ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 փետրվարի 2019 թվականի |
թիվ 23 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ համապատասխանաբար՝ Արձանագրություն, Պայմանագիր) 10-րդ կետի 3-րդ ենթակետին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության կարգի (այսուհետ՝ Գործերի քննության կարգ) 44-րդ և 45-րդ կետերին համապատասխան, քննության է առել անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին՝ «Աէրոֆլոտ-ռուսական ավիաուղիներ» հանրային բաժնետիրական ընկերության (ՀՎՆՀ 7712040126, Ռուսաստանի Դաշնություն, 119002, քաղ. Մոսկվա, Արբատ փող., 10) (այսուհետ՝ «Աէրոֆլոտ» ՀԲԸ), «Ռոսսիյա» Ավիաընկերություն» բաժնետիրական ընկերության (ՀՎՆՀ 7810814522, Ռուսաստանի Դաշնություն, 196240, քաղ. Սանկտ Պետերբուրգ, Պիլոտների փող., տ. 18/4) (այսուհետ՝ «Ռոսսիյա» ԲԸ), «Դոնավիա» բաժնետիրական ընկերության (ՀՎՆՀ 6166041242, Ռուսաստանի Դաշնություն, 344009, քաղ. Դոնի Ռոստով, Շոլոխովի պող., տ. 270բ) (այսուհետ՝ «Դոնավիա» ԲԸ), «Սիբիր» Ավիաընկերություն» հանրային բաժնետիրական ընկերության (ՀՎՆՀ 5448100656, Ռուսաստանի Դաշնություն, 633104, Նովոսիբիրսկի շրջան, քաղ. Օբ-4) (այսուհետ՝ «Սիբիր» ՀԲԸ) և «Ուրալյան ավիաուղիներ» բաց բաժնետիրական ընկերության (ՀՎՆՀ 6608003013, Ռուսաստանի Դաշնություն, 620025, քաղ. Եկատերինբուրգ, Ուտրեննիյ նրբ., 1դ) (այսուհետ՝ «Ուրալյան ավիաուղիներ» ԲԲԸ) նկատմամբ 2016 թվականի մարտի 16-ին հարուցված գործը (այսուհետ, համապատասխանաբար՝ ավիաընկերություններ, գործ)՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի 1-ին կետի խախտման հատկանիշներով, ինչն արտահայտվել է 2016 թվականի հունիսի 23-ից մինչև հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում և հուլիսի 11-ին «Վերին Լարս» հսկիչ անցակետը ժամանակավորապես փակ լինելու հետևանքով Երևան-Մոսկվա, Երևան-Կրասնոդար, Երևան-Սոչի, Երևան-Դոնի Ռոստով երթուղիներով (երկու ուղղություններով) ավիատոմսերի արժեքի աճով:
Գործերի քննության կարգի 23-րդ կետին համապատասխան՝ 2018 թվականի հունիսի 1-ին գործի քննության հանձնաժողովի նախագահ՝ Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի (այսուհետ՝ Դեպարտամենտ) տնօրեն Ա.Գ. Սուշկևիչը հայտարարեց գործի քննությունն ավարտելու մասին՝
գործի քննության հանձնաժողովի անդամներ՝
Դեպարտամենտի տնօրենի տեղակալ՝ Գ.Բ. Արամյանի.
Դեպարտամենտի տնօրենի տեղակալ՝ Բ.Ա. Իսաևի.
Դեպարտամենտի տնօրենի տեղակալ՝ Ա.Ա. Կալիևի.
Դեպարտամենտի՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության բաժնի խորհրդական՝ Բ.Տ. Իմանբեկի.
Դեպարտամենտի՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության բաժնի խորհրդական՝ Ե.Պ. Կրիվցունի.
պատասխանող կողմերի (նրանց ներկայացուցիչների)՝
2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ Դ-389/17 լիազորագրի հիման վրա «Աէրոֆլոտ» ՀԲԸ-ի ներկայացուցիչ՝ Ա.Վ. Ուվարովայի.
2018 թվականի ապրիլի 16-ի թիվ Դ-232/18 լիազորագրի հիման վրա «Ռոսսիյա» ԲԸ-ի ներկայացուցիչ՝ Ե.Պ. Կովալյովայի ներկայությամբ:
Արձանագրության 58-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովը ստացել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դիմումը (2016 թվականի հուլիսի 15-ի մտից № 9231) (այսուհետ՝ Դիմում), որով նշվում է Պայմանագրի 76-րդ հոդվածի 1-ին կետի հնարավոր այնպիսի խախտման հատկանիշների առկայությունը, որն արտահայտվել է 2016 թվականի հունիսի 23-ից մինչև հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում և հուլիսի 11-ին «Վերին Լարս» հսկիչ անցակետը ժամանակավորապես փակ լինելու հետևանքով Երևան-Մոսկվա, Երևան-Կրասնոդար, Երևան-Սոչի, Երևան-Դոնի Ռոստով երթուղիներով (երկու ուղղություններով) կանոնավոր չվերթների ավիատոմսերի արժեքի բարձրացմամբ, որոնք իրականացվում են «Աէրոֆլոտ» ՀԲԸ, «Սիբիր» ՀԲԸ, «Ուրալյան ավիաուղիներ» ԲԲԸ, «ՅուՏէյր» Ավիաընկերություն» ՀԲԸ, «ՎԻՄ-ԱՎԻԱ» Ավիաընկերություն» ՍՊԸ, «Սևերնի Վետեր» ՍՊԸ ռուսական ավիաընկերությունների կողմից:
Դիմումի քննության, ինչպես նաև Հանձնաժողովի հարցմամբ ստացված՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի 1-ին կետի հնարավոր այնպիսի խախտման հատկանիշների առկայության հետ կապված տեղեկատվության արդյունքներով, որն արտահայտվել է՝ 2016 թվականի հունիսի 23-ից մինչև հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում և հուլիսի 11-ին հսկիչ անցակետը ժամանակավորապես փակ լինելու հետևանքով կանոնավոր չվերթների ավիատոմսերի արժեքի բարձրացմամբ, Հանձնաժողովը՝ Արձանագրության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 97 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին դիմումների (նյութերի) քննության կարգին (այսուհետ՝ Դիմումների քննության կարգ), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հետաքննության անցկացման կարգին (այսուհետ՝ Հետաքննության անցկացման կարգ), և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մայիսի 14-ի թիվ 112 որոշման 1-ին կետին համապատասխան և դրանց հիման վրա կայացրել է՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հետաքննություն անցկացնելու մասին 2016 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը:
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) այն լիազորված մարմինները, որոնց իրավասության մեջ է մտնում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը և (կամ) անցկացումը (Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարություն, Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարություն, Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հակամենաշնորհային կարգավորման պետական գործակալություն, Դաշնային հակամենաշնորհային ծառայություն), Հանձնաժողով են ներկայացրել՝ Հանձնաժողովի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հետաքննություն անցկացվելու ժամանակ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար պատասխանատու աշխատակիցների թեկնածությունների վերաբերյալ առաջարկություններ՝ Դիմումների քննության կարգի 13-րդ կետին համապատասխան:
Հետաքննության անցկացման կարգի 6-րդ կետին համապատասխան՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների առկայության կամ բացակայության մասին եզրակացություն անելու համար անհրաժեշտ տեղեկությունների անբավարարության, Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հետաքննության ժամկետը երկարաձգելու մասին 2016 թվականի դեկտեմբերի 13-ի որոշման կապակցությամբ, Հանձնաժողովը՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հետաքննության (այսուհետ՝ հետաքննություն) անցկացման ժամկետը երկարաձգել է 60 աշխատանքային օրով:
Արձանագրության, Հետաքննության անցկացման կարգին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հունվարի 30-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ Մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկային (այսուհետ՝ Մեթոդիկա) համապատասխան և դրանց հիման վրա՝ հետաքննության ընթացքում Դեպարտամենտի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից, անդամ պետությունների մարմիններից գրավոր հարցվել են Դիմումի մեջ շարադրված փաստերի հիման վրա առկա փաստաթղթերի, տեղեկությունների վերաբերյալ, ինչպես նաև 2015 թվականից մինչև 2017 թվականն ընկած ժամանակահատվածը ներառյալ, այդ թվում՝ 2016 թվականի հունիսի 23-ից մինչև հուլիսի 6-ը և հուլիսի 11-ին հսկիչ անցակետը ժամանակավորապես փակ լինելու ժամանակահատվածում առանձին, մեկ անդամ պետությունից մյուս անդամ պետություն ուղղություններով օդային տրանսպորտով միջազգային ուղևորափոխադրումների ծառայությունների արժեքի ձևավորման կարգի մասին հետաքննության անցկացման համար անհրաժեշտ տեղեկատվություն, փաստաթղթեր, տեղեկություններ, պարզաբանումներ, այդ թվում՝ գաղտնի:
Անցկացված հետաքննության արդյունքների հիման վրա և հետաքննության արդյունքներով նախապատրաստված՝ օդային տրանսպորտով ուղևորների միջազգային օդային փոխադրման հետ կապված ծառայությունների անդրսահմանային ապրանքային շուկայում մրցակցության իրավիճակի գնահատման արդյունքների մասին վերլուծական հաշվետվության հիման վրա Հանձնաժողովը պարզեց, որ 2015 թվականի երկրորդ կիսամյակից մինչև 2016 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում մեկնման կետերի և նշանակման կետերի միջև օդային (ավիացիոն) տրանսպորտով ուղևորների միջազգային փոխադրման հետ կապված ծառայություններն իրականացվել են ըստ սահմանված հետևյալ կանոնավոր երթուղիների՝
Երևան-Մոսկվա (երկու ուղղություններով), որտեղ հայտնաբերվել են գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսավարող սուբյեկտներ՝ «Աէրոֆլոտ» ՀԲԸ և «Սիբիր» ՀԲԸ, որոնց համախառն մասնաբաժինը շուկայում կազմում է 50 տոկոսից ոչ պակաս.
Երևան-Սոչի (երկու ուղղություններով), որտեղ հայտնաբերվել են գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսավարող սուբյեկտներ՝ «Ռոսսիյա» Ավիաընկերություն» ԲԸ և «Դոնավիա» ԲԸ, որոնց համախառն մասնաբաժինը շուկայում կազմում է 50 տոկոսից ոչ պակաս.
Երևան-Կրասնոդար (երկու ուղղություններով), որտեղ հայտնաբերվել են գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսավարող սուբյեկտներ՝ «Ուրալյան ավիաուղիներ» ԲԲԸ և «Դոնավիա» ԲԸ, որոնց համախառն մասնաբաժինը շուկայում կազմում է 50 տոկոսից ոչ պակաս.
Երևան-Դոնի Ռոստով (երկու ուղղություններով), որտեղ հայտնաբերվել են գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսավարող սուբյեկտներ՝ «Ուրալյան ավիաուղիներ» ԲԲԸ և «Դոնավիա» ԲԸ, որոնց համախառն մասնաբաժինը շուկայում կազմում է 50 տոկոսից ոչ պակաս:
Մեթոդիկայի 11-22-րդ կետերին համապատասխան՝ Երևան-Մոսկվա, Երևան-Կրասնոդար, Երևան-Սոչի, Երևան-Դոնի Ռոստով (երկու ուղղություններով) ուղղություններով ապրանքային շուկաների ապրանքատեսակային սահմանները որոշելիս փոխադարձ փոխարինելի ապրանքներ չեն հայտնաբերվել:
Ապրանքային շուկաների աշխարհագրական սահմանները որոշվել են՝ Երևան-Մոսկվա, Երևան-Կրասնոդար, Երևան-Սոչի, Երևան-Դոնի Ռոստով (երկու ուղղություններով) ուղղություններով՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մեկնման կետերի ու նշանակման կետերի միջև: Շուկաներն անդրսահմանային են, քանի որ երկու անդամ պետության տարածքն են ներառում:
Հետաքննության ընթացքում ավիափոխադրողի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա իրականացվել է նշված ուղղություններով ավիափոխադրողների ավիատոմսերի միջին արժեքի դինամիկայի վերլուծություն, որը ցույց է տվել հսկիչ անցակետը ժամանակավորապես փակ լինելու ժամանակահատվածում (2016 թվականի հունիսի 23-ից մինչև հուլիսի 6-ը և հուլիսի 11-ին) որոշակի ուղղություններով ավիատոմսերի միջին արժեքի ավելացում: Երևան-Կրասնոդար և Երևան-Դոնի Ռոստով (երկու ուղղություններով) ուղղություններով՝ մինչև հսկիչ անցակետը փակելը (մինչև 2016 թվականի հունիսի 23-ը) և դրա բացելուց հետո (2016 թվականի հուլիսի 12-ից) ընկած ժամանակահատվածում մինչև թռիչքը 2 օր առաջ ավիատոմս գնելու դեպքում ավիատոմսերի միջին արժեքը տատանվել է 6-10 հազար ռուբլու սահմաններում, այն դեպքում, երբ հսկիչ անցակետի փակ եղած ժամանակահատվածում (2016 թվականի հունիսի 23-ից մինչև հուլիսի 11-ը) ավիատոմսերի միջին արժեքը հասել է 25 հազ. ռուբլու:
Անցկացված հետաքննության արդյունքներով ավիաընկերությունների («Աէրոֆլոտ» ՀԲԸ, «Ռոսսիյա» ԲԸ, «Դոնավիա» ԲԸ, «Սիբիր» ՀԲԸ, «Ուրալյան ավիաուղիներ» ԲԲԸ) գործողություններում Պայմանագրի 76-րդ հոդվածի 1-ին կետի խախտումների հատկանիշների առկայության հետ կապված, որն արտահայտվել է հսկիչ անցակետի ժամանակավորապես փակված լինելու ժամանակահատվածում (2016 թվականի հունիսի 23-ից մինչև հուլիսի 6-ը և հուլիսի 11-ին) ավիատոմսերի արժեքի բարձրացմամբ, Արձանագրության, Հետաքննության անցկացման կարգին և Գործերի քննության կարգին համապատասխան և դրանց հիման վրա Հանձնաժողովը՝ մրցակցության կանոնների խախտման մասին գործ հարուցելու և քննելու մասին 2017 թվականի մարտի 16-ի որոշման հիման վրա գործ է հարուցել և ստեղծել գործի քննության հանձնաժողով:
Ավիատոմսերի գնի ձևավորման կարգին առնչվող հարցի ուսումնասիրության նպատակներով Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով և Դաշնային հակամենաշնորհային ծառայություն ուղարկվել է առանձին դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հիմնավորված միջնորդություն, մասնավորապես՝ ավիատոմսերի ամրագրման համակարգերի ուսումնասիրության մասով փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ, այդ թվում՝ ավիաընկերությունների կողմից տրված (սահմանված) աշխատանքի կանոնների (պարամետրերի): Այս առնչությամբ Գործերի քննության կարգին համապատասխան և դրա հիման վրա 2017 թվականի մարտի 22-ի որոշմամբ գործի քննությունը կասեցվել է:
2017 թվականի օգոստոսի 4-ին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հաղորդել է իր կողմից փորձաքննություն անցկացվելու հնարավորության բացակայության մասին, քանի որ չի տիրապետում ամրագրման համակարգերի մասին համապատասխան տեղեկատվության:
Դաշնային հակամենաշնորհային ծառայության կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 2016 թվականի հունիսի 23-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում և հուլիսի 11-ին ավիաընկերությունների կողմից կիրառվող սակագները կիրառվել են նաև այլ ամսաթվերի՝ ինչպես մինչև հսկիչ անցակետի փակելը, այնպես էլ այն բացելուց հետո: Սակագների ենթադասերը կիրառելու համար օգտագործվում են եկամտաբերության կառավարման ծրագրային պրոդուկտներ: Եկամտաբերության կառավարման համակարգչային համակարգերն ավիաընկերության սակագնի հաշվարկ կամ փոփոխություն չեն կատարում, այլ կատարում են տվյալների հավաքագրման, վերլուծության, պահանջարկի և առաջարկի կանխատեսման գործառույթներ: Ավիաընկերություններն առանձին վերցված ուղղության համար ինքնարժեքով պայմանավորված սակագների հաշվարկ չեն կատարում: Ավիափոխադրման համար գնի կառուցվածքը որոշվում է բացառապես այնպիսի շուկայական պայմաններով, որոնք են՝ պահանջարկը, ընթացիկ բեռնվածության ցուցանիշները, պատմական տվյալները, մրցակիցների սակագների մակարդակը, փոխադրման ծավալը և այլ գործոններ:
Գործի կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքների վերացման կապակցությամբ 2018 թվականի հունվարի 29-ի որոշմամբ գործի քննությունը վերսկսվել է:
Գործի քննության կարգին համապատասխան՝ լսվել են դրա քննությանը (2018 թվականի փետրվարի 14-ին, մարտի 6-ին, ապրիլի 17-ին, մայիսի 15-ին, մայիսի 25-ին և հունիսի 1-ին) մասնակցող անձինք, ուսումնասիրվել և քննարկվել են ստացված այն միջնորդությունները, որոնց համաձայն կայացվել են համապատասխան որոշումներ, որոնք արտացոլվել են գործի քննության հանձնաժողովի նիստի արձանագրություններում, ուսումնասիրվել են ապացույցներ, լսվել են գործի քննությանը մասնակցած անձանց կարծիքները և պարզաբանումները գործում մասնակցող այլ անձանց կողմից ներկայացված ապացույցների վերաբերյալ:
Համաձայն «Աէրոֆլոտ» ՀԲԸ-ի տեղեկատվության և գործի քննության ընթացքում ավիաընկերության ներկայացուցչի կողմից տրված պարզաբանումների՝ «Աէրոֆլոտ» ՀԲԸ-ն իրականացնում է Մոսկվա-Երևան (երկու ուղղություններով) երթուղով փոխադրումը: Սոչի-Երևան (երկու ուղղություններով) ուղղությամբ ուղևորների փոխադրումը կատարվում է «Ռոսսիյա» ԲԸ-ի կողմից: Ընդ որում, «Աէրոֆլոտ» ՀԲԸ-ն և «Ռոսսիյա» ԲԸ-ն կնքել են 2014 թվականի մարտի 26-ի կոդ-շերինգ համաձայնություն, համաձայն որի պայմանավորվել են «Աէրոֆլոտ» ՀԲԸ-ի ծածկագրի ներքո համատեղ կանոնավոր չվերթներ կատարելու մասին: Բացի այդ, 2016 թվականի հունիս-հուլիս ամիսների ժամանակահատվածում Մոսկվա-Երևան (երկու ուղղություններով) երթուղով՝ հրապարակված սակագների մակարդակները չեն բարձրացվել (Հանձնաժողով ուղարկված 2018 թվականի մարտի 6-ի թիվ 902-471 գրություն):
Գործերի քննության կարգին համապատասխան՝ գործով ապացույցների ուսումնասիրությունից, գործի քննությանը մասնակցող անձանց կարծիքները շարադրելուց, ուսումնասիրվող հանգամանքների մասին տեղեկությունների տիրապետող անձանց հարցում անցկացնելուց հետո պարզվել է՝
համաձայն՝ 2017 թվականի օգոստոսի 10-ի թիվ A53-564/2017 գործով Ռոստովի մարզի Արբիտրաժային դատարանի որոշման, «Դոնավիա» ԲԸ-ն ճանաչվել է սնանկ և 2016 թվականի մարտի 27-ից դադարել է ավիափոխադրումներ կատարել, այսինքն՝ ենթադրյալ խախտման ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նշանակման կետերի միջև միջազգային օդային փոխադրումներ չի կատարել.
Երևան-Մոսկվա, Երևան-Կրասնոդար, Երևան-Դոնի Ռոստով երթուղիներով (երկու ուղղություններով) 2015 թվականի երկրորդ կիսամյակից մինչև 2016 թվականի հուլիս ամիսը ժամանակահատվածի համար ապրանքային շուկաներում «Ուրալյան ավիաուղիներ» ԲԲԸ-ի մասնաբաժինը կազմել է յուրաքանչյուր ապրանքային շուկայի ընդհանուր ծավալի 15 տոկոսից պակաս, ինչը նրան հնարավորություն չի տվել շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների վրա որոշիչ ազդեցություն գործելու, կամ շուկայի մյուս մասնակիցներին դուրս մղելու, կամ այդ ապրանքային շուկա հասանելիությունը դժվարեցնելու, այսինքն՝ «Ուրալյան ավիաուղիներ» ԲԲԸ-ն գերիշխող դիրք չի զբաղեցրել.
սակագների ենթադասերը արդյունավետ կիրառելու համար ավիաընկերություններն օգտագործում են եկամտաբերության կառավարման ծրագրային պրոդուկտներ: Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 155 հրամանով հաստատված՝ Քաղաքացիական ավիացիայի բնագավառում տուրքերի գանձման, ուղևորների և ուղեբեռի կանոնավոր օդային փոխադրումների համար սակագների ձևավորման և կիրառման կանոններին համապատասխան, ավիաընկերություններն ինքնուրույն սահմանում են այն սակագների խմբերը, որոնց մեջ կարող են սահմանվել մի քանի ենթադասեր: Ուղևորափոխադրման սակագինը ներառում է այն ծախսերը, որոնք առնչվում են ուղևորի, նրա ուղեբեռի՝ ուղեբեռի անվճար փոխադրման նորմայի սահմաններում, փոխադրման ապահովմանը և կատարմանը, ամրագրմանը, վճարումների ձևակերպմանը, փոխադրման փաստաթղթերի ձևակերպմանը (բացառությամբ ամրագրման չեղարկման, վերադարձի ենթակա գումարների հաշվարկման, գումարների վերադարձի ձևակերպման համար գործողությունների դիմաց վճարի և ուղևորների օդային փոխադրման պայմանագրի պայմանների փոփոխության գործողությունների դիմաց վճարի), օդանավակայաններում, օդանավի մեջ, չվերթն ուշացնելու, չվերթը չեղյալ հայտարարելու, փոխադրման երթուղին փոխելու դեպքում ուղևորի սպասարկմանը, նրա ուղեբեռի մշակմանը՝ ուղեբեռի անվճար փոխադրման նորմայի սահմաններում, 2-ից մինչև 12 տարեկան հասակի երեխաներին զեղչերի տրամադրմանը, ինչպես նաև՝ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 82 հրամանով հաստատված՝ «Ուղևորների, ուղեբեռի, բեռների և օդային փոխադրումների ընդհանուր կանոններ և ուղևորների, բեռնառաքողների, բեռն ստացողների սպասարկմանը ներկայացվող պահանջները» Դաշնային ավիացիոն կանոններին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության այլ նորմատիվ իրավական ակտերի, Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերին, մեկնման, նշանակման և տարանցման երկրի օրենսդրությանը և փոխադրողի կանոններին համապատասխան այլ ծախսեր: Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն (և հետադարձ ուղղությամբ) միջազգային ավիացիոն ուղևորափոխադրումների տոմսերի արժեքի ձևավորման ժամանակ ավիաընկերությունների կողմից օգտագործվում են այնպիսի ծրագրային պրոդուկտներ, որոնք երրորդ երկրների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) մտավոր սեփականության օբյեկտներ են: Այդպիսի ծրագրային պրոդուկտներին՝ երրորդ երկրների մտավոր սեփականության օբյեկտներին են դասվում՝
Sabre AirVision Market Intelligence՝ եկամտաբերության կառավարում.
airRM revenue management systems՝ եկամտաբերության կառավարում.
PROS RMS՝ եկամտաբերության կառավարում.
Fare Manager՝ սեփական սակագների և մրցակիցների սակագների տվյալների շտեմարան.
Infare՝ վաճառքի համար հասանելի սակագների մասով մրցակիցների մշտադիտարկում:
Բացի եկամտաբերության կառավարման ծրագրերից՝ օգտագործվում են վաճառքի և ամրագրման, տեղերի ռեսուրսների տեղաբաշխման, տոմսերի էլեկտրոնային գրանցման, ուղեբեռի և այլնի գրանցման համար ծրագրեր: Ծրագրերն աշխատում են փոխկապակցված և տվյալները միմյանց միջև փոխանցում են ավտոմատ կերպով:
Եկամտաբերության կառավարման ծրագրերը նախատեսում են բազկաթոռների ռեսուրսի տեղաբաշխում՝ ըստ ընտրված չվերթների համար սակագնային դասերի, թռիչքային երթուղով պայմանավորված՝ դրանց արժեքը և այլն: Եկամտաբերության կառավարման ծրագրերով սակագների խմբերում ենթադասերի բացումն ավտոմատ է իրականացվում է, իսկ փաստացի տվյալների՝ պատմականից շեղվելու դեպքում հնարավոր է ձեռքի ռեժիմով տվյալների ճշգրտում:
2016 թվականի հունիսի 23-ից մինչև հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում և հուլիսի 11-ին ավիաընկերությունների կողմից սակագնային ենթադասերի կիրառման՝ ձեռքով կատարված այնպիսի ճշգրտման ապացույցներ, որոնք հանգեցրել են (կարող էին հանգեցնել) նշված ուղղություններով ավիատոմսերի արժեքի ավելացմանը, չեն հայտնաբերվել, ավիափոխադրողները խախտման փաստը չեն ընդունել: Հսկիչ անցակետի ժամանակավորապես փակ լինելու ժամանակահատվածում (2016 թվականի հունիսի 23-ից մինչև հուլիսի 6-ը և հուլիսի 11-ին) որոշակի երթուղիներով ավիատոմսերի միջին արժեքի ավելացման դինամիկան, ինչը պարզվել է հետաքննության ընթացքում, որոշվում է ծրագրային պրոդուկտներում օգտագործվող տվյալների կիրառման ալգորիթմով:
Հաշվի առնելով շարադրվածը՝ Հանձնաժողովը հանգել է այն եզրակացությանը, որ «Աէրոֆլոտ» ՀԲ-ի, «Ռոսսիյա» ԲԸ-ի, «Դոնավիա» ԲԸ-ի, «Սիբիր» ՀԲԸ-ի և «Ուրալյան ավիաուղիներ» ԲԲԸ-ի գործողություններում բացակայում են Պայմանագրի 76-րդ հոդվածի 1-ին կետի խախտումները, որն արտահայտվել է 2016 թվականի հունիսի 23-ից մինչև հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում և հուլիսի 11-ին հսկիչ անցակետի ժամանակավորապես փակ լինելու հետևանքով Երևան-Մոսկվա, Երևան-Կրասնոդար, Երևան-Սոչի, Երևան-Դոնի Ռոստով երթուղիներով (երկու ուղղություններով) ավիատոմսերի արժեքի բարձրացմամբ:
Ղեկավարվելով Արձանագրության 10-րդ կետի 3-րդ ենթակետով, Գործերի քննության կարգի 44-րդ կետով և 46-րդ կետի 1-ին ենթակետով՝ Հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Դադարեցնել «Աէրոֆլոտ» ՀԲԸ-ի, «Ռոսսիյա» ԲԸ-ի, «Դոնավիա» ԲԸ-ի, «Սիբիր» ՀԲԸ-ի և «Ուրալյան ավիաուղիներ» ԲԲԸ-ի կողմից Պայմանագրի 76-րդ հոդվածի 1-ին կետի խախտման մասին գործի քննությունը՝ դրանց գործողություններում՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման բացակայության պատճառով:
2. Սույն որոշումը սահմանված կարգով կարող է բողոքարկվել Եվրասիական տնտեսական միության դատարան։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: