ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի հոկտեմբերի 3-ին
«ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի հունվարի 16-ի ՀՕ-58-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Գործունեության ծրագրի երկրորդ մասում ընդգրկված ծրագրային կետի՝
1) կատարման արդյունքում կազմված՝
ա. կատարողականի հաշվեքննության ընթացիկ եզրակացությունը ներառում է հաշվետվություն հաշվեքննության առարկայի տնտեսման և (կամ) նպատակային արդյունավետության և (կամ) ծախսային արդյունավետության վերաբերյալ,
բ. ֆինանսական և համապատասխանության հաշվեքննությունների ընթացիկ եզրակացությունները ներառում են սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի տեղեկատվությունը և 2-րդ կետի «ա» կամ «բ» կամ «գ» կամ «դ» ենթակետով նախատեսված կարծիքը.
2) կատարման արդյունքում կազմված ընթացիկ եզրակացությունը, ըստ անհրաժեշտության, ներառում է՝
ա. գրառում` անհամապատասխանություն կամ խեղաթյուրում չհայտնաբերելու մասին,
բ. գրառում` անհամապատասխանության կամ խեղաթյուրման վերաբերյալ,
գ. առաջարկություններ հաշվեքննության օբյեկտի ղեկավարությանը և այլ շահագրգիռ կողմերին,
դ. հաշվեքննության արձանագրությունների վերաբերյալ հաշվեքննության օբյեկտների ղեկավարների ներկայացրած առարկությունները և բացատրությունները,
ե. եզրակացություններ,
զ. այլ տեղեկատվություն:»:
Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասում «տարեկան հաղորդումը Ազգային ժողով ուղարկվելուց առնվազն մեկ ամիս առաջ» բառերը փոխարինել «մինչև տվյալ տարվա ապրիլի 1-ը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Յուրաքանչյուր եռամսյակի առաջին երեք աշխատանքային օրվա ընթացքում հաշվեքննիչ պալատի նախագահն Ազգային ժողով է ուղարկում այդ եռամսյակի ընթացքում ներկայացվելիք ընթացիկ եզրակացությունների նախատեսվող ցանկը՝ բաշխված ըստ ամիսների:»։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հանրապետության նախագահ 2018 թ. հոկտեմբերի 10 Երևան ՀՕ-396-Ն
Ա. Սարգսյան