ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2015 թվականի N 101-Ա
ԳՅՈՒՄՐՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման 2015 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման 2015 թվականի ծրագրի միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. փետրվարի 16 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 12-ի N 101-Ա որոշման |
2 0 1 5 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Ծ Ր Ա Գ Ի Ր
ԳՅՈՒՄՐՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԳՅՈՒՄՐՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1. Սույն ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով որդեգրված քաղաքականությունն ու սահմանված ռազմավարական գերակայությունները, և ուղղված է Երևանի ու մարզերի միջև անհամամասնությունների կրճատմանը, գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը, փոքր և միջին բիզնեսի խթանմանը, Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը։
2. Տարածքային համաչափ զարգացման և երկրի ընդհանուր մրցունակության բարձրացման տեսանկյունից մեծապես կարևորվում է Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման ծրագիրը, որի նպատակը Գյումրի և Վանաձոր քաղաքներում ժամանակակից գիտելիքահենք և ինովացիոն ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական կենտրոնների արդյունավետ գործունեության ապահովումն է։
3. Հաշվի առնելով Գյումրի քաղաքի դերը Հայաստանի տնտեսության մեջ, տեխնոլոգիական զարգացման առկա ներուժը, համապատասխան ֆիզիկական ենթակառուցվածքների, կրթական հաստատությունների և տեխնոլոգիական ավանդույթների առկայությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է Գյումրի քաղաքում տեխնոլոգիական կենտրոնի հիմնման ծրագիր, որտեղ ներկայացված կլինեն բարձր տեխնոլոգիաներ կիրառող կազմակերպություններ, խոշոր կրթօջախներ ու գիտահետազոտական կենտրոններ:
4. 2014 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի պաշտոնական բացումը: Համաշխարհային բանկի Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության վարկային ծրագրի շրջանակում հիմնված կենտրոնը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտների ուղղվածությամբ ամբողջական համալիր է, որն իր մեջ ներառում է տեխնոլոգիական ընկերությունների համար ժամանակակից, բարձրորակ ենթակառուցվածքներով հագեցած գրասենյակային և ընդհանուր օգտագործման տարածքներ, ուսուցման և գիտահետազոտական լաբորատորիաներ ու լսարաններ, հանդիպման սենյակներ և այլն:
5. Կենտրոնում տեղակայվել են «Դ-Լինկ», «Ի-Վորքս», «Դիջիթըլ Փոմըգրանեթ», «Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն», «Գյումրու լեզուների տուն», «ՋիԷնՍի-Ալֆա», «Թայմ Փրոդաքշըն» և «ՍքայԼայն» ընկերությունները: 2015 թվականին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի մեկ հարկաբաժին կզբաղեցնի «Թումո» ուսումնակրթական կենտրոնը:
6. Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղակայված ուսումնական, հետազոտական և ինկուբացիոն լաբորատորիաներում կազմակերպվել են մասնագիտական դասընթացներ, որոնց շրջանակում պատրաստվել և վերապատրաստվել են 1100 ուսանողներ ու մասնագետներ: Նախաձեռնվել է «Սթարթ ափ» ակումբը, որն աջակցում է նոր գաղափարների գեներացմանը և սկսնակ ընկերությունների ձևավորմանը: Բիզնես աջակցություն ու խորհրդատվություն է տրամադրվել 210 ընկերությունների և թիմերի, կազմակերպվել է միջազգային խոշոր տեխնոլոգիական «Այ Գյումրի» համաժողովը, որին մասնակցել է 400 ներկայացուցիչ Հայաստանից ու արտերկրից: Ներկայումս ձևավորման փուլում են գտնվում «Քլին Թեք», «Մոբայլ» և այլ լաբորատորիաներ:
7. Հաշվի առնելով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հիմնման հաջողված մոդելը` Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում իրականացվում է համանման տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման ծրագիր: Վերջինս հիմք կհանդիսանա ոչ միայն մարզի տնտեսական զարգացման և կենսամակարդակի բարձրացման համար, այլև հնարավորություն կընձեռնի ձևավորել տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց, որը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ մեկտեղ կնպաստի Հայաստանի ընդհանուր տեխնոլոգիական առաջընթացին, մրցունակության և վարկանիշի բարձրացմանը: Նշված ծրագիրը կնպաստի Վանաձոր քաղաքում ժամանակակից գիտելիքահենք և ինովացիոն ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական կենտրոնի ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչպես նաև մարզի սկսնակ ընկերություններին և ձեռներեցներին բիզնես աջակցության ու խորհրդատվության տրամադրմանը:
8. Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հիմնական շենքի շինարարական և վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2016 թվականին, սակայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից արդեն իսկ իրականացվում են կենտրոնի հետագա բնականոն գործունեության ապահովմանն ուղղված մի շարք նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես, կրթական ծրագրերի մշակում, ուսումնական լաբորատորիայի հիմնում, ուսումնական դասընթացների անցկացում, տեխնոլոգիական մասնագետների պատրաստում և վերապատրաստում:
II. ԳՅՈՒՄՐՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
9. Ծրագրի մշակման և իրականացման հիմքը «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է։
10. Ծրագրի մշակման համար հիմք են նաև`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի նիստի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 35 արձանագրային որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 511-Ա որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 700-Ն որոշմամբ հաստատված ծրագրի N 3 հավելվածը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 9-ի «Գլխավոր օպերատոր ճանաչելու, գույքի նվիրատվության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1203-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1341-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 13-Ն որոշումը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի «Անշարժ գույք հետ վերցնելու և գլխավոր օպերատոր ճանաչելու մասին» N 227-Ա որոշումը:
III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
11. Ծրագրի իրականացման նպատակը Գյումրի և Վանաձոր քաղաքներում ժամանակակից գիտելիքահենք և ինովացիոն ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական կենտրոնների արդյունավետ գործունեության ապահովումն է, որը կնպաստի օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, նոր ընկերությունների ստեղծմանը կամ ներգրավմանը, որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչպես նաև բիզնես աջակցության և խորհրդատվության տրամադրմանը: Ծրագիրն ունի հետևյալ ենթանպատակները`
1) արտադրական և գիտական սուբյեկտների մտավոր, տեղեկատվական, նյութատեխնիկական ու ֆինանսական ռեսուրսների ինտեգրում և ակտիվացում` Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերի ու հանրապետության գիտաարտադրական ներուժի զարգացման համար.
2) շուկայական տնտեսության այնպիսի մեխանիզմների ձևավորում, որոնք կխթանեն տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների (այսուհետ` ՏՏ և ԲՏ) ոլորտներում մրցունակ ապրանքների արտադրությունը.
3) Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերում ՏՏ և ԲՏ ոլորտների փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ստեղծման ու զարգացման պայմանների և բարենպաստ միջավայրի ձևավորում.
4) Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերում տեխնոլոգիական ընկերությունների ձևավորմանն ուղղված ներդրումային միջոցների ներգրավում (այդ թվում` օտարերկրյա).
5) ՏՏ և ԲՏ ոլորտների սկսնակ ընկերություններին և թիմերին աջակցության տրամադրում.
6) Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերում ՏՏ և ԲՏ ոլորտների որակյալ մասնագիտական ներուժի պահպանման ու զարգացման պայմանների ձևավորում, երիտասարդ կադրերի պատրաստում.
7) տեխնոլոգիական մշակումների առևտրայնացման խթանում.
8) գիտակրթական, գործարար և պետական հատվածների փոխշահավետ համագործակցության զարգացում:
12. Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում են`
1) ուսումնական դասընթացների անցկացում, տեխնոլոգիական մասնագետների պատրաստում և վերապատրաստում.
2) նոր, բարձր հավելյալ արժեք ձևավորող սկսնակ ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանն աջակցություն.
3) ՏՏ և ԲՏ ոլորտների ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաների հիմնում.
4) հետազոտական ծրագրերի իրականացում.
5) արտադրողականության աճի ապահովման խրախուսում.
6) նոր, գիտելիքների վրա հիմնված տնտեսության հիմքերի ստեղծում ու զարգացում.
7) Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերի տնտեսության առաջանցիկ տեմպերով աճ.
8) Հայաստանի կայուն տնտեսական զարգացում, տարածքային համաչափ զարգացում և աղքատության հաղթահարում:
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ
13. Ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերում ՏՏ և ԲՏ ոլորտների զարգացման համար անհրաժեշտ ժամանակակից ենթակառուցվածքների, նպաստավոր պայմանների և բարենպաստ միջավայրի ձևավորմանն ու զարգացմանը, և այն իրականացվում է պետական ու մասնավոր հատվածների համագործակցության սկզբունքով` որպես պետական աջակցություն:
V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
14. Ծրագրի միջոցառումներն ուղղված են Գյումրի և Վանաձոր քաղաքներում ժամանակակից գիտելիքահենք և ինովացիոն ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական կենտրոնների արդյունավետ գործունեության ապահովմանը:
15. Նախատեսվում է ծրագրի շրջանակում պետական աջակցություն ցուցաբերել հետևյալ ծրագրային միջոցառումների իրականացմանը`
1) Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության կառավարում. միջոցառման շրջանակում նախատեսվում է կենտրոնի աշխատակազմի բնականոն գործունեության ապահովումը: Ներգրավված մասնագետները կմասնակցեն կենտրոնի կողմից իրականացվող բոլոր ծրագրերին, մասնավորապես, նորաստեղծ կազմակերպությունների հիմնադրման աշխատանքներին, գործունեության բիզնես պլանավորման փաստաթղթերի մշակմանը, գործարար կապերի հաստատմանը, նորաստեղծ կազմակերպություններին խորհրդատվության տրամադրմանը և այլն: Ընդհանուր առմամբ, միջոցառման շրջանակում ակնկալվում է ուսումնական դասընթացների անցկացում, տեխնոլոգիական մասնագետների պատրաստում և վերապատրաստում, նոր ընկերությունների ներգրավում, բիզնես աջակցության և խորհրդատվական ծառայությունների տրամադրում:
2015 թվականին նշված միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքներն են`
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի 2015 թվականի միջոցառման արդյունավետ կազմակերպում, առնվազն 300 տեխնոլոգիական մասնագետների պատրաստում և վերապատրաստում, առնվազն 3 ընկերությունների ներգրավում, առնվազն 20 թիմերի և ընկերությունների համար բիզնես աջակցության և խորհրդատվական ծառայությունների տրամադրում և(կամ) միջոցառումների կազմակերպում:
Այս միջոցառումը նախատեսում է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցների վարձատրության և գրասենյակի պահպանման համար համապատասխան ծախսեր.
2) Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի գործունեության կառավարում. միջոցառման շրջանակում նախատեսվում է կենտրոնի հետագա բնականոն գործունեության ապահովմանն ուղղված մի շարք նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես` կենտրոնի ժամանակավոր տարածքում ուսումնական լաբորատորիայի հիմնում, կահույքի և սարքավորումների ձեռքբերում, կրթական ծրագրերի մշակում, ուսումնական դասընթացների անցկացում, տեխնոլոգիական մասնագետների պատրաստում և վերապատրաստում, բիզնես աջակցության և խորհրդատվական ծառայությունների տրամադրում:
2015 թվականին նշված միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքներն են`
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի 2015 թվականի միջոցառման արդյունավետ կազմակերպում, ուսումնական լաբորատորիայի հիմնում, կրթական ծրագրերի մշակում և իրականացում, առնվազն 100 տեխնոլոգիական մասնագետների պատրաստում և վերապատրաստում, առնվազն 10 թիմերի և ընկերությունների համար բիզնես աջակցության և խորհրդատվական ծառայությունների տրամադրում:
Այս միջոցառումը նախատեսում է տեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցների վարձատրության, լաբորատորիայի հիմնման և գրասենյակի պահպանման համար համապատասխան ծախսեր:
16. Ծրագրով սահմանված միջոցառումների իրականացման արդյունքների վերաբերյալ կներկայացվի տարեկան հաշվետվություն, որը կներառի աշխատանքի տեղավորված վերապատրաստված մասնագետների և վերապատրաստման արդյունքում ստացած մասնագիտական հմտություններին համապատասխան աշխատող մասնագետների թիվը:
VI. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
17. Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման 2015 թվականի ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի ֆինանսավորմամբ` 150000.0 հազ. դրամի չափով, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 12-ի N 101-Ա որոշման |
Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր Ի Ց Ա Ն Կ
ԳՅՈՒՄՐՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ
NN |
Միջոցառումը |
Կատարողը |
Կատարման ժամկետը |
Ֆինանսավորման աղբյուրը |
Կատարման արդյունքները |
1. |
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության կառավարում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ(համաձայնությամբ) |
2015 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Շիրակի մարզում տեխնոլոգիատար ընկերությունների ու աշխատատեղերի ստեղծման, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտների որակյալ մասնագիտական ներուժի պահպանման ու զարգացման, երիտասարդ տեխնոլոգիական մասնագետների պատրաստման ու վերապատրաստման խթանում |
2. |
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի գործունեության կառավարում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ(համաձայնությամբ) |
2015 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Լոռու մարզում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտների որակյալ մասնագիտական ներուժի պահպանման ու զարգացման, երիտասարդ տեխնոլոգիական մասնագետների պատրաստման ու վերապատրաստման խթանում |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |