ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵՇԴ/0037/01/11 |
Քրեական գործ թիվ ԵՇԴ/0037/01/11 |
|
Նախագահող դատավոր՝ Ա. Խաչատրյան | |
Դատավորներ` Գ. Ավետիսյան Ս. Ավետիսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Պողոսյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
քարտուղարությամբ |
Մ. Պետրոսյանի | |
մասնակցությամբ մեղադրող |
Գ. Մարկոսյանի |
2012 թվականի հունիսի 8-ին |
Երևան քաղաքում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Վարդան Մարատի Մաթևոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի նոյեմբերի 25-ի որոշման դեմ մեղադրող Գ.Մարկոսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
1. 2011 թվականի հունվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է թիվ 61200311 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Նախաքննության մարմնի 2011 թվականի մարտի 28-ի որոշմամբ Վ.Մաթևոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը Վ.Մաթևոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2011 թվականի ապրիլի 8-ին Վ.Մաթևոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նոր մեղադրանք է առաջադրվել:
Նախաքննության մարմնի 2011 թվականի ապրիլի 13-ի որոշմամբ Վ.Մաթևոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նոր մեղադրանք է առաջադրվել:
2011 թվականի ապրիլի 14-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալ Վ.Մաթևոսյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ:
3. Մեղադրողի և տուժողի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2011 թվականի նոյեմբերի 25-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճիռը օրինական ուժի մեջ թողնելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի նոյեմբերի 25-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրող Գ.Մարկոսյանը:
2012 թվականի հունվարի 16-ին ամբաստանյալ Վ.Մաթևոսյանի պաշտպան Հ.Բաբայանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով վճռաբեկ բողոքը մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի 2011 թվականի նոյեմբերի 25-ի որոշումը` թողնել օրինական ուժի մեջ:
Վճռաբեկ դատարանը 2012 թվականի հունվարի 19-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել:
2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
5. Նախաքննության մարմնի կողմից Վ.Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, տեղեկանալով «Արմենմոտոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձուլակաղապարների ձեռքբերման անհրաժեշտության մասին, վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույք հափշտակելու դիտավորությամբ, 2007 թվականի փետրվարի 21-ին ձևականորեն հիմնադրած «Մ.Վ.Մ.-Ֆորմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունից «Արմենմոտոր» ՓԲԸ-ի հետ 2007 թվականի մարտի 5-ին կնքել է ձուլակաղապարներ պատրաստելու և մատակարարելու վերաբերյալ թիվ 9/0307 պայմանագիրը և չարաշահելով «Արմենմոտոր» ՓԲԸ-ի ղեկավարության վստահությունը, 2007 թվականի մարտի 15-ին ստացել և խաբեությամբ հափշտակել է ձուլակաղապարների պատրաստման համար պայմանագրով նախատեսված ընդհանուր գումարի 40 տոկոսը` 3.100.000 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափի գումարը, որից հետո 2007 թվականի մարտի 28-ին գրավոր դիմել է «Արմենմոտոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կ.Պետրոսյանին` խնդրելով «Մ.Վ.Մ.-Ֆորմ» ՍՊԸ-ին տրամադրել ընդհանուր 626.760 ՀՀ դրամ արժողությամբ 15 հատ էլեկտրական շարժիչ, հետագայում թիվ 9/0307 պայմանագրով նախատեսված գումարից հաշվանցում կատարելու պայմանով, սակայն 2007 թվականի մարտի 29-ին ստանալով էլեկտրական շարժիչները` խարդախությամբ հափշտակել է դրանք:
6. Առաջին ատյանի դատարանը դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների գնահատմամբ հաստատված է համարել հետևյալը.
«(…) ամբաստանյալ Մաթևոսյանը 2005-2007թ. հանդիսացել է «Նոր ընտանիք» ՍՊ ընկերության տնօրեն, որը զբաղվել է մետաղական կաղապարների և այլ դետալների արտադրությամբ, իսկ գործունեությունը ծավալել է «Հայէլեկտրամեքենա» ՓԲ ընկերությունից վարձակալած հա. 33 արտադրամասում:
2007թ. փետրվարին ամբաստանյալ Մաթևոսյանն ազատվել է այդ պաշտոնից, քանի որ այդ ընկերության հիմնադիրները եղել են այլ անձինք, և ցանկացել է ունենալ իր հիմնադրած ընկերությունը: Ամբաստանյալ Մաթևոսյանը 2007թ. փետրվարի 21-ին հիմնել է «Մ.Վ.Մ.-Ֆորմ» ՍՊ ընկերությունը և սկսել է արտադրություն ծավալել նույն արտադրամասում:
Հաստատված է նաև, որ ամբաստանյալ Մաթևոսյանը «Արմենմոտոր» ՓԲ ընկերություն գնացել է իր արտադրամասի հաստոցի համար էլեկտրական շարժիչ ձեռք բերելու նպատակով, սակայն անհրաժեշտ չափանիշների շարժիչ չի եղել: Այդ ընթացքում «Արմենմոտոր» ՓԲ ընկերության աշխատակիցները, իմանալով, որ ամբաստանյալ Մաթևոսյանի ղեկավարած ընկերությունը զբաղվում է նաև մետաղական կաղապարների արտադրությամբ, որոշ ժամանակ անց ամբաստանյալ Մաթևոսյանին հրավիրել են մետաղական կաղապարների պատվերի հարցով բանակցելու: Պայմանավորվածության համաձայն` «Արմենմոտոր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամները գնացել են «Հայէլեկտրամեքենա» ՓԲ ընկերության հա. 33 արտադրամաս, ուսումնասիրել հաստոցային պարկը, տեսել աշխատող բանվորներին, եղած հումքը, ձուլակաղապարների արտադրության հետ կապված դետալները և համոզվելով, որ ամբաստանյալ Մաթևոսյանը կարող է պատվերը կատարել` այդ մասին նաև գրավոր զեկուցել են «Արմենմոտոր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենին, որից հետո միայն 2007թ. մարտի 5-ին կնքվել է 9/0307 պայմանագիրը, ըստ որի` «Մ.Վ.Մ.-Ֆորմ» ՍՊ ընկերությունը պարտավորվել է օրացուցային 150 օրվա ընթացքում պատրաստել և «Արմենմոտոր» ՓԲ ընկերությանը մատակարարել 7.739.000 ՀՀ դրամ արժողության երկու կոմպլեկտ ձուլակաղապար, որից հետո պայմանագրի գումարի 40 տոկոսը` 3.100.000 ՀՀ դրամը որպես կանխավճար փոխանցվել է «Մ.Վ.Մ.-Ֆորմ» ՍՊ ընկերության հաշվին, իսկ ընկերությունը սկսել է պայմանագրային պարտավորությունը կատարելու գործընթացը, այն է` կատարել է հաշվարկներ, չափագրել ընկերության հաստոցը, ուսումնասիրել Փարաքար գյուղում գտնվող «Արմենմոտոր» ՓԲ ընկերության հաստոցային պարկը, պատրաստել համապատասխան գծագրեր, մեկ ամիս ժամկետով 24.000 ՀՀ դրամով վարձակալել է «Արմենմոտոր» ՓԲ ընկերության հաստոցը և պատրաստել դետալներ:
Դրանից հետո համոզվելով, որ հաստոցի չափային շեղումների պատճառով հնարավոր չէ ձուլակաղապարները պատրաստել` ամբաստանյալ Մաթևոսյանը դրանք պատվիրել է Ուկրաինայում, որի մասին հայտնել է «Արմենմոտոր» ՓԲ ընկերության ղեկավարությանը:
Բացի այդ, հաստատված է նաև, որ պայմանագիրը կնքելուց հետո ամբաստանյալ Մաթևոսյանը 2007թ. մարտի 28-ին գրավոր դիմել է «Արմենմոտոր» ՓԲ ընկերությանը և ստացել է 626.760 ՀՀ դրամ արժողության էլեկտրական 15 շարժիչ, դրանց արժեքն արդեն կնքված պայմանագրի գումարի շրջանակում հաշվանցելու պայմանով (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, 230-231-րդ էջեր):
7. Քրեական գործում առկա է 2007 թվականի մարտի 5-ին կնքված թիվ 9/0307 պայմանագրի բնօրինակը, որի համաձայն` ««Մ.Վ.Մ.-Ֆորմ» ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն Վ.Մաթևոսյանի, որ գործում է կանոնադրության հիման վրա, հետագայում «Կատարող» մի կողմից և «Արմենմոտոր» ՓԲԸ-ն, ի դեմս գլխավոր տնօրեն Կ.Պետրոսյանի, որ գործում է կանոնադրության հիման վրա, հետագայում «Պատվիրատու», մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին`
1.1. կատարողը պարտավորվում է սույն պայմանագրով նախատեսված ժամկետում Պատվիրատուի կողմից տրամադրված արտադրանմուշների հիման վրա պատրաստել 4 միավոր ձուլակաղապար և հանձնել Պատվիրատուին, իսկ Պատվիրատուն պարտավորվում է ընդունել ձուլակաղապարները և վճարել դրանց համար սույն պայմանագրի պայմաններին համաձայն (…):
4.1. Պատվիրատուն վճարում է Կատարողի կողմից առաքվող Ապրանքի համար (…) ընդամենը ներառյալ ԱԱՀ` 7.739.000 դրամ:
4.2 Պատվիրատուն պարտավորվում է պայմանագիրը ստորագրելուց հետո վճարել կանխավճար ընդհանուր գումարի 40%-ի չափով (3.100.000 դրամ), իսկ մնացած 60%-ը (4.639.000 դրամ) ընդունման-հանձնման ակտը ստորագրելուց հետո մինչև ապրանքի առաքումը (…):
7.1. Սույն պայմանագրի 5.1 կետում նշված ժամկետները խախտելու դեպքում Կատարողը Պատվիրատուին վճարում է միանվագ տուգանք ժամանակին չմատակարարված ապրանքների գնի 5%-ի չափով և ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար տույժ` ժամանակին չմատակարարված ապրանքների ընդհանուր արժեքի 0,1%-ի չափով (…):
7.4. Պայմանագրի պայմանների խախտման դեպքում մեղավոր կողմը փոխհատուցում է մյուս կողմին հասցված վնասները ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, 155-156-րդ էջեր):
8. Թիվ 62 վճարման հանձնարարագրի համաձայն` 2007 թվականի մարտի 15-ին «Արմենմոտոր» ՓԲԸ-ի հաշվեհամարից «Մ.Վ.Մ.-Ֆորմ» ՍՊԸ-ի հաշվեհամարին է փոխանցվել 3.100.000 ՀՀ դրամ` որպես պայմանագրով նախատեսված կանխավճար (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 154):
9. 2007 թվականի մարտի 28-ին Վ.Մաթևոսյանը գրությամբ դիմել է «Արմենմոտոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կ.Պետրոսյանին` խնդրելով «Մ.Վ.Մ.-Ֆորմ» ՍՊԸ-ին վաճառել 15 միավոր էլեկտրաշարժիչ` հետագայում թիվ 9/0307 պայմանագրի շրջանակներում փոխադարձ հաշվարկ կատարելու պայմանով: Նույն օրը 626.760 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով 15 հատ էլեկտրաշարժիչ տրամադրվել է Վ.Մաթևոսյանին (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 39):
10. Քրեական գործում առկա է «Արմենմոտոր» ՓԲԸ-ի տնտեսագիտական բաժնի պետ Կ.Ստեփանյանի զեկուցագրի պատճենը` ուղղված նույն ընկերության գլխավոր տնօրեն Կ.Պետրոսյանին, որն ունի հետևյալ բովանդակությունը. «(…) 2007թ. սկզբներին, մոտավորապես հունվար-փետրվար ամիսներին, Վ.Մաթևոսյանը ներկայացել էր ընկերության Մարքեթինգի Դեպարտամենտ` էլեկտրաշարժիչի պատվեր կատարելու նպատակով (2,2 կվտ հզորության, 2860 պտ/րոպե, եռաֆազ):
Դեպարտամենտի աշխատակիցների հետ բանակցությունների ընթացքում պարզվել էր, որ «Մ.Վ.Մ.-Ֆորմ» ՍՊԸ-ի գործունեության մաս է կազմում նաև ձուլակաղապարների պատրաստումը, որոնց կարիքն այդ ժամանակ ուներ «Արմենմոտոր» ՓԲԸ-ն (…):
Հիշատակված տեղեկությունը Ձեզ հայտնելուց հետո Ձեր կարգադրությամբ հանձնաժողովը` կազմված (…) այցելեցինք «Մ.Վ.Մ.-Ֆորմ» ընկերություն` բանակցելու և ընկերության հնարավորություններին ծանոթանալու համար:
Այցելության ընթացքում պարզվեց, որ «Մ.Վ.Մ.-Ֆորմ» ՍՊԸ-ն, իրոք, կանոնադրությամբ գործող հիմնարկ է, արտադրական գործունեություն իրականացնելու համար վարձակալում է «Հայէլեկտրամեքենա» ընկերության տարածքն արտադրամասերից մեկում (N 33 արտադրամասի տարածք), իրեն վստահված արտադրական տարածքի տեխնիկական հնարավորությունները բավարարում էին մեր ուզած պատվերի կատարմանը:
Ուսումնասիրվեց «Մ.Վ.Մ.-Ֆորմ» ՍՊԸ-ի կանոնադրական գործունեության ոլորտները, ներկա աշխատակազմի որակավորման մակարդակը (աշխատում էին հիմնականում «Հայէլեկտրամեքենա» ընկերության աշխատակիցները համատեղությամբ), որից հետո նախապատրաստվեց պայմանագիրը, և երկու կողմերը ստորագրեցին այն 09.03.2007թ. ամսաթվով» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 121):
11. Քրեական գործում առկա է «Արմենմոտոր» ՓԲԸ-ի գործիքաշինական արտադրության տնօրեն Տ.Իսպիրյանի զեկուցագրի պատճենը` ուղղված նույն ընկերության գլխավոր տնօրեն Կ.Պետրոսյանին, որն ունի հետևյալ բովանդակությունը. «(…) Ինչ վերաբերում է «Մ.Վ.Մ.-Ֆորմ» ընկերությանը տրամադրված ելակետային նյութերին, ապա նրանց տրամադրվել է պատրաստի նմուշներ (ենթադրաբար թուրքական արտադրության):
Բացի նմուշներ տրամադրելուց, տրամադրվել են նաև ֆոտոնկարներ, ծավալային, քաշային և քանակային տվյալներ, որն արձանագրված է պայմանագրի և նրան կից` հավելված 1-ի մեջ:
Թիվ 9/0307 05.03.2007թ. պայմանագրի կնքմանը նախորդել է իմ և մեր ընկերության տարբեր մասնագետների մանրակրկիտ աշխատանքը Վ.Մաթևոսյանի հետ` չափերի և քաշերի վերլուծության, մամլամայրերի և մամլամատերի նկատմամբ պահանջների ճշտման, կապված մեր ունեցած ձուլամեքենաների հնարավորություններից: Այդ աշխատանքներն ամփոփվել են իր հետ անցկացված աշխատանքային խորհրդակցություններում (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 122):
12. Ամբաստանյալ Վ.Մաթևոսյանի պաշտպան Հ.Բաբայանը 2011 թվականի հուլիսի 15-ին դատաքննությունը լրացնելու մասին միջնորդությամբ է հանդես եկել Առաջին ատյանի դատարանում` կից ներկայացնելով մի շարք նյութեր, որոնցից երևում է, որ «Մ.Վ.Մ.-Ֆորմ» ՍՊԸ-ն պատշաճ կարգով գրանցվել է հարկային մարմիններում, պարբերաբար ներկայացրել է հաշվետվություններ, վարել է հաշվապահական հաշվառում, վճարումներ է կատարել հարկերի և սոցիալական ապահովության վճարների գծով, շահույթ ստանալու նպատակով իրականացրել է տնտեսական գործունեություն, պարբերաբար տարբեր տեսակի առևտրային գործարքներ է կնքել (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, 66-175-րդ էջեր):
Բացի այդ, պաշտպանության կողմը ներկայացրել է Վ.Մաթևոսյանի կողմից իրականացված` թիվ 9/0307 պայմանագրի առարկա հանդիսացող ձուլակաղապարների աշխատանքային գծագրերի պատճենները (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, 203-212-րդ էջեր):
