ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2014 թվականի N 15-Ա
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի 1-ին հոդվածի դրույթով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Ռուսաստանի Դաշնության «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության միջև կնքվող «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի նախագծին՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. հունվարի 16 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 16-ի N 15-Ա որոշման |
Նախագիծ
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
Բաժնետոմսերի առուվաճառքի
Սույն Պայմանագիրն ստորագրվել է 2014 թ.-ի հունվարի ____-ին (այսուհետ՝ Ստորագրման ամսաթիվ) քաղաք Մոսկվայում մի կողմից՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, այսուհետ՝ Վաճառող, ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Խիկարի Մովսիսյանի, որը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թ.-ի հունվարի 16-ի N 15-Ա որոշման հիման վրա, և մյուս կողմից՝ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, որը ստեղծվել և գործում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրության հիման վրա, այսուհետ՝ Գնորդ, ի դեմս վարչության նախագահ Ա. Բ. Միլլերի, որը գործում է «Գազպրոմ» ԲԲԸ-ի կանոնադրության հիման վրա, այսուհետ համատեղ՝ Կողմեր, միջև:
Սույն Պայմանագիրը կնքվում է՝ ի կատարումն Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թ.-ի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության և «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցում տրամադրելու մասին 2013 թ.-ի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրի, և հանդիսանում է դրանց իրականացման ձևը:
1. Պայմանագրի առարկան
1.1 Սույն Պայմանագրով նախատեսված պայմաններով Վաճառողը պարտավորվում է Գնորդի սեփականությանը հանձնել, իսկ Գնորդը պարտավորվում է ընդունել և վճարել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) 12 600 000 (տասներկու միլիոն վեց հարյուր հազար) սովորական անվանական բաժնետոմսերի համար, որը կազմում է Հայաստանի Հանրապետությանը պատկանող` նրա հիմնադիր կապիտալի 20,0007%-ը (քսանյոթ ամբողջ յոթ տասհազարերորդական տոկոսը) (այսուհետ՝ Բաժնետոմսեր)՝ այնպես, որ Գնորդին պատկանող Ընկերության բաժնետոմսերը կազմեն Ընկերության հիմնադիր կապիտալի 100 %-ը (հարյուր տոկոսը):
1.2 Տեղեկություն Ընկերության մասին`
1.2.1. Լրիվ անվանումը՝ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերություն.
1.2.2. Կարճ անվանումը՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ.
1.2.3.Գտնվելու վայրը՝ 0091, Հայաստանի Հանրապետություն, քաղ.Երևան, Թբիլիսյան խճուղի 43.
1.2.4. Գրանցման վավերապայմանները՝ գրանցված է 1997 թ. դեկտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում N264.120.04128 գրանցման համարի տակ (պետական գրանցման վկայական` N01A039934).
1.2.5. Ընկերության հիմնադիր կապիտալը կազմում է 316 658 361 276 (երեք հարյուր տասնվեց միլիարդ վեց հարյուր հիսունութ միլիոն երեք հարյուր վաթսունմեկ հազար երկու հարյուր յոթանասունվեց) դրամ և բաժանված է 5026,5 (հինգ հազար քսանվեց ամբողջ հինգ տասնորդական) դրամ նոմինալ արժեք ունեցող 62 997 784 (վաթսուներկու միլիոն ինը հարյուր իննսունյոթ հազար յոթ հարյուր ութսունչորս) սովորական անվանական բաժնետոմսերի:
1.3. Տեղեկություն Բաժնետոմսերի մասին, որոնք սույն Պայմանագրի 1.1-ին կետի համաձայն հանդիսանում են առուվաճառքի առարկան`
Արժեթղթերի տեսակը և կատեգորիան |
Սովորական անվանական բաժնետոմսեր |
Արժեթղթերի թողարկման ձևը |
Ոչ փաստաթղթային |
Էմիտենտ |
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ |
Արժեթղթերի նոմինալ արժեքը (մեկ սովորական անվանական բաժնետոմսի) |
5026,5 (հինգ հազար քսանվեց ամբողջ հինգ տասնորդական) դրամ |
Տրվող արժեթղթերի քանակը և դրանց մասնաբաժինը թողարկողի (էմիտենտի) հիմնադիր կապիտալում |
12 600 000 (տասներկու միլիոն վեց հարյուր հազար) հատ, որը կազմում է հիմնադիր կապիտալի 20,0007%-ը |
Բաժնետոմսերի թողարկման կոդը |
|
Արժեթղթերի պետական գրանցման համարը և թողարկման պետական գրանցման ամսաթիվը |
|
Դեպոզիտարիա (բաժնետերերի գրանցամատյանի պահողը) |
«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ (Հայաստանի Հանրապետություն) |
Մեկ բաժնետոմսի գինը |
Բաժնետոմսի գինը սահմանվում է՝ ելնելով սույն Պայմանագրի 1.4-րդ կետում նշված Բաժնետոմսերի գնից և սույն կետի համաձայն վաճառքի համար առաջարկվող բաժնետոմսերի քանակից |
1.4. Վաճառողի կողմից Գնորդին հանձնվող Բաժնետոմսերի գինը կազմում է 63 333 900 000 (վաթսուներեք միլիարդ երեք հարյուր երեսուներեք միլիոն ինը հարյուր հազար) դրամ (այսուհետ՝ Բաժնետոմսերի գին):
2. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
2.1. Վաճառողը պարտավորվում է`
2.1.1. Ստորագրման ամսաթվից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնել սույն Պայմանագրի գրանցումը բոլոր լիազոր մարմիններում և կազմակերպություններում.
2.1.2. Վաճառողին հանձնել վիճաբանության, գրավադրման կամ կալանքի տակ չգտնվող և ցանկացած որևէ այլ կերպ երրորդ անձանց իրավունքներով չծանրաբեռնված Բաժնետոմսերն այնպիսի եղանակով, որ Գնորդին պատկանող Ընկերության բաժնետոմսերի քանակը կազմի Ընկերության հիմնադիր կապիտալի 100%-ը (հարյուր տոկոսը).
2.1.3. Իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ են Բաժնետոմսերը Գնորդի սեփականությանը հանձնելու համար, ապահովել Վաճառողի «դեպո» հաշվից Բաժնետոմսերի դուրսգրումը Գնորդի «դեպո» հաշվին` Ստորագրման ամսաթվից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում և սույն կետում նշված ժամկետում տեղեկացնել Գնորդին այդպիսի դուրսգրման մասին:
Բաժնետոմսերը Գնորդին հանձնելու Վաճառողի պարտավորությունը համարվում է կատարված Գնորդի անունով «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի (Հայաստանի Հանրապետություն) դեպոզիտարիայում Գնորդի N780100182997 «դեպո» հաշվին Բաժնետոմսերի փոխանցման պահից (այսուհետ՝ Փոխանցման ամսաթիվ).
2.1.4. Սույն Պայմանագրի 2.2.1-ին կետի համաձայն Բաժնետոմսերի վճարման ամսաթվից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացում Գնորդին տրամադրել «դեպո» հանձնարարականի օրինակը «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի (Հայաստանի Հանրապետություն) նշումով՝ սույն Պայմանագրի 2.1.3-րդ կետին համապատասխան դեպոզիտարիական գործառույթ իրականացնելու վերաբերյալ.
2.1.5. Ինքնուրույն կրել բոլոր ծախսերը` ներառյալ Գնորդին Բաժնետոմսերի հանձնման հետ կապված գրանցման գործողությունների իրականացման ծախսերը.
2.1.6. Մինչև Փոխանցման ամսաթիվն իր վրա չվերցնել սույն Պայմանագրի 1.3-րդ կետում նշված Բաժնետոմսերի վերաբերյալ պայմանագրերի կնքման որևէ պարտավորություններ.
2.1.7. Մինչև Փոխանցման ամսաթիվը` չօտարել Բաժնետոմսերը, չծանրաբեռնել, չգրավադրել, ինչպես նաև չկատարել այլ գործողություններ սույն Պայմանագրի պայմաններին համապատասխան` Գնորդին հանձնման ենթակա Բաժնետոմսերի հետ:
2.1.8. Ստորագրման ամսաթվին Գնորդին տրամադրել հետևյալ փաստաթղթերը`
-սույն Պայմանագիրը Վաճառողի անունից ստորագրելու համար լիազորված անձի լիազորությունները հաստատող փաստաթղթեր,
-«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ում Վաճառողի «դեպո» հաշվի քաղվածք, որը հաստատում է, որ Ստորագրման ամսաթվի դրությամբ Ընկերության բոլոր Բաժնետոմսերը գտնվում են Գնորդի «դեպո» հաշվին, և բացակայում են Վաճառողին պատկանող Ընկերության Բաժնետոմսերին վերաբերող որևէ արգելքներ.
2.1.9. Սույն Պայմանագրի 2.2.1-ին կետի համաձայն Գնորդից ստացված դրամական միջոցներն ուղղել անմիջականորեն Ընկերությանը փոխհատուցման տրամադրմանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցում տրամադրելու մասին 2013 թ.-ի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրին համապատասխան:
2.2. Գնորդը պարտավորվում է`
2.2.1. Վաճառողին վճարել սույն Պայմանագրի 1.4-րդ կետում նշված Բաժնետոմսերի գինը՝ սույն Պայմանագրի 2.1.3-րդ ենթակետի համաձայն Փոխանցման ամսաթվից 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում:
Բաժնետոմսերի գնի վճարումը կատարվում է ԱՄՆ դոլարով՝ «Գազպրոմ» ԲԲԸ–ի վճարման ամսաթվին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ դրամի պաշտոնական փոխարժեքով հաշվարկված գումարով, որը համարժեք է դրամով Բաժնետոմսերի գնին՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 30111810400000000002 գանձապետական հաշվին, КИО 10637 КПП 774487001 ստացող՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն հաշիվ՝ 103004200012, դրամական միջոցների միանվագ վճարմամբ փոխանցման միջոցով:
Բաժնետոմսերի գնի վճարման Գնորդի պարտավորությունը համարվում է կատարված` սույն Պայմանագրի սույն ենթակետով Վաճառողի բանկային հաշվին դրամական միջոցների ստացման պահին:
2.2.2. Ստորագրման ամսաթվին Վաճառողին տրամադրել`
-Գնորդի կանոնադրության գործող խմբագրության, ինչպես նաև դրա բոլոր փոփոխությունների ու լրացումների նոտարական վավերացված պատճենը,
-Ռուսաստանի Դաշնության իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանից քաղվածքի նոտարական վավերացված պատճենը:
3. Կողմերի պարտավորությունների կատարման պայմանները
3.1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թ.-ի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրի համաձայն Կողմերի կողմից սույն Պայմանագրի կնքումն ու կատարումն իրականացվում է առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող որևէ համաձայնեցումների, համաձայնությունների և թույլտվությունների ձեռքբերման անհրաժեշտության, այդ թվում՝ հակամենաշնորհային մարմինների համաձայնեցումների:
3.2. Եթե Գնորդը Փոխանցման ամսաթվին կամ սույն Պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ցանկացած այլ ամսաթվին որևէ պատճառով` բացառությամբ իր կամքից և (կամ) Ռուսաստանի Դաշնության պետական մարմինների որոշումից կախված դեպքերից`
-որպես սեփականություն չստանա Ընկերության Բաժնետոմսերը,
-կամ Բաժնետոմսերը չկազմեն Ընկերության հիմնադիր կապիտալի 20,0007%-ը (քսանյոթ ամբողջ յոթ տասհազարերորդական տոկոսը),
-կամ Բաժնետոմսերի ձեռքբերման արդյունքում Գնորդը, հաշվի առնելով իր կողմից նախկինում ձեռք բերված Ընկերության բաժնետոմսերը, չունենա 100% (հարյուր տոկոս) ձայն Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում,
-կամ չկարողանա որպես միակ բաժնետեր իրականացնել Ընկերության գործունեության կառավարումը, ապա Վաճառողը պարտավորվում է Գնորդի առաջին գրավոր պահանջի ամսաթվից 60 (վաթսուն) օրվա ընթացքում հետ գնել սույն Պայմանագրով «Գազպրոմ» ԲԲԸ-ին նախկին հանձնված բոլոր բաժնետոմսերը ԱՄՆ դոլարով, որը համարժեք է 63 333 900 000 (վաթսուներեք միլիարդ երեք հարյուր երեսուներեք միլիոն ինը հարյուր հազար) հայկական դրամ գումարին՝ հաշվարկված վճարման ամսաթվին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ի կողմից Բաժնետոմսերի գնի վճարման ամսաթվի դրությամբ ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ դրամի պաշտոնական փոխարժեքով, ինչպես նաև փոխհատուցել «Գազպրոմ» ԲԲԸ-ին բոլոր վնասները, որոնք ծագել են և (կամ) կարող են նրա մոտ ծագել դրա հետ կապված, ինչպես դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թ.-ի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրի 6-րդ հոդվածով:
4. Կողմերի պատասխանատվությունը
4.1. Գնորդի կողմից սույն Պայմանագրի 2.2.1-ին կետում նշված Բաժնետոմսերի գնի վճարման ժամկետը խախտելու դեպքում Գնորդը Վաճառողին է վճարում տույժ վճարման ենթակա դրամական միջոցների գումարներից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար՝ 0,01%-ի (մեկ հարյուրերորդական տոկոսի) չափով:
Եթե Վաճառողը խախտում է`
-Սույն Պայմանագրի 2.1.3-րդ կետում նշված՝ Բաժնետոմսերը Գնորդի սեփականությանը հանձնելու ժամկետը,
-և (կամ) սույն Պայմանագրի 2.1.4-րդ կետի համաձայն Գնորդին փաստաթղթերը տրամադրելու պարտականությունը,
-և (կամ) սույն Պայմանագրի 2.2.1-ին կետի համաձայն Գնորդից ստացված դրամական միջոցներն անմիջականորեն Ընկերությանը փոխհատուցման տրամադրմանն ուղղելու պարտականությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցում տրամադրելու մասին 2013 թ.-ի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրին համապատասխան,
Վաճառողը Գնորդին վճարում է տույժ վճարման ենթակա դրամական միջոցների գումարներից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար՝ 0,01%-ի (մեկ հարյուրերորդական տոկոսի) չափով:
4.2. Վաճառողի կողմից սույն Պայմանագրի 2.1-ին կետում սահմանված իր պարտականությունները 30 (երեսուն) օրացուցային օրից ավելի երկար ժամանակ չկատարելու դեպքում Գնորդն ստանում է սույն Պայմանագրի կատարումից հրաժարվելու իրավունք և Վաճառողին է ուղարկում ծանուցում սույն Պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու մասին, որը կհամարվի լուծված Վաճառողի կողմից նշված ծանուցումն ստանալու ամսաթվից:
4.3. Գնորդի կողմից սույն Պայմանագրի 2.2-րդ կետում սահմանված իր պարտականությունները 30 (երեսուն) օրացուցային օրվանից ավելի երկար ժամանակ չկատարելու դեպքում Վաճառողն ստանում է սույն Պայմանագրի կատարումից հրաժարվելու իրավունք և Գնորդին է ուղարկում ծանուցում սույն Պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու մասին, որը կհամարվի լուծված` Գնորդի կողմից նշված ծանուցումն ստանալու ամսաթվից:
5. Վեճերի լուծման կարգը
5.1. Սույն Պայմանագիրը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության նյութական իրավունքով:
5.2. Սույն Պայմանագրից բխող, նրան կամ նրա խախտմանը, դադարեցմանը կամ էլ անվավերությանը վերաբերող վեճերը, տարաձայնությունները կամ պահանջները ենթակա են երեք արբիտրներից բաղկացած (յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար նշանակված) «ad hoc» արբիտրաժի (երրորդ կողմի դատարանի) լուծմանը՝ ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի (ՅՈՒՆՍԻՏՐԱԼ) 2010 թ. խմբագրության Արբիտրաժային կանոնակարգին համապատասխան: Արբիտրաժային դատավարության լեզուն ռուսերենն է: Արբիտրաժային դատարանի նիստը կգումարվի քաղ. Ստոկհոլմում և կվարվի ռուսերենով: Արբիտրաժային վեճի վերաբերյալ դատարանի որոշումը կհամարվի վերջնական և պարտադիր Կողմերի համար:
5.3. Հղում կատարելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանների և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թ.-ի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրի 9-րդ հոդվածին՝ սույն Պայմանագրի կիրառումից բխող և նրա պարտականությունների կատարումից ծագած ցանկացած վեճ Կողմերն ընդունում են որպես իմաստային առումով 1958 թ. օտարերկրյա արբիտրաժային որոշումների ընդունման և ի կատարածման վերաբերյալ Միացյալ ազգերի կազմակերպության կոնվենցիայի 1-ին հոդվածի առևտրային իրավահարաբերություններից բխող վեճ:
6. Ծանուցումներ
6.1. Մի Կողմից մյուս Կողմին ուղղված ծանուցումները պետք է ուղարկվեն սուրհանդակային փոստով, հանձնման ծանուցումով պատվիրված ուղարկումով, հեռագրով, առձեռն կամ ֆաքսով (բնօրինակի հետագա ուղարկմամբ)` հետևյալ հասցեներով`
6.1.1 Վաճառողի համար՝
Անվանումը՝ | Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
Հասցեն՝ |
Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 2, |
Հասցեատեր՝ | Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Խ. Մովսիսյան |
Ֆաքս՝ +37410 52-63-65 |
6.1.2. Գնորդի համար`
Անվանումը՝ «Գազպրոմ» ԲԲԸ
Հասցեն՝ Ռուսաստանի Դաշնություն, 117997 ГСП-7, В-420, քաղ. Մոսկվա, Նամետկինի փող. 16,
Հասցեատեր՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ի Վարչության նախագահի տեղակալ Վ.Ա. Գոլուբև
Ֆաքս.՝ +495 719-39-58
6.2. Ծանուցումն ուժի մեջ է մտնում ստացողի կողմից ստացման ամսաթվից, որը հաստատվում է համապատասխան անդորրագրով (ծանուցումը սուրհանդակային փոստով, պատվիրված գրությամբ կամ հեռագրով ուղարկելու դեպքում) կամ ծանուցման ստացումը հաստատող՝ ստացողի հեռաֆաքսիմելային ապարատի էլեկտրոնային հաստատման ուղարկմամբ:
7. Այլ պայմաններ
7.1. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Ստորագրման ամսաթվից կամ հաստատելով և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թ.-ի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրի ժամանակավոր կիրարկման սկսման ամսաթվից, կախված այն բանից, թե նշված ամսաթվերից որն ավելի ուշ կլինի և կդադարի Պայմանագրով Կողմերի կողմից իրենց պարտավորությունները պատշաճ և ամբողջովին կատարմամբ:
7.2. Կողմերից ոչ մեկը չի կարող ամբողջությամբ կամ մասնակի զիջել սույն Պայմանագրով իր իրավունքներն առանց մյուս Կողմի նախնական գրավոր համաձայնության:
7.3. Սույն Պայմանագրի բոլոր լրացումները և փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կողմերի կողմից նրանց ստորագրումից հետո և հանդիսանում են նրա անբաժանելի մասը:
7.4. Եթե Սույն Պայմանագրի որևէ դրույթ ճանաչվի անվավեր կամ անիրագործելի, դա չի հանգեցնի Պայմանագրի մյուս դրույթների անվավերությանը կամ անիրագործելիությանը:
7.5. Սույն Պայմանագիրը կազմված է ռուսերենով՝ երկու հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող բնօրինակից (մեկական օրինակ յուրաքանչյուր Կողմի համար):
8. Կողմերի վավերապայմանները
«Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերություն |
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
|
|
ՀՎՀՀ 7736050003 |
Հաշիվ N |
Հեռ.՝ +495 719-21-09 |
Հեռ. + 37410 52-19-64 |
Ֆաքս՝ +495 719-20-54 |
Ֆաքս՝ +37410 52-63-65 |
ԳՆՈՐԴ ________________ |
ՎԱՃԱՌՈՂ ________________ |
Ա. Բ. Միլլեր |
Ա. Խ. Մովսիսյան |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |