Գլխավոր տեղեկություն
Номер
N 1915-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.12.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 26.12.2019
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.12.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.12.2019
Дата вступления в силу
27.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

19 դեկտեմբերի 2019 թվականի N 1915-Լ

  

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-363-13.11.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

       

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-363-13.11.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2019 թ. դեկտեմբերի 25

Երևան

     

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-363-13.11.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

    

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (Խ-363-13.11.2019-ՏՀ-011/0) առաջարկվում է սահմանել, որ՝

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի «այսուհետ՝ օրենսգիրք» 230-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով սահմանված՝ անշարժ գույքի հարկից և օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ փոխադրամիջոցների գույքահարկից ամբողջությամբ ազատման արտոնությունները կիրառվում են նաև առաջնագծում մարտական հերթապահություն իրականացրած ոստիկանության զորքերի այն ծառայողների նկատմամբ, ովքեր օրացուցային տարվա ընթացքում առնվազն 42 օր, սակայն 6 ամսվա ընթացքում ոչ պակաս, քան 28 օր, առաջնագծում իրականացրել են մարտական հերթապահության: Ընդ որում, եթե առաջնագծում մարտական հերթապահությունն իրականացվել է 6 ամսվանից ավելի, սակայն մեկ տարվանից պակաս ժամկետով, ապա արտոնությունները կիրառվում են միայն առաջնագծում մարտական հերթապահություն իրականացրած ամիսների մասով:

Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով սահմանված՝ անշարժ գույքի հարկից և օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված՝ փոխադրամիջոցների գույքահարկից մասնակի ազատման արտոնությունները կիրառվում են նաև առնվազն 9 տարի առաջնագծում մարտական հերթապահություն իրականացրած ոստիկանության զորքերի ծառայողների նկատմամբ:

Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝ ներկայացված առաջարկությունը հիմնավորվում է նրանով, որ նմանատիպ արտոնություններ առկա են նաև զինծառայողների մասով և, կարևորելով սոցիալական երաշխիքների անհրաժեշտությունը, առաջարկվում է նմանատիպ արտոնություններ կիրառել նաև մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության ծառայողների նկատմամբ:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնում է հետևյալը. օրենսգրքի՝

224-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար օրենսգրքի 11-րդ բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից.

230-րդ հոդվածի 1-ին մասի՝

ա. 15-րդ կետի համաձայն՝ ծառայության ընթացքում անշարժ գույքի հարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք` նույն կետի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված հարկվող օբյեկտների մասով: Նույն կետի վերջին պարբերության համաձայն՝ նույն կետով սահմանված արտոնությունը չի կիրառվում, եթե հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը ծառայության ընթացքում հանձնվել է վարձակալության կամ հավատարմագրային կառավարման,

բ. 16-րդ կետի առաջին պարբերության համաձայն՝ նույն մասի 15-րդ կետի «ա»-«գ» ենթակետերին համապատասխան, պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո, անշարժ գույքի հարկից ազատվում են նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք` հասարակական և (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող մեկ շինության մասով, որի հարկման բազան չի գերազանցում 40.0 մլն դրամը (չգերազանցող մասով): Նույն կետի երրորդ պարբերության համաձայն՝ նույն կետով սահմանված արտոնությունները չեն կիրառվում, եթե հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը ծառայության ավարտից հետո հանձնվել է վարձակալության կամ հավատարմագրային կառավարման, ինչպես նաև այն դեպքում, երբ հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը ձեռք է բերվել ծառայության ժամկետի ավարտից հետո.

239-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող՝ հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար օրենսգրքի 11-րդ բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից.

245-րդ հոդվածի 1-ին մասի՝

ա. 4-րդ կետի համաձայն՝ ծառայության ընթացքում փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք` սեփականության իրավունքով իրենց պատկանող՝ հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով: Նույն կետով սահմանված արտոնությունը չի կիրառվում, եթե հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցը ծառայության ընթացքում հանձնվել է վարձակալության կամ հավատարմագրային կառավարման,

բ. 5-րդ կետի առաջին պարբերության համաձայն՝ պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են նաև նույն մասի 4-րդ կետում նշված` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք` մեկ փոխադրամիջոցի 150 ձիաուժը չգերազանցող մասով: Նույն կետի երրորդ պարբերության համաձայն՝ նույն կետով սահմանված արտոնությունները չեն կիրառվում, եթե հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցը ծառայության ավարտից հետո հանձնվել է վարձակալության կամ հավատարմագրային կառավարման, ինչպես նաև այն դեպքում, երբ հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցը ձեռք է բերվել ծառայության ժամկետի ավարտից հետո:

Այս առումով հայտնում ենք, որ գույքային հարկերից ազատման արտոնության նման շրջանակի սահմանումն ունի հստակ ընդգծված տրամաբանություն և նպատակադրում: Մասնավորապես՝

միայն պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց գույքային հարկերից ամբողջությամբ ազատելու տրամաբանությունն այն է, որ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում անձինք, իրենց կամքից անկախ, զրկվում են ինչպես այդ գույքն օգտագործելու կամ դրանից օգտվելու հնարավորությունից, այնպես էլ՝ առհասարակ եկամուտներ ստանալու հնարավորությունից, հետևաբար, տրամաբանական է, որ վերջիններս ծառայության ընթացքում (եկամուտներ ստանալու հնարավորությունից զրկված լինելու ժամանակահատվածում) ազատվեն գույքային հարկերից՝ բացառությամբ արտադրական կամ հասարակական գույքի մասով հաշվարկվող գույքահարկի պարտավորությունից: Նշված նկատառումը հիմնավորվում է նաև նրանով, որ այն բոլոր դեպքերում, երբ արտոնությունից օգտվող գույքից ստացվում են եկամուտներ (երբ գույքը հանձնվում է վարձակալության կամ հավատարմագրային կառավարման), արտոնությունը դադարում է գործել: Միաժամանակ, արտադրական կամ հասարակական նշանակության գույքի նկատմամբ նշված արտոնությունը չկիրառելը հիմնավորվում է նրանով, որ արտադրական կամ հասարակական նշանակության գույքից եկամուտներ ստանալու հնարավորությունը, զինվորական ծառայության մեջ գտնվելու հանգամանքով պայմանավորված, չի սահմանափակվում,

պարտադիր ժամկետային ծառայության ավարտից հետո գույքային հարկերից ազատման արտոնությունը միայն ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձանց նկատմամբ կիրառելը զինված ուժերը որակավորված սպայական կազմով համալրելը խթանելու նպատակադրում ունի: Ընդ որում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ, նշված արտոնության կիրառման առումով, ժամկետային սահմանափակում նախատեսված չէ` արտոնությունից օգտվելու չարաշահումների հնարավորությունները կանխելու և համայնքների եկամուտներն անհարկի նվազեցնելու ռիսկերը սահմանափակելու համար օրենսգրքով՝ նշված արտոնության մասով սահմանվել են հարկման բազայի որոշակի շեմեր: Բացի դրանից, պարտադիր ժամկետային ծառայության ավարտից հետո գույքային հարկերից ազատման արտոնությունները չեն կիրառվում, եթե հարկվող օբյեկտ համարվող գույքը ձեռք է բերվել ծառայության ժամկետի ավարտից հետո:

Նախագծով ներկայացված առաջարկությունը, սակայն, հակադրվում է նշված տրամաբանությանը և նպատակադրումներին, քանի որ առաջարկվում է արտոնությունների տրամադրումը պայմանավորել միայն մարտական հերթապահություն իրականացնելու հանգամանքով, որի համար ծառայողները շարունակում են ստանալ վարձատրություն (աշխատավարձ)։ Ընդգծենք նաև, որ նույն տրամաբանությամբ գույքային հարկերի գծով հարկային արտոնություններ չեն կիրառվում նաև պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն անցնող անձանց նկատմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված անձինք նախ՝ զինվորական ծառայության են անցնում կամավոր հիմունքներով, և երկրորդ՝ զինվորական ծառայության ընթացքում, ի տարբերություն պարտադիր զինվորական ծառայության, ստանում են վարձատրություն:

Ավելին, տեղին ենք համարում նաև նշել, որ ոստիկանության զինծառայողները մարտական հերթապահության համար հավելյալ վարձատրվում են:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 186-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համայնքի պարտադիր խնդիրների լուծման նպատակով օրենքով սահմանվում են հարկային և ոչ հարկային այնպիսի աղբյուրներ, որոնք անհրաժեշտ են այդ խնդիրների իրականացումն ապահովելու համար: Սահմանադրական հենց այս նորմի իրագործման նպատակով գործող հարկային օրենսդրությամբ սահմանվել է, որ այդպիսի հարկային աղբյուրներ են համարվում, մասնավորապես, անշարժ գույքի հարկն ու փոխադրամիջոցների գույքահարկը:

Միաժամանակ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 93-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենքներով համայնքների եկամուտների նվազեցումը և ծախսերի ավելացումը պետք է օրենքով սահմանված կարգով փոխհատուցի պետությունը՝ բացառությամբ հարկային եկամուտների գծով օրենքով սահմանված դեպքերում հարկային պարտավորությունների դադարեցման (բացի հարկային արտոնությունների տրամադրումից և հարկի վերացումից) և օրենքով սահմանված այլ դեպքերի: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած օրենքներով Երևանի եկամուտների նվազեցումը և ծախսերի ավելացումը պետք է փոխհատուցի պետությունը՝ բացառությամբ հարկային եկամուտների գծով օրենքով սահմանված դեպքերում հարկային պարտավորությունների դադարեցման (բացի հարկային արտոնությունների տրամադրումից և հարկի վերացումից) և օրենքով սահմանված այլ դեպքերի:

Հետևաբար, ներկայացված առաջարկության ընդունման արդյունքում համայնքի բյուջեների եկամուտների կորուստները ենթակա են ֆինանսավորման՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Բացի դրանից, համայնքների սեփական եկամուտների նվազեցումը, մի կողմից, հակասում է «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի» նախաբանին, որտեղ խարտիան վավերացրած երկրները, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունը, համակարծիք են, որ խարտիային միացած երկրներում տեղական ինքնակառավարման պաշտպանությունն ու ամրապնդումը նշանակալի ներդրում են ժողովրդավարական սկզբունքների և ապակենտրոնացված իշխանության վրա հիմնված պետության կառուցման գործում, մյուս կողմից, էլ ավելի է մեծացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի վրա ճնշումը: Վերջինս, մասնավորապես, պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, բացի համայնքների սեփական եկամուտների կորուստների փոխհատուցմամբ պայմանավորված ծախսերի աճից, պետք է ավելացնի ֆինանսական համահարթեցման նպատակով տրամադրվող դոտացիաները, քանի որ «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` ֆինանսական համահարթեցումը, ի թիվս այլ գործոնների, հակադարձ կախվածության մեջ է համայնքների սեփական եկամուտների հետ: Արդյունքում՝ նախագծով առաջարկվող արտոնությունները կունենան կրկնակի բացասական ազդեցություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի վրա:

Նախագծով առաջարկվող արտոնությունները չեն բխում հարկման արդարության ու հավասարության սկզբունքներից: Մասնավորապես, առաջարկությունների ընդունման դեպքում կստացվի այնպես, որ մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության ծառայողները կազատվեն անշարժ գույքի հարկից և փոխադրամիջոցների գույքահարկից, իսկ այլ մարմինների (Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության) մարտական հերթապահություն իրականացնող ծառայողները՝ ոչ:

Նոր հարկային արտոնությունների տրամադրումը չի բխում ներկա փուլում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականության նպատակադրումից և ուղղություններից, քանի որ ներկա փուլում իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է հարկման բազայի ընդլայնմանն ու ամրապնդմանը։ Հետևաբար, հարկային արտոնությունների ձևով աջակցության վերաբերյալ որոշումը կարող է կայացվել միայն այն դեպքում, եթե կատարված վերլուծություններով և ուսումնասիրություններով հիմնավորվել է, որ հարկային արտոնությունների տրամադրումն աջակցության ամենաառաջնային և ամենաարդյունավետ քայլը կարող է լինել։

Անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ ծախսային քաղաքականության շրջանակներում աջակցության բյուջետային գործիքակազմն ավելի հասցեական ու, հետևաբար, նաև ավելի արդյունավետ է։ Մասնավորապես, եթե նախատեսվում է աջակցել մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության ծառայողներին, ապա ավելի արդյունավետ, թիրախային, հետևաբար, նաև ավելի նպատակահարմար կլինի աջակցությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող բոլոր ծառայողներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացումներ կատարելու միջոցով։ Նշվածը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ ոչ բոլոր ծառայողներն ունեն գույք, մասնավորապես, փոխադրամիջոց, հետևաբար, նախագծի ընդունման դեպքում մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության ոչ բոլոր ծառայողներն են համարվելու աջակցության շահառու։

Նկատենք նաև, որ օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասի և 245-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համայնքի ավագանին համայնքի ղեկավարի ներկայացմամբ և համայնքի ավագանու սահմանած կարգով կարող է սահմանել անշարժ գույքի հարկի ու փոխադրամիջոցների գույքահարկի գծով արտոնություններ և դրանց մասով ընդունել անշարժ գույքի հարկ և փոխադրամիջոցների գույքահարկ վճարողների փոխարեն համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին որոշումներ: Հետևաբար, եթե խնդիրը մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության ծառայողներին օժանդակելն է, ապա կարծում ենք, որ առավել նպատակահարմար է քննարկել համայնքների ավագանիների կողմից խնդրո առարկա դեպքերում հասցեական արտոնություններ տրամադրելու հնարավորությունների հարցը։

Օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի տարեկան գումարները (այդ թվում` օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում ու կարգով հաշվարկված անշարժ գույքի հարկի պարտավորության գումարները) անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ` հաշվի առնելով նույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները: Օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները (այդ թվում` օրենսգրքի 246-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված դեպքերում և կարգով հաշվարկված գույքահարկի պարտավորության գումարները) իրենց պետական գրանցման (հաշվառման) վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ` հաշվի առնելով նույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:

Այս առումով հայտնում ենք, որ առաջարկվող՝ գույքային հարկերից ամբողջությամբ ազատման արտոնության կիրառման ժամանակ առաջանալու են մի շարք խնդիրներ։ Մասնավորապես, գործնականում առկա են լինելու բազմաթիվ դեպքեր, երբ արտոնությունը կիրառելի լինելու հանգամանքը որոշելու համար անհրաժեշտ է լինելու որպեսզի տարին ավարտվի։ Մյուս կողմից, գույքային հարկերի գծով պարտավորությունները պետք է կատարվեն մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ, հետևաբար, ստացվելու է այնպես, որ պարտավորությունները կատարվելու են, որից հետո անհրաժեշտ է լինելու վերադարձնել կամ հաշվանցել արդեն իսկ կատարված պարտավորությունները։

Օրենսգրքի 232-րդ և 247-րդ հոդվածների համաձայն՝ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին: Այս առումով հայտնում ենք, որ գործող օրենսդրությամբ գույքային հարկերի՝ ըստ ամիսների հաշվարկման ընթացակարգեր սահմանված չեն, ինչը նշանակում է, որ նախագծով ներկայացված՝ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացրած ամիսների համար արտոնություն կիրառելու վերաբերյալ առաջարկությունն անիրագործելի է:

Ամփոփելով շարադրվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող օրենսգրքի գործող հոդվածները թողնել անփոփոխ: