Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.06.2022
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
19.04.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
19.04.2022
Дата вступления в силу
19.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ2/0224/02/21

2022 թ.       

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ2/0224/02/21

Նախագահող դատավոր՝  Կ. Չիլինգարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

2022 թվականի ապրիլի 19-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության (այսուհետ` Բյուրո) հայցի ընդդեմ Մարկոս Մուրադյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Բյուրոյի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

      

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բյուրոն պահանջել է Մարկոս Մուրադյանից բռնագանձել 115.030 ՀՀ դրամ, որից 107.500 ՀՀ դրամը՝ որպես իր կողմից հատուցված վնաս, 3.225 ՀՀ դրամը` որպես ապահովագրական ընկերության գործավարման ծախս, 4.305 ՀՀ դրամը՝ որպես կետանցի օրվանից մինչև 22.01.2021 թվականը հաշվարկված տոկոսագումար, ինչպես նաև 40.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար, 107.500 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած հայցադիմումը դատարան ներկայացնելու հաջորդ օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 30.04.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.06.2021 թվականի որոշմամբ Բյուրոյի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բյուրոն (ներկայացուցիչ Աստղիկ Անտոնյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 44-րդ, 84-րդ և 379-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանի դատական ակտը պատճառաբանված չէ, այն հիմնված է ենթադրությունների և վերացական դատողությունների վրա:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը գործը քննել և վճիռը կայացրել է նույն լիազորագրի առկայության պայմաններում, որը Վերաքննիչ դատարանի կողմից կասկածի տակ է դրվել։ Ներկայացված լիազորագրի վրա առկա է լիազորող անձի՝ Բյուրոյի գլխավոր տնօրեն Վաղինակ Եղիազարյանի ստորագրությունը, որպիսի փաստը Դատարանում չի վիճարկվել ինչպես Դատարանի, այնպես էլ՝ կողմերի կողմից: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, ու քննության առարկա է դարձրել լիազորագրի հավաստիությունը և իսկությունը:

Անհասկանալի է Վերաքննիչ դատարանի կողմից ստորագրության իսկությանը մասնագիտական որակում տալու ունակությունը: Վերաքննիչ դատարանը ոչ փորձաքննություն է նշանակել, ոչ էլ լիազորագրի պատշաճության հետ կապված հարցին պատասխանել է փորձագետը, և այս պարագայում անհասկանալի է, թե ինչպես է Վերաքննիչ դատարանը եզրահանգում արել, որ լիազորագրի վրա առկա ստորագրությունը պատճեն է:

 

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները, մինչև 30.10.2021 թվականը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոքը բերվել է միայն ապահովագրական ընկերության գործավարման ծախսերի՝ 3.225 ՀՀ դրամի մասով,  ուստի բողոքաբեր կողմը պետական տուրք վճարել է միայն նշված գումարի մասով: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով վերաքննիչ բողոքը, օրենքով չամրագրված պարտականություն է դրել բողոքաբերի վրա` սահմանափակելով դատարանի մատչելիության նրա իրավունքը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 16.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին:

 

 3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, մինչև 30.10.2021 թվականը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ ՝

  1) լիազորագրի ձևին՝ այն ստորագրված լինելու փոխարեն գրաֆիկական պատկերով (ֆաքսիմիլե) դրոշմակնիքով ներկայացված լինելու պայմաններում,

  2) դատական ակտը վերաքննության կարգով մասնակիորեն բողոքարկելիս դրա համար պետական տուրքի չափը որոշելու առանձնահատկություններին:

 

1)  Բողոքն առաջին հիմքով անհիմն է՝ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ բացահայտել է «ստորագրություն» եզրույթի ստուգաբանական բովանդակությունը, արձանագրելով, որ ըստ Էդուարդ Աղայանի բացատրական բառարանի՝ «ստորագրություն» է համարվում  անուն-ազգանվան կամ դրանց կրճատումով կազմվող տառերի յուրահատուկ գրային-գծագրական ինքնագիրը, անուն-ազգանուն կամ կեղծանունը, որը մեկը դնում է իր գրածների տակ1: Մեկ այլ աղբյուրի համաձայն` «ստորագրություն» է համարվում որևէ բանի տակ սեփական ձեռքով գրված անուն-ազգանունը2:

Ընդհանրացնելով վերը նշվածը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ստորագրությունը դա անձի անվան, մականվան կամ այլ բառերի, նշանների ձեռագիր պատկերումն է (ինքնագիր), որի միջոցով տվյալ անձը հաստատում է իր ինքնությունը, միաժամանակ այլ անձանց հնարավորություն է ընձեռում նույնականացնել ստորագրողի անձը (տե՛ս, ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Հենրիխ Կարապետյանի, Մարինե Բալասանյանի, Հայկ, Արմեն, Հրայր, Գայանե, Լիանա և Ռուբեն Կարապետյանների թիվ ԵՄԴ/2035/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15052020 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, թիվ ԱՎԴ1/0209/02/21 քաղաքացիական գործով քննելով Բյուրոյի վճռաբեկ բողոքը, 21.01.2022 թվականին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքը մերժելու և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03062021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին՝ պատճառաբանելով, որ Բյուրոյի տնօրեն Վաղինակ Եղիազարյանի կողմից Վահե Աստվածատրյանին և Աստղիկ Անտոնյանին 20112020 թվականին տրված  լիազորագիրը ոչ թե ստորագրված է, այլ լիազորագրի վրա առկա է գրաֆիկական պատկերով (ֆաքսիմիլե) դրոշմակնիք, ու նաև այդ հիմքով տվյալ լիազորագիրը համարել է ոչ պատշաճ:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Բյուրոն հայցադիմում է ներկայացրել Դատարան, որն ստորագրել է  Բյուրոյի ներկայացուցիչ Վահե Աստվածատրյանը: Վերջինս հայցադիմումին կից  ներկայացրել է նաև Բյուրոյի տնօրեն Վաղինակ Եղիազարյանի կողմից իրեն և փաստաբան Աստղիկ Անտոնյանին 20.11.2020 թվականին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիր (գ.թ. 22)։

Դատարանի 30.04.2021 թվականի վճռով Բյուրոյի հայցը բավարարվել է (գ.թ. 30-32):

Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Բյուրոն, որի անունից բողոքն ստորագրել է Բյուրոյի ներկայացուցիչ Աստղիկ Անտոնյանը (գ.թ. 40-45):

Վերաքննիչ դատարանի 16.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Բյուրոյի անունից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է նաև այն պատճառաբանությամբ, որ «վերաքննիչ բողոքին չի կցվել այն ստորագրած անձի` Աստղիկ Անտոնյանի՝ հայցվորի անունից բողոք բերելու լիազորությունը հավաստող թույլատրելի ապացույց (գործում առկա է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանի անունից 20.11.2020 թվականին կազմված լիազորագիրը, որն ստորագրված չէ (դրանում առկա է պատճենահանված «ստորագրություն» միայն)»:

Վերոնշյալ դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին վերը նշված պատճառաբանությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա նյութերից, ինչպեսև արձանագրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԱՎԴ1/0209/02/21 քաղաքացիական գործով 21.01.2022 թվականին կայացված որոշմամբ, բխում է, որ Բյուրոյի տնօրեն Վաղինակ Եղիազարյանի կողմից 20.11.2020 թվականին Վահե Աստվածատրյանին և Աստղիկ Անտոնյանին տրված  լիազորագիրը կրկին ոչ թե ստորագրված է, այլ լիազորագրի վրա առկա է գրաֆիկական պատկերով (ֆաքսիմիլե) դրոշմակնիք, ու թեև Վերաքննիչ դատարանն այդ դրոշմակնիքը դիտել է որպես ստորագրության պատճեն, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ լիազորագիրն ստորագրության փոխարեն գրաֆիկական պատկերով դրոշմակնքելու և թե՛ լիազորագրում Վաղինակ Եղիազարյանի ստորագրությունը պատճենի տեսքով ներկայացվելու դեպքում տվյալ լիազորագիրը համարվում է ոչ պատշաճ լիազորագիր և վերաքննիչ բողոքի վերադարձի հիմք, ուստի Վերաքննիչ դատարանի կողմից որպես Բյուրոյի ներկայացուցիչ Աստղիկ Անտոնյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելն այդ հիմքով հիմնավոր է։

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն վճռաբեկ բողոքը ներկայացվել է Բյուրոյի ներկայացուցիչ Աստղիկ Անտոնյանի կողմից, Վճռաբեկ դատարանն այն 11.01.2022 թվականի որոշմամբ ընդունել է վարույթ։ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու փուլում Վճռաբեկ դատարանը չի անդրադարձել Վաղինակ Եղիազարյանի կողմից տրված լիազորագրի պատշաճ լինելու խնդրին, քանի որ ներկայացված բողոքով վիճարկվել է նաև լիազորագրի պատշաճ լինելու հարցը, հետևաբար Վճռաբեկ դատարանը, բողոքը վարույթ ընդունելու փուլում անդրադառնալով լիազորագրի հարցին, կանխակալ վերաբերմունք կցուցաբերեր սույն գործով ներկայացված բողոքի վերաբերյալ՝ միաժամանակ բողոքաբերին զրկելով Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքում նշված առաջին հիմքով բողոքարկելու հնարավորությունից։

Հաշվի առնելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ լիազորագիրը պատշաճ ստորագրված չլինելու մասով Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնավոր է, հետևաբար դատական ակտն այդ մասով պետք է թողնել անփոփոխ:

 

2) Բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով ՄԻԵԴ 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

ՄԻԵԴ-ի կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով ՄԻԵԴ 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո պետք է մեկնաբանվի նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դրամական պահանջներով հայց ներկայացնելու համար պետական տուրքի չափը որոշվում է հայցագնի հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցագինը որոշվում է` դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով` պահանջվող գումարի չափով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար (...) տալու համար:

Մինչև 30.10.2021 թվականը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է դրամական պահանջի գործերով` վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի երեք տոկոսի չափով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու (…) մասին ապացույցները (…):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանում վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին ներկայացվող պահանջները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու և այն կրկին ներկայացնելու դատավարական նորմերի վերլուծությանը: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող և օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը տրամադրում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Ընդ որում, նշված ժամկետը բողոք բերած անձին տրամադրվում է օրենքի ուժով և ենթակա չէ որևէ սահմանափակման: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում (…):

Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է (կամ բողոքում ներառվում է) դրա վերաբերյալ միջնորդությունը (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):

Բացի այդ, մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատական ակտը բողոքարկելիս պետական տուրքի վճարման հիմնախնդրին, նշել է, որ յուրաքանչյուր գործով պետական տուրքի վճարման ենթակա չափը որոշվում է՝ հաշվի առնելով տվյալ գործով ներկայացված հայցապահանջը, իսկ դատական ակտը բողոքարկելիս՝ բողոքարկման ծավալը: Ըստ այդմ էլ օրենսդիրը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանել է պետական տուրքի դրույքաչափերը՝ այն պայմանավորելով օրենքով սահմանված մի շարք հանգամանքներով: Օրինակ՝ ըստ ներկայացված հայցապահանջի տեսակի (գույքային և ոչ գույքային, դրամական և ոչ դրամական), ըստ բողոքարկվող ատյանների (վերաքննիչ և վճռաբեկ), ըստ վարույթի տեսակների (հատուկ վարույթի վերաբերյալ գործերով դիմումների և այլ դիմումների): Ընդ որում օրենսդրի կողմից  կարևորվել է նաև այն հանգամանքը, որ վերաքննության կարգով դատական ակտը բողոքարկելիս պետական տուրքի վճարման չափը կախված է դատական ակտի բողոքարկման ծավալից: Այսինքն՝ վերաքննության կարգով դատական ակտը բողոքարկելիս անձի կողմից վճարման ենթակա պետական տուրքի չափն անմիջականորեն կախվածության մեջ է գտնվում ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից: Հետևաբար անձն օգտվելով իր տնօրինչական իրավունքից ինչ ծավալով, որ բողոքարկում է դատական ակտը՝ այն չափով էլ օրենքով սահմանված դրույքաչափին համապատասխան ենթակա է հաշվարկման և վճարման պետական տուրքը  (տե՛ս, Կարեն Գևորգյանն, Ալիս Ղանթարչյանն ընդդեմ Լևոն Գևորգյանի թիվ ԵԱՔԴ/4664/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2018 թվականի որոշումը):

Վերը նշված դիրքորոշման համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման իրավաչափությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` ներկայացված հայցով Բյուրոն պահանջել է Մարկոս Մուրադյանից բռնագանձել 115.030 ՀՀ դրամ, որից 107.500 ՀՀ դրամը՝ որպես իր կողմից հատուցված վնաս, 3.225 ՀՀ դրամը` որպես ապահովագրական ընկերության գործավարման ծախս, 4.305 ՀՀ դրամը՝ որպես կետանցի օրվանից մինչև 22.01.2021 թվականը հաշվարկված տոկոսագումար, ինչպես նաև 40.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար, 107.500 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած հայցադիմումը դատարան ներկայացնելու հաջորդ օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը (գ.թ. 3-19, 30-32):

Դատարանը, վճռի պատճառաբանական մասում անդրադառնալով Բյուրոյի պահանջին՝ կապված 3.225 ՀՀ դրամը` որպես ապահովագրական ընկերության գործավարման ծախս, բռնագանձելու հետ, և պատճառաբանելով, որ Բյուրոյի կողմից որպես գործավարման հետ կապված 3.225 ՀՀ դրամի չափով ծախսեր կատարված լինելու փաստը հավաստող ապացույցներ դատարան չեն ներկայացվել, գտել է, որ այդ մասով դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված: Դրանից հետո Դատարանը, չնայած այն հանգամանքին, որ 30.04.2021 թվականի վճռի եզրափակիչ մասի 1-ին կետում նշել է՝ ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ Մարկոս Մուրադյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարել», մինչդեռ վճռի եզրափակիչ մասում չի լուծել 3.225 ՀՀ դրամը` որպես ապահովագրական ընկերության գործավարման ծախս բռնագանձելու մասին պահանջի բավարարման կամ մերժման հարցը (գ.թ. 30-32):

Դատարանի 30.04.2021 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Բյուրոն բացառապես այն հիմքերով և հիմնավորումներով, որոնք վերաբերելի են 3.225 ՀՀ դրամը` որպես ապահովագրական ընկերության գործավարման ծախս բռնագանձելու պահանջին: Արդյունքում բողոք բերած անձը պահանջել է «Վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ, ամբողջությամբ բավարարել բողոքը՝ բեկանել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՎԴ2/0224/02/21 գործով 30.04.2021 թվականի վճիռը և փոփոխել հետևյալ կերպ` պատասխանողից հօգուտ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության բռնագանձել 3.225 ՀՀ դրամ` որպես ապահովագրական ընկերության գործավարման ծախսերի փոխհատուցման հետ կապված ծախսերի գումար» (գ.թ. 40-50):

Վերաքննիչ դատարանի 16.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Բյուրոյի վերաքննիչ բողոքը վերադարձվել է նաև այն պատճառաբանությամբ, որ «Դատարանի 30.04.2021 թվականի վճիռը բեկանելու և փոփոխելու պահանջ ներկայացված լինելու պայմաններում վերաքննիչ բողոքին կցվել է սահմանվածից պակաս չափով պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույց (վերաքննիչ բողոքին կցված` 17.05.2021 թվականի թիվ 210517000053013 վճարման հանձնարարականի համաձայն` վերաքննիչ բողոքի համար վճարվել է 1.500 դրամի չափ պետական տուրք, մինչդեռ վճիռն ամբողջությամբ բողոքարկված լինելու պայմաններում (պահանջի ձևակերպումը վերաբերում է ամբողջ վճռին) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի ուժով դրամական պահանջի մասով պետք է վճարվեր վիճարկվող գումարի 3 տոկոսի չափ պետական տուրք), իսկ բողոքը չի պարունակում պետական տուրքի պակաս վճարված մասով պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն» (գ.թ. 51, 52):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են, քանի որ թեկուզև Բյուրոն ներկայացված վերաքննիչ բողոքով պահանջել է բեկանել Դատարանի 30.04.2021 թվականի վճիռը՝ առանց հստակ նշելու դրա որևէ մասը, սակայն նշված պահանջն ունի շարունակություն, որի բովանդակությունից բխում է, որ բողոք բերած անձը, ըստ էության, պահանջել է փոփոխել Դատարանի 30.04.2021 թվականի դատական ակտն այն առումով, որ պատասխանողից հօգուտ Բյուրոյի բռնագանձվի նաև 3.225 ՀՀ դրամ` որպես ապահովագրական ընկերության գործավարման ծախսերի փոխհատուցման հետ կապված ծախսերի գումար: Այսինքն՝ բողոք բերած անձը Դատարանի 30.04.2021 թվականի վճիռը բողոքարկել է միայն վերը նշված պահանջի մասով:

Նման պայմաններում հիմք ընդունելով վերը նշված հանգամանքները, ինչպես նաև այն, որ Դատարանը, ըստ էության, հայցը բավարարել է մասնակիորեն՝ վճռի եզրափակիչ մասում չլուծելով 3.225 ՀՀ դրամը` որպես ապահովագրական ընկերության գործավարման ծախս բռնագանձելու մասին պահանջի բավարարման կամ մերժման հարցը, իսկ այդ վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքով պահանջվել է վճիռը բեկանել և փոփոխել չբավարարված մասով՝ պատասխանողից հօգուտ Բյուրոյի բռնագանձել 3.225 ՀՀ դրամ` որպես ապահովագրական ընկերության գործավարման ծախսերի փոխհատուցման հետ կապված ծախսերի գումար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքը ենթակա էր վճարման 96,75 ՀՀ դրամի (3.225 ՀՀ դրամ×3% ÷ 100) չափով` որպես Մարկոս Մուրադյանից հօգուտ Բյուրոյի 3.225 ՀՀ դրամ ապահովագրական ընկերության գործավարման ծախս բռնագանձելու պահանջի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար։

Նկատի ունենալով այն, որ վերաքննիչ բողոք ներկայացրած անձի կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է 1.500 ՀՀ դրամի չափով պետական տուրք վճարելու մասին ապացույց, իսկ սույն գործով վերաքննիչ բողոքը ներկայացնելու համար, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, ենթակա էր վճարման 96,75 ՀՀ դրամի չափով պետական տուրք, այսինքն` պետական տուրքը բոլոր դեպքերում վճարվել է օրենքով սահմանված չափից ավելի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այդ մասով չի բխում գործի փաստական կազմից:

Դրանից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը` կապված վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված երկրորդ հիմքի հետ, չի բխում վերը նշված դիրքորոշումներից, որի պայմաններում Վերաքննիչ դատարանը, կայացնելով «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշում, սահմանափակել է Բյուրոյի` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

       

Այսպիսով Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելու` Վերաքննիչ դատարանի 16.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` վերաքննիչ բողոքին սահմանվածից պակաս չափով պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույց կցված լինելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասով, վերացնելու համար:

     

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

            

Ո Ր Ո Շ Ե Ց

       

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` վերաքննիչ բողոքին սահմանվածից պակաս չափով պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույց կցված լինելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

________________________

1 Տե՛ս «Արդի հայերենի բացատրական բառարան», Էդուարդ Բագրատի Աղայան (1976):

2 Տե՛ս «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան» Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ (1969):

     

Նախագահող

Մ. Դրմեյան

Զեկուցող

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ2/0224/02/21

2022 թ.       

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ2/0224/02/21

Նախագահող դատավոր՝  Կ. Չիլինգարյան

 

 

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԱՎԴ2/0224/02/21 քաղաքացիական գործով 19042022 թվականին կայացված որոշման վերաբերյալ

           

19 ապրիլի 202.

 ք. Երևան

         

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 19042022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության (այսուհետ` Բյուրո) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 1606.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Բյուրոյի ընդդեմ Մարկոս Հայկազի Մուրադյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` վերաքննիչ բողոքին սահմանվածից պակաս չափով պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույց կցված լինելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասով:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Հովսեփ Բեդևյանս, Մամիկոն Դրմեյանս և Գոռ Հակոբյանս, մասամբ համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ և 11-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը՝ որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բյուրոն պահանջել է Մարկոս Մուրադյանից բռնագանձել 115.030 ՀՀ դրամ, որից 107.500 ՀՀ դրամը՝ որպես իր կողմից հատուցված վնաս, 3.225 ՀՀ դրամը` որպես ապահովագրական ընկերության գործավարման ծախս, 4.305 ՀՀ դրամը՝ որպես կետանցի օրվանից մինչև 22.01.2021 թվականը հաշվարկված տոկոսագումար, ինչպես նաև 40.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար, 107.500 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած հայցադիմումը դատարան ներկայացնելու հաջորդ օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ի. Բաղմանյան) (այսուհետ` Դատարան) 30.04.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.06.2021 թվականի որոշմամբ Բյուրոյի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բյուրոն (ներկայացուցիչ՝ Աստղիկ Անտոնյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 44-րդ, 84-րդ և 379-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանի դատական ակտը պատճառաբանված չէ, այն հիմնված է ենթադրությունների և վերացական դատողությունների վրա:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը գործը քննել և վճիռը կայացրել է նույն լիազորագրի առկայության պայմաններում, որը Վերաքննիչ դատարանի կողմից կասկածի տակ է դրվել։ Ներկայացված լիազորագրի վրա առկա է լիազորող անձի՝ Բյուրոյի գլխավոր տնօրեն Վաղինակ Եղիազարյանի ստորագրությունը, որպիսի փաստը Դատարանում չի վիճարկվել ինչպես Դատարանի, այնպես էլ՝ կողմերի կողմից: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերքաննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, ու քննության առարկա է դարձրել լիազորագրի հավաստիությունը և իսկությունը:

Անհասկանալի է Վերաքննիչ դատարանի կողմից ստորագրության իսկությանը մասնագիտական որակում տալու ունակությունը: Վերաքննիչ դատարանը ոչ փորձաքննություն է նշանակել, ոչ էլ լիազորագրի պատշաճության հետ կապված հարցին պատասխանել է փորձագետը, և այս պարագայում անհասկանալի է, թե ինչպես է Վերաքննիչ դատարանը եզրահանգում արել, որ լիազորագրի վրա առկա ստորագրությունը պատճեն է:

 

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները, մինչև 30.10.2021 թվականը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոքը բերվել է միայն ապահովագրական ընկերության գործավարման ծախսերի՝ 3.225 ՀՀ դրամի մասով,  ուստի բողոքաբեր կողմը պետական տուրք վճարել է միայն նշված գումարի մասով: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով վերաքննիչ բողոքը, օրենքով չամրագրված պարտականություն է դրել բողոքաբերի վրա` սահմանափակելով դատարանի մատչելիության նրա իրավունքը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 16.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին:

 

3. Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Սույն գործը հարուցվել է Բյուրոյի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է Մարկոս Մուրադյանից բռնագանձել 115.030 ՀՀ դրամ, որից 107.500 ՀՀ դրամը՝ որպես իր կողմից հատուցված վնաս, 3.225 ՀՀ դրամը` որպես ապահովագրական ընկերության գործավարման ծախս, 4.305 ՀՀ դրամը՝ որպես կետանցի օրվանից մինչև 22.01.2021 թվականը հաշվարկված տոկոսագումար, ինչպես նաև 40.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար, 107.500 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած հայցադիմումը դատարան ներկայացնելու հաջորդ օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

Դատարանը հայցը բավարարել է և Մարկոս Մուրադյանից հօգուտ Բյուրոյի բռնագանձել 111.80500 ՀՀ դրամ, որից 107.500.00 ՀՀ դրամ՝ որպես հատուցված գումար, 4.305.00 ՀՀ դրամ՝ որպես կետանցի օրվանից մինչև 22012021 թվականը հաշվարկված տոկոսագումար, 23012021 թվականից սկսած մինչև պարտավորության դադարման օրը 107,50000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսագումարները, 2.23610 ՀՀ դրամ` որպես բավարարված հայցապահանջի չափին համամասնորեն հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև 40.00000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Վերաքննիչ դատարանը որոշել է վերադարձնել Դատարանի 30.04.2021 թվականի վճռի դեմ Բյուրոյի ներկայացրած վերաքննիչ բողոքն այն պատճառաբանությամբ, որ «1. Վերաքննիչ բողոքին չի կցվել այն ստորագրած անձի` Աստղիկ Անտոնյանի, հայցվորի անունից բողոք բերելու լիազորությունը հավաստող թույլատրելի ապացույց (գործում առկա է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանի անունից 20.11.2020թ. կազմված լիազորագիր, որը ստորագրված չէ (դրանում առկա է պատճենահանված «ստորագրություն» միայն). 2. Դատարանի 30.04.2021թ. վճիռը բեկանելու և փոփոխելու պահանջ ներկայացված լինելու պայմաններում վերաքննիչ բողոքին կցվել է սահմանվածից պակաս չափով պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույց (վերաքննիչ բողոքին կցված` 17.05.2021թ. թիվ 210517000053013 վճարման հանձնարարականի համաձայն` վերաքննիչ բողոքի համար վճարվել է 1.500 դրամի չափ պետական տուրք, մինչդեռ վճիռն ամբողջությամբ բողոքարկված լինելու պայմաններում (պահանջի ձևակերպումը վերաբերում է ամբողջ վճռին) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի ուժով դրամական պահանջի մասով պետք է վճարվեր վիճարկվող գումարի 3 տոկոսի չափ պետական տուրք), իսկ բողոքը չի պարունակում պետական տուրքի պակաս վճարված մասով պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն»:

Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` վերաքննիչ բողոքին սահմանվածից պակաս չափով պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույց կցված լինելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասով,  այն պատճառաբանությամբ, որ « Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա նյութերից, ինչպեսև արձանագրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԱՎԴ1/0209/02/21 քաղաքացիական գործով 21.01.2022 թվականին կայացված որոշմամբ, բխում է, որ Բյուրոյի տնօրեն Վաղինակ Եղիազարյանի կողմից 20.11.2020 թվականին Վահե Աստվածատրյանին և Աստղիկ Անտոնյանին տրված  լիազորագիրը կրկին ոչ թե ստորագրված է, այլ լիազորագրի վրա առկա է գրաֆիկական պատկերով (ֆաքսիմիլե) դրոշմակնիք, ու թեև Վերաքննիչ դատարանն այդ դրոշմակնիքը դիտել է որպես ստորագրության պատճեն, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ լիազորագիրն ստորագրության փոխարեն գրաֆիկական պատկերով դրոշմակնքելու և թե՛ լիազորագրում Վաղինակ Եղիազարյանի ստորագրությունը պատճենի տեսքով ներկայացվելու դեպքում տվյալ լիազորագիրը համարվում է ոչ պատշաճ լիազորագիր և վերաքննիչ բողոքի վերադարձի հիմք, ուստի Վերաքննիչ դատարանի կողմից որպես Բյուրոյի ներկայացուցիչ Աստղիկ Անտոնյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելն այդ հիմքով հիմնավոր է։ (…) Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու փուլում Վճռաբեկ դատարանը չի անդրադարձել Վաղինակ Եղիազարյանի կողմից տրված լիազորագրի պատշաճ լինելու խնդրին, քանի որ ներկայացված բողոքով վիճարկվել է նաև լիազորագրի պատշաճ լինելու հարցը, հետևաբար Վճռաբեկ դատարանը, բողոքը վարույթ ընդունելու փուլում անդրադառնալով լիազորագրի հարցին, կանխակալ վերաբերմունք կցուցաբերեր սույն գործով ներկայացված բողոքի վերաբերյալ՝ միաժամանակ բողոքաբերին զրկելով Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքում նշված առաջին հիմքով բողոքարկելու հնարավորությունից։ Հաշվի առնելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ լիազորագիրը պատշաճ ստորագրված չլինելու մասով Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնավոր է, հետևաբար դատական ակտն այդ մասով պետք է թողնել անփոփոխ»:

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Հովսեփ Բեդևյանս, Մամիկոն Դրմեյանս և Գոռ Հակոբյանս, լիազորագրում առկա ստորագրությունը պատճեն համարելու մասով համաձայն չլինելով վճռաբեկ բողոքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից վերը նշված որոշմամբ արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը՝ որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

Սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների այնպիսի հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի օրենքի գերակայության լույսի ներքո, որով պահանջվում է, որ դատավարության մասնակիցներն ունենան դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ, որոնք նրանց թույլ կտան պաշտպանել իրենց քաղաքացիական իրավունքները (տե՛ս՝ Běleš-ը և այլք ընդդեմ Չեխիայի Հանրապետության, application no. 47273/99, Եվրոպական դատարանի 12022003 թվականի որոշում, § 49):

Յուրաքանչյուր ոք ունի իր «քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների» հետ կապված ցանկացած պահանջ դատարանում կամ տրիբունալում ներկայացնելու իրավունք: Այդպիսով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը ներառում է «դատարանի իրավունքը», որում մատչելիության իրավունքը, այսինքն՝ դատարանում քաղաքացիական գործով վարույթ հարուցելու իրավունքը, դրա մի մասն է (տե՛ս՝ Golder-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, application no. 4451/70, Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի որոշում, § 36):

«Դատարանի իրավունքը» և մատչելիության իրավունքը բացարձակ չեն: Դրանք կարող են ենթարկվել սահմանափակումների, սակայն դրանով չպետք է սահմանափակվի կամ նվազեցվի անհատին տրամադրված մատչելիության իրավունքն այնպես կամ այն չափով, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս՝ Philis-ն ընդդեմ Հունաստանի, application no. 12750/87; 13780/88; 14003/88, Եվրոպական դատարանի 27.08.1991 թվականի որոշում, § 59, De Geouffre de la Pradelle-ն ընդդեմ Ֆրանսիայի, application no. 12964/87, Եվրոպական դատարանի 16.12.1992 թվականի որոշում, § 28, Stanev-ն ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ], application no. 36760/06, Եվրոպական դատարանի 17.01.2012 թվականի որոշում, § 229):

Դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի «գործնական և արդյունավետ» (տե՛ս՝ Bellet-ն ընդդեմ Ֆրանսիայի, application no. 23805/94, Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի որոշում, § 38): Որպեսզի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անհատը պետք է «ունենա հստակ, գործնական հնարավորություն՝ վիճարկելու այն ակտը, որով միջամտություն է կատարվում իր իրավունքներին» (տե՛ս՝ Bellet-ն ընդդեմ Ֆրանսիայի, application no. 23805/94, Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի որոշում, § 36, Nunes Dias-ն ընդդեմ Պորտուգալիայի, application no. 69829/01, 2672/03, Եվրոպական դատարանի 10.04.2003 թվականի որոշում): Այն կանոնները, որոնք կարգավորում են դատական վերանայման համար բողոք կամ դիմում ներկայացնելիս ձեռնարկվելիք պաշտոնական քայլերն ու ժամկետների հետ համապատասխանությունը, նպատակ ունեն ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը և, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքի հետ համապատասխանությունը (տե՛ս՝ Cañete de Goñi-ն ընդդեմ Իսպանիայի, application no. 55782/00, Եվրոպական դատարանի 15012003 թվականի որոշում, § 36): Հետևաբար, նշված կանոնները կամ դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների՝ իրավական պաշտպանության հասանելի միջոցի օգտագործումը (տե՛ս՝ Miragall Escolano-ն ընդդեմ Իսպանիայի, applications nos. 38366/97, 38688/97, 40777/98, 40843/98, 41015/98, 41400/98, 41446/98, 41484/98, 41487/98 և 41509/98, Եվրոպական դատարանի 25012000 թվականի որոշում, Zvolský-ն և Zvolská-ն ընդդեմ Չեխիայի Հանրապետության, application no. 46129/99, Եվրոպական դատարանի 12112002 թվականի որոշում, § 51):

Դատարանների մատչելիության իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել անուղղակի սահմանափակումների (տե՛ս՝ Golder-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, application no. 4451/70, Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի որոշում, § 38, Stanev-ն ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ], application no. 36760/06, Եվրոպական դատարանի 17.01.2012 թվականի որոշում, § 230): Սա կիրառելի է, մասնավորապես, բողոքի ընդունելիության պայմանների առնչությամբ, քանի որ դրա բնույթից ելնելով՝ պահանջվում է դրա հետ կապված կարգավորում պետության կողմից, որին այս առնչությամբ վերապահված է հայեցողական լիազորությունների որոշակի շրջանակ (տե՛ս՝ Luordo-ն ընդդեմ Իտալիայի, application no. 32190/96, Եվրոպական դատարանի 17.07.2003 թվականի որոշում, § 85):

Այնուամենայնիվ, կիրառվող սահմանափակումները չպետք է սահմանափակեն կամ նվազեցնեն անհատին տրամադրված մատչելիության իրավունքն այնպես կամ այն չափով, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Ավելին, որևէ սահմանափակում համատեղելի չի լինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն չի հետապնդում «իրավաչափ նպատակ», և եթե «գործադրվող միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերություն» (տե՛ս՝ Ashingdane-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, application no. 8225/78, Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի որոշում, § 57, Fayed-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, application no. 17101/90, Եվրոպական դատարանի 21.09.1990 թվականի որոշում, § 65, Markovic-ը և այլք ընդդեմ Իտալիայի [ՄՊ], application no. 1398/03, Եվրոպական դատարանի 14.12.2006 թվականի որոշում, § 99):

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037,  ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) անդրադառնալով դատարանի մատչելիության սկզբունքին, արձանագրել է, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցիչը օրենքով նախատեսված դեպքում գործին մասնակցող անձի անունից դատարանում հանդես գալու իրավունք ունեցող անձն է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատական ներկայացուցչության նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի՝ ներկայացուցչության մասին դրույթները, նույն օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանում իրավաբանական անձի գործերը վարում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ի պաշտոնե և օրինական ներկայացուցիչը կարող է գործի վարումը դատարանում սույն օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարել իր կողմից որպես ներկայացուցիչ ընտրված մեկ կամ մի քանի անձի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանում ներկայացուցչությունն իրականացնում են փաստաբանները, այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով հավատարմագրված օտարերկրյա փաստաբանները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են փաստաբանին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հայցադիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած հայցադիմումին կցվում են նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը։

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ իրավաբանական անձի անունից լիազորագիրը տրվում է նրա ղեկավարի կամ դրա համար նրա կանոնադրությամբ լիազորված մեկ այլ անձի ստորագրությամբ:

Վերոնշյալ նորմերի վերլուծության արդյունքում կարող ենք արձանագրել, որ իրավաբանական անձին օրենքով կամ դրա կանոնադրությամբ իրավաբանական անձին ներկայացնելու լիազորություն ունեցող անձինք գործը կարող են վարել անձամբ կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարել որպես ներկայացուցիչ ընտրված մեկ կամ մի քանի անձանց ներկայացնել տվյալ իրավաբանական անձը դատարանում։ Նման դեպքերում, երբ իրավաբանական անձին դատարանում ներկայացնում է փաստաբանը, ապա դատարանն ընդունում է վերջինիս լիազորությունը, եթե վերջինիս կողմից ներկայացված լիազորագիրը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին և պարունակում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  56-րդ հոդվածով նշված անհրաժեշտ լիազորությունները։ Իսկ այն դեպքում, երբ իրավաբանական անձի անունից առանց լիազորագրի ներկայանում է օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ նախատեսված անձը (անձինք), ապա վերջինս պետք է դատարանին ներկայացնի իր կարգավիճակը հավաստող պատշաճ փաստաթղթեր, որոնք համապատասխանում են տվյալ իրավաբանական անձի գործունեությանը կարգավորող օրենքին և նորմատիվ իրավական ակտերին։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ գլխի համալիր ուսումնասիրության արդյունքում՝ կարող ենք եզրակացնել, որ Վերաքննիչ դատարանը, ստանալով վերաքննիչ բողոքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում կարող է կայացնել հետևյալ որոշումներից որևէ մեկը՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում, վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում, վերաքննիչ բողոքի վարույթ ընդունելու մերժելու մասին որոշում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական ակտը չի կարող պատճառաբանվել ենթադրություններով՝ բացառությամբ այնպիսի ենթադրությունների, որոնք թույլատրելի են օրենքում ամրագրված կանխավարկածներով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատական ակտը չի կարող պատճառաբանվել վերացական դատողություններով: Դատարանը չի կարող փաստել, որ գործին մասնակցող որևէ անձ չի կատարել որևէ փաստական հանգամանք ապացուցելու պարտականությունը՝ առանց ցույց տալու, թե տվյալ փաստական հանգամանքն ինչ պատճառով չի կարող ապացուցված համարվել գործում առկա ապացույցներով:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես` ՍԴՈ-690, ՍԴՈ-691, ՍԴՈ-752, ՍԴՈ-754, ՍԴՈ-765, ՍԴՈ-818, ՍԴՈ-886, ՍԴՈ-896, ՍԴՈ-919 որոշումներում) արտահայտել է իրավական դիրքորոշումներ արդար դատաքննության տարր հանդիսացող՝ դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ: Մասնավորապես, 2010 թվականի հունիսի 15-ի ՍԴՈ-896 որոշմամբ Սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Այլ է վիճակը «... կամ պատճառաբանված չէ» բառակապակցության առնչությամբ: Նման ձևակերպման առկայությունն ինքնաբերաբար ենթադրում է չպատճառաբանված դատական ակտի գոյություն: ... Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրությունն ընդհանրապես պետք է բացառի չպատճառաբանված դատական ակտի գոյությունը, որովհետև նման ակտը չի կարող համապատասխանել իրավական պետության հիմնարար սկզբունքներին, չի կարող երաշխավորել մարդկանց իրավունքների արդյունավետ դատական պաշտպանություն, ինչպես նաև ապահովել խախտված իրավունքների արդյունավետ վերականգնում»:

Դատական ակտի պատճառաբանվածության հարցին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ արտահայտելով նաև հետևյալ իրավական դիրքորոշումները։ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված երաշխիքները ներառում են դատարանների՝ իրենց որոշումների վերաբերյալ բավարար պատճառներ ներկայացնելու պարտականությունը (տե՛ս՝ Case of H. v. Belgium, application no. 8950/80, Եվրոպական դատարանի 30111987 թվականի որոշում), - չնայած ներպետական դատարանը փաստարկներն ընտրելիս և ապացույցներն ընդունելիս ունի որոշակի հայեցողական լիազորություններ, այն պարտավոր է հիմնավորել իր գործողությունները՝ իր որոշումների պատճառները ներկայացնելով (տե՛ս՝ Case of Suominen v. Finland, application no. 37801/97, Եվրոպական դատարանի 01072003 թվականի որոշում), ներկայացված պատճառները պետք է այնպիսին լինեն, որ կողմերը կարողանան արդյունավետորեն օգտագործել բողոքարկման ցանկացած գործող իրավունք (տե՛ս՝ Case of Hirvisaari v. Finland, application no. 49684/99, Եվրոպական դատարանի 27.09.2001 թվականի որոշում), - արդար ընթացակարգ հասկացությունը պահանջում է, որ ստորադաս դատարանի պատճառաբանությունը ներառելու միջոցով կամ որևէ այլ կերպ իր որոշումների վերաբերյալ թերի պատճառաբանություն ներկայացրած ազգային դատարանը փաստացի անդրադարձած լինի իր իրավասությանն առնչվող հարցերին և ոչ թե առանց լրացուցիչ քաշքշուկի զուտ հաստատած լինի ստորադաս դատարանի կողմից արված եզրահանգումները (տե՛ս՝ Case of Helle v. Finland, application no. 20772/92, Եվրոպական դատարանի 19121997 թվականի որոշում)։

Այսպես, դատական ակտի պատճառաբանությունը կապված է դատարանի կողմից այն շարժառիթները շարադրելու հետ, որոնց հիման վրա նա հանգել է այս կամ այն եզրակացության։ Ընդ որում, դրանք պետք է վերաբերեն ինչպես իրավունքի, այնպես էլ փաստի հարցերին։ Որպես իրավական պահանջ՝ պատճառաբանվածությունը մի կողմից արտացոլում է գործով հաստատված փաստական հանգամանքների և դատարանի եզրահանգումների միջև կապը, մյուս կողմից՝ դատական ակտի պատճառաբանվածությունը ցույց է տալիս, թե ինչպես է դատարանը հասկանում կիրառվող նյութաիրավական կամ դատավարական նորմը։

Ենթադրությունների և վերացական դատողությունների ուղղակի արգելքը ենթադրում է, որ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապացույցի արժանահավատությունը կամ անարժանահավատությունը չի կարող ենթադրվել, եթե օրենսդրությամբ ուղղակիորեն ամրագրված չէ նման ենթադրությամբ ղեկավարվելու դատարանի լիազորությունը։ Միևնույն ժամանակ, դատական ակտում ոչ միայն հնարավորինս մատչելի լեզվով պետք է արտացոլվի ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը, այլ նաև ֆորմալ տրամաբանության կանոնների պահպանմամբ պետք է ապահովվի այդ դատողությունների և դրանից բխող եզրահանգումների միջև համարժեք, այլընտրանքային հետևության հնարավորություն չտվող կապը: Կայացված ակտի բովանդակությունից հստակորեն պետք է երևա, թե ինչպես ձևավորվեց դատարանի ներքին համոզմունքն այս կամ այն հարցի վերաբերյալ: Դատական ակտը չի կարող համարվել պատշաճորեն պատճառաբանված, եթե դատարանի դատողությունների ընթացքը թույլ է տալիս դրանց հիման վրա ողջամտորեն անելու նաև այլ հետևություններ: Կայացված ակտի բովանդակությունից պետք է հասկանալի լինի, թե ինչպես դատարանը հանգեց հետևության այս կամ այն փաստի գոյության կամ բացակայության մասին, ինչ շարժառիթներով տվեց գնահատական այս կամ այն փաստին։ Դատարանը չի կարող վերացական գնահատական տալ կողմի փաստարկին կամ ներկայացրած փաստաթղթին՝ այն պարզապես գնահատելով որպես ոչ էական, ոչ արժանահավատ կամ ոչ վերաբերելի։

Տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Աստղիկ Անտոնյանի կողմից վերաքննիչ բողոքին չի կցվել լիազորագիր, իսկ թիվ ԱՎԴ2/0224/02/21 քաղաքացիական գործի նյութերում առկա լիազորագրում (գթ 22) Վաղինակ Եղիազարյանի ստորագրությունը պատճեն է:

Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալը, արձանագրել է, որ «Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա նյութերից, ինչպեսև արձանագրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԱՎԴ1/0209/02/21 քաղաքացիական գործով 21.01.2022 թվականին կայացված որոշմամբ, բխում է, որ Բյուրոյի տնօրեն Վաղինակ Եղիազարյանի կողմից 20.11.2020 թվականին Վահե Աստվածատրյանին և Աստղիկ Անտոնյանին տրված  լիազորագիրը կրկին ոչ թե ստորագրված է, այլ լիազորագրի վրա առկա է գրաֆիկական պատկերով (ֆաքսիմիլե) դրոշմակնիք, ու թեև Վերաքննիչ դատարանն այդ դրոշմակնիքը դիտել է որպես ստորագրության պատճեն, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ լիազորագիրն ստորագրության փոխարեն գրաֆիկական պատկերով դրոշմակնքելու և թե՛ լիազորագրում Վաղինակ Եղիազարյանի ստորագրությունը պատճենի տեսքով ներկայացվելու դեպքում տվյալ լիազորագիրը համարվում է ոչ պատշաճ լիազորագիր և վերաքննիչ բողոքի վերադարձի հիմք, ուստի Վերաքննիչ դատարանի կողմից որպես Բյուրոյի ներկայացուցիչ Աստղիկ Անտոնյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելն այդ հիմքով հիմնավոր է։ (…) Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու փուլում Վճռաբեկ դատարանը չի անդրադարձել Վաղինակ Եղիազարյանի կողմից տրված լիազորագրի պատշաճ լինելու խնդրին, քանի որ ներկայացված բողոքով վիճարկվել է նաև լիազորագրի պատշաճ լինելու հարցը, հետևաբար Վճռաբեկ դատարանը, բողոքը վարույթ ընդունելու փուլում անդրադառնալով լիազորագրի հարցին, կանխակալ վերաբերմունք կցուցաբերեր սույն գործով ներկայացված բողոքի վերաբերյալ՝ միաժամանակ բողոքաբերին զրկելով Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքում նշված առաջին հիմքով բողոքարկելու հնարավորությունից։ Հաշվի առնելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ լիազորագիրը պատշաճ ստորագրված չլինելու մասով Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնավոր է, հետևաբար դատական ակտն այդ մասով պետք է թողնել անփոփոխ»։

Չհամաձայնելով Վճռաբեկ դատարանի վերոնշյալ դիրքորոշման հետ՝ հարկ ենք համարում արձանագրել, որ տվյալ դեպքում առանց մասնագիտական համապատասխան գիտելիքների հնարավոր չէ միանշանակ արձանագրել, որ Աստղիկ Անտոնյանին և Վահե Աստվածատրյանին տրված  լիազորագիրը ոչ թե ստորագրված է, այլ լիազորագրի վրա առկա է գրաֆիկական պատկերով (ֆաքսիմիլե) դրոշմակնիք։ Տվյալ դեպքում, թե՛ Վերաքննիչ դատարանը, թե՛ Վճռաբեկ դատարանը կատարել են եզրահանգումներ, որոնք պահանջում են հատուկ մասնագիտական գիտելիքներ, քանի որ առանց հատուկ մասնագետների կամ փորձաքննության տվյալ դեպքում դատարաններն ինքնին չէին կարող եզրահանգումներ անել ստորագրության կատարման եղանակի ու ձևի վերաբերյալ։

Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ լիազորագրում (գթ 22) առկա ստորագրության կատարման եղանակի ու ձևի մասին Վճռաբեկ դատարանի ու Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են և չպատճառաբանված։

Այսպիսով, գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանը, կայացնելով «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշում, թույլ է տվել դատական սխալ: Հետևաբար, սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորությունը՝ բավարարել վճռաբեկ բողոքը և վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։

   

Դատավորներ՝

Հ. Բեդևյան
  Գ. Հակոբյան
  Մ. Դրմեյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2022 թվական: