Գլխավոր տեղեկություն
Համար
N 1084-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.10.2015-07.04.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.09.30/64(1153) Հոդ.877
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2015 թվականի N 1084-Ն

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԱԾՈՒ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ժողովածու կազմելու և տրամադրելու կարգն ու ժամկետները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին`

1) սույն որոշմամբ սահմանված պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ժողովածու կազմելն իրականացնել «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության միջոցով.

2) ապահովել սույն կետի 1-ին ենթակետից բխող «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների կատարումը.

3) մինչև 2015 թվականի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծ:

3. Սույն որոշման հավելվածով սահմանված պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ժողովածու կազմելու և տրամադրելու գործընթացի համար պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն է:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ժողովածու կազմելու համար անհրաժեշտ մինչև 1997 թվականի հունվարի 1-ը ընդունված նորմատիվ իրավական ակտերի պատճենները «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու գործընթացը` համաձայն «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված ցանկի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 25

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 25-ի N 1084-Ն որոշման

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԱԾՈՒ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ժողովածու (այսուհետ` էլեկտրոնային ժողովածու) կազմելու և տրամադրելու կարգի և ժամկետների հետ կապված հարաբերությունները:

2. Էլեկտրոնային ժողովածուն պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև այդ ակտերի հետ կապված այլ իրավական ակտերի համակարգված, որոնողական համակարգով հագեցած ժողովածու է, որի ներկայացումն իրականացվում է http://www.arlis.am/ ինտերնետային կայքում:

3. Պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերը ներկայացվում են «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱ» նշումով:

4. Պաշտոնական ինկորպորացիայի են ենթարկվում 2015 թվականի մարտի 1-ից հետո ընդունված և փոփոխություններ կրած նորմատիվ իրավական ակտերը:

5. Մինչև 2015 թվականի մարտի 1-ը ընդունված և փոփոխությունների ենթարկված, ինչպես նաև 2015 թվականի մարտի 1-ից փոփոխված նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիաներով էլեկտրոնային ժողովածուի համալրման աշխատանքներն իրականացվում են հետևյալ փուլերով`

1) պաշտոնական սկզբնաղբյուր ունեցող նորմատիվ իրավական ակտերով համալրում.

2) պաշտոնական սկզբնաղբյուր չունեցող կամ չպահպանված նորմատիվ իրավական ակտերով համալրում:

6. Էլեկտրոնային ժողովածուի համալրման հաջորդականություն է սահմանվում նորմատիվ իրավական ակտերի ընդունման և ուժի մեջ մտնելու ժամկետները՝ սկսած 2015 թվականի մարտի 1-ից` նվազման կարգով:

7. Սույն կարգի իմաստով պաշտոնական սկզբնաղբյուր ունեցող նորմատիվ իրավական ակտերն են՝ 1997 թվականի հունվարի 1-ից հետո «ՀՀ պաշտոնական տեղեկագիր» և «ՀՀ գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի տեղեկագիր» պարբերականներում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հրապարակված նորմատիվ իրավական ակտերը:

8. Սույն կարգի իմաստով պաշտոնական սկզբնաղբյուր չունեցող կամ չպահպանված նորմատիվ իրավական ակտերն են՝ մինչև 1997 թվականի հունվարի 1-ը ընդունված և ընդունման պահին սահմանված կարգով հրապարակված նորմատիվ իրավական ակտերը:

9. Պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ժողովածուի համալրման աշխատանքների ավարտման ժամկետը 2027 թվականի դեկտեմբերի 31-ն է:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան