«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
5 դեկտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 1997 թվականի N 566
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ճապոնիայի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1997 թվականի ապրիլի 10-ին պարենային արտադրության ընդլայնման ծրագրի իրականացման վերաբերյալ փոխանակված նոտային (այսուհետև` նոտա) համապատասխան` օգնության կարգով Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պարարտանյութերի օգտագործման ու դրանց իրացումից գոյացող միջոցների տնօրինման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել, որ`
ա) նոտային համապատասխան` Հայաստանի Հանրապետությանը տրամադրված 14666 տոննա պարարտանյութն ամբողջությամբ հատկացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայբերրիությունհոլդինգ» պետական ձեռնարկությանը` աճուրդային կարգով իրացնելու համար.
բ) պարարտանյութի մեկ տոննայի համար աճուրդային վաճառքի մեկնարկային նվազագույն գինը կազմում է 135 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` աճուրդի կայացման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած դրամի փոխարժեքին համապատասխան.
գ) պարարտանյութի աճուրդային վաճառքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած կարգով.
դ) աճուրդային վաճառքի իրականացման գործում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայբերրիությունհոլդինգ» պետական ձեռնարկության մատուցած ծառայությունների դիմաց նրան է հատկացվում աճուրդով վաճառված պարարտանյութի արժեքի 0,5 տոկոսը.
ե) նոտային համապատասխան` Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պարարտանյութի իրացումից գոյացող միջոցները, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի «դ» ենթակետում նշված, ինչպես նաև պարարտանյութի մինչաճուրդային պահպանության համար հատկացվող միջոցների, փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հատուկ հաշվին` նոտայով նախատեսված ծրագրերը ֆինանսավորելու համար:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայբերրիությունհոլդինգ» պետական ձեռնարկության հետ կնքել պայմանագիր նոտային համապատասխան` Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պարարտանյութը պահպանելու և դրա աճուրդային վաճառքն իրականացնելու պայմանների վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 5-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |