ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
26 սեպտեմբերի 2019 թվականի |
թիվ 135-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բարելավել վարկային կազմակերպությունների կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկը և այն համապատասխանեցնել միջազգային չափանիշներին,
հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 12-րդ հոդվածները,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 20-րդ հոդվածների դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի ««Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգի 16.1.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16.1.1. ամբողջությամբ վճարված սովորական բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայերի (այսուհետ՝ սովորական բաժնետոմս) անվանական արժեքից` գումարած սովորական բաժնետոմսերից էմիսիոն եկամուտը և նվազեցրած զեղչը,»,
2) Կանոնակարգի 16.1.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16.1.3. չբաշխված շահույթ: Ընդ որում, վարկային կազմակերպության չբաշխված շահույթը վարկային կազմակերպության հիմնական կապիտալի հաշվարկում ներառվում է ամբողջությամբ վճարված սովորական բաժնետոմսերի և հավելված 4-ի բոլոր պահանջներին բավարարող արտոնյալ բաժնետոմսերի անվանական արժեքների` գումարած բաժնետոմսերից էմիսիոն եկամուտ և նվազեցրած զեղչ, առավելագույնը 150 տոկոսի չափով,»,
3) Կանոնակարգը 16.1.3 կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1.4 կետով.
«16.1.4. սույն կանոնակարգի հավելված 4-ի բոլոր պահանջներին բավարարող արտոնյալ բաժնետոմսերի անվանական արժեք` գումարած արտոնյալ բաժնետոմսերից էմիսիոն եկամուտ և նվազեցրած զեղչ: Ընդ որում, արտոնյալ բաժնետոմսերը նվազեցվում են սույն կանոնակարգի հավելված 4-ի բոլոր պահանջներին բավարարող այն արտոնյալ բաժնետոմսերի անվանական արժեքի չափով, որոնք հետ են գնվել վարկային կազմակերպության կողմից (եթե արդեն իսկ չեն նվազեցվում հիմնական կապիտալից կիրառվող հաշվապահական հաշվառման ստանդարտների համաձայն) կամ ձեռք են բերվել այնպիսի կազմակերպությունների կողմից, որոնցում վարկային կազմակերպությունը հանդիսանում է նշանակալից մասնակից, կամ որոնք վարկային կազմակերպությունը որևէ իրավաբանական փաստաթղթի հիման վրա պարտավոր է կամ կարող է պարտավորվել ձեռք բերել (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված պարտադիր հետգնման դեպքերի) հետագայում: Ընդ որում, արտոնյալ բաժնետոմսերը վարկային կազմակերպության հիմնական կապիտալի հաշվարկում ներառվում են սույն կանոնակարգի 16.1.1-16.1.3 կետերում նշված տարրերի հանրագումարի և սույն կանոնակարգի 16.2-րդ կետի համաձայն կատարվող պակասեցումների տարբերության առավելագույնը 20 տոկոսի չափով:»,
4) Կանոնակարգի 16.2.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16.2.1. Վարկային կազմակերպության կողմից տրամադրված երկարաժամկետ ստորադաս փոխառությունների հաշվեկշռային արժեքի չափով: Ընդ որում, սույն պարբերության իմաստով՝ երկարաժամկետ ստորադաս փոխառություն է համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այն ստորադաս փոխառությունը, որը տրամադրվել է առնվազն հինգ տարի ժամկետով:»,
5) Կանոնակարգի 16.2.8.1 կետը ուժը կորցրած ճանաչել,
6) Կանոնակարգը 16.3.4 կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.3.5 և 16.3.6 կետերով.
«16.3.5. Սույն կանոնակարգի հավելված 4-ի բոլոր պահանջներին բավարարող արտոնյալ բաժնետոմսերից (հիմնական կապիտալի հաշվարկում ընդգրկված մեծությունը գերազանցող գումարի չափով), որոնք լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվում են անվանական արժեքով` գումարած արտոնյալ բաժնետոմսերից էմիսիոն եկամուտ և նվազեցրած զեղչ: Ընդ որում, վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառման առումով սույն կետում նշված գումարն ունի առաջնահերթություն, լրացուցիչ կապիտալի այլ տարրերի նկատմամբ:
16.3.6. Վարկային կազմակերպության կողմից ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառություններից: Սույն կանոնակարգի իմաստով (բացառությամբ՝ սույն կանոնակարգի 16.2.1-րդ կետի 1-ին ենթակետի) երկարաժամկետ ստորադաս փոխառություն է համարվում այն փոխառությունը, որը բավարարում է սույն կանոնակարգի 5-րդ հավելվածի բոլոր պայմաններին միաժամանակ: Ընդ որում, վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառման առումով երկարաժամկետ ստորադաս փոխառություններն ունեն առաջնահերթություն՝ լրացուցիչ կապիտալի այլ տարրերի նկատմամբ, բացառությամբ արտոնյալ բաժնետոմսերի: Ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառությունները, սկսած դրանց մարման ժամկետի սկզբին նախորդող հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 1-ից, լրացուցիչ կապիտալի հաշվարկից պետք է նվազեցվեն դրանց սկզբնական ընդհանուր գումարի քսան տոկոսի չափով:»,
7) Կանոնակարգը լրացնել Հավելված 4-ով և Հավելված 5-ով՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի.
Հավելված 1 Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 135-Ն որոշմամբ |
«Հավելված 4 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 347-Ն որոշման |
ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԱՐՏՈՆՅԱԼ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
1. Արտոնյալ բաժնետոմսն ընդգրկվում է վարկային կազմակերպության հիմնական կապիտալի հաշվարկում, եթե բավարարում է հետևյալ պայմաններին միաժամանակ.
1) այն ամբողջությամբ վճարված է և օրենքով սահմանված կարգով հաշվապահական հաշվեկշռում արտացոլվում է կանոնադրական հիմնադրամի «Արտոնյալ բաժնետոմսեր» հաշվում.
2) վարկային կազմակերպության լուծարման դեպքում արտոնյալ բաժնետիրոջ պահանջները (այդ թվում` շահութաբաժինների գծով) ենթակա են բավարարման վարկային կազմակերպության մյուս բոլոր պահանջատերերի պահանջները բավարարվելուց հետո, բացառությամբ սովորական բաժնետերերի պահանջների.
3) ապահովված չէ վարկային կազմակերպության հետ փոխկապակցված անձանց երաշխիքով կամ երաշխավորությամբ, և (կամ) արտոնյալ բաժնետոմսի սեփականատերը տնտեսապես և (կամ) իրավական տեսանկյունից ավելի բարենպաստ կարգավիճակում չի հայտնվում այն բանի արդյունքում, որ նրա պահանջը, կանոնադրության համաձայն կամ որևէ այլ կերպ, ենթակա է բավարարման ավելի շուտ, քան վարկային կազմակերպության լուծարման դեպքում օրենքով տվյալ պահանջի համար սահմանված բավարարման հերթը: Ընդ որում, արտոնյալ բաժնետոմսի սեփականատիրոջ պահանջը չի կարող հաշվանցվել (զուտացվել) արտոնյալ բաժնետոմսի սեփականատիրոջ` վարկային կազմակերպության հանդեպ ունեցած այլ պարտավորությունների հետ.
4) թողարկված է անժամկետ.
5) արտոնյալ բաժնետոմսի գծով շահութաբաժինը՝ ամբողջությամբ կամ մասամբ, ենթակա չէ վճարման, եթե դա կհանգեցնի վարկային կազմակերպության տնտեսական նորմատիվներից որևէ մեկի խախտմանը կամ վարկային կազմակերպության ֆինանսական վիճակի վատթարացմանը, ընդ որում`
ա. շահութաբաժնի լրիվ կամ մասնակի չվճարումը ենթակա չէ կուտակման և վճարման հետագայում,
բ. վարկային կազմակերպության և արտոնյալ բաժնետիրոջ միջև որևէ իրավաբանական փաստաթղթով չի կարող նախատեսվել որևէ սահմանափակում վարկային կազմակերպության համար շահութաբաժնի ամբողջական կամ մասնակի չվճարման դեպքում, ինչպես նաև որևէ իրավաբանական փաստաթղթով չի կարող նախատեսվել այդպիսի սահմանափակումներ նախատեսելու իրավունքի տրամադրում արտոնյալ բաժնետիրոջը, բացառությամբ, եթե սահմանափակումը վերաբերում է սովորական բաժնետոմսերի գծով շահութաբաժինների վճարմանը: Ընդ որում, սովորական բաժնետոմսերի գծով շահութաբաժինների վճարման՝ սույն պարբերությամբ նշված սահմանափակումը կարող է վերաբերել միայն այն ժամանակահատվածին, որի ընթացքում ամբողջությամբ կամ մասամբ չի վճարվել արտոնյալ բաժնետոմսին հասանելիք շահութաբաժինը.
6) տվյալ բաժնետոմսի գծով շահութաբաժինները ենթակա են վճարման միայն վարկային կազմակերպության զուտ շահույթից և (կամ) դրա հաշվին ձևավորված հիմնադրամներից, ընդ որում, շահութաբաժինները վճարվում են միայն դրամական միջոցով.
7) տվյալ բաժնետոմսերի գծով վճարվող շահութաբաժնի չափը չի կարող կախվածության մեջ դրվել վարկային կազմակերպության վարկանիշից, ֆինանսական վիճակը բնութագրող որևէ ցուցանիշից կամ արտոնյալ բաժնետոմսերի գծով նախկինում վճարված շահութաբաժինների փաստացի մեծությունից.
8) վարկային կազմակերպությունն անուղղակիորեն չի ֆինանսավորել այդ բաժնետոմսերի ձեռքբերումը.
9) առկա չէ համաձայնություն (որոշում, պայմանագիր, համաձայնագիր), որով արտոնյալ բաժնետոմսի սեփականատերն իրավունք կունենա որևէ սահմանափակում կամ խոչընդոտ նախատեսել վարկային կազմակերպության կողմից լրացուցիչ սովորական կամ արտոնյալ բաժնետոմսերի հետագա թողարկման կամ նոր ստորադաս փոխառությունների ներգրավման համար.
10) ցանկացած իրավաբանական փաստաթղթով (բացառությամբ՝ վարկային կազմակերպության կանոնադրության), որով կարգավորվում են վարկային կազմակերպության և արտոնյալ բաժնետիրոջ միջև արտոնյալ բաժնետոմսի հետ կապված հարաբերությունները, սահմանված է, որ սույն հավելվածով սահմանված պահանջները (պայմանները) փոփոխվելու դեպքում, այդ փոփոխությունները ներկայացվում են Կենտրոնական բանկի նախնական համաձայնությանը, առանց որի փոփոխությունները պարտադիր իրավական ուժ չունեն (կողմերի համար չեն առաջացնում իրավական հետևանքներ):
Հավելված 5 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 347-Ն որոշման |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՍՏՈՐԱԴԱՍ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
1. Երկարաժամկետ ստորադաս փոխառությունը (այսուհետ նաև` փոխառություն) ընդգրկվում է վարկային կազմակերպության լրացուցիչ կապիտալի հաշվարկում, եթե փոխառությունը (փոխառության պայմանագիրը) բավարարում է հետևյալ պայմաններին միաժամանակ.
1) Փոխառությունը չի տրամադրվել վարկային կազմակերպության հանդեպ ունեցած որոշակի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:
2) Փոխառությունը ներգրավված է Հայաստանի Հանրապետության դրամով կամ առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով:
3) Վարկային կազմակերպության լուծարման դեպքում փոխատուի պահանջները (այդ թվում` տոկոսների գծով) ենթակա են բավարարման վարկային կազմակերպության մյուս բոլոր պարտատերերի պահանջները բավարարվելուց հետո:
4) Փոխառությունն ապահովված չէ վարկային կազմակերպության և (կամ) վարկային կազմակերպության հետ փոխկապակցված անձանց երաշխիքով կամ երաշխավորությամբ, և (կամ) փոխատուն տնտեսապես և (կամ) իրավական տեսանկյունից ավելի բարենպաստ կարգավիճակում չի հայտնվում այն բանի արդյունքում, որ նրա պահանջը ենթակա է բավարարման ավելի շուտ, քան վարկային կազմակերպության լուծարման դեպքում օրենքով տվյալ պահանջի համար սահմանված բավարարման հերթը: Ընդ որում, փոխատուի պահանջը չի կարող հաշվանցվել (զուտացվել) փոխատուի` վարկային կազմակերպության հանդեպ ունեցած այլ պարտավորությունների հետ:
5) Փոխառությունը տրամադրվել է առնվազն 5 տարի ժամկետով: Ընդ որում, փոխառության պայմանագրով փոխառության մայր գումարի մարում կարող է նախատեսվել միայն փոխառության գումարի լրիվ մարման վերջնաժամկետին նախորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում, իսկ փոխառության պայմանագրի երկարաձգման դեպքում` երկարաձգված ամբողջական մարման վերջնաժամկետին նախորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում (բացառությամբ՝ սույն Հավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով սահմանված կարգով փոխառության ամբողջ գումարի վաղաժամկետ մարման դեպքերի):
6) Փոխառության պայմանագիրը չի պարունակում այնպիսի դրույթներ (խթաններ), որոնք տնտեսապես կամ այլ կերպ կարող են ստիպել (խթանել) վարկային կազմակերպությանը ժամկետից շուտ ամբողջությամբ կամ մասնակիորեն մարել փոխառության գումարը: Սույն հավելվածի 1-ին կետի 17-րդ ենթակետով սահմանված փոխառության` բաժնետոմսերի փոխարկվելու դրույթը չի համարվում սույն ենթակետի իմաստով խթան:
7) Փոխառությունը (մայր գումարը և տոկոսները) ժամկետից շուտ մարման ենթակա չէ, բացառությամբ`
ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի,
բ. եթե ժամկետից շուտ մարման դեպքում փոխառության ամբողջ գումարն ուղղվում է վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամի համալրմանը (սույն կանոնակարգի 16.1-րդ կետի համաձայն հիմնական կապիտալի կազմի մեջ մտնող բաժնետոմսերի տեսքով),
գ. եթե փոխառությունը ժամկետից շուտ մարվում է վարկային կազմակերպության նախաձեռնությամբ, և եթե պահպանվել են հետևյալ բոլոր պայմանները միաժամանակ.
գ1. փոխառությունը ժամկետից շուտ մարելու նպատակով վարկային կազմակերպությունը ստացել է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը,
գ2. փոխառության ժամկետից շուտ մարման ամսաթվի և փոխառության ստացման ամսաթվի միջև տարբերությունը կազմում է առնվազն 5 օրացուցային տարի:
8) Սույն հավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետում նշված նախնական համաձայնությունը ստանալու նպատակով վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում ստորադաս փոխառությունը վաղաժամկետ մարելու նպատակահարմարությունը և դրա արդյունքում անցանկալի հետևանքներ չառաջանալը հիմնավորող տեղեկատվությունը և (կամ) փաստաթղթերը: Կենտրոնական բանկը փաստաթղթերը ստանալու պահից 30-օրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական համաձայնության տրամադրման կամ մերժման վերաբերյալ, որի մասին ծանուցում է վարկային կազմակերպությանը 30-օրյա ժամկետի ավարտից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու և (կամ) վարկային կազմակերպության կողմից ներկայացված փաստաթղթերում փոփոխություններ, ճշգրտումներ կատարելու անհրաժեշտության դեպքում 30-օրյա ժամկետը կարող է կասեցվել Կենտրոնական բանկի որոշմամբ: Կենտրոնական բանկը սույն հավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետում նշված նախնական համաձայնությունը տրամադրում է, եթե`
ա. վարկային կազմակերպությունը փոխարինում է ստորադաս փոխառությունը սույն հավելվածի պահանջներին բավարարող մեկ այլ երկարաժամկետ ստորադաս փոխառությամբ կամ սույն կանոնակարգի 4-րդ հավելվածի պահանջներին բավարարող արտոնյալ բաժնետոմսերով, և այդ փոխարինումը բացասաբար չի անդրադառնա վարկային կազմակերպության ֆինանսական վիճակի վրա, կամ
բ. վարկային կազմակերպությունը հիմնավորում է, որ իր նորմատիվային կապիտալի մակարդակը, առանց սույն կետում նշված ստորադաս փոխառության, բավարար չափով բարձր է, և նոր կապիտալի գործիքով փոխարինելու անհրաժեշտությունը բացակայում է:
9) Պայմանագրի համաձայն՝ փոխառությունը (մայր գումարը կամ տոկոսները) ենթակա չէ մարման վարկային կազմակերպության կողմից, եթե փոխառության գումարի և (կամ) դրա գծով տոկոսների մարումը վճարման օրվա դրությամբ կհանգեցնի վարկային կազմակերպության տնտեսական նորմատիվներից որևէ մեկի խախտմանը: Ընդ որում, վարկային կազմակերպության և փոխատուի միջև որևէ պայմանագրով կամ վարկային կազմակերպության ներքին կամ անհատական իրավական ակտով չի կարող նախատեսվել որևէ սահմանափակում վարկային կազմակերպության համար փոխառության գումարի և (կամ) դրա գծով տոկոսների ամբողջական կամ մասնակի չվճարման դեպքում, ինչպես նաև այդպիսի սահմանափակումներ նախատեսելու իրավունք տրամադրել փոխատուին, բացառությամբ, եթե սահմանափակումը վերաբերում է վարկային կազմակերպության կողմից թողարկված բաժնետոմսերի գծով շահութաբաժինների վճարմանը և (կամ) վարկային կազմակերպության լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվող այլ ստորադաս փոխառությունների գծով վճարումների իրականացմանը:
10) Սույն հավելվածի 1-ին կետի 9-րդ ենթակետում նշված դեպքում փոխառության մայր գումարի և (կամ) տոկոսների մասնակի կամ ամբողջական չվճարումը չի հանդիսանում վարկային կազմակերպության կողմից պարտավորությունների չկատարում կամ ոչ պատշաճ կատարում:
11) Փոխառության գծով վճարման ենթակա տոկոսների մեծությունը չի կարող կախվածության մեջ դրվել վարկային կազմակերպության վարկանիշից, ֆինանսական վիճակը բնութագրող որևէ ցուցանիշից կամ փոխառության գծով կատարված մայր գումարի և (կամ) տոկոսների փաստացի վճարումների մակարդակից: Փոխառության գծով վճարման ենթակա տոկոսների չափը չի կարող նվազել այն դեպքում, երբ փոխառության գծով սահմանված վճարումները վարկային կազմակերպությունը կատարում է ամբողջությամբ և ժամանակին:
12) Որևէ իրավաբանական փաստաթղթով սահմանված չէ փոխատուի համար իրավունք` ժամկետից շուտ պահանջելու փոխառության գումարը միայն այն հիմքով, որ վարկային կազմակերպությունը պատշաճ կերպով չի կատարել այլ պարտավորությունների գծով իր ստանձնած պարտավորությունները:
13) Փոխառությունը չի տրամադրվել այնպիսի իրավաբանական անձի կողմից, որում վարկային կազմակերպությունը հանդիսանում է նշանակալից մասնակից, և (կամ) վարկային կազմակերպությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի ֆինանսավորել այդ փոխառության ներգրավումը:
14) Որևէ իրավաբանական փաստաթղթով սահմանված չէ, որ փոխատուն կարող է որևէ կերպ սահմանափակել կամ խոչընդոտել վարկային կազմակերպությանն այլ փոխատուներից նոր փոխառությունների ներգրավման հարցում:
15) Փոխառության գծով վճարվող գումարների վճարման ժամանակացույցը հստակ նշված է փոխառության պայմանագրում:
16) Այն դեպքում, երբ փոխառության գումարը վարկային կազմակերպությանը տրամադրվում է փուլերով (տրանշերով), ապա լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվելու նպատակով յուրաքանչյուր այդպիսի փուլ (տրանշ) պետք է բավարարի սույն հավելվածով սահմանված բոլոր պայմաններին, այդ թվում` յուրաքանչյուր փուլ պետք է տրամադրվի առնվազն 5 տարի ժամկետով:
17) Փոխառության պայմանագրով նախատեսված է, որ վարկային կազմակերպության ֆինանսական վիճակի վատթարացման դեպքում փոխառությունը մարվում է փոխառության համապատասխան գումարի չափով վարկային կազմակերպության կողմից, իսկ փոխատուն պարտավորվում է մարված փոխառության գումարն անհապաղ ուղղել վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի համալրմանը (այսուհետ՝ փոխարկում)՝ սույն կանոնակարգի 16.1-րդ կետի համաձայն հիմնական կապիտալի կազմի մեջ մտնող բաժնետոմսերի տեսքով: Ընդ որում, սույն ենթակետի իմաստով՝ փոխառության համապատասխան գումար է համարվում այն գումարը, որը, Կենտրոնական բանկի կարծիքով, անհրաժեշտ է վարկային կազմակերպության ֆինանսական վիճակի վատթարացման հիմքերը վերացնելու (մեղմելու) համար, սակայն ոչ ավելի, քան այն առավելագույն գումարը, որով փոխառությունը սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված իրավիճակն ի հայտ գալուն նախորդող 120 օրվա ընթացքում ներառվել է վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի հաշվարկում: Եթե փոխառությունը ներգրավված է առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով, ապա վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի համալրմանն ուղղվող գումարը փոխարկվում է Հայաստանի Հանրապետության դրամի՝ հիմք ընդունելով Կենտրոնական բանկի կողմից փոխարկման օրվա համար հայտարարված տվյալ արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը:
18) Փոխառության պայմանագրով հստակ սահմանվում է այն հարաբերակցությունը, ըստ որի՝ սույն հավելվածի 1-ին կետի 17-րդ ենթակետով սահմանված փոխարկումն իրականացնելու նպատակով փոխառությունը պետք է փոխարկվի հիմնական կապիտալի կազմի մեջ մտնող բաժնետոմսերի:
19) Փոխառության պայմանագրով սահմանվում է, որ փոխառության պայմանագրի փոփոխության և (կամ) լուծելու դեպքում անհրաժեշտ է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը, առանց որի պայմանագրի ցանկացած փոփոխությունը և (կամ) լուծումը պարտադիր իրավական ուժ չունեն (կողմերի համար չեն առաջացնում իրավական հետևանքներ):
2. Սույն կանոնակարգի իմաստով՝ ֆինանսական վիճակի վատթարացում է համարվում հետևյալ իրավիճակներից որևէ մեկի ի հայտ գալը.
1) ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվը նվազում է
ա) 2.5 տոկոսից խնայողական միությունների դեպքում,
բ) 6.5 տոկոսից վարկային միությունների դեպքում,
գ) 8.5 տոկոսից լիզինգային կազմակերպությունների դեպքում,
դ) 10.5 տոկոսից Ֆակտորինգային կազմակերպությունների, ունիվերսալ վարկային կազմակերպությունների և վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների դեպքում,
2) Կենտրոնական բանկը գրավոր կերպով տեղեկացնում է վարկային կազմակերպությանն այն մասին, որ կապիտալի գործիքի դուրսգրումը կամ փոխարկումը հիմնական կապիտալի կազմի մեջ մտնող բաժնետոմսերի՝ անհրաժեշտ է, քանի որ առանց դրա վարկային կազմակերպության մոտ կառաջանան (հնարավոր է, որ առաջանան) օրենքով սահմանված անվճարունակության կամ սնանկության հիմքեր։
3. Այն դեպքերում, երբ փոխառության ներգրավման արդյունքում տվյալ փոխատուից ներգրավված ստորադաս փոխառության արժեքը կգերազանցի վարկային կազմակերպության` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 տոկոսը, կամ փոխատուի՝ վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում ունեցած ձայնի իրավունք տվող մասնակցության և վարկային կազմակերպությանը տրամադրած փոխառության հանրագումարը կգերազանցի վարկային կազմակերպության` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 տոկոսը, ապա նախքան փոխառության գումարը (կամ դրա մի մասը) վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկելը, փոխատուն պետք է ստանա վարկային կազմակերպությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու վերաբերյալ Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի համաձայն:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2019 թ. հոկտեմբերի 4 Երևան |