ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԱԴԴ/0034/01/12 |
Գործ թիվ ԵԱԴԴ/0034/01/12 |
|
Նախագահող դատավոր՝ Ա. Խաչատրյան | |
Դատավորներ` Ա. Հովհաննիսյան |
|
Ս. Ավետիսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Դանիելյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Կ. Աբրահամյանի | |
| ||
մասնակցությամբ | ||
պաշտպան |
Ա. Ավագյանի |
2012 թվականի նոյեմբերի 1-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սամսոն Արթուրի Ամիրխանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի հունիսի 18-ի որոշման դեմ ամբաստանյալ Ս.Ամիրխանյանի պաշտպան Ա.Ավագյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2012 թվականի փետրվարի 27-ին ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90255612 քրեական գործը:
Նախաքննության մարմնի 2012 թվականի մարտի 15-ի որոշմամբ Սամսոն Արթուրի Ամիրխանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով:
2012 թվականի մարտի 22-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2012 թվականի մայիսի 2-ի դատավճռով Ս.Ամիրխանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել է կալանքի` 1 (մեկ) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա` Ս.Ամիրխանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանվելով փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով:
3. Մեղադրող Վ.Ավագյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի հունիսի 18-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, պատժի մասով փոփոխել է Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մայիսի 2-ի դատավճիռը և ամբաստանյալ Ս.Ամիրխանյանին դատապարտել է կալանքի` 1 (մեկ) ամիս ժամկետով:
4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունիսի 18-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ս.Ամիրխանյանի պաշտպան Ա.Ավագյանը:
Վճռաբեկ դատարանի 2012 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ ամբաստանյալ Ս.Ամիրխանյանի պաշտպան Ա.Ավագյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակից` մեղադրող Վ.Ավագյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով մերժել ամբաստանյալ Ս.Ամիրխանյանի պաշտպան Ա.Ավագյանի վճռաբեկ բողոքը:
Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ամբաստանյալ Ս.Ամիրխանյանը դատապարտվել է այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՌԶ 1032 զորամասի պայմանագրային զինծառայող, զորամասի հրամանատարի կողմից նախապես հաստատված գրաֆիկի համաձայն` 2012 թվականի փետրվարի 9-ին, 10-ին, 13-ին, 14-ին, 16-ին, 17-ին, 20-ին, 21-ին նշանակված լինելով ծառայության` երեք օրից ավելի, բայց մեկ ամսից պակաս տևողությամբ` ութ օր առանց հարգելի պատճառների ծառայության չի ներկայացել (տե՛ս քրեական գործ, թերթ 76):
6. Առաջին ատյանի դատարանի դատական ակտում առկա է հետևյալ ձևակերպումը. «Դատարանը, ուսումնասիրելով ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, մասնավորապես` ամբաստանյալի խոստովանական ցուցմունքները, ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պահանջագիրը, բնութագիրը, ծննդյան վկայականի պատճենը, եկավ հետևյալ եզրահանգման.
Սամսոն Արթուրի Ամիրխանյանի անձը դրական բնութագրող հանգամանքներն են` մեղքն ընդունելը և խոստովանական ցուցմունքներ տալը:
Սամսոն Արթուրի Ամիրխանյանի անձը բացասական բնութագրող հանգամանքն է` ՀՀ ՈԶ թիվ 1032 զորամասի կողմից տրված ծառայողական բնութագիրը:
(…):
Սամսոն Արթուրի Ամիրխանյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է (…) նախկինում արատավորված` դատապարտված չլինելը (…):
Դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Սամսոն Արթուրի Ամիրխանյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:
(…)
Դատարանը, հաշվի առնելով հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, այդ թվում` հանցագործության կատարման հանգամանքները ու գործողությունների վտանգավորության աստիճանը, նրա անձը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և անձը բնութագրող վերը նշված հանգամանքները, հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Սամսոն Արթուրի Ամիրխանյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու:
Միաժամանակ դատարանը գտնում է, որ բացասական բնութագրվելու հանգամանքը վերը նշված անձը դրականորեն բնութագրող և պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների առկայության պայմաններում չի կարող խոչընդոտ հանդիսանալ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը կիրառելու համար» (տե՛ս քրեական գործ, թերթ 76, 78):
7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն քրեական գործի շրջանակներում դատարանը ամբաստանյալ Սամսոն Ամիրխանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս բավարար չափով հաշվի չի առել նրա անձը բացասական բնութագրող` ՀՀ ՈԶ թիվ 1032 զորամասի կողմից տրված ծառայողական բնութագիրը:
Ըստ հիշյալ բնութագրի` ծառայության ընթացքում Սամսոն Ամիրխանյանը իրեն դրսևորել է բացասական կողմերով, իր պարտականությունները կատարել է ոչ լիարժեք, բազմիցս ունեցել է ուշացումներ և բացականեր, ունի գործող կարգապահական տույժ, աչքի չի ընկել մարտական պատրաստության պարապմունքների ժամանակ, հրամանատարների հրամանները կատարել է թերություններով, խուսափել է իրեն հանձնարարված առաջադրանքները կատարելուց:
(…)
Վերաքննիչ դատարանը, նկատի ունենալով, որ հիշյալ հանցագործության սուբյեկտ են հանդիսանում զինծառայողները, այսինքն` ունեն հատուկ սուբյեկտի կարգավիճակ, ուստի վերջիններիս ծառայողական բնութագիրը ունի էական նշանակություն նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների պահանջների համատեքստում պատիժ նշանակելու առումով:
Ամբաստանյալ Սամսոն Ամիրխանյանի անձը բնութագրող վերը նշված հանգամանքի դատարանի կողմից ոչ ճիշտ գնահատման մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորի քննչական բաժնի կողմից 2012 թվականի մայիսի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90263412 քրեական գործը` շարքային Սամսոն Ամիրխանյանի կողմից 2012 թվականի ապրիլի 16-ին, 17-ին, 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 26-ին, 27-ին և 30-ին երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ առանց հարգելի պատճառների ծառայության չներկայանալու փաստի առթիվ:
Հատկանշական է, որ ամբաստանյալ Սամսոն Ամիրխանյանին վերագրվող վերը նշված հանցավոր արարքը կատարվել է այն ժամանակահատվածում, երբ սույն գործը գտնվել է դատաքննության ընթացքում, որի պայմաններում հիմնավոր չէ դատարանի եզրահանգումը այն մասին, որ տվյալ հանցագործությունը կատարելուց հետո ամբաստանյալ Սամսոն Ամիրխանյանը դրսևորել է պատշաճ վարքագիծ:
Վերը նշվածից ելնելով Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն քրեական գործի շրջանակներում ամբաստանյալ Սամսոն Ամիրխանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը կիրառելի չէ և նա դատարանի կողմից նշանակված պատիժը պետք է կրի» (տե՛ս քրեական գործ, թերթ 161):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
8. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես՝ չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 70-րդ հոդվածները, որոնք ենթակա էին կիրառման:
Ըստ բողոքաբերի` ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածում անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու չափանիշները սպառիչ կերպով թվարկված չլինելու պարագայում նշված հոդվածի կիրառման պայման է դատարանի համոզվածությունն այն մասին, որ անձի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու: Հետևաբար, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սոցիալական արդարությունը վերականգնելը հնարավոր է նաև Ս.Ամիրխանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու պարագայում:
9. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունիս 18-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մայիսի 2-ի դատավճռին:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը ներկայացված վճռաբեկ բողոքի սահմաններում վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանի կողմից անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցի քննության ժամանակ անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` Վերաքննիչ դատարանը խախտե՞լ է արդյոք անմեղության կանխավարկածի սկզբունքը, երբ Ս.Ամիրխանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությունը կապել է ամբաստանյալի նկատմամբ մեկ այլ քրեական գործ հարուցված լինելու հանգամանքի հետ:
12. ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի համաձայն` «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: (...)»:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան»:
Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագրի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի անմեղ համարվելու մինչև այն պահը, քանի դեռ նրա մեղքը օրինական կարգով չի հաստատվի հրապարակային դատական քննության միջոցով, որի ժամանակ նրան տրվում են պաշտպանության բոլոր հնարավորությունները»:
Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Քրեական հանցագործության մեջ յուրաքանչյուր մեղադրվող իրավունք ունի համարվելու անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ օրենքով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
(…)
3. Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետեւությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:
4. Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանականերում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի:
(…)»:
Անմեղության կանխավարկածի սկզբունքին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Բաբայանի և Ս.Թումանյանի վերաբերյալ որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) [Ա]րդար դատական քննության հիմնարար իրավունքի ապահովումն առանց անմեղության կանխավարկածի պահպանման հնարավոր չէ: Նշված սկզբունքը ենթադրում է, որ հանցագործություն կատարած յուրաքանչյուր ոք համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցվել օրենքով նախատեսված կարգով: Անմեղության կանխավարկածի սկզբունքը կանխորոշում է քրեական գործի դատաքննության ողջ բովանդակությունը և էությունը` անկախ քրեական հետապնդման իրավական ելքից:
Անմեղության կանխավարկածի բովանդակությունն արտացոլված է միջազգային իրավունքում համընդհանուր ճանաչում ստացած «կասկածը մեկնաբանվում է հօգուտ մեղադրյալի» (iո dսbio pro reo) կանոնի մեջ: Այս կանոնն իր ամրագրումն է ստացել ինչպես մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային իրավական փաստաթղթերում, այնպես էլ ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մեջ և հանդիսանում է մեղադրյալի անմեղության կանխավարկածի իրավունքի գործնական երաշխիք քրեական դատավարության և մասնավորապես, դատական քննության ընթացքում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կարծիքով, անմեղության կանխավարկածը, inter alia պահանջում է, որ իրենց պարտականությունները կատարելիս դատարանի անդամները չունենան կանխակալ կարծիք առ այն, որ մեղադրյալը կատարել է մեղսագրվող արարքը, իսկ ապացուցման պարտականությունը պետք է կրի մեղադրանքի կողմը, և ցանկացած կասկած պետք է մեկնաբանվի հօգուտ մեղադրյալի: Այս առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտում է համարել այն իրավիճակը, երբ մեղադրյալը դեռևս օրենքին համապատասխան մեղավոր չի ճանաչվել, սակայն նրա վերաբերյալ ընդունված դատական որոշումից կարելի է կարծիք կազմել, որ նա մեղավոր է (տե՛ս Barbera, Messegue and Jabardo v. Spain, 1988 թվականի դեկտեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 10590/83, կետեր 77, 91):
Ինչպես երևում է վերոգրյալից, անմեղության կանխավարկածի նկատմամբ հարգանքի պահանջն առաջին հերթին վերաբերում է դատարանին՝ որպես գործն ըստ էության լուծող անկողմնակալ մարմնի: Ուստիև դատարանը, մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացման պահը, իր գործողություններով, այդ թվում որոշումներով որևէ կերպ չպետք է սուբյեկտիվ դիրքորոշում հայտնի ամբաստանյալին ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածության կամ անհիմն լինելու մասին» (տե՛ս Արմեն Ջիվանի Բաբայանի և Սուրեն Ռազմիկի Թումանյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշման 14-րդ կետը):
13. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին»:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները»:
Անձի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված հարցերին Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլոց, անդրադարձել է նաև Ռ.Խաչատրյանի վերաբերյալ կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) չնայած պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսել, այնուհանդերձ, դատարանը պարտավոր է, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, հաշվի առնել նաև հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը: Դատարանի կողմից նշանակվող պատժի արդարացիության հիմնական պահանջն այն է, որ պատիժը պետք է համապատասխանի հանցագործության վտանգավորության աստիճանին ու բնույթին: (…)» (տե՛ս Ռուբեն Հմայակի Խաչատրյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մայիսի 4-ի թիվ ԵԱՔԴ/0120/01/09 որոշման 13-րդ կետը):
14. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անմեղության կանխավարկածը՝ որպես միջազգային և ներպետական օրենսդրությամբ նախատեսված հանրաճանաչ սկզբունք, կոչված է պաշտպանել անձի իրավունքները քրեական գործով վարույթի ամբողջ ընթացքում: Նշված հանգամանքը, ի թիվս այլոց, ենթադրում է, որ դատարանները, մինչև գործով կայացված վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը, պարտավոր են ձեռնպահ մնալ անձի մեղավորության վերաբերյալ որևէ եզրակացություն անելուց:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ որևէ եզրակացություն անելու արգելքի մեջ ներառվում է նաև անձի վերաբերյալ մեկ այլ գործով դատական ակտ կայացնելիս այնպիսի հաստատական դատողություններ անելը, որոնք կապված են այդ նույն անձի նկատմամբ մեկ այլ փաստի առթիվ հարուցված մեկ այլ քրեական գործով առաջադրված մեղադրանք(ներ)ում նրա մեղավորության հետ: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա` անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցի քննության ժամանակ դատարանը չպետք է նշված հոդվածի կիրառման հնարավորությունը պայմանավորի ամբաստանյալի նկատմամբ մեկ այլ քրեական գործ հարուցված լինելու հանգամանքով և դրա հիման վրա բացառի անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությունը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման դեպքում առկա է անձի անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտում:
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով Ս.Ամիրխանյանի անձը բնութագրող հանգամանքը, նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա` նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Վերաքննիչ դատարանը, վերացնելով Ս.Ամիրխանյանի նկատմամբ կիրառված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը պատիժ նշանակելիս բավարար չափով հաշվի չի առել Ս.Ամիրխանյանի անձը բացասական բնութագրող` ծառայողական բնութագիրը, քանի որ Ս.Ամիրխանյանի կողմից 2012 թվականի ապրիլի 16-ին, 17-ին, 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 26-ին, 27-ին և 30-ին երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ առանց հարգելի պատճառների ծառայության չներկայանալու փաստի առթիվ 2012 թվականի մայիսի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ ամբաստանյալ Ս.Ամիրխանյանին վերագրվող հանցավոր արարքը կատարվել է այն ժամանակահատվածում, երբ սույն գործը գտնվել է դատաքննության ընթացքում, որի պայմաններում հիմնավոր չեն դատարանի եզրահանգումներն այն մասին, որ տվյալ հանցագործությունը կատարելուց հետո ամբաստանյալ Ս.Ամիրխանյանը դրսևորել է պատշաճ վարքագիծ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը որպես հաստատված փաստ Ս.Ամիրխանյանի անձը բնութագրող հանգամանք է դիտել նրա կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելը, այն է՝ երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ առանց հարգելի պատճառների ծառայության չներկայանալու հանգամանքը: Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ սույն գործով դատական ակտ կայացնելու պահին վերոնշյալ փաստի կապակցությամբ իրականացվող քրեական վարույթը դեռևս չէր ավարտվել, և չկար օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ:
16. Սույն որոշման 12-14-րդ կետերում շարադրված դիրքորոշման լույսի ներքո գնահատելով սույն որոշման 15-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Ամիրխանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությունն ամբաստանյալի նկատմամբ մեկ այլ քրեական գործ հարուցված լինելու հանգամանքի հետ կապելով՝ Վերաքննիչ դատարանը խախտել է անմեղության կանխավարկածի սկզբունքը:
17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց՝ օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում: Այդ խախտումն իր բնույթով էական է, քանի որ դրա արդյունքում խախտվել է անձի անմեղության կանխավարկածի իրավունքը, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, 406-րդ հոդվածների հիման վրա` հիմք է Վերաքննիչ դատարանի կայացված դատական ակտը բեկանելու և Առաջին ատյանի դատարանի կայացրած ակտին օրինական ուժ տալու համար:
18. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Սամսոն Արթուրի Ամիրխանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հունիսի 18-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մայիսի 2-ի դատավճռին:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Ե. Դանիելյան | |
Հ. Ասատրյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |