ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի դեկտեմբերի 5-ին
ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1. | ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ և ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ |
1. Սույն օրենքի նպատակն է սահմանել փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների չափորոշիչները, պետական աջակցության հիմնական ուղղությունները և այդ ոլորտում պետական քաղաքականության իրականացման սկզբունքները:
Փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ` ՓՄՁ) ոլորտում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով:
2. Սույն օրենքը չի տարածվում վարկային, ապահովագրական և ներդրումային կազմակերպությունների, գրավատների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, խաղատների և շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող սուբյեկտների, ինչպես նաև դուստր և կախյալ տնտեսական ընկերությունների վրա:
Հոդված 2. | ՓՄՁ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ |
1. Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ սուբյեկտները դասակարգվում են՝
1) գերփոքր՝ առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 10 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 100 մլն դրամը.
2) փոքր՝ առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 50 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 500 մլն դրամը.
3) միջին՝ առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 250 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չեն գերազանցում համապատասխանաբար 1500 մլն դրամը և 1000 մլն դրամը:
(2-րդ հոդվածը խմբ. 05.10.10 ՀՕ-142-Ն)
Հոդված 3. | ՓՄՁ-ի ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
ՓՄՁ-ի պետական աջակցության հիմնական ուղղություններն են`
- իրավական բարենպաստ դաշտի ձևավորումը,
- ֆինանսական և ներդրումային աջակցությունը, երաշխիքների տրամադրումը,
- աջակցող ենթակառուցվածքների ստեղծմանը ու զարգացմանը նպաստելը,
- տեղեկատվական և խորհրդատվական օգնությունը,
- արտաքին տնտեսական գործունեության խթանումը,
- նորարարական գործունեության և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցությունը,
- բարենպաստ հարկային քաղաքականության իրականացումը,
- կադրերի պատրաստումը և վերապատրաստումը,
- վիճակագրական հաշվետվությունների և հաշվապահական հաշվառման պարզեցված համակարգերի ստեղծումը,
- պետական գնումների իրականացման գործընթացում աջակցությունը:
Հոդված 4. | ՓՄՁ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ |
ՓՄՁ-ի պետական աջակցությունը իրականացվում է տարեկան ծրագրով (այսուհետ` Ծրագիր): Ծրագիրը մշակում և հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ծրագրի իրականացման ֆինանսավորումը նշվում է պետական բյուջեում առանձին տողով:
Ծրագիրը մշակվում է սույն օրենքով սահմանված հիմնական ուղղություններին համապատասխան` ելնելով տվյալ ժամանակահատվածում զարգացման գերակայություններից, ներառյալ` ՓՄՁ ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծումը:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Ծրագրի կատարման հաշվետվությունը ներկայացվում է տվյալ տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության հետ:
(4-րդ հոդվածը լրաց. 05.10.10 ՀՕ-142-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.12.2010, ՀՕ-285-Ն | 09.01.2011, ՀՕ-121 | |
05.10.2010, ՀՕ-142-Ն | 01.01.2011, ՀՕ-121 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|