, ըստ որի՝ նույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ: Հետևաբար, թեև կառավարիչը հայցը հարուցում է պարտապանի անունից, այնուամենայնիվ, նման հայց հարուցելու կամ այլ դատավարական գործողություններ իրականացնելու հիմքերն ու անհրաժեշտությունը գնահատում է իր իսկ հայեցողությամբ, ուստիև պետք է պատասխանատվություն կրի դրանց արդյունքում այլ անձանց կրած դատական ծախսերի փոխհատուցման համար:

Սույն գործով բողոք բերած անձը վճռաբեկ բողոք ներկայացնելիս վճարել է վճռաբեկ բողոք բերելու համար նախատեսված պետական տուրքի գումարը:

Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Արթուր Բադալյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի հայցը` մերժման, որպիսի պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումարը փոխհատուցելու պարտականությունը պետք է կրի հայցվոր կողմը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արթուր Բադալյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանից հօգուտ Սեդա Մելիք-Թանգյանի ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար: Միաժամանակ, սակայն, նկատի ունենալով, որ հայցը հարուցված է սնանկության գործով կառավարչի կողմից, որն էլ իր հերթին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «իա. 1» կետի հիմքով ազատված է դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարման ենթակա պետական տուրքի վճարումից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում հայցադիմումի համար վճարման ենթակա պետական տուրքի գումարի հետ կապված հարցը պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2016 թվականի որոշումը և այն փոփոխել` Արթուր Բադալյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի հայցն ընդդեմ Սեդա Մելիք-Թանգյանի՝ Արթուր Բադալյանի և Սեդա Մելիք-Թանգյանի միջև 11.12.2012 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը և որպես հետևանք` նվիրատվության պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, մերժել:

2. Արթուր Բադալյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանից հօգուտ Սեդա Մելիք-Թանգյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Դատական ծախսերի հարցը` հայցադիմումի համար վճարման ենթակա պետական տուրքի գումարի հետ կապված, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «իա. 1» կետի հիմքով համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
 

Ա. Բարսեղյան 

 

Մ. Դրմեյան

  Գ. Հակոբյան
  Ռ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան