ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1968 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԼՈԿԱՌՆՈՅՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ 1979 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՓՈՓՈԽՎԱԾ` ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ ՀԻՄՆԱԴՐՈՂ ԼՈԿԱՌՆՈՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
26 դեկտեմբերի 2006 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1968 թվականի հոկտեմբերի 8-ին Լոկառնոյում ընդունված և 1979 թվականի սեպտեմբերի 28-ին փոփոխված` Արդյունաբերական նմուշների միջազգային դասակարգում հիմնադրող Լոկառնոյի համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ընդունվել է 1968 թվականին Լոկառնոյում` արդյունաբերական նմուշների միջազգային դասակարգման համակարգ հիմնադրելու նպատակով: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1971 թվականի ապրիլի 27-ին և փոփոխվել է 1979 թվականի սեպտեմբերի 28-ին:
Հայաստանի Հանրապետությունը չի ստորագրել համաձայնագիրը:
Համաձայնագիրն ունի նույն ուժն ու տևողությունը, ինչ Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիան:
Համաձայնագրի բաղկացուցիչ մասն է հանդիսանում հավելվածը` «Միջազգային դասակարգման դասերի և ենթադասերի ցանկը»:
Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը միանում է 1968 թվականի հոկտեմբերի 8-ին Լոկառնոյում ընդունված և 1979 թվականի սեպտեմբերի 28-ին փոփոխված` Արդյունաբերական նմուշների միջազգային դասակարգում հիմնադրող Լոկառնոյի համաձայնագրին` դրա 9-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների հիման վրա, որոնց ուժով Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի անդամ ցանկացած երկիր, եթե չի ստորագրել համաձայնագիրը, կարող է միանալ դրան:
Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիային Հայաստանի Հանրապետությունը միացել է 1994 թվականի մարտի 29-ին:
2. Համաձայնագրով սահմանվում է արդյունաբերական նմուշների միջազգային դասակարգման համակարգը, որը ներառում է դասերի և ենթադասերի ցանկը, ապրանքների այբբենական ցանկը և բացատրական ծանոթագրությունները:
Հարկ է նշել, որ ելնելով սույն համաձայնագրի պահանջներից` միջազգային դասակարգումը կրում է բացառապես վարչական բնույթ: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր երկիր կարող է դրան վերագրել այն իրավական բնույթը, որն ինքը հարմար է համարում:
3. Համաձայնագրով մասնակից պետություններն արդյունաբերական նմուշների միջազգային դասակարգումն ընդունելու նպատակով կազմում են Հատուկ միություն: Համաձայնագրով սահմանվում են Փորձագետների կոմիտեի, Հատուկ միության վեհաժողովի, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Միջազգային բյուրոյի և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Գլխավոր տնօրենի գործառույթները:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- ապահովել, որպեսզի արդյունաբերական նմուշների պահպանություն տրամադրելու իրավունք ունեցող` ՀՀ կողմից լիազորված գործակալությունը նմուշն ի պահ հանձնելու կամ գրանցելու պաշտոնական փաստաթղթերում, ինչպես նաև դրանք պաշտոնապես հրապարակվելու դեպքում այդ հրապարակումներում նշի միջազգային դասակարգման այն դասերի և ենթադասերի համարները, որոնց պատկանում են նմուշներն ընդգրկող ապրանքները,
- կրել Հատուկ միությունում ՀՀ պատվիրակության ծախսերը: ՀՀ կառավարությունը պետք է ներկայացված լինի մեկ պատվիրակով, որին կարող են օգնել փոխարինող պատվիրակները, խորհրդատուները և փորձագետները,
- Հատուկ միության բյուջեն և Հատուկ միության շրջանառու ֆոնդին վճարել համապատասխանաբար` անդամավճար և միանվագ անդամավճար: Հատուկ միության յուրաքանչյուր երկրի տարեկան անդամավճարը հավասար է այն գումարին, որը հարաբերվում է բոլոր երկրների կողմից Հատուկ միության բյուջե մուծված անդամավճարների ամբողջ գումարին այնպես, ինչպես նրա միավորների քանակն է հարաբերվում վճարներ մուծող բոլոր երկրների միավորների ընդհանուր քանակին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1968 թվականի հոկտեմբերի 8-ին Լոկառնոյում ընդունված և 1979 թվականի սեպտեմբերի 28-ին փոփոխված` Արդյունաբերական նմուշների միջազգային դասակարգում հիմնադրող Լոկառնոյի համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|