ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
24 հոկտեմբերի 2018 թվականի ք. Երևան |
N 394-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 374-Ն որոշման 1-ին կետով հաստատված` էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կարգի 2.1 և 2.2 կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.1. Արևային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրվում է՝
1) մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ մինչև 1 ՄՎտ տեղակայվող (տեղակայված) հզորությամբ կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեության համար.
2) 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ մինչև 5 ՄՎտ տեղակայվող (տեղակայված) հզորությամբ կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեության համար.
3) սույն կարգի 2.5 կետով նախատեսված դեպքում։
2.2. Սույն կարգի 2.1 կետի 1-2-րդ ենթակետերով նախատեսված արևային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա չի տրամադրվում և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2015 թվականի ապրիլի 22-ի N 88-Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայի համաձայն սակագին չի սահմանվում, եթե լիցենզիայի տրամադրման արդյունքում արևային էլեկտրակայանների գումարային հզորությունները գերազանցում են հետևյալ սահմանաչափերը՝
1) 2018 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ՝ 10 ՄՎտ-ը.
2) 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 50 ՄՎտ-ը.
3) 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 50 ՄՎտ-ը:».
2) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.3-2.9 կետերով.
«2.3. Սույն կարգի 2.2 կետի 2-րդ ենթակետով նախատեսված հզորությունը նույն կետում նշված ժամանակահատվածում չտրամադրվելու դեպքում չլրացված մասը գումարվում է սույն կարգի 2.2 կետի 3-րդ ենթակետով նախատեսված հզորությանը՝ 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար կազմելով առավելագույնը 100 ՄՎտ։
2.4. Հողմային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրվում և Հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի N 88-Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայի համաձայն սակագին սահմանվում է՝
1) եթե լիցենզիայի տրամադրման արդյունքում հողմային էլեկտրակայանների գումարային հզորությունը 2018 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ չի գերազանցում 8,5 ՄՎտ-ը.
2) 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ առանց գումարային հզորության սահմանափակման՝ մինչև 30 ՄՎտ տեղակայվող (տեղակայված) հզորությամբ կայանների համար:
2.5. 30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ հողմային և 5 ՄՎտ-ը գերազանցող արևային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաներ տրամադրվում են պետություն-մասնավոր գործընկերություն գործարքների շրջանակում։
2.6. Մինչև 2020 թվականի հունվարի 1-ը վերականգնվող էներգետիկ այլ ռեսուրսներ օգտագործող էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաները տրամադրվում են առանց գումարային հզորության սահմանափակման։
2.7. Արևային և հողմային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու մեկից ավելի հայտերի ներկայացման դեպքում, որոնց բավարարումը կհանգեցնի յուրաքանչյուր ժամանակահատվածի համար ամրագրված գումարային հզորության սահմանաչափի գերազանցման, հայտերը ուսումնասիրվում, քննարկվում են ըստ ներկայացման հաջորդականության։
2.8. Սույն կարգի 2.2 և 2.4 կետերով սահմանված սահմանաչափերի շրջանակում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց՝ լիցենզիաներով ամրագրված հզորությունների փոփոխման դիմումները Հանձնաժողովը քննարկում է ըստ դիմումների ներկայացման հաջորդականության և յուրաքանչյուր ժամանակահատվածի համար սահմանված սահմանաչափի շրջանակում։
2.9. Սույն կարգի 2.1, 2.2 և 2.4 կետերով ամրագրված կարգավորումները չեն տարածվում բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողների գործունեության վրա:».
3) Կարգի 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)» բառերը փոխարինել «Հանձնաժողովի» բառով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Մ. Սողոմոնյան