Գլխավոր տեղեկություն
Номер
N 1821-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.12.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 18.12.2019
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.12.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.12.2019
Дата вступления в силу
19.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2019 թվականի N 1821-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

      

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-332-30.10.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 16

Երևան

 

      

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-332-30.10.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆԸ

    

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

Օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ 2017 թվականի ընթացքում հարուցված և վարույթ ընդունված քրեական գործերից և ոչ մեկը մեղադրական եզրակացությամբ չի ուղարկվել դատարան, ինչը չի համապատասխանում իրականությանը:

Այսպես, առկա են օրենսգրքի 205-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքներով օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռներ այն քրեական գործերով, որոնք հարուցվել և ՊԵԿ-ի քննչական վարչությունում վարույթ են ընդունվել 2017 թվականի1 ընթացքում:

Ինչ վերաբերում է 2017 թվականին վարույթ ընդունված մյուս քրեական գործերը և 2018 թվականին վարույթ ընդունված քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ դատարան չուղարկելուն, ապա դա պայմանավորված է այդ գործերով նախնական քննությունը դեռևս ավարտված չլինելու հանգամանքով: Քննարկվող հանցակազմի կապակցությամբ հարուցված քրեական գործերի բարդ և մեծածավալ լինելու պատճառով՝ դրանց նախնական քննությունը, որպես կանոն, պահանջում է երկար ժամանակահատված: Մանրամասնելով շարադրվածը՝ նշենք, որ քրեական գործի հարուցման փուլը, քրեադատավարական ընթացակարգի մյուս փուլերի համեմատ, ունի իր խնդիրներով պայմանավորված առանձնահատկություններ: Մասնավորապես, քրեադատավարական այս փուլի ընթացքում հետաքննության մարմինը, քննիչը կամ դատախազը, օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում և հանրային-իրավական պարտավորություններին համապատասխան, ժամանակային, ինչպես նաև քննչական և այլ դատավարական գործիքակազմի սահմանափակության պայմաններում պետք է իրականացնեն որոշակի միջոցառումներ՝ պարզելու համար ներկայացված հաղորդման մեջ տեղ գտած այն տվյալները, որոնք վկայում են հանցագործության հատկանիշների առկայության մասին և ըստ այդմ հիմնավորված և պատճառաբանված որոշում կայացնեն քրեական գործ հարուցելու կամ գործի հարուցումը մերժելու մասին: Այս փուլում վարույթն իրականացնող մարմինը հաղորդման նախնական ստուգման միջոցով հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում, ինչպես նաև քրեական գործի վարույթը բացառող դատավարական արգելքների բացակայության պայմաններում պարտավոր է հարուցել քրեական գործ, որից հետո միայն իրականացնել քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բազմակողմանի և լրիվ քննություն: Այս ամենը հաշվի առնելով՝ չպետք է բացառել այն հանգամանքը, որ նշված քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ հետագայում կարող են ուղարկվել դատարան:

 Հարկ է նաև նշել, որ նախագծի ընդունման դեպքում կապաքրեականացվի օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, ուստի, քննարկվող հոդվածով քրեական հետապնդման ենթարկվող և դատապարտված անձանց նկատմամբ քրեական հետապնդումը պետք է չիրականացվի կամ դադարեցվի՝ հանցակազմի բացակայության հիմքով, քանի որ 4-15 միլիոն դրամի չափով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելն այլևս չի դիտվելու որպես հանցագործություն:

Նախագծի հեղինակի դատողությունն առ այն, որ օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված գործիքակազմը, ըստ էության, վերածվել է հարկահավաքության, ընդունելի չէ: Հիմնավորման մեջ նշված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերականգնված գումարի չափի վերաբերյալ տվյալները վկայում են ոչ թե օրենսգրքի 205-րդ հոդվածի՝ հարկահավաքության գործիքի վերածվելու, այլ օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված խրախուսական նորմի լայն կիրառելիության մասին: Այսինքն՝ օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում կասկածյալը (մեղադրյալը) ընդունում է իր արարքով պետությանը վնաս պատճառելու հանգամանքը, համաձայնում վերականգնել հանցագործությամբ պատճառված վնասը, ինչի արդյունքում վերջինս ազատվում է քրեական պատասխանատվությունից՝ 189-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված հիմքով:

Օրենքի նախագծով բարձրացված է նաև պատժի համաչափության սահմանադրական սկզբունքի պահպանման խնդիր, ինչի վերաբերյալ հայտնում ենք, որ պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործությանը քրեաիրավական միջոցներով արձագանքելու պարտադիրությամբ, ինչպես նաև հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ: Պատիժն արդարացի է, եթե համաչափ է կատարված հանցագործությանը, ինչպես նաև բավարար` պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից:

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի բովանդակությանը՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հանրային վտանգավորությունը հանցագործության պարտադիր հատկանիշներից մեկն է: Ընդ որում, օրենսդիրը հանցագործություն է համարում միայն հանրային (հասարակական) վտանգավորության որոշակի աստիճան ունեցող արարքը:

Քրեական իրավունքը պաշտպանում է հասարակական հարաբերությունները վերջիններիս էական վնաս պատճառելուց: Ուստի, որևէ արարքի հատկանիշների միայն ձևական համընկնումը քրեական օրենքով արգելված արարքի հատկանիշների հետ չի կարող հանգեցնել այդ արարքը հանցավոր ճանաչելուն, եթե քրեական օրենքով պահպանվող հասարակական հարաբերություններին դրանով էական վնաս չի պատճառվել և չէր կարող պատճառվել: Այդպիսի արարքը պետք է ճանաչվի քրեաիրավական առումով նվազ կարևոր:

Տվյալ դեպքում հարկը, տուրքը կամ այլ պարտադիր վճարը չվճարելու հանցակազմը կրիմինոլոգիական իմաստով շահադիտական շարժառիթով կատարվող առավել վտանգավոր հանցատեսակներից է, ամենատարածված և հանրային բարձր վտանգավորություն ունեցող հարկային հանցագործություններից: Քննարկվող հանցակազմը կոչված է ապահովելու պետության ֆիսկալ գործառույթի բնականոն ընթացքը, որի խափանումը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել ոչ միայն տնտեսության, այլև առհասարակ՝ երկրի անվտանգության ոլորտում: Հարկերից խուսափելու ցանկացած դեպք անմիջականորեն ազդում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բնականոն համալրման գործընթացների վրա: Նման պայմաններում, գտնում ենք, խոսք չի կարող լինել վարչաիրավական պատասխանատվության մասին:

Հաշվի առնելով շարադրվածը՝ առաջարկում ենք օրենքի նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ և նմանատիպ հանցակազմերի ու, մասնավորապես, տվյալ հանցակազմի խոշոր և առանձնապես խոշոր չափերի նվազագույն շեմերի բարձրացման նպատակահարմարությունը քննարկել Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած նոր քրեական օրենսգրքի նախագծի համատեքստում:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ օրենքի նախագծի գործնական կիրառման հետևանքները հստակեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հարցում է կատարել քննչական մարմիններին՝ պարզելու համար վերջիններիս վարույթում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված, ինչպես նաև տվյալ օրենսդրական նախաձեռնության ընդունման դեպքում կարճման ենթակա գործերի թիվը: Ուշագրավ է, որ քննչական մարմինների կողմից ներկայացված գրություններից պարզ է դարձել, որ ներկայումս քննչական մարմիններից մեկի վարույթում է գտնվում «ԲիԷսԲի» ՍՊԸ-ի կողմից, որի հիմնադիրը Սերգեյ Բագրատյանն է, հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր չներկայացվելու, ինչպես նաև այդ փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցվելու միջոցով առանձնապես խոշոր չափերի հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու (օրենսգրքի 205-րդ հոդված) դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում առկա տվյալների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ «ԲիԷսԲի» ՍՊԸ-ի հիմնադիր Սերգեյ Պապաշի Բագրատյանի բաժնեմասի չափը ներկայումս կազմում է 1.9801980198019802 տոկոս:

Հիմքում ունենալով վարույթն իրականացնող մարմնի կողմից տրամադրված տեղեկատվությունը՝ հարկ է նշել, որ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխության կատարման դեպքում նշված քրեական գործը, ըստ էության, ենթակա կլինի կարճման: Ասվածից բխում է, որ առաջարկվող նախագծի ընդունումն անուղղակիորեն կհանգեցնի պատգամավորի մասնակցությամբ առևտրային կազմակերպության իրավական դրության բարելավմանը, քանի որ նշված քրեական գործը նախագծի ընդունման դեպքում ենթակա կլինի կարճման:

Շարադրվածի համատեքստում հարկ է անդրադառնալ պատգամավորի կողմից նշված նախաձեռնությամբ հանդես գալու էթիկական բաղադրիչին:

2016 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՕ-20-Ն օրենքը (այսուհետ՝ օրենք) սպառիչ կերպով թվարկում է պատգամավորական էթիկայի կանոնները, ինչպես նաև սահմանում «պատգամավորի շահերի բախում» հասկացությունը և շահերի բախում առաջանալու դեպքում պատգամավորի պարտականությունները:

Մասնավորապես, օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատգամավորական էթիկայի կանոններն են` «(...), 4) իր լիազորություններն իրականացնելիս՝ չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով,(...)»:

Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասն իր հերթին սահմանում է հետևյալը.

«1. Պատգամավորի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը, Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձի նախագիծ ներկայացնելը, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցի վերաբերյալ առաջարկ ներկայացնելը, ինչպես նաև Ազգային ժողովի կամ նրա հանձնաժողովի նիստում ելույթ ունենալը, հարցեր տալը կամ քվեարկությանը մասնակցելը, որը թեև ինքնին օրինական է, սակայն պատգամավորը տեղյակ է կամ պարտավոր էր տեղյակ լինել, որ այն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև`

 (...)

3) իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

(…)»:

Նշված երկու նորմի վերլուծությունից բխում է, որ պատգամավորը պարտավոր է իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր անձնական շահերով, ընդ որում, օրենքի իմաստով անձնական շահերով առաջնորդվել է համարվում նաև օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը, եթե պատգամավորը տեղյակ է կամ պարտավոր էր տեղյակ լինել, որ այն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև իր հետ փոխկապակցված անձի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը:

Սույն դեպքում պատգամավոր Ս. Բագրատյանն ուղղակի չէր կարող տեղյակ չլինել իր կողմից ներկայացված նախագծի ընդունման հետևանքների, այն է՝ իր մասնակցությամբ առևտրային կազմակերպության իրավական դրության բարելավման մասին:

Այս առումով օրենքն անդրադառնում է նաև պատգամավորի կողմից տվյալ իրավիճակի առաջացման դեպքում կատարման ենթակա գործողություններին՝ սահմանելով, որ շահերի բախում առաջանալու դեպքում պատգամավորը պարտավոր է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կամ իր անդամակցած հանձնաժողովի նիստում ելույթից կամ քվեարկությունից առաջ հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ, իսկ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալիս, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցի վերաբերյալ առաջարկ ներկայացնելիս՝ համապատասխան փաստաթղթերի հետ ներկայացնել շահերի բախման վերաբերյալ իր գրավոր հայտարարությունը` նկարագրելով շահերի բնույթը: Մինչդեռ նախագծին կից ներկայացված փաստաթղթերի փաթեթը որևէ տեղեկատվություն չի պարունակում շահերի բախման վերաբերյալ:

Անհրաժեշտ է նաև քննարկման առարկա դարձնել այն դեպքերը, երբ սահմանված դրույթները կարող են մեկնաբանվել որպես պատգամավորի կողմից իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը բացառող հանգամանք:

Մասնավորապես, օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասն սպառիչ կերպով սահմանում է այդ դեպքերը՝ նշելով, որ պատգամավորը չի առաջնորդվում իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով, եթե նա հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հանձնաժողովի կամ խմբակցության անունից, կամ տվյալ գործողությունը`

1) վերաբերում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնարկների կամ դրանց պաշտոնատար անձանց գործունեությանը.

2) ունի համընդհանուր կիրառելիություն և անդրադառնում է հասարակության լայն շերտերի վրա՝ այնպես, որ ողջամտորեն չի կարող մեկնաբանվել որպես պատգամավորի կամ նրա հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել.

3) վերաբերում է պատգամավորի վարձատրության չափին, գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցմանը, արտոնություններին կամ գործունեության այլ երաշխիքների:

Նախևառաջ անհրաժեշտ է բացառել այն դեպքը, երբ պատգամավորը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հանձնաժողովի կամ խմբակցության անունից, քանի որ ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ պատգամավորը նախաձեռնությունը ներկայացրել է անձամբ իր անունից:

Ինչ վերաբերում է նշված 3 կետերին, ապա 1-ին և 3-րդ կետերով նախատեսված նախապայմանները նույնպես այս պարագայում կիրառելի չեն, քանի որ օրենսդրական նախաձեռնությունը չի վերաբերում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնարկների կամ դրանց պաշտոնատար անձանց գործունեությանը կամ պատգամավորի վարձատրության չափին, գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցմանը, արտոնություններին կամ գործունեության այլ երաշխիքներին:

 2-րդ կետի հետ կապված՝ պետք է նշել, որ, օրենսդիրը տվյալ նախապայմանը սահմանելիս, այն ուղղակիորեն կապել է պատգամավորի կամ նրա հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելու վերաբերյալ մեկնաբանության բացառման հետ:

 Մինչդեռ, քննարկվող դեպքում պատգամավորի կողմից օրենսդրական նման նախաձեռնությամբ հանդես գալը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես պատգամավորի անձնական շահերով առաջնորդվել, քանի որ առաջարկվող նախագծի ընդունումն անուղղակիորեն կհանգեցնի վերջինիս մասնակցությամբ առևտրային կազմակերպության իրավական դրության բարելավմանը, որպիսի պայմաններում նախագծի ընդունումը նպատակահարմար համարվել չի կարող:

____________________

1 Տե՛ս, օրինակ, ՍԴ/0084/01/19, ՍԴ/0005/01/19 և ԿԴ1/0021/01/18 քրեական գործերը: