Գլխավոր տեղեկություն
Номер
N 1183-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.11.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 31.10.2018
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.10.2018
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
26.10.2018
Дата вступления в силу
01.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2018 թվականի N 1183-Լ

 

«ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-371-26.09.2018-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

2018 թ. հոկտեմբերի 26

Երևան

 

 

«ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-371-26.09.2018-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է որպես հավաքն արգելելու հիմք նախատեսել նաև կրոնական կազմակերպություններին սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում՝ առանց այդ կազմակերպությունների համաձայնության հավաք անցկացնելը՝ առաջարկվող փոփոխությունը հիմնավորելով միայն կրոնական կազմակերպություններին սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում հավաքների անցկացումը կանոնակարգելու անհրաժեշտությամբ, մինչդեռ նշված կարգավորման անհրաժեշտությունը և հիմնավորվածությունը գնահատելու համար հարկ ենք համարում քննարկել հավաքների ազատության ու դրա սահմանափակումների էությունը։

Հավաքների ազատության պաշտպանությունն առանցքային նշանակություն ունի ժողովրդավարական պետության համար` հանդիսանալով քաղաքացիական հասարակության կայացման, հասարակության անդամի կողմից հանրության շրջանում իր կարծիքն ազատորեն արտահայտելու, հանրային կարծիքի ձևավորման գործընթացին մասնակցելու և ժողովրդաիշխանության իրականացման անհրաժեշտ նախապայման, հասարակության, նրա առանձին շերտերի ու խավերի և իշխանության միջև երկխոսության գործուն միջոց:

Այս իրավունքի կարևորությունն ընդգծվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արտահայտել է դիրքորոշում այն մասին, որ հավաքների ազատության իրավունքը ժողովրդավարական հասարակությունում հիմնարար իրավունք է, այդպիսի հասարակության հիմնաքարերից մեկը, իսկ իշխանությունները որոշակի հանդուրժողականություն պետք է ցուցաբերեն խաղաղ հավաքների նկատմամբ, և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեցիայով երաշխավորված հավաքների ազատությունը չպետք է զրկվի իր ողջ էությունից1: Ezelin ընդդ. Ֆրանսիայի գործով, դատարանը վճռել է, որ «խաղաղ հավաքի մասնակցելու ազատությունն [...] այնքան կարևոր է, որ այն որևէ կերպ չի կարող սահմանափակվել, [...] քանի դեռ համապատասխան անձն ինքն այդ հավաքի շրջանակներում չի կատարել որևէ դատապարտելի արարք»2:

2015 թվականի դեկտեմբերի 6-ին իրականացված Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Սահմանադրության 44-րդ հոդվածով սահմանվեց, որ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք: Նույն հոդվածի 5-րդ մասով նախանշվեցին այն նպատակները, որոնց առկայության դեպքում կարող է սահմանափակվել հավաքների ազատությունը: Մասնավորապես, որպես հավաքների ազատության սահմանափակման նպատակ Սահմանադրության 44-րդ հոդվածով առանձնացվեցին պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Միաժամանակ, Սահմանադրության 44-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվեց, որ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով:

Այսինքն, սահմանադրական բարեփոխումների պահանջն էր «Հավաքների ազատության մասին» օրենքով հստակ նախատեսել այն հիմքերը, որոնց առկայության դեպքում կարող է սահմանափակվել հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունքը: Վերը նշված պահանջը սերտորեն փոխկապակցված է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներով ամրագրված՝ որոշակիության և համաչափության սկզբունքների հետ:

Հաշվի առնելով Սահմանադրության 78-րդ հոդվածով ամրագրված համաչափության սկզբունքի էությունը և բովանդակությունը՝ «Հավաքների ազատության մասին» օրենքում նախատեսվող հավաքների ազատության իրավունքի սահմանափակման հիմքերը պետք է ապահովվեն այդ իրավունքի սահմանափակման համար ընտրված միջոցների պիտանիությունը և անհրաժեշտությունը Սահմանադրությամբ սահմանված նպատակներին հասնելու համար, և բացի այդ անհրաժեշտ է ապահովել սահմանափակման համար ընտրված միջոցների համարժեքությունը սահմանափակվող հիմնական իրավունքի նշանակությանը:

Տվյալ դեպքում առաջարկվող հավաքների ազատության արգելքի նպատակը, ինչպես բխում է Նախագծի հիմնավորումներից, հասարակական կարգի պահպանությունն է և կրոնական անհանդուրժողականության վերացումը: Մինչդեռ, ինչպես բխում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներից և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ուղենիշներից3, հասարակական կարգի պահպանության նպատակով արգելքների սահմանումը կարող է արդարացված համարվել միայն այն դեպքում, երբ առկա են ապացույցներ առ այն, որ հավաքի մասնակիցները կարող են իրականացնել կամ դրդել անօրինական և հասարակական կարգը խախտող գործողությունների, և կա այդ գործողությունների տեղի ունենալու հավանականություն:

Բացի այդ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ուղենիշների 38-րդ կետի համաձայն՝ արգելքը վերջին միջոցն է, որի կիրառության հարցը պետք է քննարկել միայն այն դեպքում, երբ նվազ խիստ միջոցառումը չի ապահովի այլ էական շահեր երաշխավորելու առումով իշխանությունների հետապնդած նպատակի իրագործումը: Ավելին, հաշվի առնելով խաղաղ հավաքները պաշտպանելու համար համարժեք միջոցներ ձեռնարկելու` պետության պոզիտիվ պարտականությունը, արգելքը կարող է փաստացի դառնալ պետության պոզիտիվ պարտավորությունների չկատարում:

Ինչ վերաբերում է կրոնական անհանդուրժողականության վերացման նպատակով հավաքի անցկացման արգելքին, ապա «Հավաքների ազատության մասին» օրենքի 19-րդ հոդվածով այն նախատեսված է որպես հավաքն արգելելու հիմք: Այսպես՝ հավաքն արգելվում է, եթե հավաքի նպատակը (...) կրոնական ատելություն բորբոքելն է:

Ամփոփելով վերոգրյալը՝ կարելի է արձանագրել, որ հավաքների ազատության նման արգելքի սահմանումը թեև չի բխում հասարակական կարգի պահպանության նպատակից, այդուհանդերձ այն կարող է հիմնավորված լինել այլոց իրավունքների պաշտպանության անհրաժեշտության տեսանկյունից: Այսպես, հարկ է նկատել, որ հավաքների անցկացումը կարող է խախտել օրինակ կրոնական ազատության իրավունքը: Ինչպես նշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Öllinger v. Austria (2006) գործով հավաքին չմասնակցող անձանց իրավունքները կարող են խախտվել հավաքի անցկացման հետևանքով, այդպիսի իրավունքներից է կրոնական ազատության իրավունքը: Այդ հիմքով հավաքը արգելելու համար անհրաժեշտ է համոզվել, որ հավաքը անմիջականորեն խաթարում է կրոնական ազատության իրավունքի իրականացումը: Ընդ որում, լիազոր մարմինը նման վտանգի առկայության դեպքում պետք է հավաքի կազմակերպչի հետ քննարկի այլոց իրավունքների խախտումներից խուսափելու տարբերակները: Հետևաբար, Սահմանադրությամբ և «Հավաքների ազատության մասին» օրենքում նախատեսված «այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության» հիմքով հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը իրավաչափ է՝ անկախ առաջարկվող հիմքը օրենքում ամրագրելուց:

Միաժամանակ, հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում գրեթե բոլոր եկեղեցիները ներառված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 385-Ն որոշմամբ հաստատված ցանկում, որոնց տարածքում կամ դրանց անմիջական հարևանությամբ անցկացվելիք հավաքի նկատմամբ առանձին սահմանափակումներ կիրառելու կամ այն արգելելու վերաբերյալ դրույթներ են նախատեսված «Հավաքների ազատության մասին» օրենքի 17-րդ հոդվածով:

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է, և առաջարկվում է գործող օրենքի փոփոխվող հոդվածը թողնել անփոփոխ:

 

___________

1 Տես Աշուղյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 17.07. 2008 թվականի վճիռը:

2 Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Ezelin ընդդ. Ֆրանսիայի, 1991 թ. ապրիլի 26-ի դատավճիռ, կետ 53:

3  https://www.osce.org/odihr/73405?download=true

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան