Գլխավոր տեղեկություն
Համար
N 436-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (12.03.2015-11.03.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.07.01/15(163) Հոդ.211
Ընդունող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
31.05.2004
Ստորագրող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2004

«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
4 հունիսի 2004 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 60504149

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

31 մայիսի 2004 թ.
ք. Երևան 

N 436-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

1. Սահմանել ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը (հավելված):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2003 թվականի հունիսի 17-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման կարգը սահմանելու մասին» N 214-Ն որոշումը, բացառությամբ այդ որոշման 2-րդ կետի:

 

ՀՀ քաղաքացիական
ծառայության խորհրդի

նախագահ`

Մ. Բադալյան

 

Հավելված
ՀՀ քաղաքացիական ծառայության
խորհրդի 2004 թվականի մայիսի 31-ի
N 436-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու հետ կապված հարաբերությունները:

2. Քաղաքացիական ծառայության պաշտոնը համարվում է ժամանակավոր թափուր հետևյալ դեպքերում.

ա) հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի.

բ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու.

գ) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով սահմանված կարգով քաղաքացիական ծառայողի գործուղման.

դ) մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելու.

ե) քաղաքացիական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության.

զ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

(2-րդ կետը փոփ. 26.06.06 N 549-Ն)

3. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը սույն կարգով նախատեսված դեպքերում կարող է զբաղեցվել`

ա) տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողի.

բ) տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում (այսուհետ` կադրերի կարճաժամկետ ռեզերվ) գրանցված քաղաքացիական ծառայողի, իսկ կրտսեր պաշտոնների դեպքում՝ նաև հավաստագիր ունեցող անձի.

գ) տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվում (այսուհետ` կադրերի երկարաժամկետ ռեզերվ) գրանցված անձի.

դ) տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկ այլ անձի կողմից:

Սույն կետի «բ», «գ» և «դ» ենթակետերով նախատեսված քաղաքացիական ծառայողը և անձը քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնում է իր համաձայնությամբ:

(3-րդ կետը լրաց. 12.10.10 N 817-Ն)

4. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից կարող է զբաղեցվել սույն կարգի 2-րդ կետի «դ» և «ե» ենթակետերով նախատեսված, ինչպես նաև վեց ամիսը չգերազանցող ժամկետով օրենքով նախատեսված այլ դեպքերում` մինչև վեց ամիս ժամկետով տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետի հայեցողությամբ` նրա հրամանով (որոշմամբ):

Եթե տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված է տվյալ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի փոխարինումը մեկից ավելի քաղաքացիական ծառայողների կողմից, ապա նրանց փոխարինման ժամկետների հանրագումարը չպետք է գերազանցի վեց ամիսը:

Սույն կետով նախատեսված հրամանի (որոշման) պատճենը համապատասխան մարմինը եռօրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ):

(4-րդ կետը փոփ. 02.02.05 N 77-Ն)

5. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի, իսկ կրտսեր պաշտոնների դեպքում՝ նաև հավաստագիր ունեցող անձի, իսկ դրա անհնարինության դեպքում` կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձի, իսկ դրա անհնարինության դեպքում մեկ այլ անձի կողմից կարող է զբաղեցվել`

ա) սույն կարգի 2-րդ կետի «դ» և «ե» ենթակետերով նախատեսված, ինչպես նաև վեց ամիսը չգերազանցող ժամկետով օրենքով նախատեսված այլ դեպքերում` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետի հայեցողությամբ` նրա հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր) կնքելով (Ձևը կցվում է).

բ) սույն կարգի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերում, ինչպես նաև վեց ամիսը գերազանցող ժամկետով սույն կարգի 2-րդ կետի «գ» ենթակետով և օրենքով նախատեսված այլ դեպքերում` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նրա հետ Պայմանագիր կնքելով:

(5-րդ կետը փոփ. 02.02.05 N 77-Ն, 26.06.06 N 549-Ն, 12.10.10 N 817-Ն)

6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքերում (ընդ որում, սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքերում` եռօրյա ժամկետում) տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետը գրավոր դիմում է Խորհուրդ` տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող սույն կարգով նախապատվություն ստացած կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի կամ կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձի մասին տեղեկություններ ստանալու և նրա հետ Պայմանագիր կնքելու համար:

(6-րդ կետը փոփ. 02.02.05 N 77-Ն)

7. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված գրավոր դիմումը կամ 16-րդ կետով նախատեսված գրավոր տեղեկությունը ստանալուց հետո Խորհուրդն առնվազն տասնօրյա ժամկետում հրապարակում է հայտարարություն` կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների, իսկ կրտսեր պաշտոնների դեպքում՝ նաև հավաստագիր ունեցող անձանց, ինչպես նաև կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձանց կողմից քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար դիմում ներկայացնելու նպատակով:

(7-րդ կետը փոփ. 22.11.07 N 1121-Ն, 12.10.10 N 817-Ն)

8. Հայտարարության մեջ պետք է պարունակվեն առնվազն հետևյալ տվյալները.

ա) համապատասխան մարմնի անվանումը.

բ) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անվանումը և տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

գ) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

դ) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացումը կամ դրա վերացման ժամկետը.

ե) դիմումների ներկայացման վերջնաժամկետը, որը պետք է լինի տվյալ հայտարարության առաջին հրապարակման երրորդ աշխատանքային օրը.

զ) Խորհրդի աշխատակազմի գտնվելու վայրը և համապատասխան հեռախոսահամարը:

9. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված հայտարարության հիման վրա ներկայացված դիմումներից նախապատվությունը տրվում է տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողին:

Եթե դիմում են ներկայացրել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված մեկից ավելի քաղաքացիական ծառայողներ, ապա նախապատվության իրավունքը տրվում է տվյալ համապատասխան մարմնի հաստիքների կրճատման հիմքով պաշտոնից ազատված և կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողին, այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` առավել բարձր դասային աստիճան ունեցող քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` քաղաքացիական ծառայության առավել երկար ստաժ ունեցող քաղաքացիական ծառայողին:

10. Եթե տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի (քաղաքացիական ծառայողների) կողմից դիմում չի ներկայացվել կամ դիմում ներկայացրած կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողը (քաղաքացիական ծառայողները) չի բավարարում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները, ապա կրտսեր պաշտոնների համար հիմք է ընդունվում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող քաղաքացիների ցուցակում ընդգրկված անձի դիմումը:

Եթե կրտսեր պաշտոնների համար դիմում են ներկայացրել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող քաղաքացիների ցուցակում ընդգրկված մեկից ավելի անձինք, ապա նախապատվության իրավունքը տրվում է ցուցակում առավել երկար ժամկետով գտնվող անձին, այս պայմանի հավասարության դեպքում՝ թեստավորման արդյունքում ավելի բարձր տոկոսներ հավաքած անձին, այս պայմանի հավասարության դեպքում՝ առավել երկար քաղաքացիական ծառայության ստաժ ունեցող անձին, այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` ավելի բարձր դասային աստիճան ունեցող անձին, իսկ այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` առավել երկար աշխատանքային ստաժ ունեցող անձին:

Եթե տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող քաղաքացիների ցուցակում ընդգրկված անձի կողմից դիմում չի ներկայացվել կամ դիմում ներկայացրած քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող քաղաքացիների ցուցակում ընդգրկված անձը (անձինք) չի բավարարում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները, ապա հիմք է ընդունվում կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձի (անձանց) դիմումը:

Եթե դիմում են ներկայացրել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված մեկից ավելի անձինք, ապա նախապատվության իրավունքը տրվում է կադրերի կարճաժամկետ ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը լրանալու հիմքով կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձին, այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` տվյալ մարմնի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթում հարցազրույցի փուլում առնվազն յոթանասունհինգ տոկոս ստացած և պաշտոնի չնշանակվելու հիմքով կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձին, այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` առավել երկար քաղաքացիական ծառայության ստաժ ունեցող անձին, այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` կադրերի երկարաժամկետ ռեզերվում առավել երկար ժամկետով գտնվող անձին, իսկ այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` առավել երկար աշխատանքային ստաժ ունեցող անձին:

(10-րդ կետը լրաց. 14.07.04 N 609-Ն, փոփ. 26.06.06 N 549-Ն, խմբ., փոփ. 12.10.10 N 817-Ն, փոփ. 06.05.13 N 341-Ն)

11. Սույն կարգի 9-րդ կամ 10-րդ կետով նախատեսված անձի մասին Խորհուրդը քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետին տեղեկացնում է երեք աշխատանքային օրվա ընթացքում` այդ մասին համապատասխան տեղեկություն հրապարակելով Խորհրդի աշխատակազմում տեսանելի ցուցանակի վրա:

(11-րդ կետը փոփ. 02.02.05 N 77-Ն, լրաց. 12.10.10 N 817-Ն, խմբ. 18.11.14 N 1072-Ն)

12. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված տեղեկացումն ստանալու օրը համապատասխան մարմինը համապատասխան տեղեկություն է հրապարակում տեսանելի ցուցանակի վրա և սույն կարգի 9-րդ կամ 10-րդ կետով նախատեսված անձին տեղեկացնում է ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար եռօրյա ժամկետում համապատասխան մարմնի աշխատակազմ ներկայանալու անհրաժեշտության մասին:

(12-րդ կետը խմբ. 18.11.14 N 1072-Ն)

13. Եթե տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձի (անձանց) կողմից դիմում չի ներկայացվել կամ դիմում ներկայացրած կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձը (անձինք) չի բավարարում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները, ապա Խորհուրդը քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է այդ մասին:

(13-րդ կետը փոփ. 02.02.05 N 77-Ն)

14. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված տեղեկությունն ստանալուց հետո քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետը, կարող է մեկամսյա ժամկետում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկ այլ անձի հետ կնքել Պայմանագիր` հաշվի առնելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ, 12-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:

Չի թույլատրվում այլ անձի հետ Պայմանագիր կնքել, եթե քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա այդ պաշտոնից Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «գ.2», «դ», «ե», «թ», «ժ» և «ի» կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով ազատվելու հետևանքով:

(14-րդ կետը փոփ., լրաց. 02.02.05 N 77-Ն, խմբ. 22.11.07 N 1121-Ն, փոփ. 15.01.09 N 30-Ն, 18.11.14 N 1072-Ն)

15. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետը սույն կարգի 11-րդ կետով նախատեսված տեղեկությունները ստանալուց հետո եռօրյա ժամկետում, իսկ սույն կարգի 14-րդ կետով նախատեսված դեպքերում` մեկամսյա ժամկետում, Պայմանագիրը կնքում է երեք հավասարազոր օրինակից, որի առաջին օրինակը պահվում է համապատասխան մարմնում, երկրորդը` եռօրյա ժամկետում ներկայացվում է Խորհուրդ, իսկ երրորդը` նույն օրը տրվում է այն անձին, ում հետ կնքվել է Պայմանագիրը:

(15-րդ կետը փոփ. 02.02.05 N 77-Ն, փոփ. 26.06.06 N 549-Ն)

16. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից մեկամսյա ժամկետում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկ այլ անձի հետ Պայմանագիր չկնքելու, ինչպես նաև սույն կարգի 11-րդ կետով նախատեսված տեղեկությունն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 9-րդ կամ 10-րդ կետով նախատեսված անձի համապատասխան մարմին չներկայանալու կամ համապատասխան մարմին սահմանված ժամկետում ներկայանալուց հետո քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը Պայմանագրով զբաղեցնելուց հրաժարվելու դեպքերում համապատասխան մարմինը եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է Խորհրդին:

Համապատասխան մարմին չներկայացած կամ ժամանակավոր թափուր պաշտոնը Պայմանագրով զբաղեցնելուց հրաժարված անձինք սույն կետով նախատեսված տեղեկությունը Խորհուրդ ներկայացվելուց հետո երեք ամիս ժամկետով չեն օգտվում սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված նախապատվության իրավունքից:

Սույն կետով նախատեսված դեպքերում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցվում է ընդհանուր հիմունքներով:

(16-րդ կետը փոփ. 02.02.05 N 77-Ն, լրաց. 26.06.06 N 549-Ն, խմբ. 22.11.07 N 1121-Ն)

17. Պայմանագրի ժամկետը, մինչև սույն կարգի 18-րդ կետով նախատեսված հիմքերից մեկի առաջացումը, կարող է երկարաձգվել քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի կամ դրա վերացման ժամկետի փոփոխման դեպքում` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետի և այն անձի համաձայնությամբ, ում հետ կնքվել է Պայմանագիրը:

(17-րդ կետը փոփ. 02.02.05 N 77-Ն)

18. Պայմանագիրը լուծվում է`

ա) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացման, այդ թվում` վաղաժամկետ, դեպքում.

բ) Օրենքի 33-րդ հոդվածով (բացառությամբ այդ հոդվածի 1-ին մասի «դ», «ե», «է», «թ», «ժդ», «ի», «իա» կետերով և 3-րդ մասով) նախատեսված դեպքերում.

գ) սույն կարգի խախտմամբ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու դեպքում.

դ) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով Պայմանագրով սահմանված ժամկետում աշխատանքի չներկայանալու դեպքում, ընդ որում` քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն մեկ ամսից ավելի ժամկետով զբաղեցնելու դեպքում Պայմանագրում ժամկետը սահմանվում է ոչ պակաս, քան յոթ աշխատանքային օր, իսկ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն մինչև մեկ ամիս ժամկետով զբաղեցնելու դեպքում` ոչ պակաս, քան երեք աշխատանքային օր.

ե) եթե Պայմանագրով պաշտոն զբաղեցնող անձը մասնակցել է տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթին և հաղթող չի ճանաչվել:

Սույն կետի «դ» ենթակետով նախատեսված ժամկետները կարող են երկարաձգվել քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետի հայեցողությամբ:

Պայմանագիրը ենթակա չէ լուծման սույն կետի «ա» ենթակետի հիմքով, եթե առկա է սույն կարգով նախատեսված Պայմանագրի լուծման այլ հիմքերից որևէ մեկը:

(18-րդ կետը լրաց., փոփ. 02.02.05 N 77-Ն, խմբ., լրաց. 26.06.06 N 549-Ն, լրաց. 18.11.14 N 1072-Ն, խմբ. 05.02.15 N 70-Ն)

19. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում սույն կարգի 3-րդ կետի «բ», «գ» և «դ» ենթակետերով նախատեսված անձինք չեն կարող Օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված դեպքերում և կարգով գործուղվել:

(19-րդ կետը փոփ. 26.06.06 N 549-Ն)

20. Չի թույլատրվում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում տվյալ քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում կատարել այնպիսի փոփոխություն, որը կարող է հանգեցնել տվյալ պաշտոնը Պայմանագրով զբաղեցնող անձի հետ կնքված Պայմանագրի լուծմանը:

(20-րդ կետը լրաց. 26.06.06 N 549-Ն)

21. Մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելը` չի թույլատրվում Պայմանագիր կնքել այն անձի հետ, ով մասնակցել է տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթին և հաղթող չի ճանաչվել:

(21-րդ կետը լրաց. 18.11.14 N 1072-Ն, խմբ. 05.02.15 N 70-Ն)

22. Պայմանագրում, քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում փոփոխություններ կարող են կատարվել կողմերի միջև գրավոր համաձայնագիր կազմելու միջոցով, որը կազմում է Պայմանագրի անբաժանելի մասը:

(22-րդ կետը լրաց. 18.11.14 N 1072-Ն)

 

Ձև

 

ժամկետային աշխատանքային

պայմանագիր կնքելու կարգի

 

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N -----

 

ք. ---------------

------ ----- 200--թ.

 

Հայաստանի Հանրապետության ---------------------------------------------------, մի

(համապատասխան մարմնի անվանումը)

 

կողմից, ի դեմս ---------------------------------------------------------------------

(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

---------------------------------------------------------------------------------------

(այսուհետ` Համապատասխան մարմին) և

 

---------------------------------------------------------------------------------------

(քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձի անունը, ազգանունը, հայրանունը)

 

(ծնված 19-----թ.------  ------- -ին, բնակության վայրը` -------------------

 

անձնագիր N-------- տրված ---- կողմից --- թ. ---------- «----»-ին)

մյուս կողմից (այսուհետ` Պաշտոնակատար) կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Համապատասխան մարմինը հանձնարարում է, իսկ Պաշտոնակատարն ապահովում է

 

-------------------------------------------------------------------------------------

 

------------------------------------------------------------------------------- -ում

(համապատասխան մարմնի անվանումը)

 

------------------------------------------------------------------------------- -ում

(քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անվանումը, ծածկագիրը)

պաշտոնի անձնագրով սահմանված պահանջների ճշգրիտ և ժամանակին կատարումը:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Կողմերն ունեն «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված իրավունքներ և պարտականություններ:

 

III. ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Համապատասխան մարմինը Պաշտոնակատարին վճարում է ամենամսյա աշխատավարձ

 

-------------------------------------------------------------------------- դրամի չափով:

(տառերով և թվերով)

 

IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4. Սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման դեպքում կողմերը կրում են պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

5. Սույն պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դատական կարգով:

6. Սույն պայմանագիրը լուծվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի մայիսի 31-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 436-Ն որոշմամբ սահմանված կարգով:

7. Սույն պայմանագրով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

8. Սույն պայմանագիրը գործում է ստորագրման պահից:

9. Սույն պայմանագիրը կնքվել է երեք հավասարազոր օրինակից:

 

Համապատասխան մարմին

Պաշտոնակատար

----------------------

----------------------

(ստորագրություն)

(ստորագրություն)

Կ.Տ.

 
(հավելվածը լրաց. 14.07.04 N 609-Ն, փոփ., լրաց. 02.02.05 N 77-Ն, փոփ., լրաց., խմբ. 26.06.06 N 549-Ն, փոփ., խմբ. 22.11.07 N 1121-Ն, փոփ. 15.01.09 N 30-Ն, լրաց., փոփ., խմբ. 12.10.10 N 817-Ն, փոփ. 06.05.13 N 341-Ն, խմբ., փոփ., լրաց. 18.11.14 N 1072-Ն, խմբ. 05.02.15 N 70-Ն)