ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԿԴ/1133/07/11 |
Գործ թիվ ԵԿԴ/1133/07/11 |
|
Նախագահող դատավոր՝ Գ. Ավետիսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Դանիելյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
քարտուղարությամբ |
Մ. Պետրոսյանի | |
մասնակցությամբ | ||
ներկայացուցիչ |
Հ. Ղուկասյանի |
2012 թվականի հունիսի 8-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի հունվարի 27-ի որոշման դեմ «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հ.Ղուկասյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2011 թվականի մարտի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 83156811 քրեական գործը:
2. 2011 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)` խնդրելով թույլատրել կատարել խուզարկություն «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի՝ Երևան քաղաքի Զարուբյան 1/1 հասցեում գտնվող գրասենյակում և կից օժանդակ կառույցներում՝ գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, փաստաթղթեր և այլ իրեր հայտնաբերելու և առգրավելու համար:
Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը, և թույլատրվել է կատարել խուզարկություն «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի՝ Երևան քաղաքի Զարուբյան 1/1 հասցեում գտնվող գրասենյակում և կից օժանդակ կառույցներում՝ գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, փաստաթղթեր և այլ իրեր հայտնաբերելու և առգրավելու համար:
3. «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հ.Ղուկասյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի հունվարի 27-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:
4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունվարի 27-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հ.Ղուկասյանը, որը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի մարտի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Գործի նյութերում առկա է խուզարկություն կատարելու վերաբերյալ 2012 թվականի հունվարի 12-ի արձանագրությունը, որի համաձայն «Այն սկսվեց ժամը 1510 և ավարտվեց 2310 : Մինչև խուզարկություն կատարելը ներկայացվեց այդ մասին դատարանի «26» 12 2011թ. որոշումը (...)» (տե՛ս նյութեր, էջ 46):
6. Առաջին ատյանի դատարանի եզրափակիչ մասն ունի հետևյալ բովանդակությունը. «Վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարել` թիվ 83156811 քրեական գործով թույլատրել խուզարկություն կատարել «Մեգո Գոլդ» ՍՊ ընկերության Երևան քաղաքի Զարուբյան 1/1 հասցեում գտնվող գրասենյակում և կից օժանդակ կառույցներում` գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, փաստաթղթեր և այլ իրեր հայտնաբերելու և առգրավելու համար:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան» (տե՛ս նյութեր, էջ 21):
7. «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հ.Ղուկասյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել 2012 թվականի հունվարի 16-ին (տե՛ս նյութեր, էջ 83):
8. Վերաքննիչ դատարանի դատական ակտում առկա է հետևյալ ձևակերպումը. «Ինչպես երևում է վերաքննիչ բողոքից, այն վերաքննիչ դատարան է ուղարկվել 2012 թվականի հունվարի 16-ին, իսկ Առաջին ատյանի դատարանի նյութերից` բողոքարկվող որոշումից երևում է, որ այն հրապարակվել է 2011 թվականի դեկտեմբերի 26-ին, այսինքն` դիմողի բողոքը ներկայացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ժամկետը լրանալուց հետո:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի, 382.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ժամկետանց բողոքները թողնվում են առանց քննության, որի վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում:
Բողոքարկվող որոշումը նշված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 101 կետում` գործն ըստ էության լուծող դատական ակտերի մեջ, հետևաբար այն գործն ըստ էության չլուծող դատական ակտ է, որի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակելու պահից տասնօրյա ժամկետում:
Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 26-ի վերոհիշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի վերջին օրը 2012 թվականի հունվարի 9-ն էր, սակայն բողոքը ուղարկվել է 2012 թվականի հունվարի 16-ին, հետևաբար բողոքը ժամկետանց է:
Նկատի ունենալով վերոգրյալը` գտնում եմ, որ վերաննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության` ժամկետանց լինելու պատճառով: (…) (տե՛ս նյութեր, էջ 83):
Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
9. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեադատավարական օրենսդրության նորմերի խախտում:
Ի հիմնավորում իր վերոշարադրյալ փաստարկի` բողոքաբերը նշել է, որ վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասը, Վերաքննիչ դատարանը գտել է, որ վերաքննիչ բողոքը բերվել է օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, ինչի արդյունքում «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն զրկվել է օրենքով երաշխավորված իր իրավունքներից: Բողոք բերած անձը, մասնավորապես, փաստարկել է, որ քննչական գործողություններ կատարելու և դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունները, այդ թվում՝ խուզարկություն կատարելու վերաբերյալ միջնորդությունները քննվում են դռնփակ դատական նիստում` միջնորդությամբ դիմած պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ, ուստի միջնորդության վերաբերյալ որոշումը միայն կայացվում է, այլ ոչ թե հրապարակվում: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ նշված դեպքում խուզարկության որոշման բողոքարկման համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի տրամաբանությունից բխող և 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված իրավաբանական փաստը` դատական ակտի հրապարակումը, օբյեկտիվորեն բացակայել է, ուստի օրենքով սահմանված բողոքարկման ժամկետն ինքնին չի հոսել:
10. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունվարի 27-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ, այն է՝ գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ խուզարկություն կատարելու վերաբերյալ միջորդության քննության արդյունքում կայացված դատական ակտերի բողոքարկման ժամկետի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հ.Ղուկասյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց է:
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն` «Դատարանի որոշմամբ կատարվում են բնակարանի խուզարկությունը, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության սահմանափակման հետ կապված քննչական գործողությունները»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանում վարույթն սկսելու հիմք է ծառայում հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի պատճառաբանված որոշման մեջ պարունակվող միջնորդությունը` համապատասխան գործողություններ կատարելու մասին թույլտվություն ստանալու համար: (....)»
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Միջնորդությունները քննում է դատավորը միանձնյա, դռնփակ դատական նիստում` միջնորդությամբ դիմած պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ:
2. Դատական նիստին իրավունք ունի մասնակցել դատախազը, եթե անհրաժեշտ է համարում անձամբ պաշտպանել միջնորդությունը: Դատախազն իրավունք ունի հետ վերցնել ներկայացված միջնորդությունը: (....)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն՝
« (....)
2. Խուզարկություն կամ առգրավում կատարելուց առաջ քննիչը պարտավոր է անձին, որի մոտ կատարվում է խուզարկություն կամ առգրավում, ծանոթացնել որոշմանը: Այդ մասին նրանից վերցվում է ստորագրություն:
(...)
7. Խուզարկություն կատարելիս որոշումը ներկայացնելուց և հրապարակելուց հետո քննիչն առաջարկում է հանձնել առգրավման ենթակա առարկաները և փաստաթղթերը կամ թաքնված անձին (...)»:
Վերոշարադրյալ նորմերի վերլուծությունից երևում է, որ բնակարանի խուզարկություն կատարելու միջնորդություն հարուցելու մասին որոշումը հանդիսանում է մինչդատական վարույթի նկատմամբ նախնական դատական վերահսկողության օբյեկտ: Ընդ որում, նշված որոշման հիման վրա հարուցված միջնորդության քննությունն իրականացվում է բացառապես դռնփակ դատական նիստում՝ դատավորի, միջնորդություն ներկայացրած անձի և, ըստ անհրաժեշտության, դատախազի մասնակցությամբ: Միջնորդության քննության արդյունքում դատարանի կայացրած որոշումը հրապարակվում է քննիչի կողմից բնակարանի խուզարկությունը կատարելուց անմիջապես առաջ:
14. Հիմք ընդունելով սույն որոշման 13-րդ կետում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բնակարանի խուզարկություն կատարելու միջնորդության կապակցությամբ դատարանի կողմից կայացված դատական ակտը կայացումից անմիջապես հետո հասանելի է լինում միայն միջնորդությունը ներկայացրած պաշտոնատար անձին և դատախազին: A contrario, շահագրգիռ մյուս կողմն այդ որոշման առկայության մասին իրազեկվում է միայն խուզարկություն կատարելուց անմիջապես առաջ: Այսինքն` քննարկվող միջնորդության դատական քննության արդյունքում կայացված որոշումը մինչ խուզարկություն կատարելը ո՛չ հրապարակման, ո՛չ էլ որևէ այլ եղանակով հասանելի չի դարձվում շահագրգիռ մյուս կողմի համար:
15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 101 կետի համաձայն՝ «Գործն ըստ էության լուծող դատական ակտեր՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռ, քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշում, ինչպես նաև այդ ակտերի վերաքննիչ բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտեր, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում վճռաբեկ դատարանի դատական ակտերը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի «Առաջին ատյանի դատարանի դատական ակտերի բողոքարկումը» վերտառությամբ 3761-րդ հոդվածի համաձայն` «Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են`
«(...)
4) առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` խուզարկության, առգրավման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին որոշումները»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի համաձայն՝ « (...) առաջին ատյանի դատարանի՝ գործն ըստ էության չլուծող ակտերի դեմ վերաքննիչ բողոքը բերվում է դրանք հրապարակելու պահից տասնօրյա ժամկետում»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն` «1. Սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվվում են ժամերով, օրերով, ամիսներով և տարիներով:
2. Ժամկետները հաշվելիս նկատի չեն առնվում այն ժամն ու օրը, որից սկսվում է ժամկետների ընթացքը:
3. Ժամկետները օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում է վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին: Ժամկետն ամիսներով կամ տարիներով հաշվելիս ժամկետը վերջանում է վերջին ամսվա համապատասխան օրը, իսկ եթե տվյալ ամիսը չունի համապատասխան թիվ, ժամկետը վերջանում է այդ ամսվա վերջին օրը: Եթե ժամկետի լրանալը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի վերջին օրը հաշվվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը: (...)»:
Սույն որոշման նախորդ կետում շարադրված իրավանորմերի վերլուծությունից երևում է, որ դատավարական ժամկետները հաշվելիս հիմք են ընդունվում որոշակի փաստեր կամ իրադարձություններ, որոնցից սկսվում է ժամկետի ընթացքը: Ինչ վերաբերում է բնակարանի խուզարկության վերաբերյալ դատարանի որոշմանը, ապա այն հանդիսանում է գործն ըստ էության չլուծող դատական ակտ, որը Վերաքննիչ դատարան կարող է բողոքարկվել այդ որոշման հրապարակման պահից տասնօրյա ժամկետում:
16. Հիմք ընդունելով սույն որոշման 13-15-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խուզարկություն կատարելու միջնորդության վերաբերյալ դատական ակտի վերաքննիչ բողոքարկման համար նախատեսված ժամկետի հաշվարկի հիմքում դրված իրավաբանական փաստը դատական ակտի հրապարակման պահն է: Հետևաբար, առաջին ատյանի դատարանի՝ խուզարկություն կատարելու միջնորդության վերաբերյալ որոշման բողոքարկման՝ օրենքով նախատեսված ժամկետն սկսում է հոսել այդ որոշման մասին շահագրգիռ կողմին պաշտոնապես ծանուցելու, այն է՝ խուզարկությունն սկսելու պահից:
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը 2011 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ բավարարել է խուզարկություն կատարելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը և չի մանրամասնել որոշման բողոքարկման ժամկետները (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Սույն գործով խուզարկությունը կատարվել է 2012 թվականի հունվարի 12-ին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
«Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հ.Ղուկասյանն Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել 2012 թվականի հունվարի 16-ին: Նշած բողոքը Վերաքննիչ դատարանը թողել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 7-8-րդ կետերը):
18. Սույն որոշման 13-16-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 17-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկման դատավարական ժամկետը հաշվելու հիմք հանդիսացած իրավաբանական փաստը տեղի է ունեցել 2012 թվականի հունվարի 12-ին, հետևաբար բողոքարկման ժամկետն ինքնին չի սկսել հոսել Առաջին ատյանի դատարանի կողմից դատական ակտի կայացման պահից, այն է՝ 2011 թվականի դեկտեմբերի 26-ից սկսած: Արդյունքնում, վերաքննիչ բողոքը թողնելով առանց քննության, Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված՝ գործի արդարացի քննության և արդարադատության մատչելիության իրավունքները, սահմանափակել է անձի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը:
Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հ.Ղուկասյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց է:
19. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում: Այդ խախտումն իր բնույթով էական է, քանի որ դրա արդյունքում խախտվել են գործի արդարացի քննության և արդարադատության մատչելիության իրավունքները, սահմանափակվել է անձի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, 406-րդ հոդվածի և 419-րդ հոդվածների հիման վրա` հիմք է կայացված դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:
20. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցչի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հունվարի 27-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Ե. Դանիելյան | |
Հ. Ասատրյան | ||
Ա. Պողոսյան |