ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
9 ապրիլի 2020 թվականի N 509-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-500-04.03.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 10 Երևան |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-500-04.03.2020-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք)՝
1) 282-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, մասնավորապես՝ «3. Հետաքննության մարմինը, քննիչը միջնորդություն հարուցելու որոշման պատճենն ուղարկում է հսկող դատախազին: Սույն օրենսգրքի 279-րդ և 280-րդ հոդվածներով նախատեսված՝ քննչական գործողություններ կատարելու, դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդություն հարուցելու որոշումը (պատճենը) և այն հիմնավորելու համար ներկայացվող փաստաթղթերը (պատճենները) դատարան և հսկող դատախազին կարող են ուղարկվել էլեկտրոնային եղանակով» (Հոդված 1):
Դեռևս 2019 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 280-րդ հոդվածում կատարվել են փոփոխություններ, որոնցով նախատեսված էր դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունները էլեկտրոնային եղանակով ուղարկելը: Բաց էր մնացել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ հոդվածով նախատեսված՝ քննչական գործողություններ կատարելու մասին միջնորդությունները դատարան և դատախազին ուղարկելու կարգը էլեկտրոնային եղանակով սահմանելը: Նախագծով առաջարկվում է բացը լրացնել.
2) 283-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով՝ «7. Միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին դատարանի որոշումը կարող է քննիչին ուղարկվել էլեկտրոնային եղանակով» (Հոդված 2):
Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նշվում է, որ լրացումը նպատակաուղղված է նախաքննական մարմինների ծանրաբեռնվածության թոթափմանը և անհարկի ձգձգումներից խուսափելուն:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ողջունում է քրեական գործերի քննության շրջանակներում արդյունավետության բարձրացմանն ուղղված կարգավորումներ նախատեսելու նախաձեռնությունը: Միաժամանակ հարկ է համարում ընդգծել, որ նախագծի հիմնավորումից բխում է, որ նախագծով առաջարկվող կարգավորումները ենթադրում են էլեկտրոնային եղանակով միջնորդության ապահովումն իրականացել էլեկտրոնային հասցեների միջոցով: Մինչդեռ էլեկտրոնային հասցեների միջոցով միջնորդությունների ներկայացումը կարող է ստեղծել գործնական որոշակի խնդիրներ, մասնավորապես՝ պաշտոնական էլեկտրոնային հասցեների բացակայության կամ դրանց միջոցով ներկայացվող միջնորդությունների գաղտնիության հասանելիության հետ կապված:
Բացի դրանից, անդրադառնալով նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող կարգավորմանը, հարկ է նշել, որ նախագծով սահմանվում է միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին դատարանի որոշումը միայն քննիչին էլեկտրոնային եղանակով ուղարկելու հնարավորություն: Մինչդեռ հարկ է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանում վարույթն սկսելու հիմք է ծառայում հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի պատճառաբանված որոշման մեջ պարունակվող միջնորդությունը` համապատասխան գործողություններ կատարելու մասին թույլտվություն ստանալու համար: Այսինքն՝ միջնորդություն ներկայացվում է ոչ միայն քննիչի, այլ նաև՝ հետաքննության մարմնի և դատախազի կողմից:
Այս առումով գտնում ենք, որ նախագծի 2-րդ հոդվածում «քննիչին» բառն անհրաժեշտ է փոխարինել «վարույթն իրականացնող մարմնին» բառերով՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 282-րդ հոդվածի կարգավորումները:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունում շրջանառվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, համաձայն որի՝ նախատեսվում է քրեական վարույթն իրականացնել էլեկտրոնային վարման եղանակով և ներդնել էլեկտրոնային արդարադատության համակարգը, ինչը գործնականում կլուծի նախագծի հիմնավորմամբ բարձրացված առկա խնդիրները՝ ամրագրելով առավել համակարգային լուծումներ:
Նախագծում առկա են նաև տեխնիկական բնույթի խնդիրներ: Մասնավորապես՝ նախագծի՝
1) վերնագրի «լրացումներ» բառն անհրաժեշտ է փոխարինել «փոփոխություն և լրացում» բառերով՝ ելնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից.
2) 1-ին հոդվածում «Օրենսգրքի» բառն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք)» բառերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի դրույթները.
3) 1-ին հոդվածում «հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ» բառերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթները:
Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է բարձրացված խնդիրների համատեքստում նախագիծը խմբագրել: