Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մշակութային համագործակցության Խորհրդի ստեղծման մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ` Կողմեր,
ձգտելով պետությունների միջև մշակութային համագործակցության հետագա զարգացմանը,
գիտակցելով, որ նման համագործակցության զարգացումը համապատասխանում է իրենց պետությունների ժողովուրդների արմատական շահերին, նպաստում է ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, Եվրոպայում անվտանգության և համագործակցության Խորհրդակցության Հելսինկիի Եզրափակիչ ակտով, Անկախ Պետությունների Համագործակցության հիմնարար փաստաթղթերով հռչակված նպատակների ձեռքբերմանը,
համարելով, որ պետությունների միջև մշակութային համագործակցության զարգացումը անհնար է առանց իրենց համատեղ աշխատանքին մշակույթի հարցերում շահագրգռված միջազգային և ազգային ոչ կառավարական կազմակերպություններ, ասոցիացիաներ և միավորումներ ներգրավելու,
ելնելով «Մշակույթի բնագավառում համագործակցության մասին» Տաշքենդում՝ 1992 թվականի մայիսի 15-ին ստորագրված Համաձայնագրի դրույթներից,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Մշակույթի բնագավառում համագործակցության մասին, Տաշքենդում՝ 1992 թվականի մայիսի 15-ին ստորագրված Համաձայնագրի 1-ին հոդվածում սահմանված մշակույթի բնագավառում Կողմերի կողմից համակարգված քաղաքականություն վարելու նպատակով ստեղծվում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մշակութային համագործակցության Խորհուրդ, այսուհետ` Խորհուրդ: Հաստատել Խորհրդի Կանոնադրությունը, որը սույն Համաձայնագրի անբաժանելի բաղկացուցիչ մասն է (կցվում է):
Հ ո դ վ ա ծ 2
Խորհուրդը հաստատում է ընթացակարգի իր Կանոնները և Աշխատակարգը:
Հ ո դ վ ա ծ 3
Սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է ընկալվի որպես մշակութային համագործակցության բնագավառում Կողմերի իրավունքները սահմանափակող:
Հ ո դ վ ա ծ 4
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար պահանջում է ներպետական ընթացակարգերի կատարում` ավանդապահին համապատասխան փաստաթղթերը ի պահ հանձնելու օրվանից:
Հ ո դ վ ա ծ 5
Սույն Համաձայնագիրն իր ուժը կորցնում է այն Կողմի համար, որը ավանդապահին ծանուցել է Համաձայնագրից դուրս գալու իր մտադրության մասին, ավանդապահի կողմից համապատասխան ծանուցում ստանալու օրվանից վեց ամիս հետո:
Հ ո դ վ ա ծ 6
Սույն Համաձայնագրի ավանդապահն է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունը:
Կատարված է Մինսկ քաղաքում 1995 թվականի մայիսի 26-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:
Հաստատված է Անկախ Պետությունների Համագործակցությանմասնակից պետությունների մշակութային համագործակցության Խորհրդի ստեղծման մասին Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարությունների ղեկավարների Խորհրդի 1995 թվականի մայիսի 26-ին ընդունած Համաձայնագրով |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մշակութային համագործակցության Խորհրդի մասին
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մշակութային համագործակցության գծով Խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) իր առջև խնդիր է դնում Համագործակցության մասնակից պետությունների մշակութային համագործակցության հետագա զարգացումը` մշակույթի ղեկավարման պետական մարմինների, միջազգային, տարածաշրջանային և ազգային միավորումների և ասոցիացիաների մշակույթի և արվեստի գործիչների գծով:
1.2. Իր գործունեության մեջ Խորհուրդը ղեկավարվում է ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցության Հելսինկիի Եզրափակիչ ակտով, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հիմնարար փաստաթղթերով և սույն Կանոնադրությամբ հռչակված սկզբունքներով:
1.3. Խորհրդի աշխատանքային լեզուն ռուսերենն է:
2. Խորհրդի գործառույթները
2.1. Մշակութային համագործակցության վիճակի հարցերի քննարկումը, «Մշակույթի բնագավառում համագործակցության մասին» Տաշքենդում՝ 1992 թվականի մայիսի 15-ին ստորագրված Համաձայնագրի, մշակութային համագործակցության մասին այլ բազմակողմ համաձայնագրերի շրջանակներում փոխգործակցության արդյունքների ամփոփումը:
Մշակութային համագործակցության հետագա զարգացման հնարավորությունների ուսումնասիրումը, ներառյալ Համագործակցության շրջանակներում մշակութային կապեր իրականացնող պետական և հասարակական կառույցների փոխգործակցությունը. Համագործակցության մասնակից պետությունների շահագրգռվածությանը համապատասխան Համագործակցության շրջանակներում մշակույթի բնագավառում գործընթացների և միտումների ուսումնասիրում:
2.2. Մշակույթի բնագավառում բազմակողմ ծրագրերի նախագծերի քննարկում և դրանց ներառումը Համագործակցության մասնակից պետությունների կանոնադրական մարմիններում:
Մշակութային բազմակողմ ծրագրերի պատրաստում և ընդունում, Խորհրդի իրավասության շրջանակներում համատեղ միջոցառումների անցկացում:
2.3. Մշակույթի բնագավառում համաձայնեցված գործողություններ մշակելու համար օժանդակության ցուցաբերում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մշակույթի մարմիններին, հասարակական կազմակերպություններին:
2.4. Մշակույթի բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության համակարգում:
2.5. Ստեղծագործ աշխատողների սոցիալական պաշտպանության, մտավոր սեփականության, հեղինակային և հարակից իրավունքների ապահովման համար Համագործակցության մասնակից պետությունների փորձի ուսումնասիրում և ընդհանրացում:
3. Խորհրդի ձևավորման կարգը
3.1. Խորհուրդը ձևավորվում է Խորհրդի անդամ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների լիազոր ներկայացուցիչներից (յուրաքանչյուր պետությունից մեկական): Յուրաքանչյուր պետություն ունի մեկ ձայն:
Խորհրդի կազմի մեջ, որպես անդամ, ձայնի իրավունքով մտնում է մշակույթի և արվեստի գործիչների միջազգային ստեղծագործական հասարակական միավորումների Համակարգող խորհրդի, որը ներառում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ազգային կազմակերպությունները միավորող միջազգային ստեղծագործական հասարակական կազմակերպությունները (ասոցիացիաներ, միություններ, հիմնադրամներ), նախագահը:
3.2. Խորհրդի աշխատանքներին նրա որոշմամբ խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մշակույթի և արվեստի գործիչների միջազգային և ազգային ստեղծագործական հասարակական միավորումների ղեկավարները:
3.3. Խորհրդի նախագահը, նրա տեղակալը ընտրվում են Խորհրդի կողմից, հաջորդաբար, Խորհրդի անդամներից` Համագործակցության մասնակից պետությունների լիազոր ներկայացուցիչներից:
4. Աշխատանքի կազմակերպումը
4.1. Խորհրդի նիստերը անց են կացվում ըստ անհրաժեշտության, սակայն առնվազն տարին երկու անգամ և իրավասու են համարվում, եթե նիստերին մասնակցում են Խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը:
Հերթական նիստի անցկացման վայրը որոշվում է Խորհրդի անդամների միջև նախնական պայմանավորվածությամբ:
4.2. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա գտնվող նրա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե Խորհուրդը այլ բան չի որոշում: Խորհրդի ցանկացած անդամ կարող է հայտարարել այս կամ այն հարցում իր ոչ շահագրգիռ լինելու մասին, ինչը որոշումն ընդունելու համար չպետք է դիտվի որպես խոչընդոտ: Որոշման հետ անհամաձայն Խորհրդի անդամները կարող են հատուկ կարծիք արտահայտել, որը ներառվում է նիստի արձանագրության մեջ:
4.3. Խորհուրդը կարող է Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի քննարկմանը ներկայացնել փաստաթղթերի նախագծեր` Համագործակցությունում ընդունված ընթացակարգային կանոններին համապատասխան:
4.4. Նիստերի համար հարցերի, վերլուծական և տեղեկատվական նյութերի պատրաստման համար, Խորհուրդը կարող է ստեղծել աշխատանքային հանձնաժողովներ և փորձագիտական խմբեր:
4.5. Խորհրդի նիստերը ձևակերպվում են արձանագրություններով, որոնք ստորագրում է Խորհրդի նախագահը և ուղարկվում են Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությանը:
5. Ֆինանսավորումը
5.1. Խորհրդի նիստերի անցկացման ծախսերը հոգում է Համագործակցության այն մասնակից պետությունը, որի տարածքում անց է կացվում Խորհրդի նիստը:
Խորհրդի անդամների գործուղման հետ կապված ծախսերը հոգում է ուղարկող պետությունը:
5.2. Խորհրդի աշխատանքի կազմակերպչատեխնիկական ապահովումը իրականացվում է մշակույթի ղեկավարման գծով Համագործակցության մասնակից պետությունների համապատասխան պետական մարմինների կողմից:
5.3. 2-րդ բաժնով նախատեսված բազմակողմ ծրագրերի ֆինանսավորումը ձևակերպվում է լրացուցիչ փաստաթղթերով:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1996 թվականի փետրվարի 12-ից:
