ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1949 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
28 սեպտեմբերի 2004 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1949 թվականի հուլիսի 1-ին Ժնևում ստորագրված` Աշխատավարձի պաշտպանության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Աշխատավարձի պաշտպանության մասին կոնվենցիան ընդունվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից 1949 թ. հուլիսի 1-ին` աշխատավարձի պաշտպանությունը երաշխավորելու նպատակով:
2. Կոնվենցիան ճշգրտում է այն անձանց շրջանակը, ում նկատմամբ կիրառելի են դրա դրույթները` միևնույն ժամանակ Պայմանավորվող կողմերին հնարավորություն տալով այդ շրջանակից բացառելու որոշակի կատեգորիայի անձանց:
3. Կոնվենցիայի համաձայն` աշխատավարձը պետք է վճարվի միայն օրինական վճարամիջոցով, բացառությամբ առանձին դեպքերի, երբ թույլատրվում է աշխատավարձի բնեղենով վճարում:
Գործատուներին արգելվում է որևէ ձևով սահմանափակել աշխատողների` աշխատավարձի տնօրինման ազատությունը:
Կոնվենցիայով երաշխավորվում է աշխատավարձի պաշտպանությունը ձեռնարկության սնանկացման կամ լուծարման դեպքում: Նման ձեռնարկության աշխատակիցները պետք է համարվեն արտոնյալ պարտատերեր իրենց վճարվելիք աշխատավարձերի առնչությամբ:
Կոնվենցիան սահմանում է աշխատավարձի վճարման կարգին ներկայացվող հիմնական պահանջները:
4. Կոնվենցիայով Պայմանավորվող կողմերը պարտավորվում են կոնվենցիայի դրույթները գործողության մեջ դնող օրենսդրության մասին տեղեկացնել շահագրգիռ անձանց, որոշել այդ օրենսդրության կիրառման համար պատասխանատու անձանց, օրենսդրության խախտման համար սահմանել համապատասխան պատժամիջոցներ:
Կողմերը պարտավորվում են Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 22 հոդվածին համապատասխան ներկայացվող տարեկան զեկույցում ներառել տեղեկություններ կոնվենցիայի դրույթների կատարմանն ուղղված միջոցառումների մասին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1949 թ. հուլիսի 1-ին Ժնևում ստորագրված` Աշխատավարձի պաշտպանության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|