ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի նոյեմբերի 15-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Պետական բյուջեի ծախսերում կարող են առանձին տողով նախատեսվել պետական լիազորված մարմնի, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի, հարկային պետական ծառայության և մաքսային պետական մարմնի աշխատակիցների խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդեր, որոնց ձևավորման և օգտագործման կարգը սահմանվում է օրենքով: Ընդ որում, հարկային պետական ծառայության և մաքսային պետական մարմնի խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդերի գումարների օգտագործման` «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 109-րդ հոդվածին համապատասխան և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածին համապատասխան ուղղությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ տարեկան ծախսերի նախահաշվի ձևով: Պետական բյուջեում նախատեսման դեպքում պետական լիազորված մարմնի, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի խրախուսման նպատակային ֆոնդի միջոցները նշանակված են բացառապես պետական լիազորված մարմնի և անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի աշխատակիցների խրախուսման և դրանով պայմանավորված պարտադիր սոցիալական ապահովության վճարների կատարման համար, ընդ որում` խրախուսման միջոցներն օգտագործվում են համապատասխանաբար` պետական լիազորված մարմնի ղեկավարի և անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի ղեկավարի սահմանած կարգով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 1 Երևան ՀՕ-278-Ն |