ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2025 թվականի N 144-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման՝
1) 1-ին կետում՝
ա․ 3-րդ ենթակետը «կենսաթոշակները» բառից հետո լրացնել «, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 49.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում աշխատանքի անցած անձանց զինվորական կենսաթոշակները» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.2-րդ ենթակետով՝
«4.2) սույն որոշմամբ հաստատված կանոններով` Ներքին գործերի նախարարությունը երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակում ու վճարումն ապահովում է նաև Ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցրած այն անձանց, որոնք «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն այդ պաշտոնին նշանակվել են ոստիկանության ծառայողի, փրկարար ծառայողի, քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողի պաշտոնից (եթե նրա վրա տարածվում է հավասարեցման պահանջը).».
2) N 1 հավելվածը՝
ա․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.6-րդ կետով՝
«5.6. Սույն կարգի 19.5-րդ կետում նշված անձը երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է Ներքին գործերի նախարարության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, իսկ սույն կարգի 19.6-րդ կետում նշված անձը՝ ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում։»,
բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.5-19.7-րդ կետերով՝
«19.5. Ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցրած անձին, որը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն այդ պաշտոնին նշանակվել է ոստիկանության ծառայողի, փրկարար ծառայողի, քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողի պաշտոնից (եթե նրա վրա տարածվում է հավասարեցման պահանջը), 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժի առկայությամբ նշանակվում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ: Այս դեպքում զինվորական ծառայության ստաժում հաշվառվում է նաև Ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը, որը հաշվարկվում է մինչև զինվորական կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օրը (եթե այդ օրվա դրությամբ նա զբաղեցնում է Ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոն) կամ Ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատվելու օրը։ Զինվորական ծառայության ստաժում սույն կետով սահմանված կարգով հաշվառվող՝ Ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը չի կարող գերազանցել 5 տարին։ Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո Ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայողի պաշտոնում աշխատած ժամանակահատվածը զինվորական ծառայության ստաժում չի հաշվառվում: Սույն կետում նշված անձին երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ է նշանակվում` անկախ դիմելու օրվա դրությամբ Ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայողի պաշտոն զբաղեցնելու հանգամանքից:
19.6. Սույն կարգի 19.5-րդ կետում նշված անձին, որը Ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 49.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն աշխատանքի է անցել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում, 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժի առկայությամբ նշանակվում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ: Այս դեպքում զինվորական ծառայության ստաժում հաշվառվում են նաև Ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում աշխատելու ժամանակահատվածները, որոնք հաշվարկվում են մինչև զինվորական կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օրը կամ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ազատվելու օրը։ Զինվորական ծառայության ստաժում սույն կետով սահմանված կարգով հաշվառվող՝ Ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում աշխատելու ժամանակահատվածների հանրագումարը չի կարող գերազանցել 5 տարին։ Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում աշխատած ժամանակահատվածը զինվորական ծառայության ստաժում չի հաշվառվում: Սույն կետում նշված դեպքում անձին երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ է նշանակվում` անկախ դիմելու օրվա դրությամբ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում աշխատելու հանգամանքից:
19.7. Սույն կարգի 19.5-19.6-րդ կետերում նշված անձանց երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս, որպես զինծառայողի անձնական գործակից, հաշվի է առնվում ոստիկանության ծառայողի, փրկարար ծառայողի, քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված գործակիցը:»․
3) N 10 հավելվածում՝
ա․ 19-րդ կետի 3-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով, և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ և 5-րդ ենթակետերով․
«4) Ներքին գործերի նախարարության տված՝ ոստիկանության ծառայողի, փրկարար ծառայողի, քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողի պաշտոնից ազատվելու և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ այդ նախարարության քաղաքացիական ծառայողի պաշտոնում նշանակվելու, առկայության դեպքում՝ այդ պաշտոնից ազատվելու մասին հրամանների քաղվածքները, եթե աշխատանքային գրքույկում առկա չեն այդ մասին համապատասխան գրառումները․
5) «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տված տեղեկանքը՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 49.1-ին հոդվածի 2 րդ մասի համաձայն՝ այդ կազմակերպությունում աշխատանքի անցնելու մասին՝ նշելով Ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայողի պաշտոնից ազատվելու և կազմակերպությունում աշխատանքի անցնելու, առկայության դեպքում՝ այդ աշխատանքից ազատվելու հրամանների համարները, դրանց տրման օրը, ամիսը և տարեթիվը, եթե աշխատանքային գրքույկում առկա չեն այդ մասին համապատասխան գրառումները:»․
բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.3-րդ կետով՝
«19.3. Սույն ցանկի 19-րդ կետի 5-րդ ենթակետում նշված դեպքում ներկայացվում է նաև Ներքին գործերի նախարարության տված՝ քաղաքացիական ծառայողի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ոստիկանության ծառայողի, փրկարար ծառայողի, քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողի պաշտոնի (որից նշանակվել է Ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայողի պաշտոնի) համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված գործակցի մասին տեղեկանք:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2025 թվական:
