Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-161-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (07.04.2018-01.07.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.03.30/24(1382).1 Հոդ.354
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
21.03.2018
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
28.03.2018
Дата вступления в силу
07.04.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 21-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 125.1-ին հոդվածով.

 

«Հոդված 125.1. Մարդու օրգանների (և) կամ հյուսվածքների ապօրինի շրջանառությունը

 

1. Մարդու օրգանների (և) կամ հյուսվածքների ապօրինի ձեռքբերումը, փոխանցումը, ինչպես նաև իրացումը`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

պատժվում է ազատազրկմամբ` յոթից ինը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են`

1) կազմակերպված խմբի կողմից կամ

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ` իննից տասներկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 127.1-ին և 127.2-րդ հոդվածներով.

 

«Հոդված 127.1.

Եվգենիկական փորձեր իրականացնելը

 

1. Եվգենիկական փորձերը` մարդու լավասերմանը (սելեկցիային) ուղղված ցանկացած գործողություն կատարելը`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ կամ

2) անչափահասի նկատմամբ կամ

3) կազմակերպված խմբի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Նույն արարքը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

 

Հոդված 127.2. Մարդու վերարտադրողական կլոնավորումը

 

1. Մարդու վերարտադրողական կլոնավորումը` մահացած կամ կենդանի մարդու՝ արհեստական ճանապարհով գենետիկորեն նմանատիպն ստեղծելուն ուղղված ցանկացած գործողություն կատարելը՝

պատժվում է ազատազրկմամբ` վեցից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) կլոնավորված էակի մարմնի մասերը կամ օրգանները կամ հյուսվածքները օգտագործելու նպատակով կամ

2) շահադիտական նպատակով կամ

3) կազմակերպված խմբի կողմից կամ

4) պաշտոնեական դիրքն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ` իննից տասներկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. մարտի 28

Երևան

ՀՕ-161-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան