Գլխավոր տեղեկություն
Номер
N 545-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.04.2021-18.11.2023)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Միասնական կայք 2021.04.05-2021.04.18 Պաշտոնական հրապարակման օրը 16.04.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.04.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.04.2021
Дата вступления в силу
17.04.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2021 թվականի N 545-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 420-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի «Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգը հաստատելու մասին» N 420-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

15.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
ապրիլի 15-ի N 545-Ն որոշ
ման

 

 

«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 30-ի N 420-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՄՈՏ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ) ծառայություններ մատուցող բժշկի ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման, ինչպես նաև ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկին (այսուհետ` ԱԱՊ բժիշկ) փոխելու հետ կապված հարաբերությունները:

2. ԱԱՊ բժշկի ընտրության և նրա մոտ բնակչի գրանցման նպատակը բնակչի կողմից ԱԱՊ բժշկի կամավոր ընտրությունը, առաջնային բուժօգնության օղակին հատկացվող ռեսուրսների արդյունավետ բաշխումը, իրականացվող ծառայությունների ծավալի ընդլայնումը և որակի բարելավումը` բնակչության կողմից ԱԱՊ բժշկի կամավոր ընտրության մրցակցային միջավայրում ապահովելն է:

3. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) ԱԱՊ բժիշկ` բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնելու լիցենզիա և դրա հիման վրա ընտանեկան բժշկություն, բժշկական ընդհանուր պրակտիկա, մանկաբուժական ընդհանուր պրակտիկա (ներառյալ՝ առաջնային բուժքույրական օգնությունը, որը նաև տրամադրվում է տվյալ առողջապահական կազմակերպության կազմում գործող բուժակ-մանկաբարձական կետի (կետերի) բուժքրոջ միջոցով), բժշկական օգնության և սպասարկման տեսակներից որևէ մեկը կամ մի քանիսն իրականացնելու իրավունք ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող առողջապահական կազմակերպությունում ԱԱՊ ծառայություն մատուցող ընտանեկան բժիշկ կամ տեղամասային թերապևտ կամ տեղամասային մանկաբույժ.

2) բնակչի կողմից ԱԱՊ բժշկի կամավոր ընտրություն` ընտրություն, որը կատարում է բնակիչն իր կամքով և ԱԱՊ բժշկի մասին իր ունեցած տեղեկատվության հիման վրա` համաձայն սույն կարգով սահմանված ընթացակարգի.

3) ԱԱՊ բժշկի մոտ բնակչի գրանցում (այսուհետ՝ գրանցում)՝ սույն կարգով սահմանված ընթացակարգով բնակչի կողմից ԱԱՊ բժշկի կամավոր ընտրության հիման վրա կատարվող փաստաթղթային և էլեկտրոնային ձևակերպումները, որի հիման վրա ԱԱՊ բժիշկը բնակչին մատուցում է պետության կողմից սահմանված ծավալներով որոշված ԱԱՊ ծառայություններ, կազմակերպում առաջնային բուժօգնության այլ ծառայություններ և ստանում համապատասխան ֆինանսավորում.

4) ԱԱՊ բժշկի մոտ բնակչության գրանցման տվյալների ավտոմատացված բազա` ԱԱՊ բժշկի մոտ բնակչության գրանցման ձևով (այսուհետ` գրանցման ձև) գրանցվող բնակչի վերաբերյալ հավաքված և էլեկտրոնային առողջապահության համակարգ մուտքագրված տվյալների ամբողջություն.

5) ԱԱՊ ծառայություններ մատուցող բուժհաստատություն (այսուհետ` ԱԱՊ հաստատություն)` իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր հանդիսացող առողջապահական կազմակերպություն (ներառյալ՝ այդ առողջապահական կազմակերպության կազմում գործող բուժակ-մանկաբարձական կետեր), որոնք ունեն բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնելու լիցենզիա և դրա հիման վրա իրավունք ունեն իրականացնելու բժշկական օգնության և սպասարկման հետևյալ տեսակներից որևէ մեկը կամ մի քանիսը` ընտանեկան բժշկություն, բժշկական ընդհանուր պրակտիկա, մանկաբուժական ընդհանուր պրակտիկա, ներառյալ՝ առաջնային բուժքույրական օգնությունը, որը նաև տրամադրվում է այդ առողջապահական կազմակերպության կազմում գործող բուժակ-մանկաբարձական կետի (կետերի) բուժքրոջ միջոցով, մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկա.

6) սույն կարգի իմաստով «բնակիչ» են համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա քաղաքացիները, փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող անձինք, ովքեր բնակվում են Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում հայտարարված արտակարգ իրավիճակներում կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձինք.

7) Գրանցված բնակչության բազա (ԳԲԲ)՝ էլեկտրոնային առողջապահության համակարգում ձևավորված բազա, որում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող և ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում հավաքագրված բնակչության վերաբերյալ առկա անձնական տվյալները համադրվում են «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բնակչության պետական ռեգիստրում (այսուհետ՝ ԲՊՌ) առկա տվյալների հետ.

8) Չգրանցված բնակչության բազա (ՉԲԲ)՝ էլեկտրոնային առողջապահության համակարգում ձևավորված բազա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերին համապատասխան պետության կողմից երաշխավորված անվճար առողջության առաջնային պահպանման ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող բնակիչների վերաբերյալ տվյալների ամբողջություն, որի վարման ընթացակարգը հաստատում է առողջապահության նախարարը.

9) վիճելի դեպքերի կարգավորման պատուհան (ՎԴԿՊ)՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի ենթաբաժին, որի միջոցով կարգավորվում են բնակչի կողմից այլ բժշկական կազմակերպության ԱԱՊ բժշկի ընտրության փոփոխության ընթացքում առաջացած վեճերը.

10) ժամանակավոր կցագրում՝ Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում հայտարարված արտակարգ իրավիճակներում կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց կցագրում:

4. Ընտանեկան բժշկի մոտ գրանցվում են բոլոր տարիքի անձինք, տեղամասային թերապևտի մոտ` 18 և ավելի տարիք ունեցող բնակիչները, իսկ տեղամասային մանկաբույժի մոտ` մինչև 18 տարեկան երեխաները:

5. Երեխաների համար ԱԱՊ բժշկի ընտրությունը և նրա մոտ գրանցումն իրականացնում է երեխայի օրինական ներկայացուցիչը:

 

II. ԲՆԱԿՉԻ ԿՈՂՄԻՑ ԱԱՊ ԲԺՇԿԻ ԿԱՄԱՎՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

6. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող յուրաքանչյուր անձ պետական պատվերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար առողջության առաջնային պահպանման ծառայություններ է ստանում միայն այն ԱԱՊ բժշկի մոտ, որին ինքը կընտրի կամավոր` սույն կարգի համաձայն, և որի մոտ կգրանցվի` ըստ սույն կարգով սահմանված ընթացակարգի:

7. Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են ընտրել ԱԱՊ բժիշկ` սույն կարգով սահմանված ընթացակարգով, գրանցվել նրա մոտ և վճարովի հիմունքներով, ըստ բժշկական հաստատության կողմից սահմանված գնացուցակի, օգտվել ԱԱՊ և առաջնային բուժօգնության այլ ծառայություններից, բացառությամբ սույն որոշման 15-րդ կետով սահմանված դեպքերի, ինչպես նաև եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

8. Յուրաքանչյուր բնակիչ, անկախ Հայաստանի Հանրապետությունում իր հաշվառման վայրից, իրավունք ունի ընտրելու իր մշտական բնակության վայրի մարզի վարչական սահմաններում, իսկ Երևան քաղաքի դեպքում՝ քաղաքի վարչական սահմաններում գործող ցանկացած ԱԱՊ հաստատությունում աշխատող ԱԱՊ բժիշկ։ ԱԱՊ բժիշկը որպես բնակիչ չի կարող ընտրել ինքն իրեն և գրանցվել ինքն իր մոտ որպես ԱԱՊ բժիշկ։

9. Այն դեպքում, երբ բուժակ-մանկաբարձական կետի բուժքրոջ կողմից սպասարկվող գյուղական համայնքի բնակիչն ընտրել է նոր ԱԱՊ բժիշկ, որն աշխատում է իր գյուղական համայնքին սպասարկող ԱԱՊ հաստատությունից (որի կազմում գործում է այդ համայնքի բուժակ-մանկաբարձական կետը) տարբեր այլ ԱԱՊ հաստատությունում, ապա բնակչի կողմից ընտրված ԱԱՊ բժշկի բուժհաստատության և բնակչի բնակավայրի բուժակ-մանկաբարձական կետի բուժքրոջ միջև կնքվում է պայմանագիր, որով կարգավորվում են բնակչին ԱԱՊ ծառայություններ մատուցելու ընթացքում ԱԱՊ բժշկի և բուժակ-մանկաբարձական կետի բուժքրոջ միջև ծագող հարաբերությունները։

10. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

11. ԱԱՊ բժիշկը չի գրանցում իրեն ընտրած և գրանցվելու նպատակով դիմող բնակչին, եթե`

1) լրացել են ԱԱՊ բժշկի կողմից սպասարկվող բնակիչների առավելագույն թույլատրելի թվաքանակները.

