ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի դեկտեմբերի 11-ին
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 177-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը «օտարերկրյա այն ֆիզիկական անձի սեփականության ներքո» բառերից հետո լրացնել «(կամ ձեռք են բերվել վարկային կամ լիզինգային պայմանագրով և գտնվել են տիրապետման ներքո)» բառերով.
2) 1-ին մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Վարկային կամ լիզինգային պայմանագրի հիման վրա ձեռք բերված նշված տրանսպորտային միջոցները դրանց ազատ շրջանառության նպատակով բացթողմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման պահին պետք է գտնվեն այդ անձի սեփականության ներքո։».
3) 6-րդ մասի 2-րդ կետը «օտարերկրյա այն ֆիզիկական անձի սեփականության ներքո» բառերից հետո լրացնել «(կամ ձեռք են բերվել վարկային կամ լիզինգային պայմանագրով և գտնվել են տիրապետման ներքո)» բառերով.
4) 6-րդ մասի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Վարկային կամ լիզինգային պայմանագրի հիման վրա ձեռք բերված նշված տրանսպորտային միջոցները դրանց ազատ շրջանառության նպատակով բացթողմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման պահին պետք է գտնվեն այդ անձի սեփականության ներքո.»։
Հոդված 2. Օրենքի 270-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով․
«9) ապահովել ժամանակավոր պահպանման պահեստների բաց տարածքների և հրապարակների մակերեսների պինդ ծածկույթի (ասֆալտի, բետոնի կամ նմանատիպ այլ ծածկույթի) առկայությունը։»:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 321.1-ին հոդվածով.
«Հոդված 321.1. | «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված համաձայնագրին համապատասխան սահմանված դեպքերում մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ տեղորոշման կապարակնիքների կիրառմամբ հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի կողմից պարտավորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը |
1. «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված համաձայնագրին համապատասխան սահմանված դեպքերում մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ տեղորոշման կապարակնիքների կիրառմամբ հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի կողմից նշված համաձայնագրով սահմանված՝ իր կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգի անխափան աշխատանքի ապահովման պարտավորության չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը (բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի), որի հետևանքով չի առաջանում մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի և վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի) չհաշվարկում (պակաս հաշվարկում) կամ չվճարում (պակաս վճարում), ինչպես նաև արգելքների և սահմանափակումների չկիրառում՝ հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝
առաջացնում է տուգանք՝ երեսուն հազար դրամի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը մեկ ամսվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանք՝ հիսուն հազար դրամի չափով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը, որի հետևանքով առաջանում է մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի և վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի) չհաշվարկում (պակաս հաշվարկում) կամ չվճարում (պակաս վճարում)՝ հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝
առաջացնում է տուգանք՝ չհաշվարկված (պակաս հաշվարկված) կամ չվճարված (պակաս վճարված) մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի և վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի) ընդհանուր գումարի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան հարյուր հազար դրամի չափով:
4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը, որն առաջացնում է արգելքների և սահմանափակումների չկիրառում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ ապրանքների կամ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան հարյուր հազար դրամի չափով:
5. Սույն հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված խախտումները մեկ ամսվա ընթացքում երկու անգամից ավելի կատարելը հիմք է ազգային օպերատորի գործունեության դադարեցման համար՝ Կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հոդված 5. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. դեկտեմբերի 22 Երևան ՀՕ-387-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2023 թվական: