ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի օգոստոսի 21-ին
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 15-րդ պարբերությունը «առևտրի իրականացման վայրի աշխատանքը» բառերից առաջ լրացնել «սույն օրենքով սահմանված դեպքերում համապատասխան լիցենզիայի հիման վրա» բառերով:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ հոդվածով.
«Հոդված 3.1. | Առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզավորումը |
1. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների (սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում) կազմակերպումը ենթակա է լիցենզավորման «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` սույն օրենքին և լիցենզավորման կարգին համապատասխան:
2. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպումը ենթակա է լիցենզավորման, եթե շուկաների տարածքում իրականացվում է սննդամթերքի վաճառք, և գործում են առևտրի օբյեկտներ: Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն տարածվում «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գերակա հանրային շահերով օտարվող տարածքներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնակավայրերի սահմանագծերից դուրս, բացառապես շարժական բաց վաճառատեղերի (վաճառասեղանների) միջոցով առևտրի իրականացման վայրի կազմակերպման դեպքերի վրա:
3. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպչի կողմից սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով կնքվող վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) տրամադրման պայմանագրերը պետք է ներառեն հետևյալ պարտադիր պայմանները`
ա) առևտրի իրականացման վայրի կազմակերպչի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման համարը և ամսաթիվը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն).
բ) առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման համարը և ամսաթիվը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն).
գ) առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության իրականացման ժամանակահատվածը (ոչ ամբողջ ամսվա համար` նշելով օրերը և դրանց թիվը).
դ) վաճառատեղի հերթական համարը և հատկացվող տարածքի մակերեսը (մ2).
ե) մեկ քառակուսի մետրի հաշվով գանձվող վճարի չափը.
զ) պայմանագրի կնքման և գործողության ժամկետները:
4. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպչի կողմից կնքվող վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) տրամադրման պայմանագրերը գործողության մեջ են մտնում պայմանագիր կնքած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից օգտագործման (շահագործման) համար նախատեսվող հսկիչ-դրամարկղային մեքենայի` սահմանված կարգով հարկային մարմնում գրանցման քարտի պատճենը կազմակերպչին ներկայացնելու օրվանից: Օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենան նորով փոխարինելու դեպքում նախկինում գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենան գրանցումից հանելու օրվանից մինչև նոր հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը կազմակերպչին ներկայացնելու օրը վաճառատեղում (այդ թվում` առևտրի օբյեկտում) առուվաճառք իրականացնելն արգելվում է:
Սույն մասի պահանջները չեն տարածվում առևտրի իրականացման վայրերում բացառապես գյուղատնտեսական արտադրանքի և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառքի համար նախատեսված բաց վաճառասեղանների վրա, որոնց մասով օրենքով սահմանված կարգով պարտադիր չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը:
5. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպիչը յուրաքանչյուր եռամսյակի համար մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով լիցենզավորող մարմին է ներկայացնում հաշվետվություն` տվյալ եռամսյակի ընթացքում առևտրի իրականացման վայրի տրամադրած վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) և վաճառողների վերաբերյալ, որը պետք է պարունակի սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պարտադիր պայմանների վերաբերյալ տեղեկությունները:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիցենզավորող մարմինը հաշվետվության պատճենը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմին, որը լիցենզավորող մարմին է ներկայացնում տեղեկանք հաշվետվությունում նշված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի` հարկ վճարողի հաշվառման համարների և հարկային մարմնում հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման քարտի համարների համապատասխանության կամ հաշվետվությունում տեղ գտած անհամապատասխանությունների մասին:
7. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպիչն իր հաշվին, սույն օրենքով սահմանված ժամկետներից սկսած, լիցենզավորման ենթակա առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների միջև ցանցային կապուղիների միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներդնում ու շահագործում է համակարգչային տեղեկատվական տվյալների շտեմարան, ապահովում է յուրաքանչյուր վաճառատեղի (այդ թվում` առևտրի օբյեկտի) և հարկային մարմնի համար տեղեկատվական տվյալների շտեմարանին միանալու հնարավորությունը և տեղեկատվական միասնական համակարգի անխափան աշխատանքը:
8. Առևտրի իրականացման վայրի վաճառատեղերում (այդ թվում` առևտրի օբյեկտներում) սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների խախտմամբ կնքված պայմանագրերով կամ սույն հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերության պահանջների խախտմամբ առուվաճառքի փաստացի իրականացման կամ սույն հոդվածի 7-րդ մասի պահանջների խախտման կամ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետի պահանջների խախտման դեպքում (այդ թվում` հարկային մարմնի կողմից ներկայացված տեղեկությունների հիման վրա) լիցենզավորող մարմնի կողմից լիցենզիայի գործողության կասեցումը և (կամ) դադարեցումը իրականացվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով.
«10. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպչի կողմից սույն օրենքի 3.1-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով ներդրված և շահագործվող համակարգչային տեղեկատվական տվյալների շտեմարանին (այդ թվում` յուրաքանչյուր վաճառատեղի հսկիչ-դրամարկղային մեքենաների տվյալներին) Հայաստանի Հանրապետության հարկային մարմնին հասանելիության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե», «զ» և «է» կետերով.
«ե) սույն օրենքով սահմանված կարգով լիցենզավորման ենթակա առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերին հսկիչ-դրամարկղային մեքենաներով` իր հաշվին, ինչպես նաև «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` հսկիչ-դրամարկղային մեքենաների` հարկային մարմնում գրանցումը.
զ) սույն օրենքով սահմանված կարգով լիցենզավորման ենթակա առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների միջև ցանցային կապուղիների միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համակարգչային տեղեկատվական տվյալների շտեմարանի ներդրումը և շահագործումը` իր հաշվին.
է) բացառությամբ առևտրի կենտրոնների, լիցենզավորման ենթակա առևտրի իրականացման վայրի կազմակերպչի և վաճառողի միջև վաճառատեղի (այդ թվում` առևտրի օբյեկտի) տրամադրման համար գանձվող ամսական վճարի չափը չի կարող գերազանցել տվյալ վաճառողի տվյալ ամսվա իրացման շրջանառության 1,5 տոկոսը».
2) 3-րդ մասի առաջին պարբերության «համապատասխան պայմանագրի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տիպային պայմանագրի» բառերով, իսկ երրորդ պարբերությունը «Առանց պայմանագրերի կնքման» բառերից հետո լրացնել «կամ սույն օրենքի 3.1-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների խախտմամբ կնքված պայմանագրերի» բառերով:
Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Առևտրի և ծառայությունների ոլորտում սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը, բացառությամբ 3.1-րդ հոդվածի, 4-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի, 5-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի «դ» կետի և 5-րդ մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերի, 2-րդ մասի, 7-րդ հոդվածի 1-ին մասի «գ», «դ», «ե», «զ» և «է» կետերի, 3-րդ մասի, 9-րդ հոդվածի 3-րդ մասի և 15-րդ մասի «գ» կետի, 11-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ մասերի, 12-րդ հոդվածի 4-րդ մասի, 14-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 15-րդ հոդվածի 4-րդ մասի, իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:»:
Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ մասերով.
«6. Սույն օրենքի 3.1-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջի կատարումը տեղեկատվական միասնական համակարգի ներդրման մասով պարտադիր է 2008 թվականի հոկտեմբերի 1-ից.
7. Սույն օրենքի 3.1-րդ հոդվածով սահմանված լիցենզավորման պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը մինչև 2011 թվականի հունվարի 1-ը իրականացնում են Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ առևտրի իրականացման վայրի լիցենզավորման պահանջի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև առևտրի իրականացման վայրի լիցենզավորման պահանջի ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների (բացառությամբ այն շուկաների, որոնք ենթակա չեն լիցենզավորման) կազմակերպիչները պարտավոր են մինչև լիցենզիա ստանալու հայտը ներկայացնելը վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) տրամադրման պայմանագրերը համապատասխանեցնել «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3.1-րդ հոդվածի պահանջներին:
Լիցենզիա ստանալու համար հայտատուն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիցենզիա ստանալու հայտին կից լիցենզավորող մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով հայտարարություն` առևտրի իրականացման վայրի վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) և վաճառողների վերաբերյալ, որը պետք է պարունակի հետևյալ պարտադիր տեղեկությունները.
ա) առևտրի իրականացման վայրի կազմակերպչի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման համարը և ամսաթիվը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն).
բ) սույն օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր վաճառատեղի տրամադրման պայմանագրի կնքման և գործողության ժամկետները, վաճառատեղի հերթական համարը և հատկացվող տարածքի մակերեսը (մ2).
գ) յուրաքանչյուր վաճառատեղում առևտրական գործունեություն իրականացնելու նպատակով կազմակերպչի հետ պայմանագիր կնքած իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման համարը և ամսաթիվը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն).
դ) կազմակերպչի հետ պայմանագիր կնքած յուրաքանչյուր իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից օգտագործման (շահագործման) համար նախատեսվող հսկիչ-դրամարկղային մեքենայի` սահմանված կարգով հարկային մարմնում գրանցման քարտի համարը:
Սույն հոդվածի երրորդ պարբերությունում նախատեսված հայտարարությունում չի ներառվում միայն առևտրի իրականացման վայրերում գտնվող, բացառապես գյուղատնտեսական արտադրանքի և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառքի համար նախատեսված բաց վաճառասեղանների վերաբերյալ տեղեկատվությունը, որոնց համար օրենքով սահմանված կարգով պարտադիր չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիցենզավորող մարմինը սույն հոդվածի երրորդ պարբերությանը համապատասխան ներկայացրած հայտարարության պատճենը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմին, որը լիցենզավորող մարմին է ներկայացնում տեղեկանք` հայտարարությունում նշված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի` հարկ վճարողի հաշվառման համարների և հարկային մարմնում հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման քարտի համարների համապատասխանության կամ հայտարարությունում տեղ գտած անհամապատասխանությունների մասին:
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիցենզավորող մարմնի կողմից հայտատուի հայտը մերժվում է, եթե հայտին կից հայտարարությունում առկա է սույն հոդվածի հինգերորդ պարբերությունում նշված անհամապատասխանություն: Լիցենզիա ստանալու հայտարարությունում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության (հարկային մարմնի ներկայացրած տեղեկանքում նշված լինելու) դեպքում լիցենզավորող մարմինը հայտը կարող է բավարարել վերապահումով, որ լիցենզիան հայտատուին կտրվի դրանց վերացման դեպքում:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. սեպտեմբերի 12 Երևան ՀՕ-138-Ն |