2) բնակչի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին.

3) ԱԱՊ հաստատության և բնակչի մշտական բնակության վայրի միջև եղած հեռավորության պատճառով (30 կմ գերազանցելու դեպքում) ԱԱՊ բժիշկը չի կարող մատուցել բժշկական օգնության հետևյալ ծառայությունները՝ տնային այցելություններ և հակահամաճարակային հսկողություն:

12. Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր կողմից ընտրված ԱԱՊ բժշկի մոտ գրանցվելու համար ներկայացնում է իր անձնագիրը և սոցիալական քարտը կամ նույնականացման քարտը, իսկ մինչև 16 տարեկան երեխայի համար` անձը հաստատող փաստաթուղթը և սոցիալական քարտը: Սոցիալապես անապահով կամ հատուկ խմբին պատկանելու դեպքում ներկայացվում է այդ փաստը հավաստող փաստաթուղթը: Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրենց կողմից ընտրված ԱԱՊ բժշկի մոտ գրանցվելու համար ներկայացնում են անձը հաստատող փաստաթուղթը:

13. Գրանցումն իրականացնող ԱԱՊ բժիշկը կամ բուժքույրն էլեկտրոնային առողջապահության համակարգում այդ փաստաթղթերի հիման վրա լրացնում է դիմող բնակչի անձնական տվյալները, արտահանում ծրագրից և ներկայացնում բնակչին ստորագրման:

14. Բնակիչն իր անձնական տվյալների փոփոխության դեպքում դրանց մասին երկշաբաթյա ժամկետում տեղեկացնում է իր ԱԱՊ բժշկին, ում մոտ գրանցված է: ԱԱՊ բժիշկը հինգ աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է ապահովել այդ փոփոխության կատարումը բուժհաստատության ավտոմատացված բազայում: ԱԱՊ բժիշկը կարող է գրանցել իրեն ընտրած բնակչին ԱԱՊ հաստատությունում (բնակչի այցելության ժամանակ) կամ կանխարգելիչ, վերականգնողական, բուժական միջոցառումներ իրականացնելու նպատակով նրա հաշվառման, մշտական բնակության կամ այլ վայր կատարած այցի ընթացքում:

15. Չգրանցված բնակչության բազայում գրանցվում են հետևյալ անձինք՝

1) այն երեխան, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ երեխան այլ երկրի քաղաքացի.

2) Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները.

3) Հայաստանում ԵԱՏՄ անդամ պետությունների դիվանագիտական ծառայություն իրականացնող անձինք և նրանց ընտանիքի անդամները.

4) փախստականի, ապաստան հայցողի և հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձինք, ովքեր բնակվում են Հայաստանի Հանրապետությունում.

5) Սիրիայի Արաբական Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիները, ովքեր մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում.

6) Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիները, ովքեր հանդիսանում են Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների ուսանողներ:

16. Չգրանցված բնակչության բազայում գրանցվելու համար սահմանված կարգով ներկայացվում են բնակչի անձնական տվյալներ՝ կցելով անձը հաստատող փաստաթղթի և սույն կարգի 15-րդ կետով նախատեսված՝ անձի համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը:

17. Առողջապահության բնագավառի լիազոր մարմինը կազմակերպում է Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում հայտարարված արտակարգ իրավիճակներում կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց ժամանակավոր կցագրումը էլեկտրոնային առողջապահական համակարգում՝ առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից ընտրված ԱԱՊ հաստատությունում, ինչպես նաև հաստատում է ժամանակավոր կցագրումից դուրս գալու և հետագա հավաքագրման ընթացակարգը:

 

III. ԱԱՊ ԲԺՇԿԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԻՐԵՆ ԸՆՏՐԱԾ ԲՆԱԿՉԻՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

 

18. ԱԱՊ բժիշկն իրեն ընտրած բնակչին գրանցելիս ստանում է բնակչի համաձայնությունը անձնական տվյալները մշակելու համար:

19. ԱԱՊ նոր հաստատություն ընտրելիս նոր ընտրված ԱԱՊ հաստատությունը էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով սահմանված կարգով ապակցման հայց է ներկայացնում նախկին ԱԱՊ հաստատություն: Հայցը նախկին ԱԱՊ հաստատության կողմից չբավարարվելու դեպքում նոր ընտրված ԱԱՊ հաստատությունը էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով սահմանված կարգով հայց է ներկայացնում ՎԴԿՊ:

20. ԱԱՊ հաստատությունը փոխելու և նոր ԱԱՊ հաստատությունում աշխատող ԱԱՊ բժշկի մոտ գրանցվելու դեպքում բնակչի բժշկական քարտը պահվում է նախկին ԱԱՊ հաստատությունում, իսկ նոր ԱԱՊ հաստատությունում գործող ԱԱՊ բժշկին էլեկտրոնային եղանակով ներկայացվում է բժշկական քարտի տվյալների քաղվածք նախկին ԱԱՊ հաստատությունից:

21. Գրանցման գործընթացին մասնակցող բուժաշխատողներն ապահովում և պահպանում են գրանցվող բնակչի վերաբերյալ անձնական տվյալների և տեղեկատվության գաղտնիությունը:

 

IV. ԲՆԱԿՉԻ ԿՈՂՄԻՑ ԱԱՊ ԲԺՇԿԻՆ ՓՈԽԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

22. Բնակիչն իրավունք ունի փոխելու իր ԱԱՊ բժշկին և ընտրելու նոր ԱԱՊ բժիշկ` նույն կամ այլ ԱԱՊ հաստատությունում: Բնակիչը նաև կարող է որոշում ընդունել և`

1) փոխել իր ԱԱՊ բժշկին կամ համաձայնություն տալ ժամանակավորապես սպասարկվել ԱԱՊ հաստատության ղեկավարի հրամանով իր ԱԱՊ բժշկին փոխարինող այլ ԱԱՊ բժշկի կողմից, եթե իր ԱԱՊ բժիշկը, անկախ պատճառներից, չի կարող սպասարկել իրեն 40 և ավելի օրացուցային օր.

2) փոխել իր ԱԱՊ բժշկին ու ընտրել նոր ԱԱՊ բժիշկ տվյալ կամ այլ ԱԱՊ հաստատությունում իր ԱԱՊ բժշկի մահվան, այլ ԱԱՊ հաստատություն տեղափոխվելու, կենսաթոշակի անցնելու և օրենքով սահմանված այն դեպքերում, երբ ԱԱՊ բժիշկը չի կարող աշխատել իր մասնագիտությամբ:

23. Եթե բնակիչն ընտրել է ԱԱՊ բժիշկ, որն աշխատում է մեկ ուրիշ ԱԱՊ հաստատությունում, ապա նրա համար լրացվում է տեղափոխման ձևը։

 

V. ԳՐԱՆՑՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՄՐԱԳՐՈՒՄԸ

 

24. ԱԱՊ բժշկի ընտրությունը և այդ ընտրության փոփոխությունն իրականացվում են առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և այդ ընտրության փոփոխության գրանցման ձևին համապատասխան:

25. Բժշկի ընտրության փոփոխության հետ կապված ԱԱՊ բժշկական կազմակերպությունների միջև ծագած վիճելի դեպքերի կարգավորումն իրականացվում է առողջապահության նախարարության կողմից:

26. Միևնույն ԱԱՊ հաստատության կազմում նոր ԱԱՊ բժիշկ ընտրելու և նրա մոտ գրանցվելու դեպքում տվյալ բնակչի համար լրացվում է միայն գրանցման ձևը և ներանցվում է էլեկտրոնային առողջապահության համակարգ:

27. Բնակչի տեղափոխման և նրա կողմից ընտրված նոր ԱԱՊ հաստատությունում գրանցման վերաբերյալ տեղեկատվությունը նրան սպասարկող նախկին ԱԱՊ հաստատությունում ստացվում է էլեկտրոնային ձևով` նոր ընտրված ԱԱՊ հաստատությունում բնակչի գրանցման փաստը հաստատվելուց և ԱԱՊ բժշկի մոտ բնակչության գրանցման տվյալների ավտոմատացված կենտրոնական շտեմարանում մուտքագրվելուց հետո:

28. Բնակչի մահվան դեպքում անձն ապակցագրվում է էլեկտրոնային առողջապահության համակարգից՝ հիմք ընդունելով էլեկտրոնային եղանակով քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից ստացված տվյալները:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ


15.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան