Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-156-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (06.01.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.07.08/34(700) Հոդ.791
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
10.06.2009
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
02.07.2009
Дата вступления в силу
18.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի հունիսի 10-ին

 

ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության և oտարերկրյա օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը` նրանց գործունեության հետևանքով դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող փոխադրումների դեպքերում երրորդ անձանց, ուղևորներին, ուղեբեռին կամ բեռին պատճառված հնարավոր վնասները փոխհատուցելու համար:

 

Հոդված 2. Դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչքներ իրականացնող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողների (այսուհետ՝ օդանավ շահագործող) գործունեության հետևանքով պատճառած հնարավոր վնասների, ներառյալ` երրորդ անձանց, ուղևորներին, ուղեբեռին կամ բեռին պատճառված հնարավոր վնասները միասին (այսուհետ՝ համակցված պատասխանատվություն), ապահովագրության նվազագույն ծածկույթը յուրաքանչյուր առանձին ապահովագրական պատահարի համար, սահմանել ըստ օդանավերի առավելագույն թռիչքային քաշերի` համաձայն հավելվածում ներկայացված սահմանաչափերի:

 

Հոդված 3. Համակցված պատասխանատվության մաս հանդիսացող փոխհատուցման ապահովագրության նվազագույն ծածկույթները, ըստ պատճառված վնասների, հետևյալն են`

1) ուղևորներին, թռիչքային և սպասարկող անձնակազմի (ավիացիոն ինժեներներ, տեխնիկներ, բորտօպերատորներ և ուղեկցորդներ) անդամներին պատճառած մարմնական վնասվածքների կամ մահվան դեպքում օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափը` յուրաքանչյուր փոխադրվող ուղևորի, օդանավում գտնվող թռիչքային և սպասարկող անձնակազմի (ավիացիոն ինժեներներ, տեխնիկներ, բորտօպերատորներ և ուղեկցորդներ) յուրաքանչյուր անդամի նկատմամբ սահմանվում է ոչ պակաս, քան 128 821 (հարյուր քսանութ հազար ութ հարյուր քսանմեկ) Հատուկ փոխառելիության իրավունքի (այսուհետ՝ ՀՓԻ (SDR) միավոր.

2) ուղեբեռների փոխադրման ժամանակ դրանց ոչնչացման, կորչելու կամ վնասվելու դեպքում օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափը յուրաքանչյուր ուղևորի համար սահմանվում է 1288 (հազար երկու հարյուր ութսունութ) ՀՓԻ միավոր, բացառությամբ այն դեպքերի, երբ ուղևորն ուղեբեռի ձևակերպման և փոխադրողին հանձնելու ժամանակ կազմել է հայտարարագիր` ուղեբեռի տեղափոխման հարցում իր առանձնակի շահագրգիռ լինելու մասին և անհրաժեշտության դեպքում փոխադարձ համաձայնությամբ դրա համար փոխադրողին մուծել լրացուցիչ վճար: Այդ դեպքում ավիափոխադրողը հատուցում է ուղևորի կողմից հայտարարագրված գումարը չգերազանցող գումար, եթե չի ապացուցում, որ հայտարարագրված գումարն ավելին է, քան ուղևորի ուղեբեռը ժամանակին ստանալու շահագրգռվածությունը.

3) բեռների փոխադրման ժամանակ, դրանց ոչնչացման, կորչելու կամ վնասվելու դեպքում օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափը սահմանվում է 22 (քսաներկու) ՀՓԻ (SDR) յուրաքանչյուր կիլոգրամի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ուղևորը կամ բեռ առաքողը բեռի ձևակերպման և փոխադրողին հանձնելու ժամանակ կազմել է հայտարարագիր` բեռի տեղափոխման հարցում իր առանձնակի շահագրգիռ լինելու մասին և անհրաժեշտության դեպքում փոխադարձ համաձայնությամբ դրա համար փոխադրողին մուծել լրացուցիչ վճար: Այդ դեպքում ավիափոխադրողը հատուցում է ուղևորի կամ բեռ առաքողի կողմից հայտարարագրված գումարը չգերազանցող գումար, եթե չի ապացուցում, որ հայտարարագրված գումարն ավելին է, քան ուղևորի կամ բեռ առաքողի բեռը ժամանակին ստանալու շահագրգռվածությունը.

4) օդային փոխադրումն ուշացնելու հետևանքով ուղևորին պատճառած վնասի դեպքում օդանավ շահագործողների պատասխանատվությունը սահմանափակվում է 5346 (հինգ հազար երեք հարյուր քառասունվեց) ՀՓԻ հանրագումարով, եթե նրանք չեն ապացուցում, որ ձեռնարկվել են բոլոր հնարավոր անհրաժեշտ միջոցները` ուշացումից խուսափելու համար:

(3-րդ հոդվածը փոփ. 16.12.21 ՀՕ-432-Ն)

 

Հոդված 4. Փոստային առաքումների փոխադրման ժամանակ օդանավ շահագործողը պատասխանատվություն է կրում համապատասխան փոստային ծառայություն մատուցող կազմակերպության առջև, փոխադրողների և փոստային ծառայություն մատուցողների միջև հարաբերությունների նկատմամբ կիրառվող կանոնների երկուստեք պայմանավորվածության համաձայն, ընդ որում, մի քանի հաջորդական փոխադրողների միջոցով իրականացման ենթակա փոխադրման դեպքում ապահովագրական ծածկույթի սահմանաչափերը գործում են որպես օդանավ շահագործողների կողմից իրականացվող մեկ գործողություն:        

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 2

Երևան

ՀՕ-156-Ն

 

 

 

Հավելված

«Օդանավ շահագործողների

պատասխանատվության ապահովագրության

նվազագույն ծածկույթի սահմանաչափերը

սահմանելու մասին» ՀՀ օրենքի

 

Ս Ա Հ Մ Ա Ն Ա Չ Ա Փ Ե Ր

 

դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչքներ իրականացնող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողների գործունեության հետևանքով պատճառած հնարավոր վնասների համակցված պատասխանատվության փոխհատուցման ապահովագրության նվազագույն ծածկույթի` յուրաքանչյուր առանձին ապահովագրական պատահարի համար

Օդանավի սերտիֆիկացված առավելագույն թռիչքային քաշը (կգ)

Օդանավ շահագործողի համակցված պատասխանատվության ապահովագրության նվազագույն սահմանաչափը` յուրաքանչյուր առանձին ապահովագրական դեպքի համար Հատուկ փոխառելիության իրավունքի (SDR) միավոր

Մինչև 500

750.000

501-ից մինչև 2.000

1.500.000

2001-ից մինչև 6.000

3.000.000

6001- ից մինչև 9.000

6.000.000

9001- ից մինչև 12.000

18.000.000

12001-ից մինչև 25.000

80.000.000

25001-ից մինչև 50.000

150.000.000

50.001- ից մինչև 100.000

200.000.000

100.001- ից մինչև 200.000

300.000.000

200.000-ից ավելի

500.000.000