13. Ամբաստանյալ Վ.Մաթևոսյանը և՛ նախաքննության, և՛ դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ կանխավճարը ստանալուց հետո ձեռնամուխ է եղել ձուլակաղապարների պատրաստման աշխատանքներին, սակայն նախնական աշխատանքների մեծ մասը կատարելուց հետո պարզվել է, որ ձուլակաղապարներ պատրաստելու համար նախատեսված հաստոցը չափերի շեղումներ է տվել, ինչի հետևանքով հնարավոր չի եղել աշխատանքները շարունակել (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, 108-110-րդ, 112-116-րդ, 140-141-րդ, 192-րդ, 198-րդ, 216-րդ էջեր և հատոր 2-րդ, 224-226-րդ էջեր, դատական նիստի ձայնային արձանագրության լազերային կրիչներ):
14. Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, քննելով «Արմենմոտոր» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ «Մ.Վ.Մ.-Ֆորմ» ՍՊԸ-ի` գումարի պահանջի մասին, 2009 թվականի մայիսի 25-ին վճիռ է կայացրել հայցը մասնակիորեն բավարարելու մասին: «Մ.Վ.Մ.-Ֆորմ» ՍՊԸ-ից հօգուտ «Արմենմոտոր» ՓԲԸ-ի բռնագանձվել է 8.038.166 ՀՀ դրամ, որից 3.100.000 ՀՀ դրամը` որպես նախապես վճարված կանխավճարի գումար, 626.760 ՀՀ դրամը` որպես կանխավճարին ավելացված այլ գործարքներից առաջացած պարտքի գումար, 386.950 ՀՀ դրամը` որպես ժամանակին չմատակարարված ապրանքների արժեքի վրա հաշվարկված 5 տոկոս տուգանքի գումար, 24.000 ՀՀ դրամը` որպես սարքավորումների վարձակալության պայմանագրի գումար, 3.900.456 ՀՀ դրամը` որպես չմատակարարված ապրանքի գումարի վրա հաշվարկված տույժի գումար (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, 41-42-րդ էջեր):
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
15. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված արդարացման դատավճիռը, թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ, 7-րդ, 18-րդ հոդվածների և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի պահանջները:
Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոքաբերը շարադրել է Լ.Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, դրանց հետ համադրել սույն գործի փաստական հանգամանքները, այնուհետև եզրակացություն արել առ այն, որ քրեական գործում առկա ապացույցների բավարար համակցությամբ հաստատված է ամբաստանյալ Վ.Մաթևոսյանի կողմից խարդախություն կատարելու հանգամանքը:
Բողոքաբերի պնդմամբ ստորադաս դատարանները չեն կատարել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, ամբողջական վերլուծության չեն ենթարկել խարդախության հանցակազմի բոլոր հատկանիշները, և որպես հետևանք` հանցանք կատարած անձը խուսափել է քրեական պատասխանատվությունից:
16. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը, ամբաստանյալ Վ.Մաթևոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ նշանակել համաչափ պատիժ:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
17. Բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված խարդախության հանցակազմը քաղաքացիաիրավական պարտավորությունների խախտման դեպքերից սահմանազատելու կապակցությամբ օրենքի միատեսակ կիրառության ապահովման շրջանակներում առկա է Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված իրավական դիրքորոշումները զարգացնելու անհրաժեշտություն:
18. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ամբաստանյալ Վ.Մաթևոսյանի արարքում խարդախության հանցակազմի բացակայության մասին ստորադաս դատարանների հետևությունները:
19. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում խարդախության, այն է՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակության կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու համար:
Խարդախության հանցակազմի քրեաիրավական բնութագիրը Վճռաբեկ դատարանի կողմից վերլուծության է ենթարկվել Լ.Ավետիսյանի գործով որոշման մեջ (տե՛ս Լիա Արտյոմի Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշման 22-26-րդ կետերը):
20. Լ.Ավետիսյանի գործով որոշման մեջ խարդախության հանցակազմը դիտարկվել է նաև մասնավոր-իրավական պարտավորությունների հետ հարաբերակցության մեջ: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) խարդախությունը քաղաքացիաիրավական պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերից տարանջատելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները.
ա) խարդախության դեպքում տուժողին խաբելու կամ նրա վստահությունը չարաշահելու մտադրությունն անձի մոտ ծագում է նախքան գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելը:
բ) խարդախության դեպքում անձի մոտ քաղաքացիաիրավական պայմանագրով ստանձնած պարտավորությունները (գույքը փոխանցել, կատարել վարկային պարտավորությունը, պարտքը վերադարձնել և այլն) չկատարելու դիտավորությունը ծագում է նախքան գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելը:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե քաղաքացիաիրավական հարաբերության հենքը վերաբերում է կարգավորիչ գործառույթ իրականացնող իրավունքի ճյուղին, ապա քրեական իրավունքը և դատավարությունը, մարմնավորելով իրավունքի պահպանիչ գործառույթը, իրենց բնույթով ածանցյալ են իրավունքի տվյալ ճյուղերից, մասնավորապես քաղաքացիական իրավունքից և դատավարությունից: Այլ կերպ` ներգործության քրեաիրավական և քրեադատավարական միջոցները չպետք է այնպիսին լինեն, որ խաթարեն քաղաքացիաիրավական ու քաղաքացիադատավարական հարաբերությունների ներքին տրամաբանությունը, անորոշություն ու անկանխատեսելիություն ստեղծեն քաղաքացիաիրավական շրջանառության մեջ:
Այս առումով անթույլատրելի է գործող քաղաքացիական օրենսդրության պահանջների անտեսմամբ բնականոն գույքային շրջանառությունը խաթարող գործարքներ կնքելու պրակտիկան: Այդ փաստերը կարող են խեղաթյուրել քաղաքացիաիրավական հարաբերությունները, սպառնալ իրավական անվտանգությանը, պայմաններ ստեղծել, որ անձինք խուսափեն հարկային պարտավորությունների կատարումից, ինչպես նաև այլ եղանակներով վնասել իրավաչափ հանրային շահերը:
Նման դեպքերում պետությունը պարտավոր չէ գործող քաղաքացիական օրենսդրության պահանջների անտեսմամբ գործարքներ կնքած քաղաքացիների գույքային և այլ իրավունքների վերականգնումը դիտել հանրային շահի տիրույթում և հանրային միջոցներ ծախսելով՝ իրականացնել նշված մասնավոր շահերի քրեաիրավական պաշտպանություն:
Այդ մասնավոր շահերի պաշտպանությունը` որպես ընդհանուր կանոն, պետք է կատարվի մասնավոր իրավունքի տիրույթում` քաղաքացիաիրավական և քաղաքացիադատավարական միջոցներով:
(…) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սեփականության անձեռնմխելիությունը հիմնարար սահմանադրական արժեք է, ուստի խարդախության վերաբերյալ դատական քաղաքականության համար պետք է անկյունաքարային նշանակություն ունենա սեփականության իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը» (տե՛ս Լիա Արտյոմի Ավետիսյանի վերաբերյալ 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշման 27-32-րդ կետերը):
21. Վերահաստատելով սույն որոշման նախորդ կետում և համապատասխանաբար նաև Լ.Ավետիսյանի գործով որոշման մեջ առկա իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես քրեաիրավական, այնպես էլ քաղաքացիաիրավական պատասխանատվության հիմք է հանդիսանում անօրինական գործողությունը, որն օրենքով պահպանվող հասարակական հարաբերությունների և սոցիալական արժեքների մեջ առաջ է բերում որևէ բացասական փոփոխություն:
Քաղաքացիական իրավունքի իմաստով քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Քրեական իրավունքի տրամաբանությամբ պատիժ կարող է նշանակվել միայն հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ: Պատիժն արտահայտվում է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձին օրենքով նախատեսված կարգով որոշակի իրավունքներից և ազատություններից զրկելով կամ նշված իրավունքներն ու ազատությունները սահմանափակելով:
22. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում առանձնացնել քրեաիրավական ներգործության միջոցներից քաղաքացիաիրավական ներգործության միջոցների տարբերակման հետևյալ հիմքերը՝
ա) քրեաիրավական ներգործության միջոցը հիմնվում է օրինականության սկզբունքի վրա. քրեական պատասխանատվության միակ հիմքն այնպիսի արարքի կատարումն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները: ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած անձը ենթակա է պատասխանատվության՝ անկախ որևէ անձին վնաս պատճառված լինելու հանգամանքից: Այլ խոսքով՝ քրեաիրավական ներգործության միջոցները նպատակ են հետապնդում պատժել հանցանք կատարած անձին:
Քաղաքացիաիրավական ներգործության միջոցները հիմնվում են ֆիզիկական կամ իրավաբանական անձին պատճառված վնասը վերականգնելու, փոխհատուցելու գաղափարի վրա և իրավախախտի համար առաջացնում են միայն գույքային հետևանքներ:
բ) արարքի ճիշտ քրեաիրավական որակման և հետևաբար նաև քրեաիրավական ներգործության միջոցի ընտրության համար կարևոր նշանակություն ունի մեղքի ձևը:
Քաղաքացիաիրավական ներգործության միջոցների կիրառման ժամանակ իրավախախտի կողմից պատճառված վնասը ենթակա է հատուցման ամբողջ ծավալով՝ անկախ նրա մեղքի ձևից:
գ) ՀՀ քրեական օրենքով արգելված արարք կատարած անձին պատասխանատվության ենթարկելիս պետությունը (բացառությամբ մասնավոր մեղադրանքի գործերի) կաշկանդված չէ տուժողի կարծիքով և հանրային միջոցներով իրականացնում է քրեաիրավական պաշտպանություն:
Քաղաքացիաիրավական պարտավորությունների խախտման դեպքում կողմերը կարող են ազատ կամահայտնության արդյունքում համաձայնության գալ հասցված վնասի վերականգնման հարցում: Այլ խոսքով՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացնում են իրենց հայեցողությամբ:
23. Ընդհանրացնելով քրեաիրավական ներգործության միջոցներից քաղաքացիաիրավական ներգործության միջոցների տարբերակման վերոնշյալ հիմքերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ քաղաքացիաիրավական պարտավորությունների խախտումն իր մեջ չի պարունակում քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները, նշված արարքը կատարած անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառությունը բացառվում է: Այս դեպքում քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը տուժողի հայեցողությամբ պետք է կատարվի մասնավոր իրավունքի տիրույթում` քաղաքացիաիրավական և քաղաքացիադատավարական միջոցներով:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ քրեական օրենքով արգելված արարքի հետևանքով որևէ անձի գույքային վնաս է պատճառվել, քրեական պատասխանատվությունից բացի, դրա հետ համակցության մեջ, կարող են գործել նաև քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոցները:
24. Սույն որոշման 20-22-րդ կետերում, ինչպես նաև Լ.Ավետիսյանի գործով որոշման մեջ շարադրված վերլուծության համատեքստում մեկնաբանելով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված խարդախության հանցակազմը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը՝
ա) խարդախությունը սեփականության դեմ ուղղված հանցագործություն է, հետևաբար դրա առարկա է հանդիսանում նյութական աշխարհի այն իրը (առարկան), որը հանդես է գալիս շարժական կամ անշարժ գույքի ձևով և ենթակա է դրամական գնահատման: Ասվածից հետևում է, որ խարդախության առարկա կարող են հանդիսանալ ցանկացած տեսքով ապրանքանյութական արժեքները, որոնք ունեն փոխանակման արժեք, գին, հանդիսանում են արժեքի դրամական արտահայտություն: Քննարկվող հանցագործության առարկա չեն կարող հանդիսանալ ոչ նյութական բնույթի արժեքները` գիտական աշխատությունները, տեղեկատվությունը, ծառայությունները և այլն:
Վերոգրյալից հետևում է, որ խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով աշխատանք կամ որոշակի ծառայություն ձեռք բերելը կամ պարտավորությունները չկատարելը չեն կարող որակվել որպես խարդախություն՝ այդ հանցագործության առարկայի բացակայության պատճառով:
բ) խարդախության և քաղաքացիաիրավական պարտավորությունների խախտման դեպքերը միմյանցից տարանջատվում են օբյեկտիվ կողմի հատկանիշներով:
Ինչպես արդեն նշվել է Լ.Ավետիսյանի գործով որոշման մեջ, օբյեկտիվ կողմից խարդախությունը կատարվում է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ինչի արդյունքում մոլորության մեջ ընկած սեփականատերը կամ իրավասու այլ անձը կամավոր կերպով գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները հանձնում է հանցագործին կամ այլ անձի կամ անձանց կամ չի խոչընդոտում վերջիններիս կողմից այդ գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները վերցնելուն: Մինչդեռ քաղաքացիաիրավական պարտավորությունների խախտում արձանագրելիս պետք չէ, որ անձը գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը ստանալիս խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ազդած լինի գույքի սեփականատիրոջ կամ գույքը տիրապետողի կամքի վրա` վերջինիս մոտ առաջ բերելով գույքի հանձնման օրինականության պատրանք: Այս դեպքում քաղաքացիական իրավահարաբերությունների անբարեխիղճ սուբյեկտը գույքը կամ դրա նկատմամբ իրավունքը կարող է ստանալ օրինական ճանապարհով, սակայն հետագայում ինչ-ինչ պատճառներով չկատարել կամ ոչ պատշաճ կատարել գույքի փոխանցման հետ կապված ստանձնած պարտավորությունները:
25. Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խարդախությունը և քաղաքացիաիրավական պարտավորությունների խախտումն օբյեկտիվ կողմի հատկանիշներով հաճախ համընկնում են: Հետևաբար, այստեղ պետք է նկատի ունենալ, որ խարդախությունը` որպես հանցագործություն, քաղաքացիաիրավական պարտավորությունների խախտման դեպքերից տարբերվում է սուբյեկտիվ կողմով: Մասնավորապես՝ խարդախությունը սուբյեկտիվ կողմից բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ, ինչը ենթադրում է, որ հանցավորը գիտակցում է, որ խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով հափշտակում է ուրիշի գույքը, ինչպես նաև նախատեսում և ցանկանում է դա:
Միևնույն ժամանակ խարդախության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է շահադիտական նպատակի առկայությամբ, այսինքն` մինչև գույքին կամ գույքային իրավունքին տիրանալը հանցավորը նպատակ է ունենում հափշտակել այն, չվերադարձնել գույքը, չկատարել խոստումը կամ պայմանագրային պարտավորությունները: Մինչդեռ քաղաքացիաիրավական պարտավորությունների խախտման դեպքում անձը նման նպատակ չի ունենում:
26. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խարդախության մեղադրանքով անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է ապացույցների բավարար ամբողջությամբ հիմնավորել, որ հանցավորը դիտավորություն է ունեցել խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել ուրիշին պատկանող գույքը:
Այն դեպքում, երբ առկա է մասնավոր-իրավական պայմանագրի կամ այլ տեսակի քաղաքացիաիրավական պարտավորության խախտում, ապա նշվածը որպես խարդախություն որակելու համար անհրաժեշտ է հաստատված համարել, որ անձն ի սկզբանե նպատակ չի ունեցել իրականացնելու գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի փոխանցման հետ կապված իր վրա վերցրած պարտավորությունները:
27. Անձի կողմից խարդախություն կատարելու դիտավորության առկայության մասին, մասնավորապես, կարող են վկայել պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ ֆինանսական կամ տեխնիկական միջոցների, համապատասխան արտոնագրերի բացակայությունը, հանցավորի կողմից կեղծ փաստաթղթերի, երաշխավորագրերի օգտագործումը, ունեցած ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկությունները թաքցնելը, կեղծ ձեռնարկություն ստեղծելը, որը հանդես է եկել որպես պայմանագրի կողմ և այլն:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում շեշտել նաև, որ վերը նշված փաստական հանգամանքների հետ մեկտեղ յուրաքանչյուր դեպքում, գործով ձեռք բերված ապացույցների ամբողջ զանգվածի գնահատմամբ, պետք է հիմնավորվի, որ անձը նպատակադրված չի եղել իրականացնելու իր վրա վերցված քաղաքացիաիրավական պարտավորությունները և ցանկացել է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել ուրիշին պատկանող գույքը:
Ընդ որում, եթե ապացույցների բավարար համակցությամբ և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով չի հաստատվում վերոգրյալը, ապա անձի արարքում բացակայում է խարդախության հանցակազմը, հետևաբար նրան պատասխանատվության ենթարկելու հարցը պետք է լուծվի մասնավոր իրավունքի տիրույթում` քաղաքացիաիրավական և քաղաքացիադատավարական միջոցներով:
28. Անդրադառնալով սույն գործի նյութերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ.
28.1 (ա) Վ.Մաթևոսյանը 2005-2007 թվականների ընթացքում հանդիսացել է «Նոր ընտանիք» ՍՊԸ-ի տնօրեն: Նշված ընկերությունը, ի թիվս այլնի, զբաղվել է մետաղական կաղապարների արտադրությամբ և գործունեություն է իրականացրել «Հայէլեկտրամեքենա» ՓԲԸ-ից վարձակալած թիվ 33 արտադրամասում:
(բ) Վ.Մաթևոսյանն ազատվել է «Նոր ընտանիք» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնից և 2007 թվականի փետրվարի 21-ին հիմնադրել «Մ.Վ.Մ.-Ֆորմ» ՍՊԸ-ն (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
(գ) «Մ.Վ.Մ.-Ֆորմ» ՍՊԸ-ն սահմանված կարգով գրանցվել է հարկային մարմիններում, վարել է հաշվապահական հաշվառում, ներկայացրել է հաշվետվություններ, վճարումներ է կատարել հարկերի և այլ վճարների գծով: Ընկերությունը շահույթ ստանալու նպատակով իրականացրել է տնտեսական գործունեություն, մի շարք առևտրային գործարքներ է կնքել (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը):
28.2 (ա) Վ.Մաթևոսյանը «Արմենմոտոր» ՓԲԸ գնացել է իր ընկերության հաստոցների համար էլեկտրական շարժիչ ձեռք բերելու նպատակով, որի ընթացքում «Արմենմոտոր» ՓԲԸ-ի աշխատակիցները տեղեկացել են, որ «Մ.Վ.Մ.-Ֆորմ» ՍՊԸ-ն զբաղվում է նաև մետաղական կաղապարների արտադրությամբ:
(բ) Վ.Մաթևոսյանին մետաղական կաղապարների պատվերի հարցով բանակցելու հրավիրել են «Արմենմոտոր» ՓԲԸ-ի աշխատակիցները:
(գ) «Արմենմոտոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի հրամանով ընկերության աշխատակիցների թվից կազմվել է հանձնաժողով, որն այցելել է «Մ.Վ.Մ.-Ֆորմ» ՍՊԸ` բանակցելու և ընկերության հնարավորություններին ծանոթանալու համար: Այցելության ընթացքում հանձնաժողովի անդամները պարզել են, որ «Մ.Վ.Մ.-Ֆորմ» ՍՊԸ-ն արտադրական գործունեություն է իրականացնում «Հայէլեկտրամեքենա» ՓԲԸ-ի թիվ 33 արտադրամասում, որի տեխնիկական հնարավորությունները բավարարում են պատվերի կատարմանը: Ուսումնասիրվել է նաև աշխատակազմի որակական մակարդակը, պարզվել է, որ «Մ.Վ.Մ.-Ֆորմ» ՍՊԸ-ում համատեղության կարգով աշխատում են «Հայէլեկտրամեքենա» ՓԲԸ-ի աշխատակիցները (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):
28.3 (ա) 2007 թվականի մարտի 5-ին կնքված թիվ 9/0307 պայմանագրի համաձայն` «Մ.Վ.Մ.-Ֆորմ» ՍՊԸ-ն պարտավորվել է տրամադրված արտադրանմուշների հիման վրա պատրաստել 4 միավոր ձուլակաղապար և հանձնել «Արմենմոտոր» ՓԲԸ-ին:
(բ) Պայմանագրի գինը կազմել է 7.739.000 ՀՀ դրամ, որի 40 %-ը` 3.100.000 ՀՀ դրամը, «Արմենմոտոր» ՓԲԸ-ն պարտավորվել է վճարել կանխավճարի տեսքով պայմանագիրը ստորագրելուց հետո, իսկ մնացածը` ընդունման-հանձնման ակտը ստորագրելուց հետո, մինչև ապրանքի առաքումը:
(գ) Պայմանագրի պայմանները խախտելու համար դրանում նախատեսվել են տույժ և տուգանք:
(դ) 2007 թվականի մարտի 15-ին «Արմենմոտոր» ՓԲԸ-ի հաշվեհամարից «Մ.Վ.Մ.-Ֆորմ» ՍՊԸ-ի հաշվեհամարին է փոխանցվել 3.100.000 ՀՀ դրամ` որպես պայմանագրով նախատեսված կանխավճար:
(ե) 2007 թվականի մարտի 28-ին Վ.Մաթևոսյանը գրությամբ դիմել է «Արմենմոտոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կ.Պետրոսյանին` խնդրելով «Մ.Վ.Մ.-Ֆորմ» ՍՊԸ-ին վաճառել 15 միավոր էլեկտրաշարժիչ` հետագայում թիվ 9/0307 պայմանագրի շրջանակներում փոխադարձ հաշվարկ կատարելու պայմանով: Նույն օրը 626.760 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով 15 հատ էլեկտրաշարժիչ տրամադրվել է Վ.Մաթևոսյանին (տե՛ս սույն որոշման 7-9-րդ կետերը):
28.4 (ա) Մինչև թիվ 9/0307 պայմանագրի կնքումը «Արմենմոտոր» ՓԲԸ-ի մասնագետների և Վ.Մաթևոսյանի միջև տեղի են ունեցել մի շարք աշխատանքային հանդիպումներ, որոնց ընթացքում կատարվել են պահանջվող ձուլակաղապարների չափային, քաշային և այլ տեխնիկական պահանջների ճշգրտումներ (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):
(բ) Պայմանագիրը կնքելուց հետո Վ.Մաթևոսյանն աշխատանքներ է ձեռնարկել ստանձնած պարտավորությունները կատարելու ուղղությամբ, այն է` այցելել և ուսումնասիրել է «Արմենմոտոր» ՓԲԸ-ի հաստոցային պարկը, չափագրել հաստոցը, մեկ ամիս ժամկետով վարձակալել է դրանցից մեկը, կազմել է ձուլակաղապարների աշխատանքային գծագրեր, պատրաստել է դետալներ (տե՛ս սույն որոշման 6-րդ, 12-րդ կետերը):
28.5. Վ.Մաթևոսյանը նախաքննության և դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ գումարը ստանալուց հետո ձեռնամուխ է եղել ձուլակաղապարների պատրաստման աշխատանքներին, սակայն դրանց մեծ մասը կատարելուց հետո աշխատանքները ձախողվել են` ձուլակաղապարներ պատրաստելու համար նախատեսված հաստոցի չափային շեղումների պատճառով (տե՛ս սույն որոշման 13-րդ կետը):
28.6 Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի մայիսի 25-ի վճռով «Մ.Վ.Մ.-Ֆորմ» ՍՊԸ-ից հօգուտ «Արմենմոտոր» ՓԲԸ-ի բռնագանձվել է 8.038.166 ՀՀ դրամ, որից 3.100.000 ՀՀ դրամը` որպես նախապես վճարված կանխավճարի գումար, 626.760 ՀՀ դրամը` որպես կանխավճարին ավելացված այլ գործարքներից առաջացած պարտքի գումար, 386.950 ՀՀ դրամը` որպես ժամանակին չմատակարարված ապրանքների արժեքի վրա հաշվարկված 5 տոկոս տուգանքի գումար, 24.000 ՀՀ դրամը` որպես սարքավորումների վարձակալության պայմանագրի գումար, 3.900.456 ՀՀ դրամը` որպես չմատակարարված ապրանքի գումարի վրա հաշվարկված տույժի գումար (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը):
29. Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 20-27-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործում առկա ապացույցների շարքում չկա որևէ փաստական տվյալ այն մասին, թե ինչ հանցավոր վարքագիծ է դրսևորել Վ.Մաթևոսյանը, որով ներգործել է տուժողի գիտակցության և կամքի վրա, ինչի արդյունքում, ընկնելով մոլորության մեջ, «Արմենմոտոր» ՓԲԸ-ի տնօրինությունը պայմանագիր է կնքել «Մ.Վ.Մ.-Ֆորմ» ՍՊԸ-ի հետ և գույք հանձնել Վ.Մաթևոսյանին: Այսինքն` գործի նյութերով հիմնավորված չէ Վ.Մաթևոսյանի կողմից այնպիսի արարքի կատարում, որը կգնահատվեր որպես խարդախություն:
Հետևաբար, բացակայում է խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմը` խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով ուրիշի գույքին տիրանալը:
Ինչ վերաբերում է խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմին, ապա գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ մեղադրանքի կողմը չի ներկայացրել որևէ պաշտոնական վարկած Վ.Մաթևոսյանի արարքում խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմի առկայության մասին: Այսինքն՝ չի հիմնավորվել, որ մինչև «Արմենմոտոր» ՓԲԸ-ի գույքը վերցնելը կամ գույքին տիրանալը Վ.Մաթևոսյանը դրսևորել է գույքի հափշտակության ուղղակի դիտավորություն և ունեցել է այդպիսի նպատակ: Սույն որոշման 26-27-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ դեպքում խարդախությունը բացակայում է:
30. Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վ.Մաթևոսյանի արարքում բացակայում են խարդախության հանցակազմի թե՛ օբյեկտիվ կողմը և թե՛ սուբյեկտիվ կողմը: Իսկ «Մ.Վ.Մ.-Ֆորմ» ՍՊԸ-ի կողմից պայմանագրային պարտավորությունները խախտելու արդյունքում «Արմենմոտոր» ՓԲԸ-ին հասցված գույքային վնասի վերականգնման հարցը պետք է լուծվի մասնավոր իրավունքի տիրույթում` քաղաքացիաիրավական և քաղաքացիադատավարական միջոցներով: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ հարցի կապակցությամբ Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2009 թվականի մայիսի 25-ին արդեն իսկ վճռիռ է կայացրել` «Մ.Վ.Մ.-Ֆորմ» ՍՊԸ-ից հօգուտ «Արմենմոտոր» ՓԲԸ-ի բռնագանձվել է 8.038.166 ՀՀ դրամ (տե՛ս սույն որոշման 29.6-րդ կետը):
31. Հիմք ընդունելով վերոգրյալ հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վ.Մաթևոսյանի արարքում խարդախության հանցակազմի բացակայության մասին ստորադաս դատարանների հետևություններն օրինական են և հիմնավորված, իսկ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ բողոքաբերի փաստարկներն իրենց հաստատումը քրեական գործի նյութերում չեն գտնում, ուստի վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց բավարարման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Վարդան Մարատի Մաթևոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 25-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Ա. Պողոսյան | |
Հ. Ասատրյան | ||
Ե. Դանիելյան | ||
Հ. Ղուկասյան |